Կենտրոն (Երևանի վարչական շրջան)

համայնք Երևանում
(Վերահղված է Կենտրոն համայնքից)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կենտրոն (այլ կիրառումներ)

Կենտրոն, Հայաստանի մայրաքաղաք Երևանի վարչական շրջաններից մեկը։ Այն ընդգրկում է քաղաքի կենտրոնական մասը, որտեղ էլ մեծ մասամբ տեղակայված են մշակութային, արվեստի, վարչական, առևտրական, զվարճանքի և այլ վայրեր ու հաստատություններ։

Կենտրոն
Տեսարան դեպի Կենտրոն և Արարատ լեռը Կասկադից
ԵրկիրՀայաստան Հայաստան
Կարգավիճակվարչական շրջան
Մտնում էԵրևան
ԲԾՄ995 ± 1 մետր
ՂեկավարՍամվել Ղուկասյան
Հիմնական լեզուհայերեն
Բնակչություն125 700 մարդ (2015)
Տարածք13,35 կմ²
Հիմնադրված է1921 թ.
Ժամային գոտիUTC+4
yerevan.am/ru/districts/kentron/

2013 թվականի հունվարի 1֊ի տվյալներով վարչական շրջանի բնակչությունը կազմում է 126.000 մարդ[1]։

Կենտրոն վարչական շրջանն ընդհանուր սահմաններ ունի Աջափնյակ, Արաբկիր, Էրեբունի, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք, Նորք-Մարաշ, Շենգավիթ և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների հետ[2]։

Վարչական շրջանը ոչ պաշտոնապես բաժանված է 6 թաղամասերի՝ Փոքր Կենտրոն, Նորագյուղ, Նոր Կիլիկիա, Այգեստան, Կոնդ և Ձորագյուղ։ Այստեղ է տեղակայված Հայաստանի կառավարությունը, Հայաստանի Ազգային ժողովը (Խորհրդարանը), Հայաստանի կենտրոնական բանկը, Հայաստանի նախագահի նստավայրը, Երևանի քաղաքապետարանը և այլ պետական մարմիններ։

Պատմություն

խմբագրել

Երևանը, որպես վարչական կենտրոն, առաջին անգամ հիշատակվում է 15-րդ դարում՝ Հայաստանը նվաճած թուրքմենական Կարա-կոյունլու ցեղի առաջնորդ Ջհանշահի օրոք։ Նրա կատարած վարչական փոփոխություններից հետո Արարատյան աշխարհի մեծագույն մասն ընդգրկվեց մեկ կուսակալության մեջ, որի վարչական կենտրոն դարձավ Երևանը։ Հետագայում՝ թուրք-պարսկական պատերազմներից հետո հաստատված պարսկական տիրապետության շրջանում, մինչև 19-րդ դարի սկիզբը, Երևանը Արևելյան Հայաստանի մեծ մասն ընդգրկող Երևանի խանության վարչական կենտրոնն էր։ Այստեղ էին կենտրոնացված խանական ապարատն ու զորքի մեծ մասը։ Երևանի խանը նշանակվում էր շահի կողմից և խանության սահմանային կարևոր դիրքի շնորհիվ գտնվում էր արտոնյալ վիճակում։ Նրա նստավայրը Երևանի բերդն էր։

Ռուսական զորքերի և հայկական կամավորական ջոկատների կողմից Երևանը ազատագրելուց հետո,1827 թվականի հոկտեմբերի 6-ին, ստեղծվեց Ժամանակավոր վարչություն, որի անդամներն էին Երևանյան զորաբաժանման հրամանատար գեներալ Կրասովսկին, վիրահայոց թեմի առաջնորդ, հետագայում ՝ Ամենայն Հայոց կաթողիկոս Ներսես Աշտարակեցին և Երևանի բերդի պարետ, փոխգնդապետ Բորոդինը։ Վարչությունը գոյություն ունեցավ մինչև 1828 թվականը[3]։

1828 թվականի մարտի 21-ին Նիկոլայ 1-ի հրամանագրով ստեղծվեց Հայկական մարզը, որի մեջ մտան Երևանի, Նախիջևանի նախկին խանությունները և Օրդուբադի գավառը։ Մարզի վարչությունը կազմված էր պետից, ոստիկանության և ֆինանսական հարցերով երկու խորհրդականներից (ազգությամբ ռուս), հայ և մուսուլման հասարակությունների կողմից ընտրված երկու ատենակալներից։ Մարզի վարչական կենտրոնը Երևանն էր։ Վարչության պետը նստում էր Երևանի բերդում։ 1830-1838 թվականներին մարզը ղեկավարել է Բարսեղ Բեհբությանը (Վասիլի Բեհբութով)[3]։

1840 թվականի ապրիլի 10-ին Անդրկովկասում կատարվեց վարչական փոփոխություն։ Հայկական մարզը որպես առանձին վարչական միավոր վերացավ։Նրա տարածքները դարձան գավառներ։ Երևանը դարձավ համանուն գավառի վարչական կենտրոնը։

1846թ. Անդրկովկասում կատարվեցին վարչական նոր փոփոխություններ`երկրամասը բաժանվեց չորս նահանգի։ 1849 թվականի հունիսի 9-ի հրամանագրով ստեղծվեց Երևանի նահանգը` իր մեջ տարածքային առումով ընդգրկելով նախկին Հայկական մարզը և Ալեքսանդրոպոլի գավառը։ Նահանգն իր գոյությունը պահպանեց մինչև 1918 թվականը։ Վարչական կենտրոնը Երևանն էր։ Այստեղ էին գտնվում նահանգի ղեկավար կառույցները՝ նահանգապետի գրասենյակը, նահանգական վարչությունը, ռազմական վարչությունը, վիճակագրական կոմիտեն, դատարանը և դատախազությունը։ Դրանցից յուրաքանչյուրն ուներ գործունեության իր հատուկ շրջանակը և ապարատը, որը հիմնականում ղեկավարվում էր ռուս պաշտոնյայի կողմից[3]։

Նահանգապետի գրասենյակը և վարչությունը գտնվել են Նահանգական կոչվող փողոցում (այժմ՝ Հանրապետության փողոց), ռուսական կլասիցիզմի ոճով կառուցված շենքերում,որոնք կանգուն են մինչ օրս։

Կենտրոն վարչական շրջանում գտնվող բազմաթիվ կառույցների պատմությունը վերագրվում է հին ժամանակներին։ Հայկական աղբյուրներում քաղաքի մասին հիշատակումները հանդիպում են «Նամակների գրքում»։ 607 թվականի փաստաթղթերից մեկում խոսվում է Երևանի հոգևորական Դանիելի մասին, ով Դվինի վեհաժողովի ժամանակ կաթողիկոս Աբրահամի պահանջով մերժեց քաղքեդոնական հավատքը։ Հայտնի է, որ այդ ժամանակ Երևանում արդեն գոյություն ուներ մոտավորապես 6-րդ կամ 7-րդ դարում կառուցված Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցին (ներկայումս այդ եկեղեցու փոխարեն «Մոսկվա» կինոթատրոնն է)։ Սայաթ-Նովայի պողոտայի և Աբովյան փողոցի խաչմերուկում է գտնվում Կաթողիկե (Սուրբ Աստվածածին) եկեղեցին, որի պատերի գրությունները վերագրվում են 1264 թվականին[3]։

Ղաջարիների դինաստիայի ժամանակահատվածում Երևանը եղել է այն ժամանակի խոշոր քաղաքներից մեկը, բայց դրա սահմանները դուրս չէին գալիս ներկայիս Կենտրոնի սահամններից։ Քաղաքը զբաղեցնում էր տարածքի 1,6 կմ², իսկ դրա այգիներն ու շրջակայքը զբաղեցնում էին մոտավորապես 28,9 կմ²։ Քաղաքը բաժանվում էր 4 թաղամասերի. Կոնդ, Շարի, Թափա-բաշի և Դեմիր-բուլագ։ Քաղաքում կային 1700 տուն, 850 խանութ, 8-9 մզկիթ, 7 եկեղեցի, 10 բաղնիք, 5 հրապարակ, 2 շուկա, 2 դպրոց։ Մինչև մեր օրերը հասաց շինություններն են՝ 12-րդ դարի միջնադարի հայկական տաճարի զանգակատուն, 17-րդ դարի չորս փոքրիկ եկեղեցիներ, Գետառ գետի վրա 1644 թվականին և Հրազդան գետի վրա 1679 թվականին կառուցված կամուրջներ։ Երևանի ամենախոշոր երկու մզկիթներն են եղել 1687 թվականին կառուցված Շիր-Մզկիթը, և 1776 թվականին՝ պասկական իշխանության վերջում կառուցված Կապույտ մզկիթը։ Իր գեղեցկությամբ առանձնացող Կապույտ մզկիթը քաղաքի ամենախոշոր մզկիթն էր[3]։

Ռուս-պարսկական պատերազմների ժամանակ կարևոր ռազմական նշանակություն է ունեցել ներկայիս Կենտրոնում գտնվող Երևանի բերդը։ 1804 թվականին ռուսական զորքը շրջապատես բերդը։ Այս բերդը գրավել հաջողվեց 1827 թվականին։ Սովետական կառավարության ժամանակ բերդը քանդվեց, քանի որ կոմունիստները չէին պահպանում պատմական ժառանգությունը և բարբարոսի նման ոչնչացրին այն[3]։

Դառնալով Սովետական միության անդամ՝ 1920-1921 թվականներին Երևանը եղել է ԽՍՀՄ առաջին քաղաք։ Ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի «Երևանի վերջնական նախագիծը», որն իսկզբանե նախատեսված էր 150.000 բնակչի համար, հաստատվեց 1924 թվականին։ Թամանյանը համախմբեց ազգային ավանդույթներն ու ժամանակակաից քաղաքային շինություններն ու քաղաքաշինության սկզբունքները։ Նրա դիզայնը իրենից ներկայացնում է կլոր ճառագայթաձև կազմվածք։ Սակայն կենտրոնի որոշ պատմական կառույցներ ոչնչացվեցին։ Ոչնչացման ենթարկվեցին հիմնականում կրոնական շինությունները՝ եկեղեցիներ, մզկիթներ, ինչպես նաև բերդը, բազմաթիվ բաղնիքներ, շուկաներ[3]։

Շատ տարիներ շարունակ Կենտրոնը եղել է Երևանի ամենազարգացած և ամենաբարեկարգ շրջանը։ Կրթական, մշակութային և հետազոտական հաստատությունները կենտրոնացված են հենց այստեղ[3]։

Երևան քաղաքի կենտրոնի 1986-1990 թվականների հատակագիծ

խմբագրել

1985 թվականի ապրիլի 18-ին ԽՄԿԿ ԿԿ-ն և ԽՍՀՄ կառավարությունն ընդունեցին «1986-1990 թվականների Երևան քաղաքի քաղաքային տնտեսության հետագա զարգացման միջոցառումների մասին» համատեղ որոշումը։ Այդ որոշմամբ նախատեսվում էր Երևանի քաղաքային տնտեսության մեջ կատարել ավելի քան հինգ միլիարդ ռուբլու (2 հանրապետական բյուջե) կապիտալ ներդրումներ։

Նախապատրաստվում էին արտադրական օբյեկտների, մագիստրալային ջերմոցանցերի կառուցման, վերակառուցման և ընդլայնման, ինչպես նաև Խորհրդային Հայաստանի մայրաքաղաքի օդային և ջրային ավազանների աղտոտումը կանխելու միջոցառումները։ Այդ որոշումը նոր փուլ էր նշանավորում մայրաքաղաքի կյանքում։ 1986-1990 թվականներին նախատեսվում էր կառուցել`

  • բնակելի տարածություն` 2 մլն 300.000 քառակուսի մետր (30 %-ով ավելի, քան 1981-1985 թվականներ)
  • բնակելի մակերես` 1 մլն 240 հազար քառակուսի մետր (75 %-ով ավելի, քան 1981-1985 թվականներ)
  • դպրոցներ` 32 հազար տեղով (3 անգամ ավելի, քան 1981-1985 թվականներ)
  • նախադպրոցական հիմնարկներ` 24.600 տեղով (2 անգամ ավելի, քան նախորդ հնգամյակում)
  • պիոներական նոր պալատներ
  • Գեղագիտական դաստիարակության նոր կենտրոն
  • հիվանդանոցներ` 2700 մահճակալով
  • պոլիկլինիկաներ` 7050 հաճախումով
  • հյուրանոցներ` 1500 տեղով
  • նոր կինոթատրոններ` 2000 տեղով
  • հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական կոմիտեի համերգային ստուդիայի նոր շենք
  • Բարեկամության տուն
  • Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնի նոր շենք
  • Օղակաձև զբոսայգում Երևանի կրկեսի նոր շենք
  • Օպերային թատրոնի շենքին հարող խաչմերուկում հայկական մարմարների բոլոր տեսակներից տեղադրել մարմարյա աստղ
  • Երևան–Հրազդան մոնոռելսային ճանապարհ` մագնիսային բարձիկների վրա
  • ճոպանուղի
  • ճանապարհ դեպի Մարզահամերգային համալիր
  • հանգստի գոտի` քաղաքի հյուսիսային սահմաններից մինչև Երևանյան լիճ, ակտիվ հանգստի համալիր
  • Մանկական հրաշքների աշխարհ` Հրազդանի կիրճում երեխաների հանգստի և զվարճանքի կենտրոն
  • շարունակել մետրոյի երկրորդ հերթի շինարարությունը
  • բարեկարգման և կանաչապատման աշխատանքներ Երևան մուտք գործող ճանապարհների հանգուցային տարածքներում
  • բնակչության կենսագործունեության մնացորդները բիոպարարտանյութերի վերամշակելու կայան (Աերացիա)[4]։

Կառավարություն

խմբագրել
 
Կենտրոն վարչական շրջանի վարչություն
 
Հայաստանի նախագահի նստավայրը

Կենտրոն վարչական շրջանի կառավարման ձևը նման է Երևանի մնացած վարչական շրջաններին։ Կառավարման շենքը գտնվում է Տերյան 44 հասցեի վրա։ Տարածաշրջանի ներկայիս ղեկավարը Սամվել Ղուկասյանն է ։

Տեսարժան վայրեր

խմբագրել

Փողոցներ, հրապարակներ, զբոսայգիներ

խմբագրել

Զբոսայգիներ

խմբագրել

Անգլիական այգին ստեղծվել է 1860 թվականին և մինչև 1920 թվականը եղել է Երևանի միակ հասարակական այգին։ 1910 թվականին այն բավականին բարեկարգվեց։ Այն բանից հետո, երբ Հայաստանը Սովետական միության մաս կազմեց, զբոսայգին Բաքվի համայնքի պատվին վերանվանվեց։ ԽՍՀՄ փլուզումից և Հայաստանի անկախացումից հետո այգին ստացավ իր այժմյան անվանումը։ Այգում կան բազմաթիվ հուշարձաններ և շատրվաններ։

Օղակաձև զբոսայգին, որը 2005 թվականից ի վեր հայտնի որպես Երիտասարդական այգի, ձգվում է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր տաճարից մինչև Պոպլավոկ լիճ։ Այն աղեղի նման շրջանցում է վարչական շրջանի կենտրոնական հատվածը, ինչի պատճառով էլ ստացել է իր անվանումը։ Այս այգում կան շատ արձաններ, այդ թվում՝ Ալեքսանդր Գրիբոեդովի, Անդրանիկ Օզանյանի, Վարդան Մամիկոնյանի, Եղիշե Չարենցի, Տիգրան Պետրոսյանի, Միքայել Նալբանդյանի, Արմեն Տիգրանյանի, Ավետիք Իսահակյաին, Վահան Տերյանի։

Սիրահարների այգին գոյություն ունի 18-րդ դարից և զբաղեցնում է 2.5 հեկտար տարածք։ Այգին իսկզբանե Կոզերն թաղամասի պատվին կոչվում էր «Կոզերն այգին»։ 1949 թվականին այգին վերանախագծվեց և անվանվեց Պուշկինի այգի։ 1970-ական թվականներին այն վերանվանվեց Բարեկամության այգի՝ ի պատիվ Սովետական միության երկրների Բարեկամության ։ ԽՍՀՄ-ի փլուզումից և Հայաստանի անկախացումից հետո Երևանի քաղաքային խորհուրդը որոշեց այգուն տալ այժմյան անվանումը, քանի որ այն հայտնի վայր էր դարձել սիրահարների զբոսանքի համար։ 2005-2008 թվականներին այգին վերանածագծվեց ըստ ֆրանսիա-շվեյցարիական ճարտարապետ Պյեր Ռամբախի (1925—2003): Կան բացօդյա սրճարաններ և 215-տեղանոց ամֆիթատրոն, որտեղ ցուցադրվում էն ֆիլմեր, համերգներ և ցուցադրություններ են կազմակերպվում։ 2010 թվականին այստեղ Գևորգ Էմինի արձանը։

Ծիծեռնակաբերդի համալիրը կառուցվել է 1965 - 1968 թվականների ընթացքում Ծիծեռնակաբերդի լեռան վրա Հրազդան գետի վրա ի հիշատակ 1915 թվականին տեղի ունեցած ցեղասպանության։ 1990-ական թվականներին կառուցվեց ստորգետնյա թանգարան և մեմուարային պատ։

Խաչատուր Աբոյվանի անվան պուրակը անվանվել է հայ նոր գրականության հոր՝ Խաչատուր Աբովյանի պատվին։ Այն կազմված է եռանկյունաձև կանաչ գոտուց, որի մեջտեղում էլ գտնվում է գրականագետի արձանը։

Միսաք Մանուշյանի այգին գտնվում է շրջանի կենտրոնում։ Նախկինում հայտնի որպես Մաշտոցի պուրակ, 2012 թվականին այգին դարձավ Երևանի պատմական հուշարձանների և կանաչ գոտիների ոչնչացման դեմ քաղաքացիական բողոքի հավաքատեղի։ 2013 թվականին այգին ստացավ իր այժմյան անվանումը։

Մշակույթի և արվեստի հաստատություններ

խմբագրել

Հայաստանի ազգային գրադարանը հիմնվել է 1832 թվականին։ Նեոկլասիցիստական գլխավոր շինությունը կառուցվել է 1939 թվականին ըստ Ալեքսանդր Թամանյանի նախագծի։

Հայաստանի ազգային պատկերասրահը համարվում է Հայաստանի արվեստի ստեղծագործությունների ամենամեծ հավաքածուն։ 1977 թվա կանին կառուցված շենքը նախագծվել է Մարկ Գրիգորյանի և Էդուարդ Սարափյանի կողմից։ 1921 թվականին հավաքածուի հիմք հանդիսացան հայ նկարիչների տասնյակ աշխատանքներ։ Հավաքածուն այժմ ներառում է ավելի քան 26000 ստեղծագործություններ՝ սկսած հին ուրարտական որմնանկարներից և միջնդարի հայկական եկեղեցական արվեստից ավարտած ժամանակակից հայկական, ռուսական և արևմտաեվրոպական նկարիչների աշխատանքներով։

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը կառուցվել է ըստ Ալեքսանդր Թամանյանի նախագծի և բացվել է 1933 թվականի հունվարի 20-ին։ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կան 2 դահլիճներ. Արամ Խաչատրյանի անվան 1400-տեղանով համերգային սրահը և Ալեքսանդր Սպենդիարյանի անվան՝ 1200-տեղանոց բալետի ազգային թատրոնը։

Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը Արամ Խաչատրյանի տունն է։ Բազմահարկ շինությունում կա համերգային դահլիճ Բեհշտեյնի դաշնավուրով, որտեղ պարբերաբար տեղի են ունենում բազմաթիվ համերգներ։

Մատենադարանը հայկական հին ձեռագրերի կենտրոնական արխիվ է։ Հավաքածուն սկսվել է կաթոլիկ եպիսկոպոսի արխիվից Էջմիածնի մայր տաճարում։ Սովետական իշխանությունը 1920 թվականին սեփականազրկեց նրան և հավաքածուն բերվեց Մոսկվա։ 1939 թվականին արխիվը բերվեց Երևան։ 1945-1957 թվականներին արխիվի համար կառուցվեց նոր կառույց։ Այն պահպանում է 170000 ձեռագրեր և 30000 այլ փաստաթղթեր։ Միայն հայկական հավաքածուն ներառում է 2500 ձեռագրեր։

Երևանի Հովհաննես Թումանյանի անվան Պետական Տիկնիկային թատրոն բացվել է 1935 թվականի հունիսի 1-ին։ Վարիա Ստեփանյանը եղել է թատրոնի առաջին տնօրենը։ 1938 թվականին տիկնիկային թատրոնը անվանվեց ի պատիվ հայ մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի։ 1950 թվականին տիկնիկային թատրոնը փակվեց, բայց 1957 թվականի հուլիսի 27-ին մեկ այլ վայրում այն կրկին բացվեց։ 1975 թվականից թատրոնը գնտվում այժմյան վայրում՝ Սայաթ-Նովայի պողոտայում։

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տունը բացվել է 1977 թվականին։ Պատերը զարդարված են հայկական ավանդական զարդանախշերով։ Հետևամասում կա շատրվաններով մեծ ջրավազան։ Կոնսերվատորիայում կա 200-տեղանոց համերգային դահլիճ բարձակային առաստաղով և երգչախումբը և հանդիսատեսը իրարից առանձին չեն։ Ներքին պատերն ու ջահերը նածագծվել են Ստեփան Քյուրքջանի կողմից։ Երգեհոնը մշակվել է ըստ 17-րդ դարի հոլանդական երգեհոնի։ 4000 փողից կազմված գործիքը տեղադրվել է 1979 թվականին և վերանորոգվել 2007 թվականին։

Հայաստանի պատմության թանգարանը հիմնվել է 1919 թվականի սեպտեմբերի 9-ին Հայաստանի Ազգային ժողովի կողմից և բացվել է 1920 թվականի օգոստոսի 20-ին։ Այն ունի ճարտարապետության, դրամագիտության, ազգագրության, ժամանակակից պատմության և վերականգնման ամբիոններ։ Բնօրինակ հավաքածուն ներառում էր 15289 տարր։ 1935 թվականին բացվեց 2 թանգարան. այժմյան Հայաստանի ազգային պատկերասրահը և Եղիշե Չարենցի գրականության և արվեստի ժամանակակից թանգարան։ Հանրապետության հրապարակում այժմյան կառույցի շինարարական աշխատանքները սկսվեցին 1950-ական թվականներին և 1977 թվականին ավարտվել է Ազգային պատկերասրահի կառուցման ավարտով։ 1978 թվականին ստեղծվեց ազգագրության Կառավարական թանգարանը։ Հավաքածուն 2018 թվականի դրությամբ ներառում է 201000 տարր։

Գաֆէսճեան արվեստի կենտրոնը գտվնում է Կասկադից ոչ հեռու։ Թանգարանի հիմնադրամը հիմնվել է 2002 թվականին։ 2009 թվականի նոյեմբերին թանգարանում նրա հիմնդիրի ցանկությամբ բացվում է մեծ ցուցահանդես։ Հիմնական ցուցանմուշները եղել են ժամանակակից արվեստի հավաքածուից։ Ցուցահանդեսի հետ մեկտեղ իրականացվում են լեկցիաներ, ֆիլմերի ցուցադրություններ, համերգների և բազմաթիվ կրթական առաջարկություններ։ Ներսում ցուցադրված են Cafesjian Սաֆարի-քանդակագործությունները։

Նաիրի կինոթատրոնը Երևանի ամենահին կինոթատրոնն է։ 1926 թվականին այստեղ ցուցադրվել է առաջին սովետական հայկական ֆիլմը՝ Սառեն։ Ներկայիս շենքը կառուցվել է 1952-1954 թվականներին Ալեքսանդր Թամանյանի նախաձեռնությամբ և ունի երկու դահլիճ։ Սա ըստ մեծության երկրորդ կինոթատրոնն է Երևանում։

Երևանի կրկեսը կառուցվել է 1930-ական թվականներին այն վայրում, որտեղ ժամանակավոր գործում էր փայտե շրջիկ կրկեսը։ Առաջին կառույցը կառուցվեց 1939 թվականին, որը վերափոխվեց 1962 թվականին։ 2011 թվականին կրկեսը լուրջ վերանորոգման կարիք ուներ, 2012 թվականին կրկեսը պայթացրին, 2014 թվականից սկսվեցին շինարարական աշխատանքները։ Կրկեսի բարձրությունը կազմում է 21 մ։ Կա 1700 հանդիսատեսի տեղ։

Կասկադ համալիրը աստիճանների մոնումենտալ համալիր է, Այն կառուցվել է 1971 թվականին և մասամբ վերջացվել է 1980 թվականին։ Շինարարության երկրորդ փուլի ժամանակ՝ 2002-2009 թվականներին հիմնվեցին արվեստի կենտրոնը։

Վերնիսաժը արվեստի շուկա է, որը բաց է շաբաթ և կիրակի օրերին։ Շուկայում հիմնականում ներկայացված են տարատեսակ ազգային ստեղծագորգությունների ապրանքներ՝ գորգեր, ձեռքի աշխատանքներ, հուշանվերներ, նկարներ։

Կրոնական կառույցներ

խմբագրել

Տրանսպորտ

խմբագրել

Կենտրոն վարչական շրջանում գտնվում է Երևանի մետրոպոլիտենի 4 կայաններ՝ Մարշալ Բաղրամյան, Երիտասարդական, Հանրապետության հրապարակ և Զորավար Անդրանիկ։ Երևանյան մետրոյի առաջին սկզբնական հատվածը (1981 թվական մարտի 7) ամբողջությամբ գտնվում էր այս շրջանում։

Երկաթուղի

խմբագրել

Կենտրոնում չկան երկաթգծեր։ Ամենամոտը քաղաքային երկաթուղային կայարանն է։

Հրազդանի կիրճում տեղակայված է մանկական երկաթուղին, ներկայումս այն գտվնում է բարձիթողի վիճակում։

Կրթություն

խմբագրել

Դպրոցներ

խմբագրել

Կենտրոնում կան 20 դպրոցներ[5]։

ԲՈւՀ-եր

խմբագրել

Կենտրոնի տարածքում են գտնվում Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունների մեծ մասը.

Այստեղ է տեղակայված նաև երկրի գլխավոր գիտական հաստատությունը՝ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիան։

Պատկերասրահ

խմբագրել
 
Համայնապատկեր Կենտրոն վարչական շրջանից (ձախից աջ)․ Քաղաքապետարանի ժամացույցի աշտարակ, ԱրդՇին Ինվեստ Բանկ, Գլենդել Հիլզ բնակելի շենքեր, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության աշտարակ, Ռուսաստանի Դաշնության դեսպանատուն, Արարատ լեռը շինությունների ետևում։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Հայաստանի ազգային վիճակագրության ծառայություն
  2. Տեղեկություն Կենտրոն վարչական շրջանի մասին Երևանի քաղաքապետարանի կայքէջում
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 Հակոբյան Թ.Խ., Երևանի պատմությունը, մաս 3-րդ, Երևան, 1959 թվական
  4. Կարեն Դեմիրճյանի թանգարանի արխիվային նյութեր
  5. «Школы на интерактивной карте Еревана». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 3-ին.