Սուհուր

Վիքիմեդիայի նախագծի ցանկ

Սուհուր կամ Սահուր, (արաբ․՝ سحور‎‎), ինչպես նաև Սահարի, Սահրի կամ Սեհրի (պարս.՝ سحری)[1], մուսուլմանների կողմից Ռամադան ամսվա (երբեմն դրանից դուրս) ընթացքում լուսաբացից առաջ՝ նախքան ծոմապահության սկիզբն ընդունվող կերակուրն է[2]։ Սնունդն ընդունվում է արշալույսի աղոթքից («Ալ-Ֆաջր») առաջ[3]։

Հորդանանյան «սուհուրի» սեղան

Սուհուրը համապատասխանում է նախաճաշին՝ իֆտարին։ Վերջինս, սակայն, Ռամադանի երեկոյան սնունդն է և փոխարինում է օրվա ավանդական նախաճաշին, ճաշին և ընթրիքին[3], թեև որոշ տեղերում ընդունված է ընթրել նաև իֆտարից հետո՝ գիշերվա ավելի ուշ ժամերի ընթացքում։

Լինելով Ռամադան ամսվա նախքան ծամապահության շրջանը (լուսաբացից մինչև մայրամուտ ընկած ժամանակահատված) ընդունվող վերջին կերակուրը՝ մուսուլմանների կողմից սուհուրը համարվում է օրհնություն կամ առավելություն (արաբ․՝ تبرك‎‎), քանի որ թույլ է տալիս մարդուն երկար ժամանակ ծոմ պահել՝ խուսափելով վերջինիս կարգի խախտումից կամ դրա հետևանքով առաջացած ֆիզիկական թուլությունից։ Համաձայն «Սահիհ ալ-Բուխարի» հադիսների հավաքածուի՝ Անաս իբն Մալիքը հաղորդում է, որ Մուհամմադ մարգարեն հորդորել է. «Սուհո՛ւր ընդունիր, քանի որ դրա մեջ օրհնություն կա»[4]։

Մուսահարաթի խմբագրել

Մուսահարաթին կամ մուսահիրը Ռամադանի ընթացքում սուհուրի ընդունման և Ալ-Ֆաջրի՝ արշալույսի աղոթքի համար հանրությանն արթնացնողի մասնագիտությունն է[5][6][7]։ Որոշ պատմական աղբյուրների համաձայն իսլամի պատմության մեջ առաջին մուսահիրը եղել է Բիլալ իբն Ռաբահը։ Նա գիշերվա ընթացքում շրջել է փողոցներով և ձայնելով արթնացրել է մարդկանց[8]։

«Իմ պարտականությունն է սուրբ Ռամադան ամսվա ընթացքում մարդկանց արթնացնել Դամասկոսի հին քաղաքում՝ աղոթքի և սուհուրի ճաշի համար»․– այսպես է նկարագրվում զբաղմունքը Դամասկոսի մուսահիրի կողմից։ Ըստ մեկ այլ՝ Սիդոնցի մուսահիրի, յուրաքանչյուր մուսահարաթի պետք է ունենա ֆիզիկական բարձր պատրաստվածությունն ու լավ առողջություն, «քանի որ նրանից պահանջվում է ամեն օր երկար տարածություններ քայլել։ Նա նաև պետք է ունենա բարձր ձայն և առողջ թոքեր, ինչպես նաև բանաստեղծություններ կարդալու կարողություն[9]»։

Այս ավանդույթը որոշակիորեն կիրառվում է Եգիպտոսում, Սիրիայում, Սուդանում, Սաուդյան Արաբիայում, Հորդանանում, Հնդկաստանում, Պակիստանում, Բանգլադեշում և Պաղեստինում։

Այնուամենայնիվ, ժամանակին զուգընթաց տեղի է ունեցել մուսահարաթիի պաշտոնի աստիճանական անհետացում մի քանի գործոնների պատճառով, այդ թվում՝ մուսուլմանների՝ կեսգիշերին ավելի երկար արթուն մնալը, նորագույն տեխնոլոգիաների օգտագործումը՝ ինչպիսիք են զարթուցիչները, սուհուրի կամ աղոթքի համար արթնանալու համար, ավելի բարձրահարկ շենքերի ու մեծ քաղաքների առկայությունն ու վերջիններիս աստիճանական աճը։ Այս գործոնները բավականաչափ դժվարացնում են մուսահարաթիի ձայնի լսելի լինելը[10]։

Չնայած վերոնշյալ գործոններին՝ այսօր էլ Բանգլադեշի Հին Դաքքա քաղաքի փողոցներում կարելի է հանդիպել տեղացիների, ովքեր արտասանում են կասիդաներ, նվագում և երգում են[11] տոնական այս օրերին։ Ինդոնեզիայում, օրինակ, սուհուրն ընդունելու համար մարդկանց արթնացնում են կոնտոգանի (ճեղքավոր թմբուկի) հարվածների միջոցով[12]։

Սուհուրի ավանդական կերակուրներ խմբագրել

  • Կաթ և արմավ
  • Կաթ և բրինձ
  • Մրգեր և քաղցրավենիք
  • Մեղրով, ձիթայուղով կամ կարագով բլիթներ և կարկանդակներ
  • Պանիր, քամած մածուն (լաբնե), յոգուրտ
  • Քամար ադ-Դին (արաբ․՝ قمر الدين‎‎) (օշարակ ծիրանի կեղևից)
  • Ձու
  • Լոբազգիներ, բակլազգիներ, այդ թվում ֆալաֆել
  • Մսով, պանրով կամ բանջարեղենով սամոսա (սամբոսա)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Suhur». Collins English Dictionary. HarperCollins. Վերցված է 2019 թ․ մայիսի 15-ին.
  2. «Kashmir | History, People, & Conflict». Encyclopedia Britannica (անգլերեն). Վերցված է 2021 թ․ մայիսի 8-ին.
  3. 3,0 3,1 BBC - Schools - Religion - Islam, Վերցված է 2010 թ․ ապրիլի 11-ին
  4. Bukhari: Book 3: Vol. 31: Hadith 146 (Fasting).
  5. «Pictures: Celebrating Ramadan Around the World». National Geographic Society. 2014 թ․ հուլիսի 19. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 20-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 10-ին.
  6. Angelo Colorni (2011). Israel for Beginners: A Field Guide for Encountering the Israelis in Their Natural Habitat. Gefen Publishing House Ltd, 2011. էջ 84. ISBN 9789652294838.
  7. Jamāl Ghīṭānī (2009). The Zafarani Files. Translated by Farouk Abdel Wahab. American Univ in my world Cairo Press, 2009. էջ 333. ISBN 9789774161902.
  8. Rima Al-Mukhtar (2011 թ․ օգոստոսի 10). «Ramadan Mesaharati». Arab News. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 10-ին.
  9. Vivian Haddad (2014 թ․ հուլիսի 23). «The Musaharati, Still Part of Sidon's Ramadan Tradition». Asharq Al Awsat. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 10-ին.(չաշխատող հղում)
  10. Rima Al-Mukhtar (2011 թ․ օգոստոսի 10). «Ramadan Musaharati». Arab News. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 10-ին.
  11. Sirajul Islam. «Qasida». Banglapedia: The National Encyclopedia of Bangladesh, Asiatic Society of Bangladesh, Dhaka. Վերցված է 2018 թ․ մայիսի 5-ին.
  12. Aman Rochman (2018 թ․ մայիսի 20). «Malang village children find joy in 'sahur' activity during Ramadhan». The Jakarta Post. Վերցված է 2021 թ․ ապրիլի 17-ին.