Սղոցապոչ անդրկովկասյան
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Բաժին Միջատներ
Ընտանիք Ծղրիդներ
Տեսակ Սղոցապոչ անդրկովկասյան
Լատիներեն անվանում
Poecilimon geoktshaicus


Սղոցապոչ անդրկովկասյան (լատին․՝ Poecilimon geoktshaicus), ծղրիդների ընտանիքին պատկանող միջատ, որը գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։

Նկարագրություն խմբագրել

Ոչ խոշոր չափի ծղրիդ է (արուի մարմնի երկարությունը 15,0-21,0 մմ է, էգինը` 20,0-26,0 մմ, ձվադրինը` 8,0-9,0 մմ)։ Արուի վերնաթևերը, որոնք մասամբ մտնում են փորիկի առաջին տերգիտի ծայրի տակ, կարճացած են։ Դարչնագույն, կանաչավուն կամ դեղնավուն գունավորմամբ արական ծղրիդի առաջնամեջքը ամբողջական է, իսկ էգինը՝ կարճացած[1]։

Տարածվածություն խմբագրել

Տարածված է Դաղստանում, Վրաստանում, Ադրբեջանում, Հայաստանում։ Հայաստանում ապրում է Սևանա լճի մոտակայքում (ավելի ստույգ տվյալներ չկան), այստեղ հետագայում չի գտնվել, հայտնի է նաև Տավուշի մարզում (Բագրատաշեն գյուղի շրջակայք)[1]։

Էկոլոգիա խմբագրել

Ապրում է տափաստանային գոտում, անտառային գոտու ստորին տափաստանացած հատվածներում։ Հասուն առանձնյակները հանդիպում են հունիսին։ Հետսաղմնային զարգացումը տևում է 45-55 օր։ Այս կենդանիները բուսակեր են, բազմակեր։ Վրաստանում տեսակը նշված է որպես գյուղատնտեսական մշակաբույսերի (հացահատիկային, կարտոֆիլի, լոբու) երկրորդական վնասատու[1]։

Պահպանություն խմբագրել

Հազվագյուտ տեսակ է։ Հայաստանում հազվադեպ է հանդիպում, հայտնի են եզակի, փոքրաթիվ նմուշներ[1]։

Թվաքանակի փոփոխության միտումները պարզաբանված չեն։ Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես վտանգված տեսակ[1]։

Վտանգման հիմնական գործոններն են անասունների գերարածեցումը և խոպան հողերի հերկումը[1]։

Պահպանության միջոցառումները ընդունված չեն, հավանաբար հանդիպում է «Սևան» ազգային պարկի տարածքում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.