Սինձ պալարակիր

բույսերի տեսակ
Սինձ պալարակիր
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Աստղածաղկավորներ (Asterales)
Ընտանիք Աստղածաղկազգիներ (Asteraceae)
Ենթաընտանիք Եղերդակայիններ (Cichorioideae)
Ցեղ Սինձ (Tragopogon)
Տեսակ Սինձ պալարակիր (T. tuberosus)
Միջազգային անվանում
Tragopogon tuberosus

Սինձ պալարակիր (լատին․՝ Tragopogon tuberosus), բարդածաղկավորների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն խմբագրել

Բազմամյա խոտաբույս է, որն ունի 35-70 սմ բարձրություն և հաստացած պալարանման արմատ։ Արմատամերձ տերևները երկար են, գծային, ցողունայինները՝ հիմքի մասում շատ լայնացած, դեպի վեր աստիճանաբար նեղացող։ Ցողունն ուղիղ է, չճյուղավորված։ Ծաղիկները վառ դեղին են։ Ծածկոցի թերթերը ծաղիկներին հավասար են։ Սերմնիկները թմբիկավոր-թեփավոր են, կտուցը՝ սերմիկի լայնացած մասից կարճ կամ դրան հավասար։ Պատուսը կազմված է հիմքում օղակաձև ձուլված փետրաձև մազիկներից[1]։

Տարածվածություն խմբագրել

Հայաստանում հանդիպում է Իջևանի (Իջևան), Լոռու (Շահնազար) և Զանգեզուրի (Կապան) ֆլորիստիկական շրջաններում։ Ընդհանուր արեալը, բացի Հայաստանից, ընդգրկում է Նախակովկասը, Դաղստանը, Արևելյան Անդրկովկասը։ Ամենուրեք հազվադեպ հանդիպող տեսակ է[1]։

Էկոլոգիա խմբագրել

Աճում է ստորին և միջին լեռնային գոտիներում՝ ծովի մակերևույթից 800–1600 մ բարձրությունների վրա, տափաստաններում և մարգագետիններում, թփուտների մեջ։ Ծաղկում է ապրիլ–մայիս ամիսներին, պտղաբերում՝ հունիսին[1]։

Պահպանություն խմբագրել

Խոցելի տեսակ է, որի տարածման շրջանի մակերեսը 20000 կմ²–ից պակաս է, բնակության շրջանի մակերեսը՝ 2000 կմ²–ից պակաս։ Համարվում է Կովկասի էնդեմիկ։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր։ Ընդգրկված չէր նաև CITES–ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[1]։

Պահպանության գործողություններ չեն իրականացվում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.