Սիեստա (իսպ.՝ Siesta, իսպանական արտասանությունը` [sjesta]), հետճաշյա քուն, որն ընդհանուր սովորություն է մի քանի, հատկապես` շոգ կլիմայով երկրներում։

Ֆ. Ա. Բրիժմեն, «Սիեստա» (1878)

Տերմինաբանություն խմբագրել

Իսպանական «սիեստա» (siesta) գոյականը և sestear բայը ծագում են լատիներեն hora sexta (բառացի` «վեցերորդ ժամ», այսինքն` «կեսօր». հռոմեացիների մոտ օրվա առաջին ժամն սկսվում էր լուսաբացին) բառից։ Դա կեսօրից հետո ժամանակահատվածն էր, երբ աշխատավայրում ընդմիջում է արվում` հանգստանալու և ուժերը վերականգնելու համար։

Ժամանակահատված խմբագրել

  • Հունաստան (ամառային սեզոնին)-14:00-15:00 (մինչև 17:00)
  • Իսպանիա («Մեծ սիեստա»)-13:00-17:00
  • Իտալիա-13:00-15:00 կամ 16:00[1]։

Պատմություն խմբագրել

Խոսքը ոչ միայն իսպանական սովորության, այլ` սնունդ ընդունելուց հետո դեպի մարսողական համակարգ արյան բնական հոսքի մասին է, որը քնկոտություն է առաջացնում։ Պետք է ընդգծել, որ իսպանական ճաշն ավելի հագեցած է, քան եվրոպական այլ երկրներում, որտեղ հագեցած է նախաճաշը։ Անհրաժեշտ է հաշվի առնել նաև բնական կենսաբանական ժամացույցը։ Անկախ ճաշի առկայությունից, ուժերի հետճաշյա անկումը տեղի է ունենում առավոտյան արթնացումից մոտավորապես ութ ժամ անց[2]։ Մյուս կողմից, Իսպանիայի կողմից գաղութացված արևադարձային երկրներում, ինչպես նաև` Իսպանիայի` Եվրոպայի հարավում գտնվող հատվածում այդ ժամերն օրվա ամենաշոգ ժամերն են։

Գիտական ուսումնասիրություն խմբագրել

 
Գյուստավ Կուրբե, «Գամակ» (1844)

Բժիշկ Էդուարդո Էստիվիլը պնդում է. «Մինչև հինգ տարեկան երեխաների համար այն ուղղակի անհրաժեշտ է, իսկ մեծահասակներին ցերեկային քունը խորհուրդ է տրվում, սակայն այն պետք է կարճ լինի, ոչ ավելի, քան 30 րոպե»։ Խնդիրն այն է, որ այն երկրներում, որտեղ տարածված է սիեստան, ճաշի ընդմիջումը գերազանցում է այս ժամանակը։ Սա ցույց է տալիս[3], որ 30 րոպեից ոչ երկար տևող սիեստան (ավելի երկար տևող ցերեկային քունը կարող է խախտել կենսաբանական ժամացույցն ու գիշերային անքնության պատճառ դառնալ) լավացնում է առողջական վիճակն ընդհանուր առմամբ և արյան շրջանառությունը մասնավորապես։ Բացի դրանից, այն լավացնում է հիշողությունն ու սովորելու գործընթացը, երկարացնում է աշխատունակությունն ու ստիպում է օրգանիզմին առույգ մնալ մինչև երեկո` չնայած կուտակված հոգնածությանը[4]։ 20-րդ դարի իսպանացի ամենահայտնի գրողներից մեկը, Նոբելյան մրցանակակիր Կամիլո Խոսե Սելան իրեն հատուկ սարկազմով գրել է այս մաքուր իսպանական սովորույթի մասին, ինչպես նաև` վայելել է այն։ Այս վիպասանն ասել է սիեստայի մասին, որ այն պետք է իրականացնել «գիշերազգեստով ու աղոթքով»։ Ինչպես պնդում են հույն գիտնականները, կարճաժամկետ քունը նվազեցնում է սրտանոթային հիվանդություններից մահացությունների թիվը, հատկապես` երիտասարդ տղամարդկանց շրջանում[5]։

Սիեստայի առաջնություն խմբագրել

2010 թվականի հոկտեմբերի 14-23-ը մադրիդյան Կարաբանչել թաղամասում գտնվող «Իսլասուլ» (Islazul) առևտրի կենտրոնում անց է կացվել Իսպանիայի առաջին սիեստայի առաջնությունը (I Campeonato Nacional de Siesta): Առաջնության անցկացման նախաձեռնողն էր Սիեստայի ընկերների ազգային ասոցիացիա հասարակական կազմակերպությունը (Asociación Nacional de Amigos de la Siesta), որը զբաղվում է իսպանական հետճաշյա քնի ավանդույթի քարոզչությամբ։ Առաջնությանը մասնակցել է 360 մարդ։ Հաղթող է ճանաչվել 62-ամյա էկվադորցի Պեդրո Սորիա Լոպեսը (Pedro Soria López), ով հավաքել է առավելագույն միավորներ։ Մրցավարները հաշվի են առնելու քուն մտնելու արագությունը, քնի տևողությունը մարդաշատ ու աղմկոտ վայրում, քնողի յուրահատուկ կամ դիտարժան դիրքերը, խռմփոցի առկայությունն ու բարձրությունը։ «Սիեստայի արքան» քնել է 17 րոպե` նախատեսված 20 րոպեից, նրա խռմփոցի բարձրությունը հասել է 70 դեցիբելի։ Հաղթողն ստացել է 1.000 եվրո պարգև։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Анна Добрюха (2010 թ․ հուլիսի 12). «На юге Европы дневная сиеста - давняя традиция». KP.RU - сайт «Комсомольской правды» (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 19-ին.
  2. Ebert, D., K.P. Ebmeier, T. Rechlin, and W.P. Kaschka, "Biological Rhythms and Behavior", Advances in Biological Psychiatry. ISSN 0378-7354
  3. Siestas slow heart disease and prolong life // Neurology update, 20 February 2007(չաշխատող հղում)
  4. ABC. «Los beneficios de una siesta de 26 minutos». ABC.es (իսպաներեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 19-ին.
  5. «Сиеста "помогает избежать инфаркта"» (բրիտանական անգլերեն). 2007 թ․ փետրվարի 13. Վերցված է 2018 թ․ հունիսի 19-ին.

Գրականություն խմբագրել

  • Ebert, D., K.P. Ebmeier, T. Rechlin, and W.P. Kaschka, «Biological Rhythms and Behavior», Advances in Biological Psychiatry. ISSN 0378-7354

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիեստա» հոդվածին։