Սերկևիլենի սովորական
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Կարգ Վարդածաղկավորներ
Ընտանիք Վարդազգիներ
Ցեղ Սերկևիլենի
Տեսակ Սերկևիլենի սովորական
Լատիներեն անվանում
Cydonia Oblonga
Mill

Սերկևիլենի սովորական (լատին․՝ Cydonia Oblonga), վարդազգիներ ընտանիքի, սերկևիլենի ցեղի բույս։

Նկարագրություն խմբագրել

Մինչև 8 մ բարձրությամբ տերևաթափ ծառեր են, որոնք երբեմն աճում են թփանման, սուր անկյան տակ դեպի վեր ուղղված ճյուղերով։ Կեղևը բարակ է, մուգ մոխրագույն, գորշակարմիր կամ սևադարչնագույն։ Երիտասարդ ընձյուղները գորշամոխրավուն են, կանաչավուն երանգով և մանր, գորշ ոսպնյակներով։ Ընձյուղները մոխրականաչավուն են, գորշ երանգով, սկզբում'խիստ մազմզուկապատ, հետագայում' մերկ։ Բողբոջները մանր են, 3 մմ երկարությամբ, ծածկված 2 թեփուկով, գորշականաչավուն, թաղիքամազմզուկապատ։ Տերևադասավորությունը հերթադիր է։ Տերևները ձվաձև են, երկարավուն ձվաձև, երբեմն լայն էլիպսաձև, կլորավուն, 5 - 10 (15) սմ երկարությամբ և մինչև 7,5 սմ լայնությամբ, ամբողջաեզր, սեպաձև, երբեմն' կլորավուն կամ թույլ սրտանման հիմքով, բութ գագաթով, թարթիչաեզր, նոր բացված ժամանակ ծածկված սպիտակ, թաղիքանման խիտ մազմզուկներով, որը ավելի ուշ տերևի վերին մակերեսից վերանում է, և տերևը ստանում է մուգ կանաչ գունավորում, իսկ ներքին մակերեսին աղվամազը մնում է մինչև աշուն։ Տերևակոթունը ունի 6 - 12 մմ երկարություն։ Տերևակիցը հակառակ երկարավուն, ձվաձև է, երբեմն'նշտարաձև, 6 - 12 մմ երկարությամբ, 4-6 մմ լայնությամբ,մազմզուկներով։ Ծաղիկները մեծ մասամբ միայնակ են' սպիտակ կամ վարդագույն պսակով, 4 - 5,5 սմ տրամագծով, առէջները 15-25 (ավելի հաճախ' 20) հատ են, մանուշակագույն կամ դեղին թելիկներով, սռնակները 5-ն են, ազատ, հիմքում թաղիքա- մազմզուկապատ, պտղաթերթիկները 5-ն են' սերտաճած ծաղկակալի, իսկ հիմքում' միմյանց հետ։ Բաժակաթերթիկները ևս 5 հատ են, ամբողջական, երկարավուն, սպիտակ, բրդանման աղվամազով ծածկված։ Պտուղը խնձորանման է, տանձանման, գնդաձև, հաճախ' բութ անկյունավոր, մինչև լրիվ հասունանալը ծածկված է խիտ թաղիքանման մազմզուկներով, հասուն ժամանակ' մերկ, կիտրոնադեղին, երբեմն ծածկված գորշ կետերով, 5 - 12 սմ (վայրի բույսերինը'2,5 - 3,5 սմ) երկարությամբ։ Ծաղկում է մայիս- հունիս, պտուղները հասունանում են սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին։ Պտղաբերում է ամեն տարի։

Տարածվածություն խմբագրել

Տարածված է Նախակովկասում, Կասպից ծովի արևմտյան ափերին, Թերեք գետի ստորին հոսանքներում, Կուր և Արաքս գետերի ստորին հոսանքներում, Թալիշում, Միջին Ասիայում, Կասպից ծովի հարավային ափերին։ Մշակում են ամենուրեք։ Հայաստանի հյուսիսային շրջաններում, Զանգեզուրում և Մեղրիում հանդիպում է նաև վայրիացած վիճակում, ծովի մակերևույթից մինչև 1200 մ բարձրությունների վրա։

Կիրառություն խմբագրել

Կանաչապատման նպատակներով օգտագործում են խմբերով, ծառուղիների համար և այլն։ Կարելի է առաջարկել մինչև 2000 մ բարձրությունների վրա գտնվող բնակավայրերի կանաչապատման համար[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 1, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 331։