Սարի վանքի դպրոց, գրչության կենտրոն Վասպուրականում։ Սարի Սուրբ Գևորգ վանքը գտնվել է Մոկաց գավառում, Արտոս լեռնաշղթայի Եղերով լեռան արևելյան լանջին (այդտեղից էլ դպրոցի անունը)։ Հետագայում կոչվել է Փութկա Սուրբ Գևորգ վանք (մոտակա գյուղի անունով)։ XIV դարի 2-րդ կեսին վանքին կից բացվել է վանական դպրոց, որի ուսուցիչներն ու աշակերտները զբաղվել են նաև գրչությամբ։ Դպրոցը վերելք է ապրել Սիմեոն րաբունապետի ժամանակ (XIV դարի 50—80-ական թվականներին)։ Դասավանդել են Ստեփանոս (գրչություն և երաժշտություն) և Հովհաննես եղբայրները, Մխիթարը և ուրիշներ։ Սարի վանքի դպրոցում սովորելու են եկել Աղթամարից, Ռշտունիքից և այլ վայրերից։ XIV դարի վերջին աշակերտների թիվն անցել է երկու տասնյակից։ Դպրոցից մեզ է հասել շուրջ 15 ձեռագիր, որից 8-ը պահվում է Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում։

Սարի վանքի դպրոց
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 230