Սատրապական դրամներ, Աքեմենյանների տիրակալության վերջին շրջանում՝ մ.թ.ա. 5-րդ դարի վերջերից և առավելապես 4-րդ դարում, տեղական սատրապները նվաճել էին սեփական դրամներ թողարկելու իրավունքը։ Այդ սատրապական դրամների շարքում պահպանվել են այնպիսի դրամական միավորներ, որոնք թողարկվել են Հայաստանի աքեմենյան կառավարիչների՝ Տիրիբազի և Օրոնտասի կողմից։

Տիրիբազի դրամները դրվագվել են Կիլիկիայի Իսսոս, Սոլի, Մալլոս և Տարսոն քաղաքներում, մ.թ.ա. 386380 թվականներին։ Դրանց վրա նշված են Տիրիբազի և հիշյալ քաղաքների անունները, ըստ որում թե՛ միայն հունարեն և թե՛ երկլեզվյան՝ հունարեն ու արամեերեն արձանագրություններով։ Տիրիբազի դրամները կրում էին իրենց վրա Ահուրամազդայի, Բահալի, Հերակլեսի, Անահիտի, Դիոնիսի պատկերները, ինչպես նաև իր՝ Տիրիբազի դիմանկարները։

Պատկեր:Ervand II.jpg
Օրոնտաս II-ի ոսկյա դրամի օրինակը

Կշռային տվյալներով դրանք պատկանում են աքեմենյան սիստեմին, ըստ որում թողարկվել են բացառապես արծաթից։ Դրանք մեծ մասամբ կրկնակի դրախմաներ (11,20 գրամ) և այդ նույն սիստեմի փոքր արժեչափի միավորներ՝ օբողոսներ են։ Ծագելով Կիլիկիայից, Տիրիբազի դրամները շրջանառության մեջ են եղել ոչ միայն Կիլիկիայում, այլև Փոքր Ասիայի ու Միջագետքի տարանցիկ առևտրի համար կարևոր նշանակություն ունեցող Ծոփքի և հավանաբար Փոքր Հայքի տնտեսական կենտրոններում, որոնք ենթակա էին նրա անմիջական իշխանությանը։

Հայաստանի սատրապ Օրոնտասի (Երվանդ) դրամները հայտնի են ոսկյա, արծաթյա և պղնձյա օրինակներով, թողարկված մ.թ.ա. 362 թվականին Լամպսակ, Կլազոմեն և այլ քաղաքներում։ Դրանց թողարկումը պայմանավորված էր տեղական պահանջներով, Օրոնտասի դրամների վրա դրոշմվել են հեթանոսական աստվածներ Զևսի, Աթենասի պատկերները և արևի պաշտամունքին վերաբերող խորհրդանշաններ, ինչպես նաև աքեմենյան տիրակալների ու իրեն Օրոնտասի դիմանկարները։

Աղբյուրներ խմբագրել