Բացել գլխավոր ցանկը

Սատունինի սևագլուխ ռինխոկալամուս

Սատունինի սևագլուխ ռինխոկալամուս
Սատունինի սևագլուխ ռինխոկալամուս
Սատունինի սևագլուխ ռինխոկալամուս
Դասակարգում
Թագավորություն  Կենդանիներ (Animalia)
Տիպ/Բաժին Քորդավորներ (Chordata)
Ենթատիպ Ողնաշարավորներ (Vertebrata)
Դաս Սողուններ (Reptilia)
Կարգ Թեփուկավորներ (Squamata)
Ընտանիք Լորտուներ (Colubridae)
Ցեղ Rhynchocalamus
Տեսակ Սատունինի սևագլուխ ռինխոկալամուս (R. melanocephalus)
Միջազգային անվանում
Rhynchocalamus melanocephalus
Կարգավիճակ
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Status iucn3.1 LC hy.svg
Քիչ մտահոգող տեսակ

Սատունինի սևագլուխ ռինխոկալամուս , Սատունինի ռինխոկալամուս, Սատունինի կնճիթաձողիկ (լատ.՝ Rhynchocalamus melanocephalus satunini), լորտուների ընտանիքին պատկանող ռինխոկալամուս ցեղի օձ։ ՀՀ-ում հանդիպում է Կոտայքի, Արարատի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերի նախալեռներում, Երևանի շրջակայքում: Տարածված է կիսաանապատային, տափաստանային, թփուտային կամ նոսրանտառային բուսականությամբ քարքարոտ, կավահողային և հիմնականում չոր կենսավայրերում։ Վարում է գլխավորապես փորող կենսակերպ։ Գարնանը և ամռան սկզբին, երբ հողը բավականին խոնավ է, հազվադեպ հանդիպում է քարերի և այլ թաքստոցների տակ, կենդանիների բներում և հողի փխրուն շերտերում։ Մարմինը բավականին բարակ է, երկարությունը տարիքի հետ փոխվում է (12-40 սմ), իսկ պոչը մոտ 4,5-5 անգամ կարճ է մարմնից։ Գլուխը մարմնից թույլ է տարանջատված և ծածկված է խոշոր վահանիկներով։ Աչքերը մանր են, ծիածանաթաղանթը՝ գրեթե սև, բիբը՝ կլոր։ Միջքթային վահանիկը լայնացած է՝ հարմարված փորելուն։ Բերանային անցքը բացվում է գլխի ստորին մակերեսին։ Մեջքային թեփուկները հարթ են և փայլուն։ Մեջքը դեղնավունից նարնջագույն է։ Գլուխը բաց գույնի է։ Վերաչքային վահանիկների վրայով անցնում է դեպի առաջ կորացած, սև լայնակի գիծ։ Ծոծրակային վահանիկների գրեթե ողջ մակերեսը ծածկված է սրտանման սև խալով։ Պարանոցի մեջքային մակերեսին կա առջևից խորը կտրվածքով լայն, սև և վզնոցանման գիծ։ Որովայնը սպիտակ կամ վարդագույն է։ Սնվում է մրջյունների թրթուրներով և հողում ապրող մանր անողնաշարավորներով։ Բազմացումը ուսումնասիրված չէ։ Մարդու և կենդանիների համար անվնաս է։ Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։

Բովանդակություն

ՏարածվածությունԽմբագրել

Տարածված է Առաջավոր Ասիայում (մինչև Իրանի արևմտյան հատվածը արևելքում), Հայաստանում և Նախիջևանում: Հայաստանում տարածված է միայն Արաքս գետի հովտում, որտեղ բարձրանում է նախալեռներ՝ մինչև ծովի մակարդակից 1200 մ բարձրություններ[1]:

ԷկոլոգիաԽմբագրել

Հանդիպում է միայն օշինդրային կիսաանապատներում, չոր և խիստ քարքարոտ լանջերին, որտեղ կան մերկացած ապարներ և քսերոֆիտ բուսածածկով բազմաթիվ քարաբեկորներ, ինչպես նաև ֆրիգանային գոտում:

Վարում է թաքնված մթնշաղային կենսակերպ և ցերեկային ժամերին հողի մակերես գրեթե դուրս չի գալիս:

Կենսաբանական առանձնահատկությունները գրեթե ուսումնասիրված չեն[1]:

ՊահպանությունԽմբագրել

Անդրկովկասի առավել հազվադեպ և քիչ ուսումնասիրված տեսակներից մեկն է: Հայտնի են շատ քիչ քանակով առանձնյակներ: Գրանցված է նախկին ԽՍՀՄ-ի Կարմիր գրքում: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես խոցելի տեսակ:

Բնության մեջ այս տեսակի թվաքանակը, հավանաբար, կայուն է: Մինչ այժմ Անդրկովկասում հայտնաբերվել են 19 առանձնյակ, որից 17-ը` Հայաստանում և Նախիջևանում:

Սպառնացող վտանգներից է բնորոշ ապրելավայրերի յուրացումը:

Պահպանվում է «Խոսրովի անտառ» արգելոցում և «Արևիկ» ազգային պարկում[1]:

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։  

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Հայաստանի Կարմիր գիրք (հայերեն)։ Երևան: ՀՀ Բնապահպանության նախարարություն։ 2010։ ISBN 978-99941-2-420-6