Սասպենս (անգլ.՝ suspense, հայերեն՝ «անորոշություն, անհանգստություն»), տագնապալի սպասման զգացողություն։ Եզրույթը լայն կիրառություն ունի անգլերենում՝ առօրյա իրավիճակներ նկարագրելիս։ Սլավոնական լեզվաընտանիքին պատկանող լեզուներում գործածվում է միայն կինոարվեստի, համակարգչային խաղերի, հազվադեպ՝ գրականության մեջ. «սապսենս» բառով բնութագրվում է այն գեղարվեստական էֆեկտը, որին հատուկ է ֆիլմը դիտելիս՝ հանդիսատեսի տևական լարված վիճակը, ինչպես նաև մի խումբ գեղարվեստական հնարքներ՝ ուղղված հանդիսատեսի ներառմանը պատկերի մեջ։ Սասպենս կիրառվում է թրիլլերներում և սարսափ ժանրի խաղերում։

Սասպենսի գործածումը կինեմատոգրաֆիայում ուղղակիորեն կապվում է Ալֆրեդ Հիչքոքի անվան հետ, ով համարվում է «սասպենսի վարպետ». նրան հաջողվում էր հմտորեն կերտել հարատև անորոշության, լարվածության մթնոլորտ և խուճապ ներշնչել։ Հիչքոքից հետո այս հնարքը ծավալվեց հոլիվուդյան և այլերկրյա կինոարվեստում։ Որպես սասպենսի վառ կիրառության օրինակ ուշագրավ է ռեժիսոր Ջոն Կարպենտերի «Halloween»(ԱՄՆ, 1978) սարսափ ֆիլմը, ինչպես նաև նույն Հիչքոքի «Psycho» (ԱՄՆ, 1960) դետեկտիվ ֆիլմը, որի հիմքում ընկած է Ռոբերտ Բլոխի համանուն նովելը (1959):

Սասպենսի կառուցման գլխավոր սկբունքներից է ակնկալվող իրադարձության, վճռական պահի պարբերաբար հետաձգումը։ Այդ առիթով՝ ցնցման և սասպենսի տարբերությունը Հիչքոքը բացատրում էր պայթուցիկի օրինակով։ Ենթադրենք՝ էկրանին հետևյալ պատկերն է. սեղանի առջև նստած մարդիկ անհոգ զրուցում են, և հանկարծ տեղի է ունենում պայթյուն, պարզվում է՝ սեղանի տակ պայթուցիկ կար։ Հանդիսատեսը ապշում է և մի քանի վայրկյան հետո՝ ուշքի գալիս։ Դա ցնցումն էր։ Նույն իրավիճակը ստանում է այլ երանգներ, երբ հանդիսատեսին հայտնի է սեղանի տակի պայթուցիկի առկայության մասին, և որ պայթյունին մնացել է, ենթանդրենք, 20 վայրկյան։ Այսպես, երբ էկրանին իրար փոխհաջորդում են վտանգից անտեղյակ, խաղաղ զրուցող մարդկանց խումբը, սեղանի տակ ամրեցված պայթուցիկը և խրոնոմետրին արտացոլված սպառվող վայրկյանները, հանդիսատեսը կամա-ակամա ստիպված է խեղդվել հուզմունքից րոպեներ շարունակ։ Այս դեպքում կիրառվել է սասպենս։

Ըստ Հիչքոքի՝ սասպենսի հաջորդ սկզբունքը հետևյալն է՝ «Հանդիսատեսը պետք է իրազեկ լինի էկրանին ներկայացվող բոլոր իրադարձություններին։ Իմ պատկերացմամբ՝ ծածուկությունը հազվադեպ է հանգեցնում սասպենսի։ Դասական դետեկտիվում, որպես կանոն, այն բացակայում է, կա միայն մտային հանելուկ։ Դետեկտիվն առաջ է բերում բուն հետաքրքրություն՝ զուրկ հուզային երանգներից, իսկ սասպենսն առանց հույզերի անհեթեթություն է։ Այսպես, մանր-մունր դետալների բացատրությունն ու հասանելիությունը չափազանց կարևոր է»[1][2][3][4]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Саспенс» (ռուսերեն). 2019 թ․ դեկտեմբերի 30. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  2. «саспенс — Викисловарь». ru.wiktionary.org. Վերցված է 2020 թ․ հուլիսի 3-ին.
  3. «Suspense» (անգլերեն). 2020 թ․ հունիսի 28. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  4. Виджани, Виктория. «Саспенс Хичкока | ESTET» (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 3-ին.