Սամվել Խաչատրյան (ազատամարտիկ, 1962)

1rightarrow blue.svgԱյս հոդվածը 1962 թ. ծնված հայ ազատամարտիկի մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Սամվել Խաչատրյան (այլ կիրառումներ)։
Վիքիպեդիայում կան հոդվածներ Խաչատրյան ազգանունով այլ մարդկանց մասին:

Սամվել Սերյոժայի Խաչատրյան (մականունը՝ Միայնակ գայլ, ապրիլի 29, 1962, Գյումրի - նոյեմբերի 7, 1991), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի հերոս։

Սամվել Խաչատրյան
Դիմանկար
Ծնվել էապրիլի 29, 1962(1962-04-29)
Մահացել էնոյեմբերի 7, 1991(1991-11-07) (29 տարեկան)
Ազգությունհայ
Samvel Khachatryan Վիքիպահեստում
Սամվել Խաչատրյանը (ՄԻԱՅՆԱԿ ԳԱՅԼ)

Ծնվել է 1962 թվականի ապրիլի 29-ին Գյումրիում։ Հաճախել է տեղի առաջին մանկապարտեզը, այնուհետև՝ Գյումրու 21-րդ դպրոցը (այժմ «Օյունջյան» վարժարան)։ Դպրոցն ավարտելուն պես ժամանակավոր աշխատանքի է անցել տեքստիլ կոմբինատում՝ որպես բանվոր։ 1980 թ. զորակոչվել է խորհրդային բանակ։ Զորացրվելուց հետո կրկին աշխատանքի է անցել Գյումրու կապի հանգույցում՝ որպես կապավոր։ 1988 թ. Սամվելը մասնակցում է Արցախյան շարժման զանգվածային հանրահավաքներին և զուգընթաց «կարատե-դո» սպորտաձև պարապում։ Այս ժամանակահատվածում՝ 1989 թվականին, Գյումրիում կազմավորվում է «Ուրարտու» կամավորական ջոկատը և Սամվելը ընդգրկվում է նրա կազմում՝ որպես ջոկատի մարտական պարապմունքների մարզիչ։ Չբավարարվելով միայն մարզիչ լինելուվ՝ Սամվել Խաչատրյանը մասնակցում է Գորիսի պաշտպանական մարտերին, այնուհետև՝ Կոռնիձորի, Նոյեմբերյանի, Հադրութի և այլ շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ 1991 թ. ընդգրկվում է Արկադի Տեր-Թադևոսյանի ղեկավարության տակ գտնվող Գագիկ Գևորգյանի հրամանատարած «Փուշ» ջոկատի կազմում և սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին մասնակցում մի շարք սահմանային պաշտպանական մարտերի։ 1991 թվականի նոյեմբերի 7-ին Հադրութի շրջանի Խրմնջուղ գյուղի համար մղված մարտերի ժամանակ հերոսաբար զոհվում է։

1997 թ. ՀՀ Նախագահի հրամանագրով արժանացել է «Արիության համար» մեդալի, 2002 թ.՝ «Մայրական երախտագիտություն» մեդալի, 2006 թ.՝ ԼՂՀ «Արիության համար» մեդալի, 2007 թ. պարգևատրվել է «Հայաստանի երկրապահ» հուշամեդալով, 2009 թ.՝ «Ռազմիկ Վասիլյան» մեդալով։