Սալտո Գրանդե ամբարտակ (իսպ.՝ Represa de Salto Grande), ամբարտակ և ջրի ուժով աշխատող հզոր էլեկտրական կայան Ռիո Ուրուգվայ գետի միջին հոսանքում՝ Արգենտինայի և Ուրուգվայի սահմանի վրա, ուրուգվայական Սալտո և արգենտինական Կոնկորդիա քաղաքներից մոտավորապես 15 կիլոմետր դեպի հյուսիս։ Պատկանում է այդ երկու սահմանակից պետություններին։

Ամբարտակը
Ամբարտակի կամուրջը՝ երկաթուղով և ավտոմայրուղով
Սալտո Գրանդեի թանգարանը

Ընդհանուր տեղեկություններ խմբագրել

Ռիո Ուրուգվայ գետի ջրի ուժը հանրային նպատակներով օգտագործելու զանազան մեծ նախագծեր տարբեր անհատների կողմից կազմվել են սկսած 1890 թվականից։ 1938 թվականից հետազոտություններ ու չափագրումներ են սկսվել։ 1946 թվականին Արգենտինայի և Ուրուգվայի կառավարությունները համաձայնագիր են ստորագրել գետի ջրերի համատեղ օգտագործման մասին, ստեղծել են տեխնիկական հանձնաժողով՝ դրա կազմում ընդգրկելով երկու կողմերի հավասար թվով պատվիրակների, որոնց խնդիրը պետք է լիներ ներկայացվող նախագծերի նպատակահարմարության, արդյունավետության ուսումնասիրումը։

1960 թվականին ինժեներական ֆիրմաների մի կոնսորցիումի՝ Sideco del Grupo Macri S.A,-ին պատվեր է տրվել՝ կազմելու Ռիո Ուրուգվայ գետի ջրերը էլեկտրաէներգիա ստանալու նպատակով օգտագործելու նախագիծ և դրա հետ կապված տեխնիկատնտեսական ու ֆինանսական զեկույց[1]։ 1973 թվականի դեկտեմբերին նախագիծը, հանգամանալի, մանրակրկիտ ուսոմնասիրությունից և վիճահարույց բոլոր հարցերը համաձայնեցնելուց հետո, վերջապես հաստատվել է երկու հարևան պետությունների կառավարությունների կողմից, և հաջորդ տարվա ապրիլի մեկից ամբարտակի շինարարության աշխատանքներն սկսվել են։ Ուղիղ հինգ տարի անց՝ 1979 թվականի ապրիլի 1-ին շուրջ երեք հազար մետր երկարություն, 69 մետր բարձրություն ունեցող ամբարտակը պատրաստ էր։ Դրա շինարարության վրա ծախսվել էր 60 հազար տոննա պողպատ, մեկուկես միլիոն խորանարդ մետր հատուկ ամրության բետոն, այնքան, որքան կծախսվեր երեսունհարկանի հազար շենք կառուցելու համար։

Ամբարտակի շնորհիվ գոյացել է 5 միլիարդ խորանարդ մետր ջրատարողությամբ, 783 քառակուսի կիլոմետր հայելու մակերեսով, 6,4 մետր միջին խորությամբ մի հսկայական ջրամբար[2]։ Ամբարտակի վրայից ջրի թողունակությունը վայրկյանում 64 հազար խորանարդ մետր է, այն դեպքում, երբ գետի սովորական հոսքինը մոտավորապես տասնվեց անգամ զիջում է այդ ցուցանիշին։ Ամբարտակի ահռելի բարձրությունից գահավիժող ջրով աշխատող էլեկտրակայանի առաջին տուրբինը շահագործման է հանձնվել 1979 թվականի հունիսի 21-ին[3]։

Ներկայումս այդ ջրերն աշխատեցնում են տասնչորս գերհզոր տուրբին (տասնչորսերորդը շարք է մտել 1983 թվականի մարտի 27-ին)[4], որոնց միասնական հզորությունը կազմում է 1890 մեգավատտ և բավարարում է երկու հարևան երկրների էլեկտրաէներգիայի պահանջարկի զգալի մասը։

Կարևոր է նշել նաև, որ 1982 թվականին Սալտո Գրանդեի ամբարտակի վրա հատուկ կամուրջ է կառուցվել, որով անցնող երկաթգիծն ու ավտոմայրուղին հնարավոր ամենակարճ ճանապարհով միմյանց են կապում հարևան պետությունների բնակավայրերը[5]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Perros de Presa - Yacyreta Corrupcion Y Poder Politico, Los Antecedentes Ediciones b, 2001 I.S.B.N : 9501522474 p 23
  2. [1]
  3. «¿Quienes fueron las mujeres que dieron origen al nombre de las Turbinas de Salto Grande?». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 14-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 17-ին.
  4. Cambiaron el nombre a la primera turbina de la represa hidroeléctrica de Salto Grande
  5. «"EL FERROCARRIL ES LA EXPRESIÓN DE LA MADUREZ Y EL INTERÉS COMÚN EN UNA RELACIÓN BILATERAL HISTÓRICA "». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 17-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սալտո Գրանդե ամբարտակ» հոդվածին։