Տուրբին
Տուրբին (ֆրանս․ turbine, լատ․ turbo – հոլ. մրրիկ), աշխատանքային օրգանի՝ ռոտորի պտտական շարժումով և անընդհատ աշխատանքային պրոցեսով առաջնային շարժիչ, որը մատուցվող աշխատանքային մարմնի (գոլորշու, գազի կամ ջրի) կինետիկ էներգիան փոխակերպում է մեխանիկական աշխատանքի (թիակավոր մեքենա)։ Աշխատանքային մարմնի շիթը ուղղորդիչ ապարատների միջոցով մատուցվում է ռոտորի շրջանագծով ամրացված կորագիծ թիակներին և, ներգործելով դրանց վրա, պտտման մեջ է դնում ռոտորը։ Ստացիոնար շոգետուրբինները և գազային տուրբինները լայնորեն օգտագործում են էլեկտրական հոսանքի գեներատորների (տուրբոգեներատորներ), կենտրոնախույս կոմպրեսորների և օդափուքերի (տուրբոկոմպրեսորներ, տուրբոօդափուքեր), սնման վառելիքային և յուղային պոմպերի (տուրբոպոմպեր) հաղորդակի համար։ Տրանսպորտային շոգե- և գազային տուրբինները կիրառում են որպես գլխավոր նավային շարժիչներ։ Գազային տուրբինները լայնորեն օգտագործում են նաև որպես ավիացիոն շարժիչներ (տուրբոպտուտակային շարժիչ, տուրբոռեակտիվ շարժիչ) և առանձին դեպքերում՝ լոկոմոտիվներում և հզոր շարժիչներ պահանջող հատուկ ավտոմոբիլներում։ Հիդրավլիկական տուրբինները պատրաստում են միայն ստացիոնար տիպի՝ հիդրոէլեկտրակայաններում էլեկտրական հոսանքի դանդաղընթաց գեներատորների (հիդրոգեներատորներ) հաղորդակի համար։ Բարձր խնայողականության, կոմպակտության, հուսալիության և մեծ միավոր հզորություն ապահովելու հնարավորության շնորհիվ տուրբինները գործնականում դուրս են մղել մխոցավոր շոգեմեքենաները։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 12, էջ 125)։ |