Սալիական օրենսգիրք, (լատին․՝ Lex Salica) սալիական ֆրանկների սովորութային իրավունքի ժողովածու, վաղ բարբարոսական օրենսգրքերից։ Գրի է առնվել VI դ․ և մինչև IX դ․ շարունակ լրացվել ու փոփոխվել է։

Սալիական օրենսգիրք
ՏեսակՕրենսգիրք
Իրավասությունը տարածվում էՖրանկական թագավորություն
Լեզուլատիներեն
Մասն էԲարբարոսական օրենքներ
ՕրենսդիրՎիսոգաստ, Արոգաստ, Սալեգաստ և Վինդոգաստ
Անվանված էՍալիկ Ֆրանկս

Կարևորագույն աղբյուր Մերովինգների ժամանակաշրջանի ֆրանկական հասարակարգն ուսումնասիրելու համար։ Հասարակական հարաբերությունները կարգավորելու համար Քլոդվիգը կարգադրում է գրի առնել սալիական Ֆրանկների իրավանորմերը։ Հետագայում (VI-IX դարեր) «Սալիական օրենսգիրքը» լրացվում է ֆրանկական թագավորների ընդունած օրենքներով։

Բաժանված է գլուխների (տիտղոսների)։ Տրված է հանցագործությունների և դրանց համապատսախան պատիժների (հիմնականում տուգանքների ձևով) ցանկը։ Արտացոլում է ֆրանկյան հասարակության զարգացումը՝ նախնադարյան համայնական հասարակարգից մինչև ֆեոդալիզմ։ Մալիական օրենսգիրքում տվյալներ կան համայնական հասարակարգի մնացուկների, շարժական գույքի նկատմամբ մասնավոր սեփականության, հողի ժառանգման իրավունքի, պետության Առաջացման մասին, ֆրանկների հասարակության սոց․ խմբերի՝ ազատների, կիսանկախների, ստրուկների, ավագանու, դատավարության փուլերի մասին։

Օրենսգրքի նշանակություն խմբագրել

Հռոմեական իրավունքից էական ազդեցություն չի կրել, սակայն գրվել է գռեհիկ լատիներենով։ «Սալիական օրենսգրքի»` որպես պատմական աղբյուրի նշանակությունը այն է, որ նրանում արտացոլված է ֆրանկական հասարակության էվոլյուցիան նախնադարյան համայնական հասարակարգից դեպի ֆեոդալիզմ։ Օրենսգրքում տեղեկություններ կան Գալիայի նվաճման պրոցեսում և դրանից հետո եղած գույքային, սոցիալական անհավասարության, շարժական գույքի նկատմամբ մասնավոր սեփականության, հողի Ժառանգական իրավունքի և պետության առաջացման մասին։

Ֆրանկների տնտեսությունը ըստ «Սալիական օրենսգրքի» խմբագրել

Հողագործության մեջ, որը VI դարում Ֆրանկների հիմնական զբաղմունքն էր, ըստ երևույթին, արդեն իշխում էր երկդաշտյան սիստեմը։ Բացի տարեկանից, ցորենից, վարսակից, գարուց, ցանում էին լոբազգիներ, մշակում բանջարանոցներ, այգիներ։ Հողը փխրեցվում էր գութանով։ Գյուղատնտեսական աշխատանքներում Ֆրանկներն օգտագործել են բանող անասուններ` եզներ, ձիեր, ջորիներ, էշեր։ Նրանք բուծել են մեծ քանակությամբ խոշոր եղջերավոր անասուններ, նաև ոչխարներ, այծեր, խոզեր, ընտանի թռչուններ, զբաղվել որսորդությամբ, ձկնորսությամբ, մեղվաբուծությամբ։ Գալիան նվաճելուց հետո հողագործության և անասնապահության ավելի կատարելագործված մեթոդները նպաստել են ֆրանկական հասարակության արտադրողական ուժերի նկատելի վերելքին։

Ֆրանկական համայնքը ըստ «Սալիական օրենսգրքի» խմբագրել

Ֆրանկներն այդ ժամանակաշրջանում ունեին մասնավոր սեփականություն հանդիսացող շարժական գույք, որը պաշտպանված էր օրենքով։ Նրանց համայնքները միմյանց հետ ազգակից ընտանիքներից բաղկացած բնակավայրեր էին հանդիսանում։ Օրենսգիրքը վկայում է ֆրանկների մանր անհատական ընտանիքների առաջացման մասին։ Հողի նկատմամբ անհատական-ընտանեկան սեփականությունը Ֆրանկների միջավայրում 5-րդ դարի վերջում և 6-րդ դարում սաղմնավորվում էր մեծ ընտանիքների տրոհման և նրանից փոքր ընտանիքների առանձնացման հետևանքով։

Տոհմական հարաբերությունների քայքայում խմբագրել

Տոհմական կազմակերպության անդամների մեջ նկատվում է գույքային շերտավորում։ Կային չքավոր և ունևոր գյուղացիներ։ Տոհմակիցները ուզում էին դուրս գալ տոհմային միությունից։ Այդ ժամանակ կատարվում էր տոհմից հրաժարվելու արարողություն։ Տեղի էր ունենում դատական նիստ, և տոհմից հրաժարվողը հրապարակորեն հայտարարում էր այդ մասին։ Տոհմից հրաժարվողների մահվան դեպքում Ժառանգությունը պետք է անցներ ոչ թե տոհմակիցներին, այլ թագավորական գանձարանին։ «Ազգակիցներից հրաժարվելը» նշանակում էր, որ մեծ ընտանիքից չափահաս եղբայրներից մեկը անջատվում էր, և կազմավորվում էր փոքր անհատական ընտանիք, և ի հայտ էր գալիս փոքր ընտանիքի մասնավոր սեփականություն։

Խոշոր հողատիրության կազմավորում խմբագրել

Ֆրանկների մոտ խոշոր հողատիրությունը կազմավորվել սկսեց Գալիայի նվաճման ժամանակներից։ Նվաճման ընթացքում սեփականացնելով նախկին կայսերական գանձարանի հողերը՝ Ֆրանկների թագավորը միանգամից դառնում է խոշոր հողային սեփականատեր։ Այնուհետև ժողովրդի ունեցվածքը հանդիսացող համայնքների միջև չբաժանված հողերը նույնպես զավթվում են։ Սեփականած հողերից ֆրանկների թագավորները առատորեն հողեր են պարգևում թե՛ եկեղեցուն, թե՛ իրենց մերձավորներին՝ որպես լիակատար մասնավոր(ալոդային) սեփականություն։ 6-րդ դարի վերջերին ֆրանկական հասարակությունում արդեն սաղմնավորվում է խոշոր հողատերերի՝ ապագա ֆեոդալների խավը։ Խոշոր հողատիրությունը աճում է ոչ միայն թագավորական շնորհումների հետևանքով, այլև համայնականների մի մասի հաշվին մի որոշ մասի հարստացման միջոցով։ Սկսվում է ազատ համայնականների քայքայման պրոցեսը։

Ֆրանկական հասարակության ֆեոդալականացում խմբագրել

Գալիայի նվաճումով արագանում է ֆրանկական հասարակության ֆեոդալականացումը։ Գալիայում ֆեոդալական հարաբերությունները սաղմնավորվել էին դեռևս III-IV դարերում։ Ֆրանկները ստիպված էին գալա֊հռոմեացիների հետ կողք կողքի ապրել ընդհանուր գյուղերում։ Աստիճանաբար ջնջվում են նվաճողների և տեղական բնակչության միջև եղած իրավական տարբերությունները։ Նույնիսկ ֆրանկական թագավորները 6-րդ դարում փորձում են գլխահարկ ու հողահարկ գանձել նաև նվաճող-ֆրանկներից, և այդ քաղաքականությունը առաջ է բերում ապստամբությունների ալիք։ Էթնիկական տարբերությունները ֆրանկական պետությունում գալա-հռոմեական բնակչության և նվաճող-ֆրանկների միջև աստիճանաբար ջնջվում են, մերձենում են գալա-հռոմեական և ֆրանկական հողատիրական ավագանին, ֆրանկական և գալա-հռոմեական գյուղացիությունը։ Սկսում են կազմավորվել ֆեոդալական հասարակության հիմնական դասակարգերը[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ս. Դ. Սկազկին, Միջին դարերի պատմություն, Երևանի համալսարանական հրատարակչություն, Երևան, 1975, էջեր822, էջ 154-165
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 118  
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սալիական օրենսգիրք» հոդվածին։