Հողատիրություն, որոշակի հողամասի նկատմամբ տվյալ անձի (ֆիզիկական և իրավական) իրավունքի ճանաչում՝ պատմականորեն ձևավորված հիմունքներով (սեփականության, օգտագործման, տնօրինման իրավունք), որոնք պայմանավորում են նրա տիրոջ համապատասխան իրավունքներն ու պարտականությունները։ Այն դեպքում, երբ հողը տնօրինողը և սեփականատերը միևնույն անձն Է, հողատիրություն հասկացությունը նույնանում Է հողասեփականության հետ։ Հողասեփականության որոշակի ձևի սահմաններում սովորաբար առաջանում են մանր, միջին և խոշոր հողատիրության տարատեսակներ, որոնց համար բնորոշ են իրավական տարբեր ռեժիմներ։ Ռուսաստանում, օրինակ, տարբերվում Էին տերունական, ավատական, վանքապատկան, մասնավոր կալվածատիրական (ազնվականական), գյուղացիների, ֆաբրիկատերերի մասնավոր հողատիրությունները։ Սակայն միշտ չէ, որ հողատիրությունը (հողի տնօրինումը) համընկնում է հողասեփականության (մասնավոր, պետական) հետ։ Այն կարող է ծագել նաև հողասեփականությունից առաջ կամ անջատ լինել նրանից։ Օրինակ, Հին Հռոմում հողատիրությունը դիտվում էր որպես առանձնահատուկ, սեփականությունից անկախ իրավահարաբերություն, իսկ ֆեոդալական Արևելքում, ուր հողի գերագույն սեփականատերը պետությունն էր, հողի մասնավոր սեփականություն գոյություն չուներ, մինչդեռ առկա էին մասնավոր ու համայնական տնտեսություններ։ Մինչև XYIII դարի սկիզբը հողատիրությունից հողասեփականության սահմանազատումը բնորոշ էր նաև Ռուսաստանին։ Զարգացած կապիտալիստական երկրներում տեղի է ունենում հողասեփականությունից և հողասեփականատիրոջից հողի՝ որպես տնտեսության օբյեկտի, անջատման պրոցես։

Հողատիրության ձևերը Հայաստանում խմբագրել

Հայկական լեռնաշխարհում նախնադարյան համայնական հասարակարգի քայքայումով և ստրկատիրական կարգերի հաստատմամբ, հողը, որը համայնքի սեփականությունն էր, հիմնականում կենտրոնացավ ստրկատերերի ձեռքին։ Արևելյան տիպի հին ստրկատիրական պետությունում՝ Վանի թագավորությունում (մեր թվարկությունից առաջ IX-VI դարերում.) Հողատիրության ձևերն էին. արքունականը (պետական), տաճարայինը, մասնավորը (ազնվական դասի, ինչպես նաև զինվորների ու աստիճանավորների տնտեսությունները), համայնականը։

Վերոհիշյալ հողատիրության ձեերը հիմնականում պահպանվեցին մ. թ. ա. VI դարում Հայաստանում հաստատված Երվանդունիների տիպի միապետություններում։ Մ. թ. ա. VI դարի 2-րդ կեսից մինչև մ. թ. ա. IV դարի, երբ Հայաստանը Աքեմենյան աշխարհակալության կազմում էր, հողի սեփականատերը նվաճող պետությունն էր։ Արտաշեսյան Հայաստանում (մ. թ. ա. II-I դարերում), հելլենիստական մյուս պետությունների օրինակով, հողը բաժանված էր երկու մասի, առաջին՝ միապետի անձնական, երկրորդ՝ տեղական տոհմապետ իշխողների, թագավորի հարազատների, տոհմիկ ավագանու, քաղաքների, տաճարների, առանձին քաղաքացիների ու քրմերի սեփականության։ Տնտեսական միավոր էին դաստակերտներն ու ագարակները, որոնք որոշ ձևափոխումներով պահպանվեցին նաև ֆեոդալական դարաշրջանում։ Ագրարային հարաբերությունների հիմքում շահագործվող գյուղական համայնքն էր, որը, լինելով միջանկյալ օղակ տոհմատիրական և ֆեոդալական հարաբերությունների միջև, վաղ ֆեոդալական հարաբերությունների հատկանիշների կրողն էր հելլենիստական ժամանակաշրջանի Հայաստանում։

Ֆեոդալական հողատիրության ձևավորման գործում զգալի դեր խաղաց նաև պայմանական հողատիրությունը, որը հետագա զարգացում ստացավ Արշակունյաց Հայաստանում։ Արշակունիների օրոք Մեծ Հայքի թագավորության ամբողջ տարածքը հայոց թագավորի ժառանգական սեփականությունն էր (՞Երկիր արքունի՞)։ Հայոց թագավորը հողը որպես սյարգև բաժանում էր աստիճանավորներին ու զինվորականներին։ Կենտրոնական գավառը Արտաշատ մայրաքաղաքով թագավորի անմիջական սեփականությունն էր։ Քրիստոնեության հաստատումից (մեր թվարկության 301 թվական) հետո զարգացավ եկեղեցական հողատիրությունը։ Հռոմեական և պարսկական նվաճողական քաղաքականության պայմաններում Հայաստանի ներքին զարգացումը հանգեցրեց ժառանգական հողատիրության (հայրենիք) հաստատմանը։ Հողը կենտրոնացավ աշխարհիկ և հոգևոր ֆեոդալների ձեռքին, գյուղացի-համայնականն ընկավ ֆեոդալական կախվածության մեջ։ Արշակունիների թագավորական հարստության անկումից (մ.թ. 428 թվականին) հետո Սասանյան Պարսկաստանը ճանաչեց հայ նախարարների հողատիրական իրավունքները։ Բյուզանդիայի տիրապետության տակ գտնվող Հայաստանի արևմտյան մասում կայսրությունը, հատկապես VI դարում, փորձեց վերացնել նախարարական տների ժառանգական հողատիրությունը։

Արաբական տիրապետության ժամանակաշըրջանում (VII-IX դարերում) հողը խալիֆայության սեփականությունն էր, հողատիրության իրավունքը տրվում էր խալիֆայի հայեցողությամբ։ Նախարարականtժառանգական հողատիրության կողքին առաջացավ ռազմական, հանձինս արաբների, հետագայում նաև ռազմա-ծառայողական ավագանու։ Ի տարբերություն նախարարների, վանքերը ենթարկվեցին իսլամական իրավունքային նորմերին՝ շարիաթին, և եկեղեցական հողատիրությունն ավելի ամրապնդվեց։

IX դարի 2-րդ կեսին, երբ Հայաստանում հաստատվեց Բագրատունիների թագավորությունը, և Հայաստանը թևակոխեց զարգացած ֆեոդալիզմի փուլը, հայոց թագավորը ճանաչեց նախարարական տների հողատիրական իրավունքները վասալական պարտավորությունների հիման վրա։ Մանր նախարարները վասալական կախվածության մեջ ընկան խոշոր նախարարներից, ամրապնդվեցին ֆեոդալական ժառանգական խոշոր տնտեսությունները, ձևավորվեց նաև եկեղեցական խոշոր հողատիրություն։ Սելջուկյան տիրապետության ժամանակաշրջանում (XI-XII դարեր) վերականգնվեց Արաբական խալիֆայության օրոք ստեղծված ռազմաավատական հողատիրություն։ Զինվորական ծառայողներին տրվում էին հողային տիրույթներ (իքւոա), որոնք ժառանգաբար փոխանցվելով՝ դառնում էին սեփականատիրական իքտաներ (ավելի ուշ կոչվեց մուլք)։

Զաքարյան Հայաստանում (XIII-XIV դարեր) վերականգնվեցին և ավելի ամրապնդվեցին զարգացած ֆեոդալիզմին հատուկ հողատիրության նախկին ձևերը։ Զաքարյան տոհմի երեք ճյուղերը պարգևականի ձևով տիրացան Հյուսիս-Արևելյան Հայաստանին՝ այդ հողերից մեծ տիրույթներ նվիրաբերելով իրենց վասալներին։ Պայմանական հողատիրությունը շուտով վերածվեց ժառանգականի՝ հայրենիքի։ Ամրապնդվեց և ընդարձակվեց նաև եկեղեցական հողատիրությունը։ Հայաստանում մոնղոլական (իշխանական) տիրապետության շրջանում գրավված հողերի մեծ մասը հայտարարվեց մոնղոլ իլխանների կամ պետության սեփականություն։ Հայերի ժառանգական հայրենիք համարվող հողերը դիտվեցին մուլք, որոնք ենթակա էին օտարման, եթե տվյալ ընտանիքում զինվորական ծառայող չկար։ Հայոց եկեղեցու հողերը մնացին անձեռնմխելի և անօտարելի սեփականություն։

Կարակոյունլուների և ակկոյունլուների տիրապետության ժամանակ (XIV-XV դարեր) հողատիրության Իշխող ձևը պարգևականն էր՝ սոյուրղալը, որը հարկային իմունիտետի իրավունքով տրվում էր զինվորականությանը, ամիրներին, թուրքմենական ու քրդական ցեղերի առաջնորդներին ու հոգևորականությանը։ Պարսկաստանի տիրապետության ժամանակ սոյուրղալները տրոհվեցին, երևան եկավ թիուլը։

XVI-XVII դարերում Արևելյան Հայաստանում գերիշխող էին հողատիրությանյան 5 հիմնական ձևեր, արքունի, պետական (դիվանի), մասնատիրական (մուլք), վանքապատկան կամ մզկիթապատկան (վակֆ) և համայնքապատկան հողեր։ Պետական հողերը զանազան ավատների (թիուլ, համեսալե ) ձևով ծառայության դիմաց տրվում էր պաշտոնյաներին։ Նադիր շահի սպանությունից (1747 թվական) հետո Իրանում հաստատված անիշխանության պայմաններում պետական (դիվանի) հողերը դարձան տեղական խանությունների սեփականությունը և վերանվանվեցին խալիսե, թիուլները վերածվեցին ժառանգական սեփականության։ Կաջարական դինաստիան, գրավելով իրանական գահը, այդ հողերը հայտարարեց պետական։ XVI-XVII դարերի օսմանյան Թուրքիայի տիրապետության տակ գտնվող Արևմտյան Հայաստանում լավագույն հողերը որպես խաս սուլթանական ընտանիքինն էին։ Մերի կամ մեմլեքե կոչվոդ պետական հողերը զիամեթ կամ թիմար անուններով, որպես ավատ տրվում էին զինվորական և պետական ծառայության դիմաց։ Քրդական ցեղերի առաջնորդների ու ամիրների խոշոր տիրույթները (արփալըք, յուրթլուք, օջալըք) ունեին հարկային իմունիտետ։ Եկեղեցապատկան հողերը ապահարկ էին և անօտարելի։ Մասնատիրական կամ մալիքանե հողերը հաստատվում էին սուլթանի հրովարտակով։ Հողատիրության այդ ձևերը Արևմտյան Հայաստանում մասնակի փոփոխություններով պահպանվեցին մինչև XIX դարը։

XIX դարում և XX դարի սկզբին ցարական Ռուսաստանի կազմում գտնվող Արևելյան Հայաստանում հողատիրության հիմնական ձներն էին. պետական (ամենաընդարձակն էր՝ 91, 4%-ը), կալվածատիրականը (մուլքադարական, թիուլդարական, աղայական, բեգական, մելիքական), վանքապատկանը, գյուղացիականը։ Պետական և կալվածատիրական հողերը մշակվում էին վարձու և կապալային աշխատանքով կամ օգտագործման տրվում գյուղացիներին՝ գանձվող հարկերի դիմաց։ Գյուղացիները պետական վարելահողերից օգտվում էին համայնական, իսկ կալվածատիրականից և վանքապատկանից՝ ծխական կարգով (տես՝ Գյուղացիության)։ 1870 թվականի հողային ռեֆորմով կալվածատիրական գյուղացիներն իրավունք ստացան փրկագնել իրենց հողաբաժինները, բայց 1917 թվականի նախօրյակին գյուղացիության միայն 5% էր դարձել սեփականատեր (տես՝ Գյուղացիական ռեֆորմ Հայաստանում 1870

XIXդարում և XX դարի սկզբին Թուրքիայի տիրապետության տակ գտնվող Արևմտյան Հայաստանում հողատիրության հիմնական ձևը պետականն էր, բայց դրանք փաստորեն կալվածատիրական հողեր էին։ 1830-1840-ական թու թվականներին, թուրք կառավարությունը վերացրեց ռազմա-ավատական հողատիրությունը, հողատերերի դերեբեյությունը, էմիրների օջալըքությունը։ Դրանց փոխարեն առաջ եկան աղայական և բեգական հողատիրությունը։ Թուրքիայի 1858 թվականի ապրիլի 21-ի հողային օրենքում արձանագրվեցին հողատիրության 5 ձև. մուլք (մասնավոր), մերի (պետական), վակֆ (մզկիթապատկան), մետրուքե (հասարակական), մևաթ (անօգտագործելի)։ Հայ գյուղացիները չունեին սեփական հող, կայքագրով (թաֆու) վարձակալում էին պետական տարածությունները կամ մարաբայության (տես՝ Մարաբա) սկզբունքով՝ կալվածատիրական ու վանքապատկան-մզկիթապատկան հողերը։ XIX դարի վերջին և XX դարի սկզբին դրամատերերից ոմանք ձեռք բերեցին հողեր և կազմակերպեցին վարձու աշխատանքով վարվող չիֆթլիկային տնտեսություններ։

1908 թվականին երիտթուրքերի հեղափոխությունը փոփոխություն չմտցրեց Արևմտյան Հայաստանի հողատիրության ձևերի մեջ։ 1920 թվականին Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումով հողը ազգայնացվեց, հողատիրությանյան բոլոր մասնավոր ձևերը վերացվեցին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 530