Ռոնալդ Թաքեր Ֆիննի (անգլ.՝ Ronald Tucker Finney, սեպտեմբերի 18, 1898(1898-09-18) - հոկտեմբերի 1, 1961(1961-10-01))[1], ԱՄՆԿանզաս նահանգի պատմության ամենամեծ քաղաքական սկանդալներից մեկի կենտրոնում գտնված ազատազրկման դատապարտված կեղծարար։ Այդ սկանդալը հայտնի է որպես Կանզասի պարտատոմսերի սկանդալ, որում ներգրավված են եղել ավելի քան 1 միլիոն դոլարի քաղաքային կեղծ պարտատոմսեր[2]։

Ռոնալդ Ֆիննի
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 18, 1898(1898-09-18)
Մահացել էհոկտեմբերի 1, 1961(1961-10-01) (63 տարեկան)
ԿրթությունԿոռնելի համալսարան
Մասնագիտությունգործարար

Կենսագրություն

խմբագրել

Վաղ տարիներ

խմբագրել

Ռոնալդ Ֆիննին ծնվել է Կանզաս նահանգի Ուուդսոն շրջանում Ուորեն և Մեյբել (ի ծնե՝ Թաքեր) Ֆիննիների ընտանիքում։ Նրա հայրն ունեցել է մի քանի հեռախոսային ընկերություններ և եղել է Կանզաս նահանգի Էմպորիա քաղաքում գտնվող Fidelity State and Savings բանկի նախագահը։ Ֆիննին 1921 թվականին ավարտել է Կոռնելի համալսարանը, այնուհետև աշխատել է իր հոր բանկում որպես պարտատոմսերի վաճառող։

Ֆինանսական խարդախություն

խմբագրել

1933 թվականի հունիսին հետաքննություն է սկսվել, երբ բանկային քննիչները կասկածի տակ են դրել 150․000 ԱՄՆ դոլարի պարտատոմսերի իսկությունը, որոնք Տոպեկայի ազգային բանկում պահվում էին որպես գրավ։ Նահանգային գանձապետ Թոմ Բոյդը հրաժարական է տվել այն բանից հետո, երբ խոստովանել է, որ Ֆիննիին թույլ է տվել մուտք գործել պետական գանձապետական պահոց, որտեղից նա վերցրել է որոշ պարտատոմսեր՝ դրանք կեղծելու նպատակով։ Նահանգապետ Ալֆ Լենդոնն ուղարկել է Կանզասի ազգային գվարդիան՝ պահպանելու գանձապետարանի պահոցները, մինչև նահանգային հաշվապահները ստուգեն Բոյդի գրառումները։ Սկզբում պահոցներում նրանք հայտնաբերել են 600․000 դոլարի կեղծ պարտատոմսեր, իսկ ավելի շատ կեղծ պարտատոմսեր հետագայում հայտնաբերվել են Չիկագոյի բրոքերային գրասենյակներից մեկում։ Կեղծված պարտատոմսերը տրվել են պետությանը որպես գրավ Ֆիննիի ընտանիքի կողմից վերահսկվող բանկերում ավանդների դիմաց կամ օգտագործվել են որպես վարկի գրավ[3][4][5]։

Ֆիննիների ընտանիքի վերահսկողության տակ գտնվող երեք բանկերը՝ Fidelity State and Savings Bank-ը Էմպորիայում, Eureka State Bank-ը Էուրեկայում և Farmers State Bank-ը Նեոշո Ֆոլսում, կեղծիքների պատճառով սնանկացել են 1933 թվականի օգոստոսին[6]։ Ռոնալդ Ֆիննին ձերբակալվել է 1933 թվականի օգոստոսին և մեղադրվել կեղծ արժեթղթերի առքուվաճառքի մեջ։ 1933 թվականի դեկտեմբերին նա իրեն մեղավոր է ճանաչել կեղծիքի 31 կետով այն բանից հետո, երբ պաշտպանությունը նրա անմեղսունակության գործով ձախողվել է։ Նա դատապարտվել է 31-ից 635 տարվա ազատազրկման[7]։

Նահանգային գանձապետ Թոմ Բոյդը 1934 թվականի հունվարին դատապարտվել է փոստի կիրառումով խարդախության համար և դատապարտվել չորսից տասը տարվա ազատազրկման[8]։

1933 թվականի դեկտեմբերին Ֆիննիի հայրը՝ Ուորեն Ֆիննին, իրեն մեղավոր է ճանաչել յուրացման մեջ։ Նա դատապարտվել է 3-ից մինչև 50 տարի ազատազրկման, այն բանից հետո, երբ դատավորն անտեսել է ավելի մեղմ պատժաչափի առաջարկությունը։ Ուորեն Ֆիննին ինքնասպան է եղել 1935 թվականի հունիսին, երբ նրա բողոքարկումը ձախողվել է[9]։

Գլխավոր դատախազ Ռոլանդ Բոյնթոնը և պետական աուդիտոր Ուիլ Ջ. Ֆրենչը պատասխանատվության են կանչվել, բայց արդարացվել են[10]։

Սա պետական պարտատոմսերի հետ կապված երկրորդ խոշոր քաղաքական սկանդալն էր Կանզասում։ 1862 թվականին նահանգապետ Չարլզ Լ․ Ռոբինսոնն իմփիչմենթի է ենթարկվել իր քաղաքական թշնամիների կողմից՝ պետական ​​և ռազմակական պարտատոմսերի վաճառքում ենթադրյալ դերի համար, թեպետ նա արդարացվել էր[11]։

Ազատազրկումից հետո և մահ

խմբագրել

Ռոնալդ Ֆիննին բանտից ազատ է արձակվել 1945 թվականին։ Դրանից հետո նա գրել է առևտրային ամսագրերի համար։ Նա մահացել է սուր բրոնխիտից և թոքերի լայնացումից 1961 թվականին։

Մշակույթում

խմբագրել

Կանզասի պարտատոմսերի սկանդալի հիման վրա Ուիլյամ Լինդսի Ուայթը գրել է «Ինչ են ասում մարդիկ» վեպը։ Ուայթը Emporia Gazette-ի խմբագիր և լրագրության ու քաղաքական կյանքում ազգային հայտնի գործիչ Ուիլյամ Ալեն Ուայթի որդին էր։ Ուայթի և Ֆիննիների ընտանիքները ընկերներ և հարևաններ էին[12]։

Ծանոթագրություններ

խմբագրել

Գրականություն

խմբագրել
  • Bader, Robert Smith. The Great Kansas Bond Scandal. University Press of Kansas. 1982. 978-0700602483