Վիքիպեդիայում կան հոդվածներ Պետրոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Ռոբերտ Պետրոսյան (1930, օգոստոսի 28, Երևան - 2008, փետրվարի 6, Երևան), հայ կոմպոզիտոր, շեփորահար։ ԽՍՀՄ Կոմպոզիտորների միության անդամ (1972 թ.)։

Ռոբերտ Պետրոսյան
Հիմնական տվյալներ
Ծնվել է1930 օգոստոսի 28 Երևան
Մահացել էփետրվարի 6, 2008(2008-02-06) (տարիքը 77) Երևան
ՄասնագիտությունԿոմ­պո­զի­տոր
շեփորահար
ԿրթությունԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա

Կենսագրություն խմբագրել

Ռոբերտ Պետրոսյանը ծնվել է Երևանում, 1930 թվականին։ Սովորել է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոցում, միաժամանակ Պիոներ պալատի փողային նվագախմբում եղել է շեփորահար։ 1953-1957 թվականներին սովորել է Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի կոմպոզիտորական բաժնում՝ Էդուարդ Բաղդասարյանի դասարանում։ 1962 թվականին ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի կոմպոզիտորական ֆակուլտետը՝ Գրիգոր Եղիազարյանի դասարանը։

Հասարակական գործունեություն խմբագրել

1955 թվականից աշխատել է Երևանի Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում՝ որպես շեփորահար, 1960-1979 թվականներին՝ որպես երաժշտական մասի ղեկավար և դիրիժոր։ 1963-1981 թվականներին տեսական առարկաներ է դասավանդել երաժշտական ուսումնական հաստատություններում։ 1960 թվականից ստեղծել և ղեկավարել է էստրադային և ժողովրդական նվագարանների նվագախմբեր, որոնք անընդմեջ մասնակցելով հանրապետական և համամիութենական բազմաթիվ մրցույթների, արժանացել են մրցանակների և պատվոգրերի։

1979-1986 թվականներին հանդիսացել է Հայաստանի Ռադիոյի և հեռուստատեսության «Արևիկ» մանկական վոկալ-գործիքային անսամբլի հիմնադիրն ու գեղարվեստական ղեկավարը։ Այդ տարիներին «Արևիկը» արժանացել է հանրապետական, անդրկովկասյան և ԽՍՀՄ կազմավորման 60-ամյակին նվիրված մրցույթների դափնեկրի կոչմանը, իսկ մերձմոսկովյան Դուբնա քաղաքում՝ «Մեծ ոսկե» մեդալի։

1986-1995 թվականներին եղել է Հեռուստառադիոյի Արամ Մերանգուլյանի անվան ժողովրդական նվագարանների նվագախմբի դիրիժորը։ 1995 թվականին Հայաստանի պաշտպանության նախարարության ներքո ստեղծել է «Էլեգիա» էստրադային համույթը, որը համերգներով հանդես է եկել Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում։ 1993-2007 թվականներին եղել է Մայր աթոռ սուրբ Էջմիածնի և Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության հայորդաց տների երաժշտության գծով գլխավոր խորհրդատուն, Հեռուստառադիոյի կոմիտեի և ՀՀ Երգչախմբային ընկերության գեղարվեստական խորհուրդների անդամ, 2003 թվականից՝ ՀՀ Երգչախմբային ընկերության պատվավոր անդամ[1][2]։

Ստեղծագործական ուղի խմբագրել

Հեղինակել է մի շարք մեծ ու փոքր կտավի ստեղծագործություններ՝ սիմֆոնիկ, փողային, ժողովրդական, էստրադային, վոկալ և նվագարանային ժանրերում։ Պետրոսյանի հեղինակած ավելի քան 300 ստեղծագործություն ընդգրկված է Հայաստանի հանրային ռադիոյի ոսկե ձայնադարանում։ Դրանք են՝

  • Սիմֆոնիա (4 մաս), 2 լարային կվարտետ, 4 վոկալ-սիմֆոնիկ պոեմներ, 4 մանկական կանտատներ, շեփորի կոնցերտ, կոնցերտինո սաքսոֆոնի համար
  • Երաժշտական հեքիաթ «Արքայազնը և փայտահատը»
  • Մանկական մյուզիքլ «Մկնիկ-հարսնացուն»
  • Սիմֆոնիկ փողային, ժողովրդական, էստրադային նվագարանների, ջութակահարների անսամբլի համար գրված պոեմներ, սյուիտներ, քայլերգեր, տարբեր նվագարանների համար գրված սոնատներ, երկեր, շարքեր, ռոմանսներ և երգեր, խմբերգեր մեծերի և փոքրերի համար

Մեծ թվով մշակումներ, փոխադրումներ և գործիքավորումներ է կատարել սիմֆոնիկ, փողային, ժողովրդական և էստրադային նվագախմբերի և պարզապես նվագարանների համար, անդրադառնալով ժողովրդական երգերին՝ հայ, ռուս և արևմտաեվրոպական կոմպոզիտորների ստեղծագործություններին։

Պարգևներ խմբագրել

  • Հայաստանի պաշտպանության նախարարության ոսկե մեդալ, 1995 թ.
  • 1957-2008 թվականներին Պետրոսյանի ստեղծագործություններից 77-ը արժանացել են հանրապետական և համամիութենական մրցանակների

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Ռոբերտ Պետրոսյանի կենսագրությունը avproduction.am կայքում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 19-ին.
  2. «Ռոբերտ Պետրոսյան - 80. Հոբելյանական երեկո». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 12-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 28-ին.

Արտաքին հղումներ խմբագրել