Ռիֆաթ ալ-Ասադ (արաբ․՝ رفعت علي الأسد‎‎, օգոստոսի 22, 1937(1937-08-22), Ալ-Կարդահա, Լաթակիայի մարզ, Սիրիա), Սիրիայի Բաաս կուսակցության սիրիամետ խմբակցության ռազմական և պետական գործիչ, Սիրիայի փոխնախագահը 1984-1998 թվականներին։ Սիրիայի նախկին նախագահ Հաֆեզ Ասադի եղբայրը։ 1983 թվականին ձեռնարկել է պետական հեղաշրջման անհաջող փորձ, ինչի համար արտաքսվել է Սիրիայից և փաստացի հեռացվել երկրում քաղաքական կյանքից՝ անվանապես պահպանելով մի շարք պաշտոններ մինչև 1998 թվականը։

Ռիֆաթ ալ-Ասադ
 
Կուսակցություն՝ Բաաս կուսակցություն (Սիրիա)
Կրթություն՝ Դամասկոսի համալսարան և Homs Military Academy?
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և ռազմական գործիչ
Դավանանք Ալավիներ
Ծննդյան օր օգոստոսի 22, 1937(1937-08-22) (86 տարեկան)
Ծննդավայր Ալ-Կարդահա, Լաթակիայի մարզ, Սիրիա
Քաղաքացիություն  Սիրիա
Հայր Ali al-Assad?
Զավակներ Ribal al-Assad? և Siwar al Assad?
 
Պարգևներ
Պատվո լեգեոնի շքանշանի մեծ սրահ

Կենսագրություն խմբագրել

Անձնական կյանք խմբագրել

Ծնվել է 1937 թվականին Լաթաքիայի նահանգի Կարդահա գյուղում` աղքատ ալավիական ընտանիքում, դարձել է իր ծնողների 11-րդ և վերջին երեխան։ Սովորել է քաղաքագիտություն և տնտեսագիտություն Դամասկոսի համալսարանում, այնուհետև ուսանել է Հոմս քաղաքի ռազմական ակադեմիայում, իսկ 1963 թվականին սկսել է ծառայել բանակում։ Չորս անգամ ամուսնացած է եղել (հաղորդվում է, որ միաժամանակ)՝ իր զարմուհու՝ Ամիրայի (ծագումով Կարդահայից), Անիսի (Հաֆեզ ալ Ասադի կնոջ զարմուհու), Ռաջե Բարաքաթի (սուննի նշանավոր ընտանիքի ներկայացուցիչ) և Լինա Ալ-Խայրի (Սիրիայի ամենանշանավոր ալավիական ընտանիքներից մեկի ներկայացուցիչ) հետ[1]։ 1986 թվականից մշտապես բնակվում է արտասահմանում (հիմնականում Ֆրանսիայում և Իսպանիայում)։ Ռիֆաթի որդին՝ Ռիբալ ալ-Ասադը «Հանուն ժողովրդավարության և ազատության շարժման» հիմնադիրն ու տնօրենն է, վարում է Սիրիայի գործող վարչակարգի մշտական քննադատությունը[2]։ Նրա մյուս որդին՝ Սումերը, Լոնդոնում տեղակայված արբանյակային հեռուստատեսային ընկերության սեփականատերն է, որը քննադատական դիրք է զբաղեցնում սիրիական գործող ռեժիմի նկատմամբ և արտահայտում է Ռիֆաթի շահերը[3]։

Գործունեություն խմբագրել

Պատանեկության տարիներին Ռիֆաթ ալ Ասադը մասնակցել է սիրիացի բռնապետեր Հուսնի ազ Զաիմի և Ադիբա աշ Շիշաքլիի դեմ բողոքի ակցիաներին։ 1952 թվականին անդամակցել է Բաաս կուսակցությանը։ 1965 թվականին նա դարձել է անվտանգության հատուկ ուժերի հրամանատար, որը հաշվետու է միայն Սիրիայի ռազմական կոմիտեին։ 1969-1970 թվականներին նա և նրա ստորաբաժանումը դարձել են Հաֆեզ ալ-Ասադի գլխավոր հենարանը այն ժամանակ Սիրիայի փաստացի կառավարիչ Սալահ Ջադիդի դեմ պայքարում։ 1971 թվականին նրա անվտանգության ուժերի հիման վրա ստեղծվում են այսպես կոչված «պաշտպանական բրիգադներ» (արաբ․՝ سرايا الدفاع)՝ անկախ հիմնական բանակային ուժերից, բարձր որակավորում ունեցող ստորաբաժանումներից, որոնց համալրումը կատարվել է բանակ զորակոչից առանձին՝ հիմնականում ալավիների թվից։ Այդ ստորաբաժանումներում սպառազինություն են ստացել ռազմական տեխնիկայի ամենաժամանակակից նմուշները։ Պաշտպանական բրիգադների թիվը հասել է 15 000-20 000 մարդու։ Դրանք տեղակայվել են հիմնականում Դամասկոսի մոտակայքում, նրանց հիմնական գործառույթը ռեժիմի պահպանությունն էր հեղաշրջման փորձերից։ Նրանք մասնակցել են նաև 1976 թվականի հունիս-հոկտեմբերին Սիրիայի առաջին ներխուժմանը Լիբանաn և Համայի ապստամբության ճնշմանը[4]։

Մասնակցություն Համայում խռովության ճնշմանը խմբագրել

Ռիֆաթ ալ-Ասադի կենսագրության ամենանշանակալի կետերից մեկը նրա մասնակցությունն է Համայում խռովության ճնշմանը, որը բարձրացրել են «մուսուլման եղբայրներ» արմատական իսլամական խմբավորման անդամները 1982 թվականի փետրվարին։ Համայում գործողությունը տևել է 3 շաբաթ (առաջին շաբաթը՝ քաղաքի վերահսկողության վերականգնումը, և երկու շաբաթ մաքրումներ), ինչի հետևանքով, տարբեր գնահատականներով, զոհվել է 7 000-ից մինչև 40 000 մարդ։ Ենթադրվում է, որ Ռիֆաթը զոհերի թիվը գնահատել է առնվազն 38 000 մարդ։ Ռիֆաթ ալ-Ասադը համարվում է ապստամբությունը ճնշելու գործողության գլխավոր ղեկավարը, որին ամենաակտիվ մասնակցությունն են ունեցել նրա ենթակայության տակ գտնվող պաշտպանական բրիգադները[5]։

Ռազմական հեղաշրջման փորձ և Սիրիայից արտաքսում խմբագրել

1983 թվականին Ռիֆաթի ավագ եղբայրը և Սիրիայի նախագահ Հաֆեզ ալ-Ասադը սկսել է լուրջ առողջական խնդիրներ ունենալ։ Նա ժամանակավոր կոմիտե է ստեղծել երկրի կառավարման համար։ Այս քայլը դժգոհություն էր առաջացրել ռազմական շրջանակների մոտ։ Ռիֆաթին հավատարիմ զորքերը (մոտ 55 000 մարդ, տանկերով, հրետանով և ավիացիայով) վերահսկողություն են հաստատել Դամասկոսի վրա։ Ռիֆաթի զորքերի և իր եղբորը հավատարիմ մնացած զորքերի միջև դիմակայություն է սկսվել։ 1984 թվականին Հաֆեզ ալ-Ասադն ապաքինվել է հիվանդությունից։ Երկու եղբայրների հակամարտության կարգավորման գործում զգալի դեր է խաղացել նրանց մայրը։ Համարվում է, որ հարցը վերջնականապես լուծվել է երեքով նրանց հանդիպումից հետո։ Որոշվել է, որ Ռիֆաթը կմեկնի արտասահման, իսկ Հաֆեզը կվերադառնա երկրի կառավարմանը։ 1984 թվականի վերջին Ռիֆաթը, արտասահմանում անցկացրած մի քանի ամիսներից հետո, նշանակվել է երկրի փոխնախագահ։ Սակայն պարզվել է, որ այդ պաշտոնը բացառապես անվանական էր։ Շուտով Ռիֆաթը հեռացվել է պաշտպանական բրիգադների հրամանատարի պաշտոնից, իսկ հետո (1986) արտաքսվել է Սիրիայից (ըստ պաշտոնական ձևակերպման՝ ուղարկվել է անժամկետ գործուղման)։ Ռիֆատի հեռանալուն հաջորդել է ղեկավար շարքերի մաքրումը, որոնցից հեռացվել են նրա կողմնակիցները։ 1992 թվականին նրան թույլատրել են վերադառնալ Սիրիա՝ մասնակցելու մոր հուղարկավորությանը։ Նա փոխնախագահի պաշտոնը պահպանել է մինչև 1998 թվականը։ 1998 թվականին Ռիֆաթ ալ-Ասադը զրկվել է փոխնախագահի պաշտոնից, 1999 թվականին նրա կողմնակիցները Սիրիայում կրկին ենթարկվել են բռնաճնշումների, իսկ նրա անօրինական նավահանգիստը Լաթաքիայում գրոհով վերցվել է՝ այդ իրադարձությունները մեկնաբանվել են վերլուծաբանների կողմից՝ որպես Հաֆեզ ալ-Ասադի՝ իշխանությունը իր որդուն՝ Բաշար ալ-Ասադին փոխանցելու նախապատրաստություն[3][6]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Rifaat al-Assad Արխիվացված 2011-09-13 Wayback Machine
  2. Ribal al-Assad on the Challenges for Syria and the Middle East Արխիվացված 2011-06-06 Wayback Machine
  3. 3,0 3,1 «Syria's Leaders». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 30-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 3-ին.
  4. Syrian Defence Companies
  5. Hama Massacre
  6. «Rifaat al-Assad, Biography». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 19-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռիֆաթ ալ-Ասադ» հոդվածին։