Ռաստորգուևների-Խարիտոնովների առանձնատուն

Ռաստորգուևների-Խարիտոնովների առանձնատուն (ռուս.՝ Усадьба Расторгуевых - Харитоновых), Եկատերինբուրգի ամենաարժեքավոր ճարտարապետական առանձնատուն-հուշահամալիրներից մեկը, որն ընդգրկված է դաշնային նշանակության հուշարձանների ցանկի մեջ, գտնվում է քաղաքի կենտրոնում՝ Կարլ Լիբկնեխտի փողոցում, Վոզնեսենսկի լեռան վրա։

Ռաստորգուևների-Խարիտոնովների առանձնատուն
Տեսակշենք և կալվածք
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունԵկատերինբուրգ
ՎայրVoznesenskaya Hill?
Ճարտարապետական ոճդասական ճարտարապետություն և կլասիցիզմ
Անվանված էLev Rastorguev? և Petr Kharitonov?
Կառուցման սկիզբ1794
Հիմնադրված է1790
ՃարտարապետՄիխայիլ Մալախով
Կառուցման ավարտ1824
ԿարգավիճակՄԺՕ № 6610012000
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի դաշնային մշակութային ժառանգության օբյեկտ
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

Սկսվել է կառուցվել Վոզնեսենսկու եկեղեցու հետ միաժամանակ 1794-1795 թվականներին և ավարտվել է 1824 թվականին։ Շինարարությանը մասնակցել է ճարտարապետ Միխայիլ Մալախովը, իսկ նախագծի հեղինակը սկզբնապես եղել է Տոմմազո Ադամինին (1764-1828 թթ.), որը Ռուսաստան է եկել 1796 թվականին և աշխատել Ջ. Կվարենգի ղեկավարությամբ։ 19-րդ դարի կեսերին առանձնատանը կից հիմնվում է այգի։

Սկզբում հողատարածքը գտնվում էր նահանգային քարտուղար Ս. Ա. Իսակովի տրամադրության ներքո։ 1794 թվականին նա ձեռնամուխ եղավ քարե տան շինարարությանը, բայց 1795 թվականին մահացավ։ Վաճառական Լև Իվանովիչ Ռաստորգուևը «անշարժ գույքը» գնում է Ս. Ա. Իսակովի այրուց (գնման կայքագիրը 18 դեկտեմբերի 1798 թ.): 1814 թվականին Ռաստորգուևը կառուցում է երկու տուն, այդ թվում մեկ երկհարկանի կողաշենք և ջերմոց։ 1820 թվականին առանձնատանը կից Վոզնեսենսկայա փողոցի վրա կառուցվեց ևս երկու կողաշենք բակի կողմից։

1823 թվականին առանձնատունն անցավ Ռաստորգուևի փեսային Պ. Յա. Խարիտոնովին և սկսեց արագորեն ընդլայնվել, Խարիտոնովը գնեց հարակից 9 հեկտար տարածքը և հիմնեց «անգլիական այգի» պուրակային շինություններով։ Այլ տվյալներով 1808 թվականին ամայի տարածությունն ավելացվեց Ռաստորգուևների առանձնատան տարածքին։ 1824 թվականից հետո կողաշենքերը միացվեցին մեկ հարկանի անցումներով։ 1936 թվականին կատարվեցին ճակատային մասի զարդանախշումները։ Լեգենդներ են պտտվում առանձնատան նկուղային հարկերի և տարբեր ուղղություններով ձգվող ստորերկրյա ցանցի մասին, որտեղ տանջում էին գործարանների ապստամբ բանվորներին։ Աշխատողների հետ դաժան վերաբերմունքի համար 1837 թվականին Խարիտոնովին Կայսեր հրամանով աքսորում են Կեկսհոլմ, առանձնատունը դատարկվում է, այնուհետև առանձին սենյակներ վարձակալությամբ են տրամադրվում որպես բնակարան կամ գրասենյակ։

Հեղափոխության տարիներին այստեղ էին տեղակայված Կարմիր գվարդիայի ջոկատը և Ուրալ-Սիբիրյան կոմունիստական համալսարանը։ 1917 թվականի նոյեմբեր դեկտեմբերին պալատի շենքում անցկացվեցին Ուրալի Սոցիալիստական երիտասարդական բանվորական միության մարզային համագումարների նիստերը, որի պատվին էլ պալատի դիմացի հրապարակը կոչվում է Կոմերիտմիության անունով։

1924 թվականին այգու տարածքում պալատի մուտքի դիմաց փլուզում տեղի ունեցավ և թունել բացվեց։ 1960-ական թվականներին լճակի մաքրման ժամանակ 20 մետր երկարությամբ անցք բացվեց ափի մոտ գտնվող լանջի հյուսիս արևմտյան ուղղությամբ։ Այս իրադարձությունները հաստատեցին առանձնատան տակ գտնվող ստորգետնյա անցումների մասին լեգենդները։

1935-1937 թվականներին շենքը կապիտալ վերանորոգվեց և հատկացվեց Պիոներների ու դպրոցականների պալատին (ներկայումս՝ Մանկական և պատանեկան ստեղծագործության պալատ)։ 2000 թվականի ամռանն առանձնատունը փորձեցին տրամադրել Ուրալյան դաշնային շրջանում ՌԴ նախագահի լիազոր ներկայացուցիչ Պյոտր Լատիշևին (նախագահ Պուտինը 2000 թվականի հուլիսի 28-ին համապատասխան հրամանագիր ստորագրեց), սակայն հանրության ճնշման ներքո (առաջին հերթին ստեղծագործական պալատի ծնողական կոմիտեի), առանձնատունը չտրամադրվեց[1]։ Փոխարենը նախագահի ներկայացուցիչների համար առանձին պալատ կառուցվեց։

Ժամանակակից դրություն խմբագրել

 
Առանձնատան տեսքը դատարկ տարածությունից Իպատևսկու տունը և շրջակա շենքերը քանդելուց հետո, 2002 թ.

2002 թվականին Իպատևսկու տունը և շրջակա կառույցները քանդելուց հետո ամայի տարածքի կողմից առանձնատունն անմխիթար տեսք ուներ, իսկ համալիրը գտնվում էր անբավարար վիճակում[2]։ Կարլ Լիբկնեխտի փողոցի կողմից երևացող ճակատային մասը 2009 թվականի Շանհայի գագաթնաժողովի հետ կապված թարմացվեց, սակայն բակային մասի ճակատը և շենքի ներսակողմը գտնվում էին վթարային վիճակում[3]։ Դատախազության և մարզային մշակույթի նախարարության ստուգումներով բացահայտվեցին առանձնատան շենքի շահագործման կանոնների բազմաթիվ խախտումներ[4]։ 2013 թվականի ապրիլին գլխավոր դատախազի տեղակալ Յուրի Պոնոմարյովի կողմից հսկողության տակ վերցվեց Ուրալյան դաշնային շրջանի պատմության և մշակույթի հուշարձանների կառավարման և օգտագործման մասնաճյուղի տնօրեն Դմիտրի Մակարովի գործունեությունը, որի պատասխանատվության ներքո էր գտնվում առանձնատունը[5]։ Առանձնատան տարածքում արդեն մի քանի տարի է ինչ իրականացվում է աղյուսե շենքի անօրինական շինարարություն անմիջապես պատմական շինության մերձակայքում։

Նկարագիր խմբագրել

Առանձնատունը 19-րդ դարի առաջին երրորդին բնորոշ կլասիցիզմի ոճի քաղաքային առանձնատների տիպիկ օրինակ է։ Նրա կառուցվածքն ասիմետրիկ է գլխավոր տան անկյունային դիրքը քաղաքի փողոցի կողմից նրան հանդիսավոր տեսք է տալիս։ Առանձնատանը կից այգին գտնվում է տան ետնամասում, ունի արհեստական լճակ և կղզյակ գմբեթավոր շենքով։ Հիմնական ճեմուղիները ձգվում են երեք ուղղություններով , որոնց կենտրոնում գտնվում է գմբեթավոր շենքը։ Այգու ստորին մասում գտնվող փիճիները և լորենիները 200 տարեկանից ավելի տարիք ունեն և համարվում են քաղաքի ամենահին ծառերը։

Առանձնատանը հարում է Խարիտոնովսկի այգին, որը համարվում է Եկատերինբուրգի ամենամեծ զբոսայգիներից մեկը։

Լեգենդներ խմբագրել

 
Արհեստական լճակ ռոտոնդա այգում

Առանձնատան մասին կան բազմաթիվ լեգենդներ։ Առանձնատան ներքնահարկում Ռաստորգուևը կազմակերպել է աղոթարաններ հին հավատացյալների համար, որոնց այդ ժամանակ արգելված էր իրականացնել ժամերգություն։ Նա գաղտնի պատկանում էր նրանց խմբին, տանը գաղտնի պահում էր հնադավանական գրքեր և սրբապատկերներ։ Երեկոյան տասնյակ աղանդավորականներ այցելում էին Ռաստորգուևի տուն, որպեսզի այնտեղ իրականացնեն ժամերգություն։ Եթե տանը մոտենում էին օտար մարդիկ, ապա վաճառականը նախազգուշացնում էր իր հյուրերին, և նրանք հեռանում էին ներքնահարկից գաղտնի ելքով։ Ուրալցի գրող Կ. Վ. Բոգոլյուբովի վարկածի համաձայն՝ նախնական նախագծի հեղինակը հայտնաբերվել է Տոբոլսկի աքսորավայրում։ Ռաստորգուևը խոստանում է կազմակերպել նրա վաղաժամկետ ազատումը աշխատանքներն ավարտելուց հետո, սակայն խոստումը չի կարողանում կատարել, բանտարկյալը նորից փակվում է Տոբոլսկում և ինքնասպանություն գործում։ Այս հանգամանքը Ռաստորգուևի ժառանգների կարծիքով դառնում է բազմաթիվ դժբախտությունների պատճառ։ Ժողովրդի մոտ կարծիք էր տարածված, որ Ռաստորգուևի աղջիկը անպատասխան սիրո պատճառով խեղդվել է այգու լճակում։ Իրականում դա սխալ կարծիք է։ Ռաստորգուևի երկու աղջիկներն էլ երկար են ապրել իրենց ամուսինների Կեկսհոլմ աքսորվելուց հետո։ Սակայն այս լեգենդն այնքան գեղեցիկ էր, որ այն երկար ժամանակ մնացել է ժողովրդի հիշողության մեջ։

Լայն տարածում է գտել նաև Ռաստորգուևների առանձնատան ստորգետնյա անցուղիների վերաբերյալ լեգենդները։ Ասում են, որ նրանցից մեկը տանում է զբոսայգու լճակ, մյուսը՝ դեպի գինու մառան։ Սակայն 1930 թվականին դրանք փակվեցին և մշտապես անհասանելի դարձան ժողովրդի համար։

Գեղարվեստական գրականության մեջ խմբագրել

Առանձնատան մասին գրել են Դմիտրի Մամին-Սիբիրյակը («Պրիվալովյան միլիոնները» վեպում), Ալեքսեյ Տոլստոյը («Խարիտոնովյան ոսկին» պատմվածքում) և այլն։

Գրականություն խմբագրել

  • Зорина Л. И., Слукин В. М. Улицы и площади старого Екатеринбурга. - Екатеринбург: Издательство «Баско», 2005. - 288 с.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Екатеринбург. Ситуация с резиденцией Петра Латышева». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 11-ին.
  2. «Убийство в центре города. Кто спасет усадьбу Харитоновых — Расторгуевых?». Портал 66.ru. 19.03.2013.
  3. «Усадьба Харитонова на глазах разрушается в Екатеринбурге». Портал 66.ru. 03.02.2012.
  4. «Усадьба Харитонова — Расторгуева: 8 Га ничьей земли в центре». Портал 66.ru. 26.03.2013.
  5. «Хозяину Харитоновской усадьбы погрозила прокуратура». Портал 66.ru. 03.04.2013.

Արտաքին հղումներ խմբագրել