Ռադիոլոկացիոն կայան

(Վերահղված է Ռադարից)

Ռադիոլոկացիոն կայան, ռադիո լոկատոր, ռադար, ռադիոլոկացիայի մեթոդներով տարբեր օբյեկտներ (նշանակետեր) դիտելու սարքավորում։ Խոշոր օդանավակայաններում տեղադրված ռադարների օգնությամբ ավիադիսպետչերները ղեկավարում են ինքնաթիռների վերելքներն ու վայրէջքները։ Ինքնաթիռում տեռադրված ռադարներն ազդանշաններ են հաղորդում մոտակայքում թռչող այլ ինքնաթիռների, իսկ վատ տեսանելիությամբ եղանակին ռադարներն օգտագործվում են ինքնաթիռը ղեկավարելու համար։

Պատմություն

խմբագրել

Ռադարը ստեղծել է անգլիացի գիտնական Վաթսոն Վատտը, որը 1935 թվականին բրիտանական կառավարության պատվերով ուսումնասիրում էր ռադիոալիքներով թշնամու ինքնաթիռները ոչնչացնելու հնարավորությունը։ Եվ այդ ուսումնասիրությունների արդյունքում գիտնականը ստեղծեց թշնամու ինքնաթիռների դիտարկման առաջին ռադիոտեղորոշիչ կայանքը, որը հետագայում անվանվեց ռադար։ Ռադարի աշխատանքը հիմնված է 500 Հց հաճախությամբ ուղիղ, նեղփունջ, հզոր ռադիոճառագայթի անդրադարձման հատկության վրա. ռադարի աղբյուրից ուղարկված ռադիոճառագայթը, իր ճանապարհին հանդիպելով օբյեկտի, անդրադառնում է նրա մակերևույթից, հետ է վերադառնում և արձանագրվում ռադարի ընդունիչ սարքում։ Ռադիոճառագայթի այդ որսված արձագանքը բծի տեսքով արտացոլվում է ռադարի էկրանին, որի առջև նստում է օպերատորը։ Նա էկրանի վրա այդ բծի տեղաշարժով որոշում է հայտնաբերված օբյեկտի հեռավորությունը, շարժման ուղղությունն ու արագությունը։

Կառուցվածք

խմբագրել

Հիմնական հանգույցներն են հաղորդիչը և ընդունիչը, որոնք կարող են տեղադրվել նույն կետում, այսպես կոչված, համատեղված ռադիոլոկացիոն կայաններ, կամ որոշակի հեռավորության վրա՝ երկդիրք և բազմադիրք ռադիոլոկացիոն կայաններ։ Կարևորագույն հանգույցներից է էլեկտրոնաճառագայթային ինդիկատորը, որի օգնությամբ ընդունիչի ելքում ստացված իմպուլսով որոշվում է նշանակետի տարածական դիրքը։

Ծովում լողացող նավերին այլևս չի սպառնում այսբերգներին բախվելու վտանգը՝ շնորհիվ ռադարների։ Օդերևութաբանները ռադարների օգնությամբ հայտնաբերում են մոտեցող փոթորիկներն ու մրրիկները, ամպրոպաբեր ամպերը։ Ռադարը գիտնականներին օգնում է ուսումնասիրելու մթնոլորտը, այլ մոլորակներ, ինչպես նաև հետևելու տիեզերանավերին՝ ընդհուպ մինչև նրանց ուղեծիր դուրս գալու պահը։ Զինվորականները ռադարն օգտագործում են թշնամու հրթիռներն ու ինքնաթիռները, ռազմանավերը հայտնաբերելու համար։ Արհեստական արբանյակներում տեղակայված ռադարները Տիեզերքից դիտարկում են Երկրի մակերևույթը։ Ռադարներով հսկում են նաև ճանապարհային երթևեկությունը, չափում ավտոմեքենաների արագությունը[1]։

Օգտագործում

խմբագրել

1970-ական թվականների կեսերից ինդիկատորներն օգտագործվում են ԹՀՄ-ների հետ, որոնք թույլ են տալիս մեծացնել ռադիոլոկացիոն կայանի խանգարումակայունությունը, ավտոմատացնել ռադիոլոկացիոն դիտման և ազդանշանների մշակման պրոցեսը։ Ռադիոլոկացիոն կայանի հիմնական պարամետրերնեն չափման ճշգըրտությունը, չափվող մեծությունների սահմանային արժեքները (առավելագույն և նվազագույն հեռավորությունները, դիտման սեկտորի լայնությունը, դիտման ժամանակամիջոցը, լուծունակությունը), խանգարումակայունությունը, ռադիոլոկացիոն կայանի զանգվածը, չափսերը, էլեկտրասնուցման հզորությունը։ Առաջին ռադիոլոկացիոն կայանները ստեղծվել են 1936 թվականին, Մեծ Բրիտանիայում և օգտագործվել երկրորդ համաշխարհային պատերազմում (1939-1945)՝ գերմանական ռազմաօդային օբյեկտների հայտնաբերման և ոչնչացման համար։

Ընդունված է ռադիոլոկացիոն կայանների հետևյալ դասակարգումը, ըստ տեղադրման վայրի՝ երկրային, ծովային, ինքնաթիռի, արբանյակի և այլն, տեխնիկական պարամետրերի, կիրառման բնագավառների։ Տեխնիկական բնութագրերն են․ էլեկտրամագնիսական ալիքի երկարությունը մետրային, դեցիմետրային, սանտիմետրային, միլիմետրային ռադիոլոկացիոն կայաններ, օպտիկական լոկացիոն կայաններ), աշխատանքային ռեժիմը (իմպուլսային և անընդհատ ճառագայթումով ռադիոլոկացիոն կայաններ), զոնդող ազդանշանների տեսակը և դրանց ընդունման ու մշակման սկզբունքները, հիմնական հանգույցների կարևորագույն պարամետրերը։

Տեսակներ

խմբագրել

Ըստ կիրառման բնագավառների տարբերում են բոլորագիծ դիտման նախնական հայտնաբերման ռադիոլոկացիոն կայաններ (կարող են լինել երկրային), որոնց կիրառումը հնարավորություն է տալիս կատարել «կույր ռմբակոծում», սուզանավերի, կամուրջների և այլ օբյեկտների նախնական հայտնաբերում և այլն, կոորդինատների (ազիմուտ, տեղի անկյուն, հեռավորություն) ճշգրիտ չափման ռադիոլոկացիոն կայաններ, որոնք կիրառվում են ինքնաթիռների «կույր» վայրէջքի կառավարման, հրանոթային նշանառման համար և այլն, արհեստական՝ արբանյակների շարժմանը հետևելու և նրանց հետագծերը չափելու (հաճախ բազմադիրք) ռադիոլոկացիոն կայաններ, թույլ են տալիս չափել օբյեկտի շարժման մինչև 6 պարամետր (հեռավորություն, ազիմուտ, տեղի ան կյուն, շառավղային արագություն, ան կյունային արագության 2 բաղադրիչ), մոլորակային ռադիոլոկացիոն կայաններ, որոնք թույլ են տալիս չափել մոլորակի հեռավորությունը, շարժման պարամետրերը և այլ ֆիզիկական բնութագրեր։ Կիրառվում են ռազմական գործում, ծովային, գետային, օդային տրանսպորտում, աստղագիտության, տիեզերագնացության, օդերևութաբանության մեջ և այլուր։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։  
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռադիոլոկացիոն կայան» հոդվածին։
  1. Հայկական Հանրագիտարան