Ջութակի կոնցերտ (Արամ Խաչատրյան)

Արամ Խաչատրյանի ջութակի կոնցերտը

Կոնցերտ ջութակի և նվագախմբի համար, ռե մինոր, հեղինակ՝ Արամ Խաչատրյան։ Ստեղծվել է 1940 թվականին և մակագրվել ջութակահար Դավիդ Օյստրախին, ով էլ առաջին անգամ կատարել է ստեղծագործությունը Մոսկվայում 1940 թվականի նոյեմբերի 16-ին։ Ջութակի կոնցերտն ի սկզբանե ջերմ ընդունելություն գտավ հանրության շրջանում և արժանացավ Ստալինյան մրցանակի 1941 թվականին։

Ջութակի կոնցերտ
Տեսակերաժշտական գործ/ստեղծագործություն
ԿոմպոզիտորԱրամ Խաչատրյան
Հրատարակման տարեթիվ1940
Տոնայնությունռե մինոր

Երաժշտությունը

խմբագրել
 
Դավիդ Օյստրախը 1972 թվականին:

Ջութակի կոնցերտն Արամ Խաչատրյանը գրել է իր ստեղծագործական գործունեության սկզբնական շրջանում։ Կոնցերտի մեղեդին փոխանցում է կրքոտ հիացմունք՝ բնության երաժշտությամբ, գեղեցկությամբ ու կենսալի պայծառությամբ, ինչը հատուկ է կոմպոզիտորին։ Այս ստեղծագործությունը պատկանում է խորհրդային երաժշտության ամենահայտնի ստեղծագործությունների շարքին, ինչը պայմանավորված է նրա բազմաթիվ առավելություններով. այստեղ առանձնահատուկ կերպով դրսևորվում է կոմպոզիտորի՝ երաժշտություն հորինելու շնորհը՝ հենվելով ազգային երգարվեստի ու մշակույթի վրա։ Ճիշտ է՝ կոնցերտում օգտագործված չեն ամբողջական ժողովրդական մեղեդիներ, բայց այն լիովին հանդիսանում է հայ ժողովրդական երգարվեստի արտացոլանքը։ Հետևելով ազգային երաժշտական ավանդույթներին, Խաչատրյանը կերտում է մեղեդիներ՝ ասես զարդարելով միահյուսվող ժանյակներով, «խաղալով» ռիթմերի հետ, հագեցնելով նվագախմբային երանգավորումներով։ Նվագախումբն իր ելևէջներով արձագանքում է ջութակի մենանվագին։ Կոնցերտի տոնական, հանդիսավոր տոնը պատկերում է Հայաստանի ծաղկուն բնությունը՝ ունկնդրի սիրտը ողողելով փոխադարձ խանդավառությամբ։

Այս ստեղծագործությունը շատ բարդ է կատարման առումով և ջութակահարից պահանջում է մեծ վարպետություն, որն անհրաժեշտ է ոչ թե պարզապես վիրտուոզ երաժշտի հմտությունը ցույց տալու համար, այլ՝ երաժշտության ամբողջ բովանդակությունը, նրա կենսուրախությունն ու տոնականությունն արտահայտելու։ Կոնցերտը նվիրվել է հայտնի ջութակահար Դավիդ Օյստրախին, որն էլ հենց առաջին անգամ նվագել է այն։

Ստեղծագործության մասերը

խմբագրել

Ստեղծագործությունը բաղկացած է երեք մասից՝ տեմպային հետևյալ նշումներով.

  1. Allegro con fermezza
  2. Andante sostenuto
  3. Allegro vivace

Այս մասերից յուրաքանչյուրը պատկերում է ժողովրդական կյանքի տարբեր տեսարաններ, Հայաստանի բնության բանաստեղծական ուրվանկարներ։ Առանցքում քնարական «երգ» է, որը շրջանակվում է երկու պարային մասերով։ Առաջին մասը (Allegro con fermezza) սկսվում է ավյունով լեցուն և ինքնավստահ նվագախմբային կատարմամբ, որն իսկույն ունկնդրին փոխադրում է աշխույժ գործողությունների ասպարեզ։ Հստակ և ճկուն ռիթմը և պարային նկարագիրը սահմանազատում են նրա հիմնական մասը սոնատային ալլեգրոյից։ Այդ թեման, որ հնչում է ջութակի մենանվագով, հիշեցնում է անդրկովկասյան երաժշտություն։ Իմպրովիզացիոն հատվածները հիշեցնում են ժողովրդական երգիչների ու աշուղների երգերը։ Երաժշտության ընթացքը ծավալվում է երեք մասերի երաժշտական թեմաների զարգացմամբ, ինչի արդյունքում դրանք միահյուսվում են միմյանց, երբ երկրորդ մեղեդին հագեցվում է աշխույժ ռիթմերով, իսկ հիմնական մեղեդին դառնում է առավել քնարական։ Ինչպես վայելում է, ստեղծագործությունն ավարտվում է ջութակի փայլուն կադենցիայով (կոնցերտներում առհասարակ կա կադենցիա հասկացությունը, որը մի այնպիսի դրվագ է, երբ մենակատարը հանդես է գալիս առանց նվագախմբի)։ Կրկնության հատվածում Allegro con fermezza-յի բոլոր երաժշտական թեմաներն առավել զարգանում են, հագեցվում է արձագանքներով, իսկ շարժումը դառնում է առավել ճկուն։ Առաջին մասն ավարտվում է՝ կրկին հաստատելով իր խրոխտ նկարագիրը։

 
Արամ Խաչատրյան

Երկրորդ՝ Andante sostenuto մասը կոնցերտի ամենաքնարական հատվածն է։ Սա իր տեսակի մեջ մի «երգ է՝ առանց խոսքերի», որը «երգվում է» կովկասյան հիանալի բնապատկերի առջև։ Կարծես պատկերանում են արևի ճառագայթներով ողողված վսեմ լեռները, ասես արարչագործության ժամանակների նախնական լեռնային մի բնապատկեր։ Այս է պատճառը, որ երաժշտությունը հնչում է որպես փառաբանական ձոն՝ արևին, բնությանը և գեղեցկությանը։

Կոնցերտի ավարտը՝ Allegro vivace երրորդ մասը ժողովրդական տոնակատարության շքեղ տեսարան է ներկայացնում։ Այն կրակոտ է, լեցուն՝ շարժումով ու ավյունով, և ասես խմբապար լինի, որի մեջ երբեմն-երբեմն առանձնանում են մենակատարների նվագները։ Պարի շարժումը դառնում է ավելի ու ավելի կայտառ, կարծես թե պարային շրջանը համալրվում է նոր մարդկանցով։ Նվագախումբը սկսում է ընդօրինակել ազգային նվագարաններին։ Կոնցերտի դրամատուգիայում մեծ նշանակություն ունի ավարտը։ Պարի արագ շրջապտույտի մեջ հանկարծ հնչում են առաջին մասի երաժշտական թեմաները՝ ստեղծագործությունը դարձնելով կուռ ամբողջականություն։ Խաչատրյանի ստեղծագործության համար բնութագրական են լավատեսությունն ու կենսասիրությունը։ Եվ ահա այստեղ էլ առաջին մասի դրամատիկական ու քնարական պատկերները վերափոխվում են ժողովրդական տոնակատարության, ցնծության ու խելահեղ պարի։

Գործիքավորումը

խմբագրել

Ջութակի կոնցերտը գրված է ջութակի և նվագախմբի համար, որում պետք է լինեն պիկոլո, երկու ֆլեյտա, երկու հոբոյ, մեկ անգլիական եղջրափող, երկու ֆագոտ, չորս գալարափող, երեք շեփոր, երեք տրոմբոն, մեկ տուբա, մեկական լիտավր, դափ, փոքր թմբուկ, ծնծղա, մեծ թմբուկ, տավիղ և լարային նվագարաններ։

Աղբյուրներ

խմբագրել