Ջոն Քենեդու սպանություն

ԱՄՆ 35-րդ նախագահ Ջոն Քենեդու սպանություն, քաղաքական մոտիվներով սպանություն, որը տեղի է ունեցել 1963 թվականի նոյեմբերի 22-ին, տեղի ժամանակով ժամը 12։30-ին, ԱՄՆ Տեխաս նահանգի Դալաս քաղաքում։ Քենեդին մահացու վիրավորում է ստացել դիպուկահար հրացանից արձակված փամփուշտից, երբ իր կնոջ՝ Ժակլին Քենեդու հետ միասին, նախագահական շքախմբով անցնում էր Էլմ Սթրիթով։

Ջոն Քենեդու սպանություն
Տեսակքաղաքական սպանություն, քաղաքական սպանություն, magnicide? և սպանություն
Երկիր ԱՄՆ
Գրոհի վայրԴալաս
ՏեղադրանքDealey Plaza?
Գրոհի նպատակJFK
Տարեթիվնոյեմբերի 22, 1963
Զենքդիպուկահար հրացան և Carcano?
Զոհվածներ1 մարդ
Վիրավորներ2
Ահաբեկիչների քանակ1
 Assassination of John F. Kennedy Վիքիպահեստում

Սպանությունը հաջորդող 10 ամիսների ընթացքում հետաքննվում էր հատուկ ձևավորված կոմիտեի կողմից, որը գլխավորում էր ԱՄՆ բարձրագույն դատարանի նախագահ Էրլ Ուորենը («Ուորենի կոմիտե»)։ Վերջինս հանգել է այն եզրակացության, որ սպանությունն իրականացվել է հանցագործ Լի Հարվի Օսվալդի կողմից։ Վերջինս սպանությունն իրագործել է միայնակ։ Գոյության ունեն դավադրության մի շարք տեսություններ, որոնք կասկածի տակ են դնում Ուորենի կոմիտեի կողմից առաջ քաշված եզրակացությունները և ներկայացնում են սպանության այլընտրանքային վարկածներ, այդ թվում՝ ամերիկյան և խորհրդային հատուկ ուժերի մասնակցությունը։ Սակայն մինչ օրս այդ տեսություններից և որևէ մեկը չի ապացուցվել։ Սոցիոլոգիական հարցումները ցույց են տալիս, որ ամերիկացիների ճնշող մեծամասնությունը (70 %-ից ավելին) չի հավատում սպանության պաշտոնական տարբերակին[1][2]։

Իրադարձությունների հաջորդականություն

խմբագրել

Այցելություն Դալաս

խմբագրել
 
«Որոնվում է պետական դավաճանության մեղադրանքով»՝ թերթիկ, որը տարածվել է Դալասում՝ Ջոն Քենեդու ժամանումից առաջ։

Քենեդու Տեխաս այցելության որոշումը՝ որպես 1964 թվականի նախագահական ընտրությունների քարոզարշավի նախապատրաստություն, ընդունվել է 1963 թվականի հունիսի 5-ին, երբ Քենեդին, փոխնախագահ Լինդոն Բ. Ջոնսոնը և Տեխասի նահանգապետ Ջոն Քոնալին հանդիպել են Էլ Պասոյի «Կորտեզ» հյուրանոցում[3]։ Աշնանը Քենեդին նահանգներով մի քանի այցելություններ էր կատարել։ Նոյեմբերի 12-ին նա հայտարարել է Տեխասում և Ֆլորիդայում հաղթանակի կարևորության և մոտակա երկու շաբաթներում այդ նահանգներ իր այցելությունների նախապատրաստության մասին[4]։ 1960 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ Քենեդին Տեխասում հաղթել էր հանրապետական Ռիչարդ Նիքսոնին, նաև այն բանի պատճառով, որ փոխնախագահի թեկնածու Լինդոն Ջոնսոնը ծնունդով Տեխասից էր և ներկայացնում էր նահանգը ԱՄՆ Սենատում։

Հոկտեմբերին, պլանավորված այցից մեկ ամիս առաջ, ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ Էդլայ Սթիվենսոնի վրա, որը ճառով հանդես էր գալիս Դալասում, հարձակվել է աջ ակտիվիստների խումբ` հակամակյան լոզունգներ պարզած։ Ցուցարարներից մեկը պաստառով հարվածել է Սթիվենսոնին[5][6]։ Հատուկ ծառայությունների գործակալները, որոնք Քենեդու այցից առաջ ժամանել էին քաղաք, տվյալներ են հավաքել այդ դեպքի վերաբերյալ[7]։

Այցի նախապատրաստական աշխատանքները հանձնարարվել էր Տեխասի նահանգապետին, իսկ շքախմբի տեղաշարժման ուղեգիծը մշակելու էին Հատուկ ծառայությունների գործակալները։ Նոյեմբերի 19-ին Դալասի թերթերում հրապարակվել է շքախմբի երթուղին[8]։ Շքախմբի նշանակման կետը եղել է Դալասի ցուցադրությունների կենտրոնը, որտեղ նախատեսված էր հանդիսավոր ճաշ[9]։

 
Քենեդի ամուսինները Դալասի Լավ Ֆիլդ օդանավակայանում:

Նոյեմբերի 21-ին ցերեկը ժամը 13։30-ին Համար մեկ ինքնաթիռը, Քենեդի ամուսինների հետ միասին, ժամանել է Սան Անտոնիոյի օդանավակայան։ Քենեդին այցելել է օդանավակայանում տեղակայված ԱՄՆ ռազմաօդային ուժերի աէրոտիեզերական բժշկության դպրոց և նույն օրը երեկոյան մեկնել Հյուսթոն։ Հյուսթոնում նա հանդես է եկել Ռայսի համալսարանում և մասնակցել 3200 հոգանոց անձնակազմի համար նախատեսված ճաշկերույթին, որը մատուցվել էր ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամ դեմոկրատ Ալբերտ Թոմասի պատվին[10]։ Գիշերը նախագահը անց է կացրել Ֆորտ-Ուերտի հյուրանոցներից մեկում, իսկ առավոտյան համար մեկ ինքնաթիռը մեկնել է Դալաս։

Սպանություն

խմբագրել
 
Քենեդու երթուղին Դիլի պլազայով։

1963 թվականի նոյեմբերի 22-ին տեղի ժամանակով ժամը 11։35-ին Դալասի Լավ Ֆիլդ օդանավակայանում վայրէջք է կատարել ԱՄՆ ռազմաօդային ուժերի ինքնաթիռը, որտեղ գտնվում էր ԱՄՆ փոխնախագահ Լինդոն Բ. Ջոնսոնը։ Ժամը 11։40-ին նույն տեղում վայրէջք է կատարել Քենեդուն տեղափոխող ինքնաթիռը։ Ըստ սովորույթի՝ երկրի նախագահը և փոխնախագահը թռչում են տարբեր ինքնաթիռներով, որպեսզի աղետի դեպքում երկիրը չմնա առանց երկու առաջնորդների։ Տեղի ժամանակով 11։50-ին նախագահական շքախումբը օդանավակայանից շարժվել է քաղաք[11]։ Նախագահական լիմուզինը, որտեղ գտնվում էին ԱՄՆ հատուկ ծառայության գործակալներ Ուիլյամ Գրիրը (ղեկին) և Ռոյ Քելերմանը (վարորդի կողքը գտնվող ուղևորի նստատեղին), Քենեդի ամուսինները (հետևի երկու նստատեղերին) և Տեխասի նահանգապետ Ջոն Քոնալին կնոջ Նելլիի հետ (մեջտեղում գտնվող հավելյալ երկու նստատեղերին), շարժվում էր շքախմբի առաջնային մասով։ Նրանց հետևից շարժվում էր հատուկ ծառայության գործակալների ավտոմեքենան, այնուհետ՝ Լինդոն Ջոնսոնի ավտոմեքենան։ Հաջորդիվ շարժվում էին պատվիրակության մյուս անդամների և լրագրողների ավտոմեքենաները։ Դալասում եղանակը տաք և արևային էր։ Նախագահական ավտոմեքենայի վերին հատվածը հանված էր, որպեսզի քաղաքացիները կարողանային տեսնել իրենց նախագահին։

 
Քենեդու շքախումբը Մեյն սթրիթում։

Շարժվելով Մեյն սթրիթում՝ շքախումբը ընթացել է Դալասի Դիլի պլազա շրջան և թեքվել աջ՝ դեպի Հյուսթոն սթրիթ։ Այդ պահին Նելլի Քոնալին շրջվել է Ջոն Քենեդու կողմը և ասել․ «Պարոն նախագահ, համաձայնվեք, որ Դալասը սիրում է Ձեզ», որին Քենեդին պատասխանել է․ «Բնականաբար»[12][13]։ Հաջորդ խաչմերուկին լիզուզինը թեքվել է ձախ՝ Էլմ սթրիթ։

Այն բանից հետո, երբ լիմուզինն անցնում էր դպրոցական գրապահոցի մոտով, որը գտնվում էր Հյուսթոն սթրիթի և Էլմ սթրիթի խաչմերուկում, ժամը 12։30-ին[14] լսվեցին կրակոցները։ Վկաների մեծ մասը հաստատում էին, որ լսել են երեք կրակոցներ[15][16], չնայած առանձն վկաներ նշում էին երկու կամ չորս, կամ էլ, հնարավոր է, նույնիսկ հինգ կամ վեց կրակոցների մասին[16]։ Առաջին փամփուշտը, ըստ պաշտոնական վարկածի, խոցել է Ջոն Քենեդու մեջքը, անցել միջով և դուրս եկել պարանոցով։ Այդ փամփուշտը վիրավորել է նաև նախագահի դիմաց նստած Ջոն Քոնալիի մեջքը, աջ դաստակը և ձախ ազդրը[17]։ Միևնույն ժամանակ, ցուցմունք տալով Ուորենի հանձնաժողովին, Քոնալին նշել է, որ վստահ էր, որ ինքը վիրավորվել է երկրորդ կրակոցից։ Այդ կրակոցը նա չէր լսել[18]։ Հինգ վայրկյան անց հնչել է երկրորդ կրակոցը[19][20]։ Փամփուշտը կպել է Քենեդու գլխին՝ գլխի աջ մասում առաջացնելով բռունցքի չափ անցք։ Այդ էր պատճառը, որ մեքենայի սրահի մի մասը պատվել էր գլխուղեղի առանձին հատվածներով։

 
Էլմ սթրիթի ընդհանուր պատկերը գրապահոցի վեցերորդ հարկից։

Կրակոցից անմիջապես հետո, նախագահական լիմուզինի հետևից ընթացող անվտանգության աշխատակիցների ավտոմեքենայից ցատկել է գործակալ Քլինթ Հիլը։ Նա շրջանցել է նախագահական լիմուզինը և փորձել բարձրանալ մեքենայի վրա։ Նա երկրորդ փորձից հետո հաջողությամբ կատարել է հնարքը[20]։

Գաղտնի ծառայության մյուս գործակալը, որն ակտիվ գործողություններ է կատարել կրակոցների ժամանակ, եղել է Ռուֆուս Յանգբլանդը։ Վերջինս այդ պահին գտնվում էր փոխնախագահի մեքենայում։ Լսելով կրակոցները՝ Յանգբլանդը Լինդոն Ջոնսոնին գցել է մեքենայի հատակին և իր մարմնով ծածկել նրան։

 
Ջոնսոնը Air Force One ինքնաթիռում մասնակցում է իր երդմնակալության արարողությանը։ Նրանից աջ կանգնած է այրիացած Ժակլին Քենեդին։ Բարձրախոսը պահել է Մալքոլմ Քիլդաֆը։

Նախագահի շքախումբն անմիջապես արագացրեց շարժը և հինգ րոպե անց Քենեդուն հասցրեցին Փարքլենդի հիվանդանոց, որը դեպքի վայրից գտնվում էր չորս մղոն հեռավորության վրա[21]։ Հետազոտելով Քենեդուն բժիշկը պարզեց, որ նախագահը դեռ կենդանի է և ձեռնարկեց առաջին քայլերը՝ արագ բուժօգնություն տրամադրելու համար[22]։ Ավելի ուշ ժամանեց Քենեդու անձնական բժիշկը՝ Ջորջ Գրեգորի Բարքլին, սակայն այդ ժամանակ արդեն իսկ պարզ էր, որ Քենեդու կյանքը փրկելու բոլոր գործողությունները անարդյունք են։ Ժամը 13։00-ին պաշտոնապես գրանցվել է նախագահի մահը, որը վրա էր հասել գլխի վիրավորումից հետո։ Մահվան վկայականն ստորագրել է Բարքլին[23]։ Ժամը 13։31-ին Փարքլենդի հիվանդանոցում կազմակերպվել է մամլո ասուլիս և Սպիտակ տան մամլո քարտուղար Մալքոլմ Քիլդաֆը հայտարարել է նախագահի մահվան մասին[24]։ 10 րոպե անց ԱՄՆ սենատը դադարեցրել է աշխատանքը, իսկ մեկ րոպե անց նաև՝ Նյու Յորքի ֆոնդային բորսան։ 15։41-ին նախագահի դագաղը, որի մեջ գտնվում էր Քենեդու մարմինը տեղավորվել է ինքնաթիռի մեջ և ուղևորվել Վաշինգտոն։ Երկու ժամ անց ինքնաթիռը եղել է արդեն մայրաքաղաքում։ Քենեդու մահափորձից 1 ժամ 20 րոպե անց ձերբակալվել է կասկածյալ Լի Հարվի Օսվալդը։ Ժամը 20։00-ին նրան պաշտոնական մեղադրանք է առաջադրվել։

Քենեդու մահից հետո ԱՄՆ փոխնախագահ Լինդոն Ջոնսոնը ինքնաբերաբար դարձել է երկրի նախագահ։ 14։38-ին Դալասի օդանավակայանում՝ ինքնաթիռի մեջ, տեղի է ունեցել Ջոնսոնի երդմնակալությունը։ Ջոնսոնի երդմնակալությունն ընդունել է (արցունքն աչքերին) Տեխասի հյուսիսային շրջանի դատարանի դաշնային դատավոր Սարա Թ․ Հյուզը։ Սա առաջին և մինչ օրս վերջին դեպքն է երբ ԱՄՆ նախագահի երդմնակալությունն ընդունել է կին։ Բացի այդ, սա ԱՄՆ պատմության միակ դեպքն է, երբ երկրի նախագահի երդմնակալությունը տեղի է ունեցել ինքնաթիռում։ Երդմնակալության ժամանակ Աստվածաշնչի փոխարեն Ջոնսոնը ձեռքում պահել է փոքրիկ աղոթագիրքը, որը գտնվել էր ինքնաթիռում։ Նույն օրը Ջոնսոնն անցել է նախագահի լիազորությունների կատարմանը։

Լի Հարվի Օսվալդ

խմբագրել
 
Հովարդ Բրենանը դպրոցական գրապահոցի դիմաց։ «A» տառով նշված է այն պատուհանը, որտեղ Բրենանը տեսել է զենքով տղամարդու։

Վկաներից մեկը՝ Հովարդ Բրենանը, որը կրակոցների ժամանակ գտնվել է գրապահոցի դիմաց, ոստիկաններին ասել է, որ առաջին կրակոցից հետո հայացքն ուղղել է գրապահոցի կողմը, որտեղ, իր կարծիքով, եղել է աղմուկի աղբյուրը։ Վեցերորդ հարկում նա տեսել է կրակող տղամարդուն[25]։ Երբ Բրենանը ոստիկանությանը ցուցմունք է տվել, գրապահոցից դուրս է եկել Ջարմեն ազգանունով ոմն ծառայող, որը հաստատել է ներսից հնչած կրակոցների փաստը[26]։ Մեկ այլ աշխատակից Ռոյ Թրուլին հայտնել է ոստիկանությանը, որ իր ենթակա Լի Հարվի Օսվալդը կրակոցներից անմիջապես հետո լքել է կառույցը։ Նա հայտնել է Օսվալդի անունը և տան հասցեն[27]։

Ինչպես պարզել է Ուորենի հանձնաժողովը, Օսվալդը զենքը թողել է արկղերի հետևը և ոստիկանության կողմից շենքի շրջափակումից մի քանի րոպե առաջ, լքել այն։ Մոտ ժամը 13։00-ին Օսվալդը հասել է տուն և կարճ ժամանակ գտնվել այնտեղ[28]։ Երբ Օսվալդը անցել է փողոցներից մեկով, նրան կանգնեցրել է պարեկային Ջ․ Դ․ Թիփիթը։ Երբ պարեկայինը դուրս է եկել ավտոմեքենայից, Օսվալդն ատրճանակի չորս կրակոցով սպանել է նրան։ Դրանից մի քանի րոպե անց Օսվալդը ձերբակալվել է կինոթատրոնում։ Օսվալդը ձերբակալվել է Քենեդու մահվանից մեկ ժամ քսան րոպե անց։ Օսվալդը փորձել է սպանել ոստիկանին, սակայն լիկվիդացվել է[29]։ Այդ գիշեր նրան պաշտոնական մեղադրանք է առաջադրվել՝ նախագահ Քենեդուն և Թիփիթին սպանելու համար։ Նա հերքել է իր մեղքը։ Երկու օր անց՝ 1963 թվականի նոյեմբերի 24-ին Օսվալդը, երբ ոստիկանների ուղեկցությամբ դուրս էր գալիս ոստիկանական բաժանմունքից, սպանվել է գիշերային ակումբի սեփականատեր Ջեկ Ռուբիի կողմից։ Այդ իսկ պատճառով Օսվալդի մեղքն այդպես էլ չի ապացուցվել և, որպես այդպիսին, ոչ հաստատվել և ոչ էլ հերքվել է դատարանի կողմից։

Սպանության գործիք

խմբագրել
 
Օսվալդի կարաբինը
 
6,5 մմ տրամագծով փամփուշտը, որը հայտնաբերվել է Փարքլենդի հիվանդանոցում, հավանաբար, դարձել է Քենեդիի մահվան և Քոնալիի վիրավորման պատճառը։

Քենեդու սպանության զենքը համարվում է 6,5 մմ տրամագիծ ունեցող M91/38 կալիբրանոց Կարկանո տիպի կարաբինը, որը եղել է իտալական արտադրության։ Կարաբինն ունեցել է հեռադիտակ-նշանոց, որը հաճախ սխալմամբ անվանում են Մանլիխեր-Կարկանո։ Զենքը հայտնաբերվել է ոստիկան Սեյմուր Վայցմանի և շերիֆի օգնական Յուջին Բունի կողմից՝ գրապահոցի վեցերորդ հարկի գրքերի արկղերի միջից[30]։

Օսվալդը զենքը ձեռք է բերել 1963 թվականի մարտին փոստով՝ Ա․ Հայդել (անգլ.՝ A. Hidell) կեղծանվան ներքո։ Հրացանը առաքվել է այն աբոնենտային արկղ, որը Օսվալդը վարձակալելե էր 1962 թվականին Դալասում[31]։ Բացի այդ, 1963 թվականի հունվարին նա ձեռք է բերել ատրճանակը, որով սպանել է Թիփիթին։ Դալասի ոստիկանության բաժանմունքում հարցաքննության ժամանակ Օսվալդը հերքել է, որ երբևէ ձեռք է բերել հրացանը[32]։

ԱՄՆ զինված ուժերի բալիստիկ ուսումնասիրությունների լաբորատորիայում իրականացվել է փորձաքննություն, որի նպատակն էր պարզել, թե կարող էր արդյոք զինվորական այնպիսի պատրաստվածություն ստացած անձը, ինչպիսին Օսվալդն ստացել էր ծովային հետևակում ծառայելու տարիներին և այն արդյունքները, որոնք պարապմունքների ժամանակ ցուցաբերել էր Օսվալդը, հնարավորություն տալիս էին նրան կրակելու այդ հեռավորությունից և այդպիսի դիպուկությամբ[33]։ Փորձարկմանը մասնակցել են երեք հրաձիգներ (երկու քաղաքացիական անձինք և մեկ զինվորական), որոնք երևիցե չէին կրակել հրացանի այդ տեսակից։ Նրանք պետք է երկու կրակոց արձակեին երեք նշանակետերի ուղղությամբ, որոնք գտնվում էին 175 ֆուտ (53 մ), 240 ֆուտ (73 մ) и 265 ֆուտ (81 մ) հեռավորության վրա։ Առաջին նշանակետը խոցվել է բոլոր վեց փորձերում, երկրորդ նշանակետին՝ վեցից երկուսը, իսկ երրորդ նշանակետին՝ վեցից հինգը։ Առաջին փորձում երեք հրաձիգները ծախսել են, համապատասխանաբար, 4,6, 6,75 և 8,25 վայրկյան, երկրորդում՝ 5,15, 6,75 և 8,25 վայրկյան[34]։

Թաղում

խմբագրել
 
Քենեդու դագաղը Սպիտակ տան Արևելյան սրահում։
 
Դաղագի դուրս բերումը Կապիտոլիումից։

Քենեդու մարմինը Վաշինգտոն բերվելուց հետո՝ տեղափոխվել է Սպիտակ տուն և հաջորդող 24 ժամերի ընթացքում մնացել է Արևելյան սրահում։ Ժակլին Քենեդու որոշմամբ հրաժեշտի և թաղման արարողությունների ժամանակ աճյունը գտնվել է փակ դագաղում և մինչև թաղման պահը մարմնի կողքը գտնվել են կաթոլիկ երկու հոգևորականներ։ Շաբաթ օրը առավոտյան ժամը 10։30-ին տեղի է ունեցել հոգեհանգիստը։ Դրանից հետո, դագաղին են մոտեցել հարազատները, մոտ ընկերները և բարձրաստիճան պաշտոնատար անձինք, որոնց թվում էին նաև նախկին նախագահներ Հարի Թրուման և Դուայթ Էյզենհաուերը։

Նոյեմբերի 24-ին՝ կիրակի կառքը Քենեդու դագաղը տեղափոխել է Կապիտոլիումի շենք, որտեղ տեղի է ունեցել նախագահի հրաժեշտի արարողությունը։ Կապիտոլիումում դրված նախագահի դագաղի մոտ կազմվել էր մարդկային կենդանի շարք, որը հասնում էր մինչև 250 000 մարդու։ Դրա պատճառով Կապիտոլիումի դռները բաց են եղել նաև ողջ գիշեր։ Հրաժեշտի արարողությանը մասնակցել են նաև օտարերկրյա պետությունների և կառավարությունների ղեկավարներ։ Սոցիալիստական ճամբարի միակ երկիր, որն ուղարկել էր միայն ներկայացուցիչ, այլ ոչ երկրի ղեկավար, եղել է Խորհրդային Միությունը։ Այն ներկայացնում էր ԽՍՀՄ նախարարների խորհրդի ղեկավարի առաջին տեղակալ Անաստաս Միկոյանը[35]։

Թաղման արարողությունը տեղի է ունեցել երկուշաբթի՝ նոյեմբերի 25-ին, որը հայտարարվել է համընդհանուր սգո օր։ Սգո թափորը Կապիտոլիումից շարժվել է Սուրբ Մաթևոսի տաճար։ Փողոցների եզրագծին շարվել էին շուրջ 800 000 քաղաքացիներ[35]։ Թաղման թափորն առաջնորդում էին Ժակլին Քենեդին և նախագահի եղբայրները՝ Ռոբերտը Էդվարդը։ Նախագահի զավակները՝ Կարոլինան և Ջոն Քենեդի Կրտսերը, որի երեք տարին լրանում էր թաղման օրը, նստած էին հետևից շարժվող լիմուզինի մեջ։ Տաճարում տեղի ունեցած պատարագից հետո, թափորը շարժվել է Արլինգտոնի ազգային գերեզմանատուն։ Դագաղը տեղափոխվել է հրանոթների հրետասայլով, որին կապված էր սև հովատակ։ Նախագահի ոտքերին հագցրած էին ճտքակոշիկներ, որոնք ուղղված էին դեպի առաջնային մասին, իսկ գուլպաները՝ դեպի հետ։ Այսպես էին ժամանակին թաղել նաև Աբրահամ Լինքոլնին։ Դագաղը հողի մեջ է դրվել տեղի ժամանակով ժամը 15։34-ին։ Այդ րոպեին Ժակլին Քենեդին գերեզմանի մոտ վառել է հավերժ կրակը։ Ամբողջ արարողությունը, սկսած Կապիտոլիումից և վերջացրած թաղման գործընթացով, ուղիղ եթերով հեռարձակվել է համազգային երեք հեռուստաընկերություններով։

Վկաներ, տեսանկարահանումներ և լուսանկարներ սպանության վայրից

խմբագրել
 
Հատված Զապրուդերի ֆիլմից։

Դալասով նախագահի շքախմբի շարժման ժամանակ չեն իրականացվել ռադիո կամ հեռուստա ուղիղ հեռարձակումներ, քանի որ լրագրողների մեծ մասը նախագահական շքախմբին սպասում էին ցուցադրությունների կենտրոնում։ Քիչ թվաքանակով լրագրողներ, որոնք ուղեկցում էին շքախումբը, գտնվում էին նախագահական շարասյան մեջ գտնվող ավտոմեքենաներում։ Սպանության վայրին ամենամոտը եղել են 22-ամյա Գեյլ և Բիլ Նյումանները։ Երբ հնչել են կրակոցները, նրանք երկու երեխաների հետ միասին կանգնած էին մայթի վրա՝ նախագահից մի քանի մետր հեռավորության վրա։ Գեյլի քեռին՝ Սթիվ Էլիսը եղել է մոտոցիկլիստների շարասյունը գլխավորող սերժանտը։ Նյումանները ձեռքով ողջունում էին նախագահին, երբ հնչել են երկու կրակոցները, որոնք նրանք ընդունել էին որպես ճայթռուկներ։ Նախագահը տարօրինակ ձևով թափահարել է ձեռքը, բայց երբ մեքենան ավելի է մոտեցել, Բիլը տեսել, որ նահանգապետ Քոնալին արյան մեջ թաթախված է։ Այդ ընթացքում հնչել է երրորդ կրակոցը, որի արդյունքում նախագահի գլխից՝ ականջի հետին հատվածից, կտոր է պոկվել։ Որևէ այլ մարդ այդքան մոտիկից չի տեսել նախագահի մահացու վիրավորման փաստը[36][37]։

Սպանությունը տեսագրվել է կենցաղային տեսախցիկի միջոցով՝ վկա Աբրահամ Զապրուդերի կողմից։ Նրա 26 վայրկյան տևողություն ունեցող տեսագրությունը հայտնի է «Զապրուդերի ֆիլմ» անվամբ։ Ֆիլմն անմիջապես ձեռք է բերվել «Life» ամսագրի կողմից և նոյեմբերի 29-ի համարում հրապարակվել են շուրջ 30 կադրեր։ Հեռուստատեսությամբ տեսագրությունն առաջին անգամ ցուցադրվել է 1975 թվականին։

Բացի Զապրուդերից, հետաքննությանը հայտնի են նաև ամենաքիչը 30 անձինք, որոնք կրակոցների ժամանակ լուսանկարել և տեսանկարահանել են նախագահական շարասյան ընթացքը։ Երեք վկաներ (Օրվիլ Նիքս, Մերի Մաչմոր և Չարլզ Բրոնսոն) նույնպես տեսանկարահանել են այն պահը, երբ Քենեդին ստացել է մահացու վիրավորում։ Բայց այս մարդկանց դիրքը այնքան էլ հաջող չէր, ի համեմատություն Զապրուդերի։ Միակ պրոֆեսիոնալ լուսանկարը արվել է Ասոշիեյթիդ Պրեսի թղթակից Ջեյմս Այք Էլթջենի կողմից։ Նա այդ պահին չի գտնվել շարասյան մեջ։ Երբ հնչել է երկրորդ կրակոցը, Օլթջենը գտնվել է լիմուզինի մոտ և պատրաստել ֆոտոխցիկը՝ լուսանկարելու համար։ Սակայն նա այնքան է ցնցված եղել, որ չի կարողացել սեղմել մեկնարկի կոճակը[38]։

Կանանցից մեկը, որը նկարել է նախագահի շարասյունը, շարունակել է անել այդ նաև կրակոցներից հետո, սակայն հետաքննության ժամանակ ոչ նրան, ոչ էլ նրա տեսագրությունները հնարավոր չի եղել հայտնաբերել։ Նա ստացել է պայմանական Տիկին տատիկ անվանումը։

Դալասի ոստիկանությունը ռադիոյով ձայնագրել է բոլոր խոսակցությունները։ Քենեդու այցելության օրը ոստիկաններն օգտագործել են երկու հաճախականություններ․ առաջինն օգտագործվել է ընթացիկ հարցերի համար, իսկ երկրորդը հատուկ առանձնացվել է նախագահական շքախմբի տեղաշարժման համար։ Հետագա հետաքննությունների ժամանակ կարևոր դերակատարություն է ունեցել աուդիոձայնագրությունը, որը ձայնագրվել է ոստիկանական մոտոցիկլետներից մեկւ վրա տեղադրված ռադիոկայանի կողմից։ Ժապավենն ուսումնասիրած ակուստիկայի մասնագետները հանգել են այն եզրակացության, որ ժապավենի վրա կարող է ձայնագրված լինի ևս մեկ կրակոց, որն իրականացվել է այլ անձի կողմից՝ Օսվալդի երկրորդ և երրորդ կրակոցների միջև, սակայն փամփուշտն անցել է թիրախի մոտով։ Երկրորդ դիպուկահարի հնարավոր տեղակայման վայրը կարող էր լինել Էլմ սթրիթից աջ գտնվող խոտի բլրի վրա[39][40]։ Մասնավորապես, այդ ձայնագրության հիման վրա ԱՄՆ ներկայացուցիչների պալատի սպանությունների հարցերով կոմիտեն եզրակացրել է, որ սպանությունը կազմակերպվել է խմբի կողմից, որտեղ Օսվալդը եղել է կատարողներից մեկը։

Սպանության հետաքննություն

խմբագրել

Հետաքննությունների դաշնային բյուրո

խմբագրել
 
Ջոն Էդգար Հուվեր

Սպանությանը հաջորդող առաջին օրերին զուգահեռ հետաքննություն են վարել ԱՄՆ գաղտնի ծառայությունը և Հետաքննությունների դաշնային բյուրոն։ Այն բանից հետո, երբ Ջոնսոնի հրամանով ստեղծվեց Ուորենի հանձնաժողովը, գործով բոլոր իրավասությունները փոխանցվել են Հետաքննությունների դաշնային բյուրոյին[41]։ Սպանության հանգամանքների ուսումնասիրման ժամանակ Դալաս է ուղարկվել ՀԴԲ-ի ավելի քան 80 աշխատակիցներ, որոնք իրականացրել են ավելի քան 25 000 հարցաքննություններ և կազմել մոտ 2300 զեկույցներ, որոնք կազմված էին 25 400 էջերից[42]։ 1963 թվականի դեկտեմբերի 9-ին կազմվել է Հետաքննությունների դաշնային բյուրոյի վերջնական հաշվետվությունը և ուղարկվել Ուորենի հանձնաժողովին։ Հետագայում, հանձնաժողովի աշխատանքներում ՀԴԲ-ի վրա են դրված եղել հետաքննության իրականացման հիմնական պարտականությունները։

Ավելի ուշ նշվել է, որ ՀԴԲ-ն, սկզբնական շրջանում, միայն դիտարկել է այն տարբերակը, որ Օսվալդը գործել է առանց համախոհների։ ՀԴԲ տնօրեն Ջոն Էդգար Հուվերը արդեն նոյեմբերի 24-ին (սպանությունից երկու օր անց) Ջոնսոնի հետ հեռախոսազրույցի ժամանակ ասել է, որ «իրեն պետք էր ինչ-որ մի բան, որը կարելի էր ներկայացնել հանրությանը որպես ապացույց այն բանի, որ մարդասպանը եղել է Օսվալդը»[43]։

Ուորենի հանձնաժողով

խմբագրել
 
Ուորենի հանձնաժողովը Լինդոն Ջոնսոնին է ներկայացնում զեկույցը։
 
«Կախարդական փամփուշտի տեսությամբ» ուղևորները նստած են իր հետև, իսկ փամփուշտը շարժվում է զիգզագաձև հետագծով։
 
Փամփուշտի հետագիծը ըստ պաշտոնական վարկածի։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Gary Langer (16 ноября 2004). «Legacy of Suspicion». ABC. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 29-ին. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 4-ին.
  2. Jarrett Murphy (21 ноября 2003). «40 Years Later: Who Killed JFK?». CBS. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 29-ին. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 8-ին.
  3. Доклад комиссии Уоррена: Планирование визита в Техас
  4. «November 22, 1963: Death of the President». John F. Kennedy Library. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 29-ին. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 10-ին.
  5. Доклад комиссии Уоррена: Даллас накануне визита
  6. Peter Applebom (21 ноября 1988). «25 Years After the Death of Kennedy, Dallas Looks at Its Changed Image». John F. Kennedy Library. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 29-ին. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 10-ին.
  7. Доклад комиссии Уоррена: Действия спецслужб накануне поездки
  8. Changed Motorcade Route in Dallas?
  9. Доклад комиссии Уоррена: Банкет
  10. Доклад комиссии Уоррена: Посещение других городов Техаса
  11. Доклад комиссии Уоррена: Прибытие в Даллас
  12. Показания Нелли Конналли комиссии Уоррена, том 4, стр. 147.
  13. Показания Джона Конналли комиссии Уоррена, том 4, стр. 131—132.
  14. «Доклад комиссии Уоррена» (անգլերեն). The U.S. National Archives and Records Administration. 1964 թ․ սեպտեմբերի 24. Արխիվացված է օրիգինալից 2005 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 8-ին.
  15. Dealey Plaza Earwitnesses
  16. 16,0 16,1 Доклад комиссии Уоррена: количество выстрелов
  17. Доклад комиссии Уоррена: Первая пуля
  18. Показания Джона Конналли комиссии Уоррена, том 4, стр. 133.
  19. Показания Роя Келлермана комиссии Уоррена, том 2, стр. 76
  20. 20,0 20,1 Показания Клинтона Хилла комиссии Уоррена, том 2, стр. 139
  21. Доклад комиссии Уоррена: движение до госпиталя
  22. Доклад комиссии Уоррена: Уход за Кеннеди в госпитале
  23. Свидетельство о смерти Джона Кеннеди
  24. Биография Малколма Килдаффа
  25. Показания Ховарда Бреннана комиссии Уоррена, том 3, стр.143-144
  26. Показания Джеймса Джармена комиссии Уоррена, том 3, стр. 207—208
  27. Показания Роя Трули комиссии Уоррена, том 3 стр. 230
  28. Доклад комиссии Уоррена: Перемещения Освальда после того, как он покинул книгохранилище
  29. Доклад комиссии Уоррена: Арест Освальда
  30. Показания Юджина Буна комиссии Уоррена, том 3, стр. 293
  31. Доклад комиссии Уоррена: Приобретение винтовки
  32. Доклад комиссии Уоррена: Освальд о приобретении винтовки
  33. Показания Роналда Симмонса комиссии Уоррена, том 4, стр. 441—451
  34. Показания Роналда Симмонса комиссии Уоррена, том 4, стр. 446
  35. 35,0 35,1 «1963: John F Kennedy is laid to rest». BBC — On this day: November, 25. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 29-ին. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 6-ին.
  36. «The Sixth Floor Museum at Dealey Plaza. Interviews by Name». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 7-ին.
  37. Ilta Sanomat Teema Kennedy JFK/2013-43. Интервью с участниками событий в 2013 Они видели всю драму в Далласе (фин.) Արխիվացված 2015-11-17 Wayback Machine
  38. Показания Джеймса Олтджена комиссии Уоррена, том 7, с. 518.
  39. Доклад комитета Палаты Представителей США по убийствам, с. 68—71.
  40. Доклад комитета Палаты Представителей США по убийствам, с. 80—84.
  41. Доклад комитета Палаты Представителей США по убийствам, стр. 235—237.
  42. Доклад комитета Палаты Представителей США по убийствам, стр. 242.
  43. Доклад комитета Палаты Представителей США по убийствам, с. 244.