Ջերմոցային էֆեկտ, մարդու տնտեսական գործունեությամբ պայմանավորված՝ մթնոլորտում ջերմոցային գազերի խառնուրդների (ածխածնի երկօքսիդ, մեթան, օզոն, ազոտի երկօքսիդ, ֆրեոններ) կոնցենտրացիայի աճի հետևանքով Երկրի կլիմայի աստիճան, տաքացում։ Այդ գազերը բաց են թողնում արեգակնային ճառագայթումը և խոչընդոտում Երկրի մակերևույթից ջերմային երկարալիք ճառագայթումը։ Կլանվելով մթնոլորտում՝ վերջինիս մի մասը նորից անդրադառնում է հետ՝ Երկրի մակերևույթ, և առաջացնում ջերմոցային էֆեկտ։ Ջերմոցային գազերով հագեցած մթնոլորտը ծառայում է որպես ջերմոցի տանիք։ Ջերմոցային գազերի հիմնական աղբյուրը այրվող հանածո վառելանյութերն են՝ ածուխը, նավթը, բնական գազը (որոնց տարեկան ծախսը ներկայումս կազմում է ավելի քան 9 միլիարդ տոննա), այրվող կենսազանգվածը, ստորերկրյա հանքարդյունաբերության արտանետած գազերը։

Ջերմոցային գազերի քանակը մթնոլորտում խմբագրել

Ջերմոցային գազերի առաջացման 50%-ը բաժին է հասնում ածխածնի օքսիդին, քլորֆտորածխաջրածինների բաժինը կազմում է 15-20%, մեթանինը՝ 18%։ Համերկրային ծավալներով ածխաթթու գազի պարունակությունը մթնոլորտում կատարում է այն դերը, ինչը կատարում է ապակին ջերմոցում։ Ածխաթթու գազը տաքանում է՝ տաքացնելով նաև մթնոլորտը ամբողջությամբ։ Հետևաբար որքան մթնոլորտում շատ է CO2, այնքան շատ է կլանվում ճառագայթներ և շատ է տաքանում մթնոլորտը։ 20-րդ դարի առաջին կեսում ածխաթթու գազի քանակը մթնորորտում եղել է 0,03%, 1956 թվականին այն կազմել է 0,028%, 1985 թվականին աճել է մինչև 0,034%, 2000 թվականին 0,038%։ Ըստ նշանակության՝ ջերմոցային գազերից երկրորդը մեթանն է։ Նրա պարունակությունը մթնոլորտում ամեն տարի աճում է 1%-ով։ Մեթանի արտադրության հիմնական աղբյուրներն են աղբանոցները, գոմաղբը, բրինձը։ Մթնոլորտում մեթանի մեծ քանակություն հայտաբերվել է հյուսիսային կիսագնդի լայնություններում[1]։

Ջերմոցային էֆեկտի ազդեցությունը Երկրի կլիմայի վրա խմբագրել

Մթնոլորտում ածխածնի օքսիդների քանակի հոսքի ավելացումը կապված է քարածխի, նավթի, գազի և այլ վառելիքների այրման հետ, որը հանգեցնում է կլիմայի համերկրային փոփոխության։ Մթնոլորտում ջերմոցային գազերի կոնցենտրացիայի աճը հանգեցրել է կլիմայի համընդհանուր տաքացման, նախաարդյունաբերական ժամանակաշրջանի (19-րդ դարի վերջի) համեմատությամբ Երկրի միջին ջերմաստիճանը աճել է 0, 3-0, 6 °C-ով և 2020 թվականին կարող է կազմել 2, 2-2, 5 °C։ Դա մեր մոլորակի մակերևույթի վրա կառաջացնի խոնավության վերաբաշխում, կուժեղացնի սեզոնային, տարեկան և միջտարեկան անոմալիաները և կհանգեցնի համընդհանուր էկոլոգիական (բնապահպանական) ճգնաժամի (օվկիանոսների մակարդակի բարձրացում, հավերժական ձյան գոտիների խախտում և այլն)։ Ջերմոցային գազերի արտանետումը և կլիմայի համընդհանուր տաքացումը կարելի է նվազեցնել էներգիայի այլընտրանքային աղբյուրների (ջրի, քամու, արևային էներգիայի) օգտագործմամբ, մարդու տնտեսական գործունեության ընդհանուր հզորության նվազեցմամբ, անտառպահպանությամբ ու անտառների վերականգնմամբ և այլն։ Ահա այսքանից կարելի է ենթադրել, որ կլիմայական փոփոխությունները կապված են ջերմոցային գազերի աշխատանքով։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Կ. Վ. Գրիգորյան, Էկոլոգիայի և բնության պահպանության հիմունքներ, Երևան, 2010
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։