Պրոմեթեուս ճամբար (ֆիններեն՝ Prometheus-leiri), ոչ քաղաքական և ոչ կրոնական ճամբարներ դեռահասների համար, որ սկզբում կազմակերպվել են Ֆինլանդիայում[1]։ Ստեղծվել են որպես այլընտրանք կոնֆիրմացիայի կրոնական ճամբարներին։ Ճամբարները կոչվել են հունական առասպելի հերոս Պրոմեթևսի անունով, որն աստվածներից գողացել է կրակն ու այն տվել մարդկանց՝ վերջիններիս սովորեցնելով օգտագործել այն։ Ճամբարների նպատակն է երիտասարդներին օգնել զարգացնել ինքնուրույն մտածողություն և մշակել կյանքի իրենց սեփական փիլիսոփայութունը։ Նրանք նաև օգնում են կրել սեփական արարքների պատասխանատվությունը և գիտակցել, որ իրենք մասնակից են այն ամենին, ինչ կատարվում է աշխարհում։

Պրոմեթեուս ճամբար
ֆիններեն՝ Prometheus-leiri
Հիմնադրված1989
ՏեղագրությունՖինլանդիա Ֆինլանդիա
Շվեդիա Շվեդիա

2006 թվականին Պրոմեթեուս ճամբարների հայեցակարգը ճանաչվել է սոցիալական նորարարություն Ֆինլանդիայում[2]։

Ընդհանուր բնութագիր

խմբագրել

Առաջին Պրոմեթեուս ճամբարը կազմակերպվել է 1989 թվականին, երբ դպրոցականների խումբը, ավարտելով բարոյագիտության դպրոցական դասընթացը, հանդես է եկել նախաձեռնությամբ՝ կազմակերպելու ճամբար, որը կծառայեր որպես այլընտրանք կոնֆիրմացիայի քրիստոնեական ճամբարների համար, ուր Ֆինլանդիայի դպրոցականները հաճախում են տասնհինգ տարեկան հասակում։

Առաջին ճամբարն անցկացվել է Feto ry (Փիլիսոփայության և բարոյագիտության ուսուցիչների ասոցիացիա) կազմակերպության հովանու ներքո, իսկ մեկ տարի անց ստեղծվել է Ֆինլանդիայի Պրոմեթեուս ճամբարների ասոցիացիան (Protu)։ 2009 թվականին Պրոմեթեուս ճամբարների շարժումը տարածվել է նաև Շվեդիայում, որտեղ ստեղծվել է Շվեդիայի Պրոմեթեուս ճամբարների ասոցիացիան (Protus Sverige)։ 2012 թվականին Պրոմեթեուս ճամբարների ասոցիացիան եղել է Ֆինլանդիայի խոշորագույն երիտասարդական կազմակերպություններից մեկը ֆիննական Սկաուտների և Ազգային կոալիցիա կուսակցության երիտասարդական կազմակերպության հետ միասին[3]։

Պրոմեթեուս ճամբարներին և ասոցիացիայի մյուս միջոցառումներին մասնակցելու համար չի պահանջվում ունենալ որոշակի գաղափարական, քաղաքական կամ կրոնական հայացքներ։ 2006 թվականին Պրոմեթեուս ճամբարի մասնակիցների շրջանում անցկացված հարցման արդյունքում պարզվել է, որ նրանց 20 %-ն մասնակցել է նաև այլ ճամբարների, օրինակ՝ կոնֆիրմացիոն ճամբարներ, որ կազմակերպվել են Ֆինլանդիայի ավետարանական-լյութերական եկեղեցու կողմից։ Մոտավորապես նույնքան մասնակիցներ եղել են եկեղեցու անդամ[4]։ 2009 թվականին մասնակիցների շուրջ մեկ երրորդը մասնակցել է նաև կոնֆիրմացիայի ճամբարներին[5]։

Մոտավորապես 9740 դեռահաս է մասնակցել Պրոմեթեուս ճամբարներին 1990-2008 թվականներին։ 2008 թվականին Ֆինլանդիայի տարբեր վայրերում կազմակերպվել է 67 ճամբար, որոնց մասնակցել են շուրջ 1000 դեռահասներ, ինչը կազմում է այդ տարիքային խմբի շուրջ 1,5 %-ը[6]։ Մի քանի տարիների ընթացքում ճամբարների հաճախելիությունը եղել է հարաբերականորեն կայուն։ Օրինակ՝ 2012 թվականին կազմակերպվել է 69 ճամբար, որոնց ընդհանուր առմամբ մասնակցելէ շուրջ 900 մարդ[7]։ 2010 թվականին Պրոմեթեուս ճամբարների ասոցիացիան կազմակերպել է 67 ճամբար, իսկ այդ տարվա բյուջեն կազմել է 464 553 եվրո։ Կառավարական դրամաշնորհները կազմել են 82 000 եվրո։ Ճամբարների անցկացման ուղղակի ծախսերը կազմել են 178 599 եվրո, իսկ ջոկատավարների ու անձնակազմի նախապատրաստման համար ծախսվել է 76 013 եվրո[3]։ Ճամբարների առանձնահատկությունն այն է, որ ջոկատավարներն ու անձնակազմի մյուս մասնակիցներն աշխատում են որպես կամավոր։

Ճամբարի կառուցվածք

խմբագրել

Պրոմեթեուս ճամբանրների մասնակիցների հիմնական մասը 8-րդ և 9-րդ դասարանների աշակերտներ են, այսինքն՝ 14-16 տարեկան դեռահասներ։ Այդ տարիքային սահմանն անցած երիտասարդների համար կազմակերպվում են այսպես կոչված ավագ ճամբարներ։ Սովորաբար ճամբարներում լինում է 7-15 մասնակից։ Ճամբարը ղեկավարում է երկու չափահաս հրահանգիչներից ու հինգ ջոկատավարներից կազմված թիմը։ Ջոկատավարներ սովորաբար դառնում են 15-19 տարեկան երիտասարդներ, որպես կանոն՝ Պրոմեթեուս ամառային ճամբարների նախկին մասնակիցներ։ Ինչպես ջոկատավարները, այնպես էլ հրահանգիչները միասին մասնակցում են ճամբարի ծրագրի մշակմանը, միջոցառումների պլանավորմանն ու անցկացմանը։ Հրահանգիչները կրում են ճամբարի իրավաբանական պատասխանատվությունը։

Պրոմեթեուս ճամբարները տևում են ութ օր՝ սովորաբար կիրակիից կիրակի։ Յուրաքանչյուր օր նվիրված է մեկ առանձին թեմայի։ Բոլոր ճամբարներն օգտագործում են նույն թեմաները՝ խտրականություն ու համբերատարություն, թունանյութեր և կախվածություն, շրջակա միջավայր, հասարակություն և սոցիալական ակտիվություն, մարկային հարաբերություններ և սեքսուալություն, ապագա, աշխարհայացք և համոզմունքներ[8]։

 
Պրոմեթևսի մեդալիոն

Ճամբարի բոլոր մասնակիցների համար ստեղծվում են պայմաններ, որոնցում նրանք կարող են կիսվել իրենց կարծիքներով ու պատկերացումներով և քննարկել դրանք, ինչպես նաև սովորել ուշադրության արժանացնել մյուսների՝ տարբերվող կարծիքները[9]։ Ճամբարներում չեն կիրառվում աշխատանքի այնպիսի ձևեր, ինչպիսիք են դասերն ու դասախոսությունները, թեմաների վրա աշխատանքը կատարվում է հիմնականում խմբային քննարկումների ձևով։ Կիրառվում են նաև այնպիսի փևեր, ինչպիսիք են բանավեճերը, խաղերը, բեմականացումները, խմբային նախագծերն ու այլ ինտերակտիվ ձևեր։ Երբեմն ճամբարի վերջին օրը ելույթ է ունենում հրավիրված որևէ հայտնի մարդ։

Ճամբարի վերջին օրը կազմակերպվում է Պրոմեթևսի տոնը, որի ժամանակ կարելի է հրավիրել ծնողներին ու ընկերներին։ Տոնակատարության ժամանակ ճամբարի մասնակիցներն ստանում են ծաղկեպսակներ՝ հյուսված թարմ ճյուղերից ու ծաղիկներին, ինչպես նաև Պրոմեթևսի մեդալիոն[10]։ Վերջինիս հակառակ կողմում փորագրվում է մասնակցի անունը, ճամբարի անցկացման վայրն ու ամսաթիվը։

Պրոմեթեուս ճամբարների ասոցիացիան կազմակերպում է հատուկ ճամբարներ, որոնք իրենց ծրագրերով ու անցկացման բնույթով կարող են տարբերվել սովորական ճամբարներից։ Օրինակ՝ 2009 թվականին կազմակերպվել են երկու թատերական ճամբարներ, երկու ճամբարներ, որոնցում շեշտը դրվել է կերպարվեստի վրա և մեկ զբոսաշրջային ճամբար։ Ամեն տարի կազմակերպվում են նաև մի քանի ճամբարներ չափահասների համար, այսինքն՝ նրանց համար, որոնք 20 տարեկանից մեծ են։

Գրականության մեջ

խմբագրել

Գեղարվեստական գրականության մեջ Սելլա Սիմուկկայի «Կայծ» (Kipinä, 2006) վեպի գործողությունները տեղի են ունենում Պրոմեթեուս ճամբարում[11]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Лагерям «Прометей» исполняется 25 лет». Վերցված է 2017 թ․ մարտի 27-ին.
  2. 100 social innovations from Finland. Արխիվացված 2013-06-16 archive.today (англ.) Taipale, Ilkka (ed.). Helsinki: Itämerikeskussäätiö: 2007, Hakapaino. ISBN 978-952-99772-1-5
  3. 3,0 3,1 Political organisations get lion’s share of state subsidies (անգլ.) Helsingin Sanomat, 29.5.2012
  4. Haloo, vanhemmat! Me kuuntelemme! Արխիվացված 2013-12-02 Wayback Machine (ֆին.) Protu-lehti 3/2007
  5. Prometheus-leirillä kannustetaan itsenäiseen ajatteluun (ֆին.) Yle Uutiset, 14.6.2011
  6. Protu-UKK Արխիվացված 2017-08-24 Wayback Machine (ֆին.) Kotkanpesä
  7. Prometheus-leiri on uskonnoton vaihtoehto (ֆին.) Helsingin Sanomat 22.07.2012
  8. Näyttelijä ryhtyi ohjaajaksi (ֆին.) Helsingin sanomat, 12.3.2007.
  9. Prometheus-leiri kasvaa ajan mukana Արխիվացված 2017-10-11 Wayback Machine (ֆին.) Nurmijärven Uutiset, 10.7.2011
  10. Лагеря «Прометеус» Արխիվացված 2013-10-29 Wayback Machine Спектр, вып.6, 2013 г.
  11. Salla Simukka Kipinä(չաշխատող հղում) (ֆին.) WSOY, 2006.

Արտաքին հղումներ

խմբագրել