Սուրբ Ստեփանոսի մայր տաճար, կաթոլիկ տաճար, Ավստրիայի ազգային խորհրդանիշը, մայրաքաղաք Վիեննայի գլխավոր տաճարը և խորհրդանիշը: Կարդինալ արքեպիսկոպոսի նստավայրը։ Գտնվում է հին քաղաքի կենտրոնական մասում, Սուրբ Ստեփանոսի հրապարակում: Շտեֆանսդոմը մշակութային նշանակության կառույց է։ Գործող եկեղեցի է, ուր ամեն օր ժամերգություններ են տեղի ունենում. աշխատանքային օրերին՝ առավոտյան ժամը 7-ին, իսկ հանգստյան օրերին` առավոտյան ժամը 10-ին։ Պատարագները մատուցվում են բոլոր եկեղեցական տոներին. Սուրբ Ծնունդ, Զատիկ, Սուրբ Երրորդություն և այլն։ Այդ օրերին ավստրիացիները մի առանձնահատուկ գեղեցկությամբ են զարդարում եկեղեցին։ Տաճարի հարավային աշտարակը, որն ունի 137 մետր բարձրություն, համարվում է գոթական ճարտարապետական ոճի գլուխգործոց։ Տաճարի արևմտյան ճակատը (հսկայական դարպասներն ու երկու հեթանոսական աշտարակները) եվրոպական արվեստի գլուխգործոցներ են, որոնք գերակայել են Ավստրիայի ճարտարապետության մեջ սկսած 950 թվականից մինչև 1200 թվականը։ Առաջին կառույցը գտնվել է քաղաքի սահմաններից դուրս, և միայն 1137 թվականին է սկսել գործել որպես եկեղեցի։ 1147 թվականից տաճարը օծվել է որպես եռանավ ռոմանական բազիլիկ և կոչվել է Շտեֆանսդոմ` ի պատիվ սուրբ Ստեփանոսի։ Այդ մասին առաջին գրավոր հիշատակումն արվել է 1221 թվականին։ Այժմեական տեսքը ստացել է 1511 թվականին: Պատմության ընթացքում տաճարի հյուսիսային աշտարակի ձևափոխման բազում առաջարկներ են արվել, սակայն տաճարը մնացել է իր ասիմետրիկ ուրվագծով։ Այսօրվա Շտեֆանսդոմն ունի գրեթե շարունակություն...