Ապուչեխ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ապուչեխ (այլ կիրառումներ)
Ապուչեխ, Էպիչեխու (թուրք. Էպչաղա), գյուղ (գյուղաքաղաք) Փոքր Հայքում, գյուղ Արևմտյան Հայաստանում, Խարբերդի վիլայեթի Ակնի գավառակում, Ակն քաղաքի հարավարևելյան մատույցներում։ Գտնվում էր Ակն քաղաքից փոքր-ինչ հարավ-արևելք, Ապաուչեխ լեռան փեշերին, բարձրադիր վայրում։
Գյուղ | ||
---|---|---|
Ապուչեխ | ||
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
Վիլայեթ | Խարբերդի վիլայեթ | |
Գավառակ | Ակնի գավառակ | |
Այլ անվանումներ | Աբուչեխ, Ապաջուղա, Ապչեխ, Ապչուղա, Ապջուղա, Ապուշեյխ, Ապուչեղ, Ապուչուղա, Էբուչեխ, Էպիչեխու, Էպիչեխուս, Էպճաղա, Էպչաղա, Էպջաղա, Էպուչեխ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 1100 մարդ (XX դարասկիզբ) | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) | |
Տեղաբնականուն | ապուչեխցի | |
Ժամային գոտի | UTC+3 | |
|
Աշխարհագրություն
խմբագրելԳյուղն ունի գեղեցիկ դիրք, առատ ջուր և առողջարար օդ։
Պատմություն
խմբագրելՀիմնադրվել է XVI դարում Ապուղամր Արծկեցու և Բունիաթ Սեբաստացու նախաձեռնությամբ։ Ըստ ոմանց Ապուչեխի առաջին բնակիչները գաղթել են Անիից, իսկ մյուսների կարծիքով, ելնելով Ապջուղա անվան տարբերակից, ենթադրում են, որ այստեղ վերաբնակվել են Ջուղայից եկած անձինք։
Ապուչեխը տվել է 13 ամիրայական ընտանիքներ (Ճեզայիրլյան, Չերազյան, Ագատյան, Թամուրյան և այլն)։
Հայ բնակչության մեծ մասը զոհ գնաց 1915 թվականի Մեծ եղեռնին։
Բնակչություն
խմբագրել1800-1900-ական թվականներին ուներ 2000 բնակիչ, որի մեծամասնությունը՝ հայեր։ Ապուչեխցիները բարձրահասակ, ծավի աչքերով և շիկահեր մարդիկ էին և շատ էին տարբերվում Ակնի շրջանի մյուս գյուղերի բնակիչներից։ Տարբերվում էին նաև բարբառով։
Տնտեսություն
խմբագրելԲնակիչները զբաղվում էին այգեգործությամբ, տորոնի մշակությամբ (արտահանվում էր Փոքր Ասիայի բոլոր շուկաները), ջուլհակությամբ, կոշկակարությամբ, ատաղձագործությամբ։ Հռչակված էին Ապուչեխում պատրաստած կանացի գլխաշորերը, յազմաներն ու դիմացկուն կերպասները։
1880 թվականին Ապուչեխում կային 2 շուկա, 4 փուռ, 1 բաղնիք, մի քանի տասնյակ խանութներ և արհեստանոցներ։
Պատմամշակութային կառույցներ
խմբագրելԱպուչեխում էին գտնվում Վարագա Ս. Նշան եկեղեցին (XIV դ.), շրջակայքում՝ Ս. Սահակ, Ս. Հակոբ, Ս. Թորոս, Ս. Նշան, Ս. Մինաս եկեղեցիների և Ս. Աստվածածին մատուռի ավերակները։
Կրթություն
խմբագրելԱպուչեխում գործում էր Ս. Վարագա եկեղեցուն կից վարժարանը, որը 1883 թվականին ուներ 140 աշակերտ (90 տղա և 50 աղջիկ) և 4 ուսուցիչ։
Մշակույթ
խմբագրելXIX դարի վերջերին և XX դարի սկզբներին կային «Վարագա սանուց» և «Արշալույս երիտասարդաց» միաբանությունները, թատրոն և գրադարան։ Հրատարակվում էին «Մտրակ» թերթը։
Անվանի մարդիկ
խմբագրելԱպուչեխից էին[1]։
- Պողոս Արապյանը (1742-1835)՝ տպագրիչ ու տառեր ձուլող, որի սերնդակիցները հիմնել են Պոլսի տպարանը և հրատարակել են մոտ 100 անուն գիրք,
- Թորոս Ազատյանը՝ հասարակակն գործիչ,
- Սարգիս Ապուչեխցին (XVII-XVII դարեր)՝ բանաստեղծ։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 314-315
Աղբյուրներ
խմբագրել- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
- Քեչյան Ա., Ակն և ակնցիք, Փարիզ, 1952
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 518)։ |