Պոլյակովի տուն (Տագանրոգ)

առանձնատուն ՌԴ Ռոստովի մարզի Տագանրոգ քաղաքի պատմական կենտրոնում

Պոլյակովի տուն (ռուս.՝ Дом Я. С. Полякова), XIX դարի առաջին քառորդի առանձնատուն ՌԴ Ռոստովի մարզի Տագանրոգ քաղաքի պատմական կենտրոնում, որը գտնվում է Պետրովսկայա, 74 հասցեում։ Այդ փողոցի համակառույցը Պոլյակովի տան հետ մտնում է մշակութային ժառանգության տարածաշրջանային նշանակության օբյեկտների ցանկի մեջ[1]։

Պոլյակովի տուն
Տեսակպատմական շենք
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունՏագանրոգ
Ճարտարապետական ոճէկլեկտիզմ և էկլեկտիկ ճարտարապետություն
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ

Պատմություն խմբագրել

 
Յակով Պոլյակովը

1812 թվականի Հայրենական պատերազմի մասնակից Գեորգի Բենարդակին 1810-ական թվականների վերջում - 1820-ական թվականների սկզբում իր համար կառուցել է միհարկանի անկյունային առանձնատուն Վարացիևի նրբանցքի (այժմ` Լերմոնտովի) կողմից։ Առանձնատանը նրա ընտանիքը բնակվել է արդեն ծնողների մահից հետո, Սանկտ Պետերբուրգ տեղափոխվելուց առաջ։ Բենարդակիին պատկանող Պետրովսկայա փողոցի տունը և Ազովի ծովի ափին 5,5 հազար ռուբլի արժողությամբ կալվածքը 1874 թվականին գնեց խոշոր արդյունաբերող և հողատեր Յակով Սոլոմոնովիչ Պոլյակովը։ Տագանրոգում նա զբաղվում էր Դոնի Ռոստով-Տագանրոգ երկաթուղու կառուցմամբ, ֆինանսավորում էր երկաթուղային կայարանի շենքի շինարարությունը, Դոնի հողային բանկի հիմնադիրն էր և Սանկտ Պետերբուրգի-Ազովի ու Ազովի-Դոնի առևտրային բանկերի համահիմնադիրը։ Հրավիրելով պետերբուրգցի ճարտարապետների` նա մեծացրեց ձեռք բերած շենքը և այնտեղ հիմնեց Դոնի հողային բանկը։ Տան վերակառուցմանը մասնակցել է և Տագանրոգի շինարարական կոմիտեի անդամ Ե. Ալեյնիկովը։ Ավելի ուշ ավելացվել է կցակառույց, որն այս տունը կապել է հարևան տան հետ[2]։

1918 թվականին բանկն ազգայնացվել է, որից հետո Պոլյակովի տունը զբաղեցրել են վարչական տարբեր հիմնարկներ` գավառային գործադիր կոմիտեն, քաղգործկոմը, Լենինյան շրջգործկոմը, գերմանական օկուպացիայի տարիներին` քաղաքապետությունը։ 1989 թվականից շենքը որպես երկրորդ մասնաշենք ձևականորեն փոխանցվել է պատկերասրահին, բայց փաստացի այնտեղ տեղակայված է քաղաքի մանկական ստեղծագործության տունը[3]։

Ճարտարապետություն խմբագրել

Երկհարկանի առանձնատան ճարտարապետությունն ընդհանուր առմամբ էկլեկտիզմի ոճով է, բայց համատեղում է նաև կլասիցիզմի և բարոկկոյի հատկանիշներ։ Ճակատը համաչափ է, շենքի թևերի երկրորդ հարկի մեծ կամարաձև պատուհաններն առատորեն զարդարված են կրկնակի աղեղնաձև զարդաքիվերով, կորնթական օրդերի կիսասյուներով, ծեփվածքներով։ Հարկերը բաժանված են ցցուն գոտիով։ Երկրորդ հարկի ամբողջ երկայնքով անցնում է ուղղանկյուն օրդերային ատամնաշարով հոծ քիվ։ Առաջին հարկը երեսպատված է կոպտատաշ քարով։ Ճակատի կենտրոնական մասը զարդարված է որմնասյուներով[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «г.Таганрог (ОКН регионального значения). Часть 1». Официальный портал Правительства Ростовской области. Վերցված է 2017 թ․ փետրվարի 24-ին.
  2. «Дом 72». Исторический Таганрог. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 10-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 24-ին.
  3. 3,0 3,1 «Эклектика» (ռուսերեն). Rostov-Region. Վերցված է 2017 թ․ փետրվարի 24-ին.