Պնևմատիկ տրանսպորտ, տեղակայանքների և համակարգերի համախումբ, որոնք ծառայում են սորուն և հատիկավոր բեռները խողովակագծերով օդի կամ գազի օգնությամբ տեղափոխելու համար, արդյունաբերական տրանսպորտի տեսակ։ Պնևմատիկ տրանսպորտի տեղակայանքները լինում են ներծծիչ,մղիչ,համակցված։ Տրանսպորտի մյուս տեսակների համեմատությամբ ունի հետնյալ առավելությունները՝ տրանսպորտային համակարգերի հերմետիկություն, տարբեր արտադրական պայմաններին հարմարեցնելու, պնևմատեղակայանքների աշխատանքը ավտոմատացնելու հնարավորություն, պնևմատեղակայանքների օգտագործումը նյութի տեղափոխման ժամանակ չորացման, տաքացման և սառեցման համար, ցանկացած կոնֆիգուրացիայի խողովակաշարերի մոնտաժում։ Պնևմատիկ տրանսպորտի բոլոր տեսակների ընդհանուր թերություններն են էներգիայի համեմատաբար մեծ ծախսը և մետաղատարությունը։ Պնևմատիկ տրանսպորտի տեղակայանքները կիրառվում են բունկերնրրի բեռնման և բունկերներից նյութերի կարգավորված բաց թողման համար, պահեստներից դեպի արտադրամասեր և նյութերի միջարտադրամասային տեղափոխման, վագոնների, նավերի և ավտոմոբիլների բեռնաթափման և բեռնման, արտադրության մնացուկների հեռացման համար են։ Պնևմատրանսպորտային տեղակայանքների արտադրողականությունը ժամում մի քանի կիլոգրամից մինչև հարյուրավոր տոննա է, տեղափոխման հեռավորությունը՝ մի քանի կիլոմետր։ Պնևմատիկ տրանսպորտի համակարգերում կիրառվում են 70—1200 միլիմետր տրամագծով խողովակներ։ Բարձր ճնշման Պնևմատիկ տրանսպորտի տեղակայանքներում օդի կամ գազի ճնշումը մինչև 0,8 Մպա/մ² է, էներգիայի տեսակարար ծախսը՝ մինչև 5 կվտ ժամ։ Տարածում են ստանում բեռնարկղերի տեղափոխման պնևմախողովակաշարերը (2 մ տրամագծով խողովակներ են), որոնցով, օդի հավելյալ ճնշման ազդեցությամբ, 20—30 կմ/ժ արագությամբ տեղափոխվում են անիվների վրա դրված բեռնարկղերը։ Մշակվում են Պնևմատիկ տրանսպորտի համակարգերի նախագծեր՝ հատուկ խցերով ուղևորներ փոխադրելու համար։ ՀՍՍՀ ԳԱ օրգանական քիմիայի ինստիտուտում 1963 թ. Ա․ Մ․ Գասպարյանը, Ռ․ Ե․ Հակոբյանը, Ռ․Մ․ Միրզախանյանը, Յա․ Հ․ Ալմասյանը ստեղծել են Պնևմատիկ տրանսպորտի սկզբունքորեն նոր՝ նյութի «խիտ շերտով» տեղափոխման եղանակ, որը մեծ չափով նվազեցնում է էներգիայի ծախսերը, խողովակաշարերի մաշումը և շրջապատող օդի աղտոտումը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 342