Պետական պարտք
Պետական պարտք, երկրին (ներքին պարտք) և արտասահմանյան (արտաքին պարտք) քաղաքացիներին, ֆիրմաներին ու հաստատություններին պետության պարտքը: Պետական պարտքը պետության ֆինանսական գործունեության արդյունք է, որն իրականացվում է բյուջեի դեֆիցիտը ծածկելու համար: Բյուջեի դեֆիցիտն այն գումարն է, որով տվյալ տարում պետության կատարած ծախսերը գերազանցում են նրա եկամուտները: Մեկ այլ սահմանման համաձայն էլ, պետական պարտքը երկրի պետական բյուջեի բոլոր տարիների գումարային դեֆիցիտների և գումարային ավելցուկների տարբերությունն է[1]:
«Պետական պարտքի մասին» ՀՀ օրենքի մեջ ամրագրված է, որ ՀՀ պետական պարտքը ՀՀ անունից և ՀՀ կենտրոնական բանկի անունից, բացառությամբ ռեզիդենտների հանդեպ Կենտրոնական բանկի առկա պարտքային պարտավորությունների, ստանձված և որոշակի պահի դրությամբ առկա պարտքային պարտավորությունների համագումարն է[2]:
Պետական պարտքը դարձել է համընդհանուր մտահոգության առարկա թե՛ հարկատուների, թե՛ ներդրողների և թե՛ միջազգային կառույցների համար: Եթե 20-րդ դարում պետական պարտքի հետ կապված խնդիրներին բախվում էին զարգացող երկրները, ապա 21-րդ դարում պարտքային խնդիրներ ի հայտ եկան նաև ՏՀԶԿ անդամ երկրներում, և վարկանիշային ընկերություններն սկսեցին իջեցնել նաև ՏՀԶԿ և, անգամ, Մեծ յոթնյակի անդամ երկրների վարկանիշները[3]:
Պետական պարտքը կարող է նպաստել երկրի տնտեսության աճին, եթե ներգրավված միջոցներն արդյունավետ են օգտագործվում: Բացի այդ, պետական պարտքը կարող է խոչընդոտել տնտեսական աճին, եթե պարտքի սպասարկումն ու մարումը մեծ ֆինանսական միջոցներ են պահանջում, որոնք կարող էին օգտագործվել պետության առջև ծառացած այլ խնդիրները լուծելու համար[4]:
Պետական պարտքի չափն արտահայտվում է տվյալ պետության դրամական միավորով կամ համարժեք այլ տարադրամով: Տնտեսագիտական տեսանկյունից առավել նպատակահարմար է պետական պարտքն արտահայտել պետական պարտք-ՀՆԱ հարաբերակցությամբ:
Պետական պարտքի էությունԽմբագրել
Պետական պարտքը կառավարության պարտքի և Կենտրոնական բանկի պարտքի համագումարն է: Պետական պարտքի մարման և սպասարկման ենթակա գումարները վճարվում են ամբողջությամբ և ժամանակին: Եթե տվյալ տարվա պետական բյուջեով նախատեսված միջոցները չեն բավարարում, ապա պետական պարտքի մարման և սպասարկման ենթակա վճարումները կարող են իրականացվել առանց սահմանափակման՝ արտահայտելով այդ տարվա պետական բյուջեի կատարման մասին հաշվետվության մեջ: Պետական պարտքը տվյալ տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ չպետք է գերազանցի համապատասխան երկրի նախորդ տարվա համախառն ներքին արդյունքի որոշակի տոկոսը: Հայաստանի Հանրապետության պարագայում խոսքը ՀՆԱ-ի 60 %-ի մասին[5]: Եթե պետական պարտքը տվյալ տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ գերազանցում է նախորդ տարվա համախառն ներքին արդյունքի 50 %-ը, ապա հաջորդ տարվա բյուջեի դեֆիցիտը չպետք է գերազանցի ՀՆԱ-ի վերջին երեք տարիների ծավալների ցուցանիշի 3 %-ը[2]:
Պետական պարտքի առաջացման պատճառներԽմբագրել
Գոյություն ունեն մի շարք պատճառներ, որոնց արդյունքում երկարատև ժամանակ պետական բյուջեն կարող է դեֆիցիտով աշխատել: Հետևաբար, գոյանում և աճում է պետական պարտքը: Պետական պարտքի առաջացման տարբեր պատճառներ գոյություն ունեն.
- Պատերազմներ:Պատերազմական գործողությունների ժամանակ աճում են ռազմական ծախսերը: Այդ ծախսերը ֆինանսավորելու համար գոյություն ունեն երեք հիմնական տարբերակներ՝
- Մեծացնել հարկերը, որը կխաթարի աշխատելու մոտիվացիային,
- Փողի լրացուցիչ քանակի թողարկումը, որի արդյունքում տեղի կունենա գնաճ՝ ինֆլյացիա,
- Օգտագործել դեֆիցիտային ֆինանսավորում, որն իրականացվում է բնակչության պարտատոմսեր վաճառելով: Այս քայլին դիմել են գերմանացիները՝ երկրորդ համաշխարհային պատերազմից հետո:
- Տնտեսական անկումներ: Տնտեսական անկման ժամանակ, երբ ազգային եկամուտը կրճատվում է, հարկերը ևս ավտոմատ կերպով կրճատվում են և առաջանում է դեֆիցիտ: Օրինակ, ԱՄՆ պետական պարտքը մեծացավ Մեծ ճգնաժամի ընթացքում:
- Հարկերի կրճատում: Տնտեսության վերականգնման նպատակով հարկային օրենսդրության մեջ կարող են իրականացվել փոփոխություններ, որոնցով կրճատվեն ինչպես անձնական եկամուտները, այնպես էլ կորպորացիաների շահութահարկերը, որի հետևանքով առաջանում է բյուջեի դեֆիցիտ: Այսպիսի խնդրի առջև կանգնեց Միացյալ Նահանգները՝ 1981 թվականին «Հարկերի մասին» բիլի ընդունումից հետո:
- Քաղաքական կամքի բացակայություն: Բյուջեի դեֆիցիտը և պետական պարտքը նաև քաղաքական կամքի բացակայության արդյունք են, քանի որ պետական ծախսերի աճը և հարկերի կրճատումը նպաստում են ընտրողների քվեների ստացմանը[6]:
Պետական պարտքի մտացածին և իրական հետևանքներԽմբագրել
Մասնագիտական տնտեսագիտական գրականության մեջ առաջ են քաշում պետական պարտքի և տնտեսության վրա նրա ազդեցության մտացածին և իրական հետևանքները: Շատ հաճախ տնտեսագետներին հետաքրքրում է այն հարցը, թե կարող է արդյոք պետական խոշոր պարտքը հանգեցնել պետության սնանկացմանը: Ամերիկացի տնտեսագետները փաստում են, որ պետական խոշոր պարտքը չի կարող լինել միակ պատճառը, որի արդյունքում պետությունը կարող է սնանկ ճանաչվել[7]:
Պետական պարտքի մտացածին հետևանքներն են՝
- Վերաֆինանսավորում: Որևէ պատճառ գոյություն չունի պետական պարտքը կրճատելու կամ վերացնելու համար: Գործնականում, երբ պարտքի ինչ-որ մասի վճարման ժամկետը մոտենում է, պետությունը չի կրճատում իր ծախսերը և չի բարձրացնում հարկերը, որպեսզի մարի պարտատոմսերը: Պետությունը վերաֆինանսավորում է իր պարտքը, այսինքն նոր պարտատոմսեր է վաճառում և ստացված հասույթն օգտագործում է պարտատոմսերի դիմաց վճարելու համար:
- Հարկում: Պետությունը օրենսդրական կարգով իրավունք ունի բնակչությունից հարկ գանձելու: Ուստի պետության եկամտի աղբյուրներից մեկը համարվում է հարկումը և, ի տարբերություն, տնային տնտեսությունների և ֆիրմաների չի սնանկանում:
- Փողի ստեղծում: Պետությունը չի կարող սնանկանալ նաև այն պատճառով, որ իրավունք ունի փող թողարկել, որը կարելի է վճարել պարտքի դիմաց: Սակայն փողի ստեղծումը պարտք մարելու կամ պարտատոմսերի դիմաց տոկոսը վճարելու համար կարող է ունենալ ինֆլյացիոն էֆեկտ[8]:
Տնտեսագետ Ադոլֆ Վագները փորձել է հասկանալ, թե արդյոք պետական պարտքը կարող է գալիք սերնդի համար բեռ հանդիսանալ: Նա նշում է, որ նախ և առաջ պետք է պարզել ներքի՞ն, թե՞ արտաքին պարտքի հետ գործ ունենք: Պարտքի մեծ մասը ներքին պարտքն է: Պետական պարտատոմսերի մեծ մասը բաշխված է երկրի ներսում: Փաստորեն, պետական պարտքը միաժամանակ հասարակության ակտիվն է: Տվյալ երկրի քաղաքացիների հայեցողության տակ գտնվող պետական պարտատոմսերի մարումը գնողունակության ոչ մի արտահոսք չի առաջացնի երկրի տնտեսությունից[9]:
Սակայն չի էլ կարելի ժխտել, որ պետական պարտքը կարող է նաև լուրջ խնդիրներ առաջացնել տնտեսության համար: Պետական պարտքի իրական հետևանքներն են՝
- Եկամտի բաշխում: Պետական պարտատոմսերը անհավասարաչափ են բաշխվա սեփականատերերի միջև: Դրանց զգալի մասը կենտրոնացված է բնակչության առավել ունևոր խմբերի մոտ, իսկ մի մասն ընդհանրապես չունի: Քանի որ հարկային համակարգը բավարար չափով պրոգրեսիվ չէ, պետական պարտատոմսերի դիմաց տոկոսների վճարումն ավելի է մեծացնում եկամուտների անհավասարությունը: Եթե պետության նպատակը սոցիալական հավասարության հասնելն է, ապա նման վերաբաշխման էֆեկտը անցանկալի :
- Խթաններ: Պարտքի տոկոսների տարեկան վճարները պետք է կատարվեն հարկերից: Նման լրացուցիչ հարկերը կարող են մարել ձեռնարկատիրական ռիսկի դիմելու պատրաստակամությունը, տեխնոլոգիական, նորարական և այլ ներդրումներ կատարելու ցանկությունները: Արդյունքում, արգելքներ կառաջանան տնտեսական աճի համար:
- Արտաքին պարտք: Արտաքին պարտքը, այսինքն երկրի պարտքը արտասահմանյան քաղաքացիներին և ինստիտուտներին, երկրի համար խոշոր տնտեսական բեռ է: Պետական պարտքի այդ մասը տոկոսների և հիմնական մասի վճարը պահանջում է երկրի իրական արդյունքի փոխանցում այլ պետության:
- Ֆիսկալ քաղաքականության սահմանափակում: Խոշոր և աճող պետական պարտքը դժվարացնում է ֆիսկալ միջոցառումների իրականացումը, թուլացնում է նրա արդյունավետությունը:
- Դուրսմղման էֆեկտ և կապիտալի կուտակում: Պետությունը կարող է իր պարտքի իրական տնտեսական բեռը գցել ապագա սերնդի ուսերին, որովհետև պարտքի պատճառով ապագա սերունդն ավելի քիչ ներդրումային ապրանքներ կժառանգի: Այն կապված է դուրսմղման էֆեկտի հետ, քանի որ դեֆիցիտի ֆինանսավորումը մեծացնում է տոկոսադրույքը, հետևաբար կրճատվում են ներդրումները: Ապագա սերունդը փոքր արտադրական պոտենցիալով տնտեսություն է ժառանգում: Հետևաբար, այլ հավասար պայմանների դեպքում կենսամակարդակն ավելի ցածր կլինի,քան այլ դեպքերում: Օրինակ, տնտեսությոնը գործում է լրիվ զբաղվածության պայմաններում և պետական բյուջեն հավասարակշռված է: Պետությունն ինչ-որ պատճառով մեծացնում է իր ծախսերը: Լրիվ զբաղվածության պայմաններում արտադրական հնարավորությունների կորի մի առանցքի վրա վերցնենք պետական սեկտորի ապրանքները, մյուսի վրա՝ մասնավոր սեկտորի: Այդ պայմաններում պետական ծասերի մեծացումը տնտեսությունը կորի վրայով կտեղաշարժվի պետական սեկտորի ապրանքների առանցքի ուղղությամբ, որը նշանակում է մասնավոր սեկտորի ապրանքների արտադրության կրճատում, որտեղ արտադրվում են և սպառման, և ներդրումային ապրանքներ: Եթե պետական սեկտորում արտադրությունը մեծանում է սպառողական ապրանքների հաշվին, ապա ցածր կենսամակարդակի բեռը կընկնի ներկա սերնդի վրա: Եթե պետական սեկտորում արտադրությունը բերի ներդրումային ապրանքների արտադրության կրճատման, ապա ցածր կենսամակարդակի բեռը կընկնի ապագա սերնդի վրա[10]:
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Государственный долг РФ. Сущность и формы государственного долга.
- ↑ 2,0 2,1 «Legislation: National Assemly of RA»։ www.parliament.am։ Վերցված է 2018-04-11
- ↑ Время Настоящее։ «Коротко: что такое госдолг и почему о нем говорят»։ Настоящее Время (ռուսերեն)։ Վերցված է 2018-04-11
- ↑ Պետական պարտքի կառավարման վերաբերյալ վերջին տարիներին ընդունած քաղաքական որոշումները և դրանց հետևանքները (հետազոտություն):։ Երևան: Բաց Հասարակության Հիմնադրամներ-Հայաստան։ 2014։ էջ 3
- ↑ «Պետական պարտք | Ամփոփ Մեդիա»։ Ampop.am։ Վերցված է 2018-04-11
- ↑ (Счетная палата Австрийской Республики) Генеральный секретариат ИНТОСАИ – RECHNUNGSHOF (2015)։ Индикаторы долга։ Вена։ էջ 8
- ↑ «Государственный долг»։ www.ereport.ru (ռուսերեն)։ Վերցված է 2018-04-11
- ↑ «Government Debt and Deficits: The Concise Encyclopedia of Economics | Library of Economics and Liberty»։ www.econlib.org։ Վերցված է 2018-04-11
- ↑ «1. 1. Основные направления развития теории государственного долга»։ pravo.studio (անգլերեն)։ Վերցված է 2018-04-11
- ↑ «What Is the Public Debt?»։ The Balance (անգլերեն)։ Վերցված է 2018-04-11
Տես նաևԽմբագրել
Արտաքին հղումներԽմբագրել
Պետական պարտք Վիքիպահեստում |
- Государственный долг России
- Статистика государственного долга по данным Министерства финансов РФ
- The global debt clock
- The IMF Public Financial Management Blog
- OECD government debt statistics
- Japan's Central Government Debt
- Riksgäldskontoret – Swedish national debt office
- United States Treasury, Bureau of Public Debt – The Debt to the Penny and Who Holds It
- Slaying the Dragon of Debt, Regional Oral History Office, The Bancroft Library, University of California, Berkeley
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի՝ 2018 թվականի ապրիլի 22-ի օրվա հոդված: |