Հայաստանի պետական պարտք

Պետական պարտքը երկրի (ներքին պարտք) և արտասահմանում (արտաքին պարտք) քաղաքացիներին, ֆիրմաներին ու հաստատություններին (պետական արժեթղթերի տերերին) պետության պարտքն է։ 1993 թվականին Ռուսաստանին է փոխանցվել 1991 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ նախկին ԽՍՀՄ արտաքին պետական պարտքում և ակտիվներում Հայաստանի մասնաբաժիևը, որի արդյունքում անկախության ձեռքբերման պահին Հայաստանի արտաքին պետական պարտքը եղել է զրոյական։ Սակայն Հայաստանը ժառանգել է «Խնայբանկի» հայաստանյան ավանդատուների նկատմամբ պարտավորությունները և ճանաչել այն որպես Հայաստանի ներքին պետական պարտք։ Ներքին պարտքի կառուցվածքում են նաև պետական ու խնայող, պարտատոմսերը, ներգրավված վարկերը և այլն։ Հայաստանի արտաքին պետական պարտքը ձևավորվել է 1992 թվականից։ Առաջին վարկատուն ԵՄ-ն էր, հետագայում վարկեր են ներգրավվել Ռուսաստանից, Համաշխարհային բանկից (ՀԲ) և այլն։ Ներկայումս Հայաստանի արտաքին վարկատուների քանակը գերազանցում է մեկ տասնյակը, իսկ արտաքին պետական պարտքի կառուցվածքում իրենց վարկերի մասնաբաժիններով խոշորներն են ՀԲ-ն (մոտ 43 %), ՌԴն (20 %), Ասիական զարգացման բանկը, Արժույթի միջագգային հիմնադրամը, Ճապոնիան, Գերմանիան և այլն։ 2010 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ՝ Հայաստանի արտաքին պետական պարտքը մոտ 3,3 միլիարդ դոլար էր, որը ՀՆԱ-ի մոտ 39 %-ն էր։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png