Պետական շնորհ (նաև` նպատակային ֆինանսավորում, պարգևատրում), կազմակերպությանը ռեսուրսների փոխանցման տեսքով տրամադրվող օգնություն` որոշակի պայմանների դիմաց։ Պետական շնորհը նույնպես պետության կողմից ցուցաբերված օգնություն է, սակայն այն չի ներառում պետական օգնության այն ձևերը, որոնց հնարավոր չէ խելամտորեն որևէ արժեք վերագրել, ինչպես նաև պետության հետ գործարքները, որոնք հնարավոր չէ տարանջատել կազմակերպության սովորական առևտրային գործարքներից[1]։

Ճանաչում և չափում խմբագրել

Պետական շնորհները պետք է ճանաչվեն հետևյալ կերպ`

  • շնորհը, որը ստացողի համար չի սահմանում որոշակի ապագա պայմանների կատարում, ճանաչվում է եկամուտ, երբ շնորհի գծով մուտքերը ստացման ենթակա են.
  • շնորհը, որը ստացողի համար սահմանում է որոշակի ապագա պայմանների կատարում, ճանաչվում է եկամուտ` համապատասխան ծախսերի կատարմանը զուգընթաց.
  • ստացված շնորհները, մինչև եկամուտ ճանաչվելը, ճանաչվում են որպես պարտավորություն։

Շնորհները պետք է չափվեն ստացված կամ ստացվելիք ակտիվի իրական արժեքով։

Բացահայտումներ խմբագրել

Կազմակերպությունը պետական շնորհների վերաբերյալ պետք է բացահայտի հետևյալը`

  1. ֆինանսական հաշվետվություններում ճանաչված պետական շնորհների բնույթը և գումարները.
  2. որպես եկամուտ չճանաչված պետական շնորհներին կցված և չկատարված պայմանները և այլ պայմանականություններ.
  3. պետական օգնության այլ ձևեր, որոնցից կազմակերպությունն ուղղակիորեն օգտվել է։

«3-րդ» կետով պահանջվող բացահայտման նպատակով, պետական օգնությունը պետության կողմից իրականացվող միջոցառում է, որը նախատեսում է տնտեսական օգուտներ տրամադրել որոշակի կազմակերպության կամ կազմակերպությունների խմբի, որոնք բավարարում են որոշակի չափանիշներ։ Դրա օրինակները ներառում են` տեխնիկական կամ մարքեթինգային անվճար խորհրդատվություն, երաշխավորությունների տրամադրում և զրոյական կամ ցածր տոկոսադրույքով վարկեր։

Հաշվապահական ձևակերպումներ խմբագրել

  • Ակտիվներին վերաբերող շնորհների ստացում`
  1. Դեբետ համապատասխան հաշիվներ (օրինակ` 111, 113, 115 և այլն)
  2. Կրեդիտ 421 «Ակտիվներին վերաբերող շնորհներ»
  • Ակտիվներին վերաբերող շնորհներից հետաձգված եկամուտների վերագրումը հաշվետու ժամանակաշրջանի եկամուտներին`
  1. Դեբետ 421 «Ակտիվներին վերաբերող շնորհներ»
  2. Կրեդիտ 628 «Ակտիվներին վերաբերող շնորհներից եկամուտներ»
  • Ակտիվներին վերաբերող շնորհների վերադարձում.
  • չմարված (դեռևս եկամուտ չճանաչված) մնացորդի հաշվին`
  1. Դեբետ 421 «Ակտիվներին վերաբերող շնորհներ»
  2. Կրեդիտ համապատասխան հաշիվներ (օրինակ` 111, 113, 115 և այլն)
  • չմարված (դեռևս եկամուտ չճանաչված) մնացորդը գերազանցող մասով`
  1. Դեբետ 729 «Ոչ գործառնական այլ ծախսեր»
  2. Կրեդիտ 252 «Հաշվարկային հաշիվ»
  • Եկամուտներին վերաբերող շնորհների ստացում`
  1. Դեբետ համապատասխան հաշիվներ (օրինակ` 211, 213, 251, 252 և այլն)
  2. Կրեդիտ 541 «Եկամուտներին վերաբերող շնորհներ»
  • Եկամուտներին վերաբերող շնորհների վերագրումը հաշվետու ժամանակաշրջանի եկամուտներին`
  1. Դեբետ 541 «Եկամուտներին վերաբերող շնորհներ»
  2. Կրեդիտ 614 «Գործառնական այլ եկամուտներ» կամ
  3. Կրեդիտ 631 «Արտասովոր եկամուտներ»
  • Եկամուտներին վերաբերող շնորհների վերադարձում.
  • չմարված (դեռևս եկամուտ չճանաչված) մնացորդի հաշվին`
  1. Դեբետ 541 «Եկամուտներին վերաբերող շնորհներ»
  2. Կրեդիտ համապատասխան հաշիվներ (օրինակ` 211, 213, 251, 252 և այլն)
  • չմարված (դեռևս եկամուտ չճանաչված) մնացորդը գերազանցող մասով`
  1. Դեբետ 714 «Գործառնական այլ ծախսեր» կամ
  2. Դեբետ 729 «Ոչ գործառնական այլ ծախսեր»
  3. Կրեդիտ 252 «Հաշվարկային հաշիվ»

Օրինակ խմբագրել

  • Կազմակերպությունը ստացել է շտապ ֆինանսական օգնություն` 4.000.000 դրամ։

Ստացման պահին տրվում են հետևյալ հաշվապահական ձևակերպումները.

  1. Դտ 252 Հաշվարկային հաշիվ 4.000.000 դրամ
  2. Կտ 541 Ընթացիկ շնորհներ 4.000.000 դրամ

և

  1. Դտ 541 «Ընթացիկ շնորհներ» 4.000.000 դրամ
  2. Կտ 628 «Շնորհներից և անհատույց ստացումներից եկամուտներ» 4.000.000 դրամ

կամ

  1. Դտ 252 «Հաշվարկային հաշիվ» 4.000.000 դրամ
  2. Կտ 628 «Շնորհներից և անհատույց ստացումներից եկամուտներ» 4.000.000 դրամ

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Թաթուլ Մովսիսյան «Հաշվապահական հաշվառում» (2-րդ լրամշակված հրատարակություն)/-Եր., «ԹՄ Աուդիտ» ՓԲԸ, 2020, 552 էջ.