Պաֆոսի ամրոց (հուն․՝ Κάστρο της Πάφου), ամրոց Կիպրոսի Պաֆոս քաղաքի արևմտյան մասում։ Այն սկզբնապես եղել է բյուզանդական ամրոց՝ կառուցված նավահանգիստը պաշտպանելու նպատակով։ Այսօր այցելուները կարող են տեսնել վենետիկյան լրացումներով արևմտաֆրանկական աշտարակը, որը ըստ ամրոցի մուտքի վերևում գրված մակագրության՝ վերականգնվել է օսմանցիների կողմից 1592 թվականին[1]։ Մակագրությունն արված է սպիտակ մարմարե սալիկի վրա, որում նշված է, որ վերականգնման աշխատանքն իրականացվել է Կիպրոսի օսմանցի կառավարիչ Ահմեթ փաշայի (1589–1593) հրամանով[2]։

Պաֆոսի ամրոց
Տեսակդղյակ
Երկիր Կիպրոս
ՏեղագրությունՊաֆոս
ՀիմնադիրՀենրի Ա Լուսինյան
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

Քաղաքի գլխավոր ամրոցը գտնվել է Սարանտա Կոլոնեսում՝ մոտ 600 մետր արևմուտք, և ավերվել է 1222 թվականի երկրաշարժի հետևանքով[3]։ Բյուզանդական ամրոցն ավերվել է 1222 թվականի երկրաշարժի ժամանակ և վերակառուցվել ու ընդարձակվել է Լուսինյանների կողմից 13-րդ դարում։ Ամրոցը 1373 թվականին ընկել է ջենովացիների տիրապետության տակ, իսկ ավելի ուշ՝ վենետիկցիների[4]։ Վերջիններս, չցանկանալով, որ ամրոցը հայտնվի օսմանցիների ձեռքում (օսմանյան հնարավոր հարձակումը կանխատեսվել է), 1570 թվականին ավերել են այն[3][4]։ Օսմանցիները 1592 թվականին վերանորոգել են ամրոցը՝ հիմնվելով շինության բնօրինակի վրա, որը ամբողջությամբ չէր ավերվել ամուր շինարարության շնորհիվ։ Օսմանյան տիրապետության տակ ամրոցն ունեցել է 100 հոգանոց պահակախումբ և 12 թնդանոթ[5]։

1878 թվականին Կիպրոսի՝ բրիտանացիների տիրապետության տակ անցնելուց հետո ամրոցն այլևս ռազմական նպատակներով չի օգտագործվել և եղել է աղի պահեստ մինչև 1935 թվականը[1][3][6], երբ այն հռչակվել է որպես հնագույն հուշարձան՝ համաձայն Հնությունների մասին ակտի։ Այդ որոշումից ի վեր ամրոցը համարվում է Պաֆոս քաղաքի ամենաառանձնահատուկ տեսարժան վայրերից մեկը։ 1938-1939 թվականների ընթացքում ամրոցի պատերի մի շարք ճաքերը և ծովապատնեշը վերանորոգվել են։ Սակայն 1953 թվականին ամրոցը կրկին ավերվել է երկրաշարժի պատճառով. վերանորոգման աշխատանքներն ավարտվել են 1969 թվականին։ Այն նաև խոցվել է Թուրքիայի ռազմաօդային և ռազմածովային ուժերի կողմից 1974 թվականի հուլիսի 21-ին Պաֆոս նավահանգստի ռմբակոծության ժամանակ, սակայն լուրջ վնասներ չի կրել։ Վերջերս ամրոցը ծառայում է որպես սեպտեմբեր ամսին տեղի ունեցող Պաֆոսի բացօթյա մշակութային ամենամյա ֆեստիվալի անցկացման վայր։ Հնագիտական մի քանի պեղումներ են անցկացվել՝ ուսումնասիրելու ամրոցի անցյալը[7]։

Ամրոցի կառուցվածք խմբագրել

Ամրոցի՝ այսպես կոչված «Ջենովյան աշտարակները» կառուցել են Լուսինյանները։ Ամրոցը կազմված է երկու աշտարակներից, որոնց ավերակները գտնվում են ամրոցից 80 մետր արևելք՝ հենց նավահանգստի մուտքի մոտ և ծառայել են որպես լավագույն պաշտպանություն։ Չնայած այս աշտարակները գլխավոր ամրոցի օժանդակ կառույց են եղել, որևէ կապ չեն ունեցել իրար հետ և ամենայն հավանականությամբ առանձին ամրոցներ են համարվել։ Աշտարակներն իրենց անունը ստացել են 1373 թվականին Ջենովայի դեմ ճակատամարտում իրենց ունեցած կարևորության շնորհիվ. դրանք պաշտպանական կարևոր նշանակություն են ունեցել նավահանգստային քաղաքի համար՝ հաշվի առնելով այն փաստը, որ Ջենովան հիմնականում ռազմածովային ուժեր է ունեցել։ Այս աշտարակները նաև կարևոր նշանակություն են ունեցել 1426 թվականին մամլուքների դեմ մղած ճակատամարտում, որտեղ լուրջ վնաս են կրել և դրանից հետո չեն վերակառուցվել։ Աշտարակները ավերվել են 1491 թվականին տեղի ունեցած երկրաշարժի արդյունքում, սակայն ավերակները դեռևս տեսանելի են։ Ավելի ուշ ամրոցը հայտնվել է վենետիկցիների վերահսկողության ներքո, որոնք էլ վենետիկյան ոճով լրացումներ են կատարել։

Ամրոցի հիմնական մասը կազված է ուղղանկյուն մեծ աշտարակից (չափերը՝ 40 × 20 մ)՝ մեջտեղում փակ բակային տարածքով։ Առաջին հարկը բաղկացած է կենտրոնական սրահից և երկու կողմերում մեծ ու փոքր սենյակներից, որոնք օսմանյան տիրապետության շրջանում օգտագործվել են որպես բանտեր և բարաքներ։ Տանիքին փոքր քառակուսի աշտարակ է (չափերը՝ 15 × 10 մ)՝ երեք մեծ սենյակներով, որտեղ ապրել են ամրոցի պահակները[1]։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 «Paphos Castle». Cyprus Island (անգլերեն). 2017 թ․ մարտի 15. Վերցված է 2022 թ․ մարտի 27-ին.
  2. «Medieval castle of Pafos - A castle which was rebuilt several times during the diverse history of Cyprus». www.cyprusalive.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ մայիսի 7-ին.
  3. 3,0 3,1 3,2 «Paphos Castle». History Hit (բրիտանական անգլերեն). Վերցված է 2022 թ․ մարտի 27-ին.
  4. 4,0 4,1 «Paphos Castle». GEOMERID.COM (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022 թ․ մարտի 27-ին.
  5. «موقع اثار». موقع اثار (անգլերեն). Վերցված է 2022 թ․ մարտի 27-ին.
  6. «Pafos Medieval Castle in Cyprus». My Guide Cyprus (անգլերեն). Վերցված է 2022 թ․ մարտի 27-ին.
  7. Lysandrou, Vasiliki; Agapiou, Athos; և այլք: (2018). «Integrated Investigation of Built Heritage Monuments: The Case Study of Paphos Harbour Castle, Cyprus». Heritage. doi:10.3390/heritage1010001. {{cite journal}}: Explicit use of et al. in: |first2= (օգնություն)CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link)