Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյան
Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյան (մարտի 20, 1954, Սումգայիթ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի նախկին առաջնորդ, Արցախի հերոս[1]։
Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյան | |
---|---|
Ծնվել է | մարտի 20, 1954 (69 տարեկան) |
Ծննդավայր | Սումգայիթ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Կրթություն | Գևորգյան Հոգևոր Ճեմարան |
Մասնագիտություն | Eastern Orthodox priest |
Զբաղեցրած պաշտոններ | եպիսկոպոս և արքեպիսկոպոս |
Պարգևներ և մրցանակներ |
ԿենսագրությունԽմբագրել
Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը ծնվել է 1954 թվականին Խորհրդային Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում։ 1966 թվականին Մարտիրոսյանների ընտանիքը տեղափոխվել է Երևան։ 1971 թվականին ավարտել է Երևանի թիվ 122 ֆիզիկա-մաթեմատիկական թեքումով հատուկ դպրոցը։ 1971-1972 թվականներին սովորել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի (Երևանի Պետական Ճարտարագիտական Համալսարան) էլեկտրա-տեխնիկական բաժնում։ Այնուհետև տեղափոխվել է Երևանի Բրյուսովի անվան ռուսաց և օտար լեզուների մանկավարժական ինստիտուտ (այժմ՝ Երևանի պետական լեզվահասարակագիտական համալսարան), որն ավարտել է 1976 թվականին[2]։
Ինստիտուտն ավարտելուց հետո ռուսաց լեզու և գրականություն է դասավանդել Խորհրդային Հայաստանի Հոկտեմբերյանի շրջանի Եղեգնուտ գյուղում, այնուհետև զինծառայության է զորակոչվել սովետական բանակ։ 1978-1980 թվականներին աշխատել է Արդյունաբերության Նախարարությունում։ 1980 թվականին ընդունվել է Սուրբ Էջմիածնի հոգևոր ճեմարան, 1984 թվականին գերազանց առաջադիմությամբ ավարտել է այն։ 1983 թվականին ձեռնադրվել է սարկավագ։ 1985 թվականի սեպտեմբերի 8-ին ձեռնադրվել է կուսակրոն քահանա։ 1987 թվականին ստացել է Աստվածաբանության դոկտորի աստիճան։ 1987 թվականին նշանակվել է Ս. Հռիփսիմե վանքի վանահայր։ 1987 թվականի ապրիլ ամսին ստացել է Վարդապետի, իսկ 1988 թվականին՝ Ծայրագույն Վարդապետի աստիճան։ 1988 թվականի նոյեմբերին ձեռնադրվել է եպիսկոպոս։ 1989 թվականի մարտին Պարգև եպս. Մարտիրոսյանը նշանակվել է Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ։ 1999 թվականի մայիսի 29-ին ձեռամբ Նորին Սրբություն Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Պարգև Սրբազանին շնորհվել է արքության պատիվ։ 2021թ. հունվարի 21-ին ազատվել է Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդի պաշտոնից, և նշանակվել է հատուկ հանձարարություններով հայրապետական նվիրակ։
Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը 3 աշխատությունների և բազմաթիվ հոդվածների հեղինակ է։ Պարգև սրբազանը նաև հանդիսանում է Հայաստանի «Շոտոկան Կարատեի Ֆեդերացիայի» պատվավոր նախագահը[2]։
ՊարգևներԽմբագրել
- «Արցախի հերոս» «Ոսկե արծիվ» շքանշանի հանձնումով[1][2]
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» երկրորդ աստիճանի մեդալ[3], 2011, ՀՀ
- «Վաչագան Բարեպաշտ» մեդալ, ԼՂՀ
- «Գրիգոր Լուսավորիչ» շքանշան, ԼՂՀ
- ՀՀ Վարչապետի հուշամեդալ
- «Երախտագիտություն» մեդալ, ՀՀ ՊՆ
- «Մարշալ Բաղրամյան» մեդալ, ՀՀ ՊՆ
- «Անդրանիկ Օզանյան» մեդալ, ՀՀ ՊՆ
- «Գարեգին Նժդեհ» մեդալ, ՀՀ ՊՆ
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 «Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանին շնորհվել է «Արցախի հերոս» կոչումը»։ Մեդիամաքս։ 2014 թ․ սեպտեմբեր 29։ Վերցված է 2019 թ․ օգոստոսի 26
- ↑ 2,0 2,1 2,2 Տ. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյան
- ↑ Հայաստանի Հանրապետության շքանշաններով և մեդալներով պարգևատրելու մասին