Պարբերություն (երաժշտություն)

Պարբերություն (պարբերույթ), երաժշտության մեջ՝ մտքի բարձր կազմակերպված, հարաբերականորեն ինքնուրույն և ավարտված էքսպոզիցիոն շարադրանք։ Բաղկացած է երկու (կամ ավելի) խոշոր մասերից՝ նախադասություններից։ Երկու նախադասությունները կարող են ունենալ տարբեր թեմատիկ կազմ, սակայն գործնականում ավելի հաճախ հանդիպում են պարբերություններ, որտեղ 2 նախադասությունների սկզբնական տակտերը նույնն են։

Պարբերությունում հատվածների ներքին միասնությունը պարտադիր է, որն առաջանում է թեմատիկ, կառուցվածքային, այնպես էլ հարմոնիայի ոլորտներում։ Դասական երաժշտության մեջ լայնորեն կիրառվում են քառակուսի պարբերություններ՝ տակտային հետևյալ փոխհարաբերություններով՝ 8 (4 + 4), հազվադեպ՝ 4 (2 + 2) կամ 16 (8 + 8) և այլն։

Թեմատիկ նյութով նման նախադասություններ ունեցող պարբերությունները կոչվում են կրկնվող կառուցվածքով, որտեղ 2-րդ նախադասությունը առաջինի ճշգրիտ կամ որոշ փոփոխություններով կրկնությունն է, իսկ կադանսները տարբեր են։ Չկրկնվող կառուցվածքով պարբերությունում 2-րդ նախադասությունը, չնայած առաջինի հետ ունեցած որոշ ընդհանրություններին, տարբերվում է նրանից, իսկ որոշ դեպքերում նրա պատասխան կառուցվածքն է։

Ըստ տոնայնության՝ պարբերությունները լինում են միատոնայնական (կամ փակ) և մոդուլացվող (կամ բաց, առաջանում է նոր տոնայնություն), ըստ կառուցվածքի՝ պարզ և բարդ։ Պարզում նախադասությունների թիվը կարող է անցնել երկուսից, սակայն, բոլոր դեպքերում նրանց թերավարտվածությունն ամբողջանում է պարբերությունյան մեջ։

Գրականության մեջ սակավ հանդիպող բարդ պարբերությունները կազմված է 2 և ավելի նախադասություններից, որոնցից յուրաքանչյուրի ավարտվածությունը դրանց հաղորդում է պարբերությունյանը բնորոշ հատկանիշներ։ Նախադասությունները թե՛ թեմատիկ, թե՛ կառուցվածքային առումով միմյանց մոտ են, որոշ դեպքերում նույնիսկ 2-րդը 1-ինի տարբերակն է։

Պարբերության այն տեսակը, որը չի բաժանվում նախադասությունների, կոչվում է միավորյալ։

Պարբերության մեջ նախադասությունները միշտ չէ, որ կառուցվում են զույգ բաժանման սկզբունքով. հնարավոր է նաև, որ կազմված լինի կենտ տակտեր ընդգրկող 2 նախադասությունից։ Ոչ կանոնավոր պարբերության մեջ խախտումները վերաբերում են հատկապես 2-րդ նախադասության կառուցվածքին. նրա ծավալի փոքրացումով առաջանում է, այսպես կոչված, կրճատ պարբերություն։ Եթե 2-րդ նախադասության վերջում (պարբերության ավարտից հետո) կատարվում է ընդլայնում (2 կամ ավելի տակտերի սահմաններում), որն ամրապնդում է վերջին՝ լրիվ կադանսը, կոչվում է արտաքին ընդլայնում (կամ լրացում)։ Սեքվենցիաների, շեղումների և մոտիվների զարգացման շնորհիվ 2-րդ նախադասության մեջ կատարվող խոշորացումը կոչվում է ներքին։ Նման դեպքերում պարբերության արտաքին ծավալները մեծանալով՝ առաջացնում են ոչ քառակուսի կառուցվածքներ, որոնք կազմված են 9, 11 և այլ կենտ թվով տակտերից։

Պարբերությունը՝ որպես բաղկացուցիչ մաս, հիմնականում բնորոշ է խոշոր կտավի ստեղծագործություններին, սակայն հանդիպում է նաև ինքնուրույն ձևով (փոքր ձևի գործերում՝ պրելյուդ, պար, երգ և այլն)։

Վոկալ երաժշտության մեջ պարբերությունը հաճախ օգտագործում են, այսպես կոչված, քառյակային ձևում, որտեղ երաժշտական նյութն անընդհատ կրկնվում է նույնությամբ կամ որոշ տարբերակումներով, իսկ տեքստն ամեն անգամ փոխվում է։

Որպես երաժշտական մտքի կառուցվածքային տարր՝ արբերությունն առաջացել է ժողովրդական ստեղծագործության մեջ, որտեղ ցայսօր պահպանվում է հատվածների հարաբերության, տևականության և մեղեդիական նյութի կրկնման ու հանգավորման սկզբունքներով ավելի ազատ և բազմազան ձևերով։ Հայ գեղջկական երաժշտության մեջ պարբերությունը հաճախ ամբողջական երգն է՝ բաղկացած մի դեպքում՝ մեղեդիապես նման, սակայն տարբեր հանգավորվող նախադասությունների, այլ դեպքում՝ միանման հանգավորվող տարբեր նախադասությունների հաջորդականությունից։ Բնորոշ է անհավասարաչափությունը։ Աշուղական և հոգևոր մոնոդիկ երաժշտության մեջ հանդիպում են համեմատաբար բարդ կառուցվածքի բազմահատված պարբերություններ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։