Պատրիկ Հենրի Փիրս (անգլ.՝ Patrick Henry Pearse, իռլանդերեն՝ Pádraig Anraí Mac Piarais, նոյեմբերի 10, 1879(1879-11-10)[1][2][3][…], Դուբլին, Իռլանդիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - մայիսի 3, 1916(1916-05-03)[1][2][3], Դուբլին, Իռլանդիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4]), իռլանդացի ուսուցիչ, գրող, հեղափոխական և ազգային գործիչ։ 1916 թվականի իռլանդական ապստամբության առաջնորդներից մեկը։

Պատրիկ Փիրս
Patrick Pearse cph.3b15294.jpg
Ծնվել էնոյեմբերի 10, 1879(1879-11-10)[1][2][3][…]
ԾննդավայրԴուբլին, Իռլանդիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մահացել էմայիսի 3, 1916(1916-05-03)[1][2][3] (36 տարեկան)
Մահվան վայրԴուբլին, Իռլանդիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4]
ԳերեզմանArbour Hill Cemetery[5]
ՔաղաքացիությունFlag of the United Kingdom.svg Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
ԿրոնՀռոմի Կաթոլիկ եկեղեցի
ԿրթությունԻռլանդիայի թագավորական համալսարան
Մասնագիտությունբանաստեղծ, գրող, լրագրող, ռազմական գործիչ, քաղաքական գործիչ և բարիսթեր
Ծնողներհայր՝ Ջեյմս Փիրս, մայր՝ Մարգարեթ Փիրս
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԻռլանդական հանրապետական եղբայրություն և Conradh na Gaeilge?
Commons-logo.svg Patrick Pearse Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Պարտիկ Փիրսը ծնվել է Դուբլինում, 1879 թվականի նոյեմբերի 10-ին։ Հայրը՝ Ջեյմսը, ազգությամբ անգլիացի քարագործ և քանդակագործ էր Բիրմինգհեմից։ Մայրը՝ Մարգարտետը, իռլանդացի կաթոլիկ էր։ Ուներ կրտսեր եղբայր՝ Վիլյամ (Վիլի), և երկու քույր՝ Մարգարետ և Մերի։ Փիրսը մանկուց ոգևորվել է հայրենասիրական գաղափարներով և սիրահարվել իռլանդերենի և հայրենի մշակույթի վրա։ 1896 թվականին միացել է Գելական լիգային, որի նպատակն է պահպանել և զարգացնել իռլանդերենը։ 1903 թվականին դարձել է Գելական լիգայի պաշտոնաթերթի գլխավոր խմբագիրը։

Փիրսն իռլանդերեն, անգլերեն և ֆրանսերեն է ուսումնասիրել՝ երկու տարի մասնավորաբար, մեկ տարի՝ Դուբլինի համալսարանական քոլեջում։ 1900 թվականին Իռլանդիայի թագավորական համալսարանից ստացել է բակալավրի կոչում։ Զուգահեռաբար սովորել է իրավագիտություն, դասընթացներ լսելով Քինգս-Իննս իրավաբանական ինստիտուտում և Դուբլինի Թրինիտի (Երրորդություն) քոլեջում։ 1900 թվականին ստացել է փաստաբանի (բարիստեր) որակավորում, իսկ հաջորդ տարի ընդունվել է փաստաբանների կոլեգիա։

Փիրսը ձգտում էր կանխել իռլանդերենի մահը, այն համարելով իռլանդական ազգային ինքնության էական մի մաս։ Այս ուղղությամբ 1908 թվականին հիմնադրել է Սբ․ Էնդայի տղաների դպրոցը, որտեղ դասավանդումն արվում էր և իռլանդերեն, և անգլերեն։ Դպրոցը հաջող նախագիծ էր, բայց նրա կարիքները հոգալը Փիրսին մեծ ծախսերի և պարտքերի տակ դրեց։ 1914 թվականին ԱՄՆ է մեկնել դպրոցի համար դրամ հայթայթելու և հովանավորներ գտնելու նպատակով։

 
Իռլանդիայի Հանրապետության հռչակման մասին հայտարարությունը, որը կարդացել է Փիրսը 1916-ի իռլանդական ապստամբության սկզբում

1913 թվականի դեկտեմբերին Փիրսը մտել է «Իռլանդական հանրապետական եղբայրություն» գաղտնի ազգայնական կազմակերպության շարքերը և շատ չանցած դարձել դրա առաջատար անդամներից մեկը։ Մոտավորապես նուն ժամանակ միացել է «Իռլանդացի կամավորներ» զինված խմբավորմանը և 1914 թվականին դարձել սրա ռազմական կազմակերպման տնօրենը։ 1915 թվականին Իռլանդական հանրապետական եղբայրության ռազմական խորհուրդը սկսել է ապստամբություն պլանավորել՝ Իռլանդիայում բրիտանացիների տիրապետությունը տապալելու նպատակով։

1916 թվականի Զատկից քիչ առաջ Փիրսը հրաման արձակեց «Իռլանդացի կամավորների» բոլոր անդամներին «եռօրյա զորավարժություններ» սկսելու Զատկի կիրակի օրը, որը գաղտնի ազդանշան էր ապստամբությունն սկսելու համար։ Քանի որ Գերմանիայից սպասվող զենքերը չէին ստացվել, «Իռլանդացի կամավորների» շտաբի պետ Օուեն Մակնիլը հրապարակավ հակառակեց Փիրսի հրամանին, ինչի հետևանքով շատ ավելի քիչ կամավորներ ներկայացան ապստամբությանը մասնակցելու համար։

1916 թվականի ապրիլի 24-ին սկսվել է Զատկի ապստամբությունը։ Այդ նույն օրը Փիրսը կարդաց Իռլանդական Հանրապետության հռչակման մասին հայտարարությունը Դուբլինի գլխավոր փոստատան շենքի դիմաց, որը ապստամբներն օգտագործում էին իբրև շտաբակայան։ Փիրսը հռչակվեց նոր հանրապետության նախագահը։ Բրիտանական զորքերի հետ վեց օր տևած ծանր մարտերից հետո Փիրսը հանձնվելու հրաման է տվել ապստամբներին։

Փիրսը և ամպստամբության տասնչորս այլ առաջնորդներ, այդ թվում նրա եղբայր Վիլյամը, ռազմական դատարանի կողմից դատապարտվեցին մահապատժի։ 1916 թվականի մայիսի 3-ի առավոտյան Փիրսը գնդակահարվել է։

Պատրիկ Փիրսը համարվում է 1916-ի ապստամբության խորհրդանիշը և հաշվվում է Իռլանդիայի ազգային հերոսների շարքում։ Փիրսի անվամբ են կոչվել բազմաթիվ փողոցներ, այգիներ և կրթական հաստատություններ Իռլանդիայում։

Գրական գործունեությունԽմբագրել

Փիրսը գրել է պատմվածքներ և բանաստեղծություններ և՛ իռլանդերենով, և՛ անգլերենով։ Նրա ամենաճանաչված անգլերեն քերթվածքներն են «Մայրը» (The Mother), «Ըմբոստը» (The Rebel) և «Ճամփորդը» (The Wayfairer)։ Գրել է մի շարք այլաբանական պիեսներ իռլանդերենով, որոնց թվում են «Արքան» (The King), «Տերը» (The Master) և «Երգիչը» (The Singer)։ Նրա իռլանդերեն պատմվածքներից են «Թռչունների Օնինը» (Eoghainín na nÉan/Eoineen of the Birds), «Հիսուսիկը» (Íosagán/Little Jesus), «Գողը» (An Gadaí/The Thief), «Ուղիները» (Na Bóithre/The Roads) և «Ողբացող կինը» (An Bhean Chaointe/The Keening Woman), որոնք անգլերեն են թարգմանվել և հրատարակվել 1917 թվականին՝ «Պատրիկ Հ․ Փիրսի երկերի ժողովածու» երկում։ Թողել է նաև բազմաթիվ հոդվածներ քաղաքական և այլ թեմաներով. սրանցից են «Գալիք հեղափոխությունը» (The Coming Revolution), «Ուրվականներ» (Ghosts) և «Մարդասպանության մեքենան» (The Murder Machine)։ Համարվում է արդի իռլանդերեն գրականության խոշորագույն դեմքերից մեկը։

Անձնական կյանքԽմբագրել

Փիրսը, որը սպանվել է 36 տարեկան հասակում, ամուսնացած չի եղել և երեխաներ չուներ։ Նա բնավորությամբ ամաչկոտ և զուսպ էր, բայց եռանդուն իր գաղափարներով։ Որոշ ուսումնասիրողներ համարում են, որ Փիրսը տառապում էր Ասպերգերի համախտանիշից։ Ոմանք կարծում են, թե նա նույնասեռական էր կամ հակված էր պեդոֆիլիայի, սակայն սա բացասել են տարբեր ուսումնասիրողներ։ Փիրսը շեղակն էր ձախ կողմում, ինչի պատճառով գրեթե միշտ աջ կողմից է լուսանկարվել։

ԾանոթագրություններԽմբագրել

ԱղբյուրներԽմբագրել

  • Joost Augusteijn, Patrick Pearse: The Making of a Revolutionary, 2009.
  • Tim Pat Coogan, Michael Collins, Hutchinson, 1990.
  • Ruth Dudley Edwards, Patrick Pearse: the Triumph of Failure, London: Gollancz, 1977.
  • F.S.L. Lyons, Ireland Since the Famine. London: Collins/Fontana, 1973.
  • Dorothy Macardle, The Irish Republic. Corgi, 1968.
  • Arthur Mitchell & Pádraig Ó Snodaigh, Irish Political Documents 1916–1949. Dublin: Irish Academic Press, 1985
  • Seán Farrell Moran, Patrick Pearse and the Politics of Redemption: The Mind of the Easter Rising 1916, Washington, Catholic University Press, 1994
  • Seán Farrell Moran, "Patrick Pearse and the European Revolt against Reason," in The Journal of the History of Ideas, 50:4 (1989), 625–43
  • Seán Farrell Moran, "Patrick Pearse and Patriotic Soteriology: The Irish Republican Tradition and the Sanctification of Political Self-Immolation" in The Irish Terrorism Experience, ed. Yonah Alexander and Alan O'Day, 1991, 9–29
  • Brian Murphy, Patrick Pearse and the Lost Republican Ideal, Dublin, James Duffy, 1990.
  • Ruán O'Donnell, Patrick Pearse, Dublin: O'Brien Press, 2016
  • Mary Pearse, The Home Life of Pádraig Pearse. Cork: Mercier, 1971.
  • Patrick Pearse, Short Stories. Trans. Joseph Campbell. Ed. Anne Markey. Dublin: University College Dublin Press, 2009
  • Elaine Sisson, "Pearse's Patriots: The Cult of Boyhood at St. Enda's." Cork University Press, 2004, repr. 2005