Պատերազմների սերունդներ

1989 թվականին ամերիկացի փորձագետ Վիլյամ Լինդը, վերլուծելով ամերիկյան ծովային հետևակայինների առաջադրանքների էվոլյուցիան, առաջ քաշեց պատերազմների չորս սերնդի բաժանման մոդելը։ Առաջին սերնդի պատերազմները ըստ նրա բնութագրվում են որպես հարթափող հրազենի կիրառմամբ, ուղիղ կրակով ընթացող պատերազմեր։ Պատերազմների երկրորդ սերունդը բնութագրվում են որպես խրամատային պատերազմներ՝ հրետակոծություններով, գնդացիրներով, խրամուղիներով և դաշտային ամրաշինություններով։ Լինդը բլիցկրիգը վերագրեց երրորդ սերնդին, որի ժամանակ բանակը ձգտում է շրջապատել թշնամուն և կտրել նրան հաղորդակցությունից, զենքի հիմնական տեսակներն են տանկերն ու ինքնաթիռները։ Ըստ Լինդի չորրորդ սերնդի պատերազմը վարվում են ժամանակակից տեխնիկայով զինված զինվորների ոչ մեծ խմբերով՝ իրար հաջորդող առանձին գործողություններով։ Գրականության մեջ հանդիպում են նաև հինգերորդ և վեցերորդ սերունդների պատերազմների նկարագրություններ, սակայն այս տերմինների բովանդակությունը տարբեր հեղինակների մոտ տարբեր են։ Մեր միջավայրում ավելի շատ քննարկվում է ռուս տեսաբան, գեներալ-մայոր Վլադիմիր Սլիպչենկոյի բաժանման մոդելը։

Վլադիմիր Սլիպչենկոյի (ռուսական) մոդելը խմբագրել

Պատերազմների առաջին սերունդը ռուս տեսաբան, գեներալ-մայոր Վլադիմիր Սլիպչենկոյի բացատրում է որպես սառը զենքի պատերազմների ժամանակաշրջան, սակայն նպատակների մեջ նշում է, որ դա հակառակորդին ոչնչացնելու, կողոպտելու և ստրուկներ վերցնելու ժամանակաշրջանն էր։

Հեղինակը նույն տրամաբանությամբ երկրորդ սերունդը ևս համարել է մարտավարական, իսկ երրորդ սերունդը, որը կոչվում է ակոսավոր բազմալիցք հրազենի դարաշրջան, համարվել է օպերատիվ մարտավարական մասշտաբների պատերազմ։ Սա ավելի մեծ թյուրիմացություն է, քանզի բազմալիցք ու արագաձիգ հրազենը արդեն լայնորեն կիրառում ուներ ԱՀՊ-ի տարիներին, երբ մեկ ռազմագործողության ժամանակ միայն զոհերը կարող էին հասնել հարյուրավոր հազարների։ Հետագա սերունդներում ևս կան բազում խնդիրներ ու անհամապատասխանություններ, որոնք ավելի շատ դրսևորվում են դասական ռազմական գիտության կանոններին չհամապատասխանելու առումով։

 
Գավգամելայի ճակատամարտը (մ.թ.ա. 331 թվականի հոկտեմբերի 1), Յան Բրեյգել Ավագ, 1602

Հետաքրքիր է նաև այն պնդումը, թե մինչև միջուկային դարաշրջանի պատերազմներում խոցման հիմնական օբյեկտը եղել է ԶՈՒ-ն, առանց որի չեզոքացման հնարավոր չէր հաղթանակել։ Իսկ միջուկային սպառազինությունը տվեց այդ հնարավորությունը՝ մասնավորապես հնարավորություն ընձեռելով առանց բանակին հաղթելու հաղթել պետությանը։ Սա մեղմ ասած չի համապատասխանում իրականությանը՝ նկատառելով ԵՀՊ-ի օրինակը։ Դժվար է պնդել՝ Գերմանիան պարտվեց մարտի դաշտում, թե ամբողջ ռազմարդյունաբերական ներուժի ոչնչացումից կամ դրանց երկուսի միաժամանակյա ազդեցությունից։ Իսկ որ ամենակարևորն է, ոչ միջուկային սպառազինությամբ ԶՈՒ-ն և առանձին կամ համատեղ ենթակառուցվածքները ոչնչացնելով՝ հաղթանակ տեղի ունեցավ նաև Սառը պատերազմից հետո Իրաքում, Հարավսլավիայում և այլն։

Նշված մոդելը, չնայած մեծ հետաքրքրություն է առաջացնում ընթերցողի մոտ, սակայն ունի էական թերություն, որի մասին «Հայկական բանակ» ռազմագիտական հանդեսի 2016/2 համարում կա համապատասխան արձագանք։ Համաձայն Սլիպչենկոյի մոդելի՝ սերնդա-փոխության հիմքը կազմում են միայն խոցման միջոցները, ինչը միակողմանի և սխալ մոտեցում է։ Ճիշտ է, խոցման տեխնիկական միջոցների զարգացումը պատերազմի կարևորագույն գործոններից մեկն է, սակայն պատերազմն իր բնույթով ու ներքին կազմվածքով այնպիսի բարդ երևույթ է, որ միայն դրանով չի կարող բացատրվել։ Կրկին կարևորելով խոցման գործիքի դերն ու նշանակությունը, որն ազդում է նաև մարտավարության վրա՝ պետք է նշել, որ պատերազմը ավելի շատ ռազմավարական գործոնների ազդեցության հետևանք է, որտեղ ավելի շատ կարևոր են պետության կամ պատերազմող սուբյեկտների տնտեսական, քաղաքական, գիտական, կրթական և այլ հնարավորություններ։

Քանի որ հեղինակի նշած պայմանական միջուկային՝ 5-րդ սերնդի պատերազմները այդպես էլ տեղի չեն ունեցել, իսկ հետո ի հայտ են եկել ազդեցության այլ գործոններ, անգամ խոցման միջոցների տեսանկյունից այդ սերունդը ինքնաբերաբար դառնում է չիրականացված։ Խնդիրը այն է, որ Սլիպչենկոյի մատնանշած միջուկային գործոնը դիտարկվում էր միայն որպես խոցման միջոցի կիրառում, ինչը այդպես էլ պատերազմների սերունդի տեսքով տեղի չունեցավ և հավանաբար տեղի չի էլ ունենա։ Եթե նույնիսկ դա տեղի ունենա, ապա կստացվի, որ խախտվում է նրա մատնանշած սերնդափոխության աճման հերթականությունը։

Այսինքն՝ ըստ նրա՝ այսօր գոյություն ունեցող 6-րդ սերնդին փոխարինելու կգա 5-րդ սերունդը, ինչը անհասկանալի կդառնա։

Սա արդեն ոչ մի աղերս չունի իրականության հետ։ Չնայած Մակեդոնացին մեկ մայրցամաքից մյուսն էր անցել տարածք գրավելու և իր մշակույթը, ապրելակերպը տարածելու նպատակով, սակայն հարստությունն ու ստրուկները կազմեցին դրա մի բաղկացուցիչը։ Իսկ ամենազարմանալին այն է, որ առաջին սերունդը համարվում է զորամասերի և մարտավարական մակարդակի պատերազմ։ Սա ռազմագիտական ամենամեծ հակասությունն է այս բացատրության մեջ։ Պատերազմն ինքնին համարվում է ռազմավարական մակարդակի բախում, հետևաբար մարտավարական մակարդակի պատերազմ չի կարող լինել, իսկ Մակեդոնացու, հռոմեացիների, Հաննիբալի տասնյակ հազարանոց բանակները չեն կարող լինել մարտավարական մակարդակի։ Նույնիսկ ժամանակակից գիտության պահանջներով դրանք ավելի մեծ են, քան օպերատիվ մակարդակը։

Մինչև հրազենի ի հայտ գալը մարդկությանը հայտնի էին առնվազն մի շարք ճակատամարտեր ու ռազմագործողություններ, որտեղ երկու կողմից միասին մարտին մասնակցել են 200000-ից ավելի զորքեր։

Վիլյամ Լինդի (արևմտյան) մոդելը խմբագրել

 
Գետիսբուրգի ճակատամարտը Հուլիս 1–3, 1863

Արևմտյան սերնդափոխության մոդելի հեղինակներն են ամերիկացի տեսաբաններ Վ. Լինդը, Զ. Շմիդտը, Ջ. Սատտոնը, Գ. Վիլսոնը և Կ. Նայտինգեյլին։ Հեղինակների կողմից դեռ 1989 թ. առաջ է քաշվել չորրորդ սերնդի պատերազմներ եզրույթը և տրվել դրա բացատրությունը[1]։ Ըստ այս հեղինակների՝ առաջին սերնդի պատերազմը պետք է սկսել ֆրանսիական հեղափոխությունից, երրորդ սերունդը ավարտվել է ԵՀՊ-ով ու Սառը պատերազմում շարունակություն չի ունեցել, իսկ չորրորդ սերունդը պետք է գար միայն Սառը պատերազմի ավարտին։ Ամերիկյան հեղինակները պնդում էին, որ չորրորդ սերնդի պատերազմները կլինեն երկրի ամբողջ տարածքում՝ հանրության բոլոր շերտերի ներգրավմամբ։ Ցանկացած կենսատարածքում պատերազմը կվարեն փոքր մարտավարական խմբերը, որոնց կախվածությունը թիկունքից կլինի նվազագույն։ Այդ մարտավարական խմբերը կլինեն շատ շարժունակ, ուժերի կենտրոնացումը կլինի անգամ հակացուցված, պատերազմի և խաղաղության սահմանը կվերանա, մարտական գործողությունների նպատակը կլինի ոչ թե տարածքների գրավումը, այլ հանրության կազմաքանդումը։ Չեն լինի զինվորական և ոչ զինվորական միջավայրեր, կխառնվեն ռազմավարության ու մարտավարության սահմանները, հրամանատարների որոշումների կայացման համար կլինեն աննախադեպ շատ տեղեկություն և քիչ ժամանակ։

Դժվար չէ նկատել, որ սրանք հիմնականում վերաբերում են հենց անկանոն մարտական գործողություններին։ Կան կարծիքներ, որ հեղինակները մի փոքր ծայրահեղության մեջ են ընկել՝ նոր սերնդի պատերազմին տալով ընդհանրական նման բնութագրում, սակայն այս տեսության մեջ կան ռացիոնալ, կարևոր բաներ։

Սերուդնդների բաժանումը ըստ Արծրուն Հովհաննիսյանի խմբագրել

Ըստ Արծրուն Հովհաննիսյանի մարդու սոցիալ-տնտեսական զարգացման հիմնական, առևտրատնտեսական, քաղաքական, գիտական, կրթական ու մշակութային ոլորտներն են որոշիչ այս հարցում, այսինքն՝ ընդհանուր քաղաքակրթական ամբողջությունը։ Մարտավարական հարթության մեջ որոշիչ են մարդուն խոցելու հիմնական միջոցը և մարտական գործողությունների տարածական հնարավորությունները։ Պատերազմների սերունդները կապված են այդ ամենի արդյունք հանդիսացող տեխնիկական զարգացման հետ։ Նկատի ունենալով տարբեր գործոններ, պատերազմները հեղինակը բաժանել է մի քանի սերունդների, որոնք իրենց հերթին կարող են բաժանվել ենթափուլերի։ Հատկանիշներն ու առանձնահատկությունները գալով նախորդ սերնդից՝ հաջորդ սերնդում լիովին չեն մերժվում, այլ լրացվում են և հաստատվում։

Պատերազմների սերունդների և տեսակների փոխկապակցվածությունը
Պատերազմների սերունդները Պատերազմի տեսակները՝ ըստ բնույթի Մոդելը զարգացնող պետությունները Առանձնահատկությունները
Ջախջախում Հյուծում
1-ին սերունդ Միաժամանակ երկուսն էլ Հին արևելք Հիմնական զորատեսակների ծնունդ և սկզբնական զարգացում
Հունահռոմեական աշխարհ Գծային ուժեղ հետևակի առաջացում, պատերազմական ենթակառուցվածքների ստեղծում
Ասպետական Եվրոպա Ծանր հեծելազորի շեշտադրում
Մոնղոլական Արևելք Թեթև մասսայական հեծելազորի և արագության շեշտադրում, գործողությունների մասշտաբների մեծացում
2-րդ սերունդ Միաժամանակ երկուսում էլ Գերմանա-իսպանական ռազմական համակարգ Ուժեղ գծային հետևակի վերածնունդ, հրաձգային զենքերի ու հրետանու մասսայականացում
Ֆրանս-պրուսական ռազմական համակարգ Զորակոչային բանակի ստեղծում, կազմակարեպչական, կառուցվածքային, նյութատեխնիկական, մարտական պատրաստության համակարգում
3-րդ սերունդ Հիմնականում[2] - Ֆրանս-գերմանական Պատերազմի հարթությունների բաժանում, միլիոնանոց բանակներ, ռազմատեխնիկական հագեցում, ռազմաճակատների ձևավորում և այլն
4-րդ սերունդ Սկզբնական փուլ Հիմնականում[3] Գերմանա-ամերիկյան-խորհրդային Տեխնոլոգիապես հագեցած բոլոր զորատեսակների միասնական ու արագ գործողություններ ռազմական գործողությունների բոլոր հարթություններում և խորություններում
5-րդ սերունդ Հիմնականում - Ամերիկյան Օդային հարձակման և գերճշգրիտ հարվածային միջոցների գերակայություն, թվային տեխնոլոգիաներ, ցանցային կառավարման համակարգ
6-րդ սերունդ Սկզբնական փուլ Անորոշ[4] Ամերիկյան Ապակենտրոնացված կառավարում ու անկանոն ուժերի կիրառություն, ճկուն ու անկանխատեսելի մարտավարություն լոգիստիկ հանգուցակետերի շուրջ

Առաջին սերնդի պատերազմներ խմբագրել

Պատերազմի առաջին սերունդն ընդգրկում է մինչ ֆեոդալիզմի ու ֆեոդալիզմի ժամանակաշրջանը ներառյալ։ Այլ կերպ ասած՝ այս սերնդին բնորոշ է սառը զենքի գերակշիռ կիրառությունը՝ հեռամարտի, մերձամարտի և պաշտպանական միջոցների։ Օրինակ՝ նետ ու աղեղի, մարտակառքերի և հեծյալ զորքի լայն կիրառությունը բնականաբար մեծ փոփոխություն բերեց ռազմական գործում՝ պայմանավորելով ենթասերունդների առաջացումը սերնդի ներսում[5]։ Առաջին սերնդի պատերազմներում ենթակառուցվածքների խնդիրը դեռ այնքան էլ սրված չէր, քանի որ պատերազմներն ընթանում էին հարևան երկրների ու տարածաշրջանների միջև, իսկ հեռավոր արշավանքները հազվադեպ էին։ Անմիջական հարևան, սահմանակից պետական միավորներից դուրս գրեթե հարաբերություններ չկային[6]։ Սոցիալ-տնտեսական կացութաձևի հետ կապված էին ինչպես զորքերի համալրումը, բանակների կազմավորումը, այնպես էլ մատակարարման կազմակերպումը և այլ հարցեր։

Երկրորդ սերնդի պատերազմներ խմբագրել

 
Յան Սոբեսկին Վիեննայի պարիսպների մոտ (հեղինակ՝ Յուլիուշա Կոսակա)

Երկրորդ սերունդը դեռևս պայմանավորված է ոչ արդյունաբերական քաղաքակրթությամբ, որի շարժիչ ուժն էր հողագործ և անազատ մարդը։ Սակայն պետք է նշել, որ հակամարտության աշխարհագրությունը մեծացավ՝ ընդգրկելով արդեն մայրցամաքներ։ Այս սերնդում ի հայտ եկան վառոդն ու հրազենը, որոնք լիովին փոխեցին խոցման հեռահարությունը և մասշտաբները։ Այս սերնդում ևս բնականաբար առկա են ենթափուլերը, օրինակ՝ առաջին հրազենը և ակոսավոր, բազմալիցք հրացանները բոլորովին այլ հնարավորություն ունեին։ 19-20-րդ դարի անցման ժամանակ հրազենի զարգացումն զգալի ազդեցություն ունեցավ մարտարվեստի վրա, սակայն համարում ենք, որ դա, այնուհանդերձ, ընդամենը միայն երկրորդ սերնդի պատերազմների զարգացումն էր։ Պատերազմների ընդգրկած տարածքների չափերը, արդյունքները և զոհերը գրեթե չեն փոխվել կամ փոփոխվել են դանդաղ։ Առաջին երկու սերունդների ժամանակ ևս մարտի դաշտում հիմնական հարվածը հասցվում էր կենդանի ուժով։ Օպերատիվ արվեստը նոր-նոր էր ծնվում։ Մոլտկեն կարողացավ նույն նպատակի համար գործող բանակը բաժանել զորախմբերի՝ միմյանցից հեռացնելով դրանց մեծ ճակատի վրա։ Սրանք հիմնականում մեկօրյա ճակատամարտեր և մեկ թատերաբեմի պատերազմներ էին։ Այս երկու սերունդները տևել են մի քանի հազարամյակներ։

Երրորդ սերնդի պատերազմներ խմբագրել

 
Ֆրանսիական 87-րդ գունդը Վերդենի մոտակայքում, 1916

Երրորդ սերնդի պատերազմները արգասիքն էին երկրագնդի առաջավոր հասարակության բուրժուակապիտալիստական փուլի։ Սրանք ինդուստրիալ դարաշրջանի պատերազմներն են։ Քանի որ աշխարհը մեծացել էր, պատերազմներն ունենում էին ավելի բարձր աստիճան, որն ուներ մինչպատերազմական, պատերազմական և հետպատերազմական փուլեր (խոսքը ռազմաքաղաքական հակամարտության մասին է)։ Դրանով պայմանավորված՝ ձևավորվում էին ռազմաքաղաքական դաշինքներ։ Նապոլեոնյան դարաշրջանը, որն իրեն բնորոշ հատկանիշներով արդեն իսկ ուներ հաջորդ սերնդին բնորոշ տարրեր, աչքի ընկավ համաշխարհային մակարդակի բախման ծավալով, պատերազմաշրջանների և ճակատամարտերի ծավալների մեծացմամբ, զոհերի քանակով։ Ռազմագիտական առումով հստակեցվում էր հարված-մարտ-ռազմագործողություն-ճակատամարտ-պատերազմաշրջան-պատերազմ-հակամարտություն շղթան[7]։ Տնտեսական ու գիտական զարգացումները ծնել էին ներքին այրման շարժիչները, ավտոմատ հրազենը և այլն։ Կազմակերպված ու հրետանային խիտ կրակի ազդեցության ներքո զարգացած պատերազմներն են, որոնք իրենց ծավալներով լրիվ այլ մակարդակի էին։ Դրանք համաշխարհային պատերազմներն էին, որոնք նույն գործոնների շնորհիվ պատերազմի տարածքն ընդլայնեցին աննախադեպ չափերի, դրանք միլիոնանոց բանակների պատերազմներն են։ Զոհերի թիվը ևս հասավ միլիոնների։ Վերացավ «թիկունք» հասկացությունը։ Նույնիսկ հարվածները հասցվում էին նույն հզորությամբ ինչպես առաջնագծին, այնպես էլ մարտավարական ու օպերատիվ խորությամբ։ Աննախադեպ մեծացան զորքերի զորաշարժերի ծավալներն ու արագությունը։ Սակայն այժմ հրազենի հարվածը առաջին անգամ լիովին փոխարինեց ֆիզիկական ուժով հասցված հարվածին, իսկ մարտերն էլ մեկ օր ու մեկ գիշերից սկսեցին երկարել, ստացան անընդհատ տեսք[8]։ Նապոլեոնյան դարաշրջանի պատերազմների ռազմատեսական ձեռբերումները նույն այս ժամանակ զարգացան գերմանական ռազմատեսական մտքի կողմից[9]։ Ի հայտ եկան շտաբային կառավարումը, օպերատիվ արվեստն իր հիմնական տեսքով, ռազմական ակադեմիաները, կանոնավոր ռազմական կրթությունը և այլն։

 
Աֆրիկյան կորպուսի գերմանական տանկերը շերժվում են Հյուիսային Աֆրիկայի անապատով, 1941 թվական:

Ռազմարվեստում հստակ ձևավորվեց համազորային մարտը, պատերազմների թատերաբեմերը ավելացան, իսկ հաղորդակցության ուղիները ձգվեցին գրեթե ամբողջ մոլորակով։ Օպերատիվ արվեստը տվեց հաջորդական և միաժամանակյա ռազմագործողությունների իրականացման կանոնները։ Համաշխարհային պատերազմները հնարավոր ու անհրաժեշտ դարձան ազատ մարդու, պետական իշխանություն ձևավորող քաղաքացու, նոր սոցիալ-տնտեսական միջավայր համարվող արդյունաբերության, առևտրի ծավալների, գիտատեխնիկական ընդհանուր զարգացումների և մասշտաբների աննախադեպ աճի, արագ զարգացող երկրների ավելացման, ռեսուրսների շնորհիվ և այլն։ Հսկայական մարդկային ու նյութական միջոցների ներգրավման շնորհիվ համազորային ռազմագործողությունների տևողությունը երկարեց օրերից մինչև ամիսներ, դրանք դարձան գրեթե անդադար ամբողջ տևողության ընթացքում։ Դրանց, իհարկե, նաև հարկավոր է ավելացնել «համաժողովրդական բանակ» հասկացությունը` նախամիլիոնանոց բանակները։ Այսինքն՝ քաղաքական այս զարգացումները թելադրեցին նոր պատերազմների բնույթը[10]։ Զուտ ռազմական առումով սա Նապոլեոնյան ռազմական դպրոցի և դրա ազդեցության ներքո փոթորիկի նման ասպարեզ իջած գերմանական ռազմական դպրոցի դարաշրջաններն են։ Ամեն մի սերնդի պատերազմ ավարտվում է սեփական դրական հատկանիշների բյուրեղացմամբ, բայց միաժամանակ դրանում նաև ի հայտ են գալիս գալիք սերնդի հիմնական հատկանիշներն ու միջոցները։ Օրինակ՝ Նապոլեոնը երրորդ սերնդին տվեց համաժողովրդական բանակը, օպերացիայի իրականացման ծավալները, կենտրոնացված հրետանային կրակը և այլ գործոններ, սակայն վարելով արագ ու ջախջախող մարտեր՝ կորսիկացու բանակը չէր կարողանում այնքան արագ խուսանավել, ինչպես հետո դա անում էին գերմանացիները։ Երրորդ սերնդի պատերազմներն իրենց սերնդային առանձնահատկությամբ հասան գագաթնակետին Երկրորդ աշխարհամարտի ժամանակ, սակայն դրսևորումների առումով շարունակվում են մինչ այսօր։ Երրորդ սերնդի պատերազմներում հատկապես կարևորվեց տեղեկատվական ու քարոզչական գործոնը՝ պայմանավորված այն հանգամանքով, որ պատերազմի թիրախ էին հանդիսանում անձինք, որոնք ի վիճակի էին ձևավորելու պատերազմող ուժի քաղաքական իշխանություն[11]։ Այն թռուցիկներից անցավ ռադիոյով և հասավ հեռուստատեսությամբ[12] տարածմանը։

Չորրորդ սերնդի պատերազմներ խմբագրել

 
UH-1D ուղղաթիռները օդ են բարձացնում ԱՄՆ հետևակային գնդի մարտիկներին, 1966

Երկրորդ համաշխարհային պատերազմի վերջում, ինչպես եղավ նախորդ սերունդների պարագայում, դրական առումով բյուրեղացան իր սերնդի հատկանիշները, բայց նաև ի հայտ եկան չորրորդ սերնդի պատերազմներին բնորոշ հիմնական գործոնները՝ միջուկային էներգիան (ինչպես զենք, այնպես էլ շարժիչ) և ռեակտիվ շարժիչը, ռադիոէլեկտրոնային համակարգերը, կառավարման էլեկտրոնային լոկալ համակարգերը։ Չորրորդ սերնդի պատերազմներում արդեն առկա են սեփական կանոնները՝ փոքր մասշտաբների, սակայն սրընթաց պատերազմներ[13], որտեղ նախորդ սերնդում վճռորոշ դեր ունեցող մասնավորապես զրահատանկային զորքերն ու մեծաքանակ հրետանին աստիճանաբար սկսեցին զիջել իրենց դիրքերը, չնայած ինժեներական կառույցների դերը շարունակեց բարձր մնալ։ Ռեակտիվ և ատոմային գործոնը դուրս մղեցին հին գործոնները, իսկ պատերազմների տարածքներն էլ հասցրին ոչ միայն ծովերի խորքը, որի առաջին փորձը կատարեց դեռ պատերազմների երրորդ սերունդը, այլև թատերաբեմի ամբողջ խորություն և տիեզերք։ Այսպիսով՝ թատերաբեմերը և հաղորդակցության ուղիները ավելի մեծացան, իսկ նախորդ սերնդի հիմնական հարվածային ուժ հանդիսացող հրասայլերին կանգնեցրին օդից ու գետնից արձակվող հրթիռները, որոնք դրանից զատ խոցում էին հակառակորդի ամբողջ տարածքի վրա եղած ցանկացած թիրախ։ Ռազմական տեսանկյունից սա ամերիկյան ռազմական դպրոցի դարաշրջանն էր, որը հետզհետե հետ էր մղում գերմանական դպրոցին՝ վերցնելով լավագույն ձեռքբերումները։ Այս սերնդի տնտեսական հիմքը արդեն գլոբալ արդյունաբերական ու փոխկապակցված աշխարհն էր։ Թույլ զարգացած տարածաշրջաններում տեղային պատերազմները կարող էին երկար ու արյունալի լինել։ Դրանք ենթադրում էին մեծ զոհեր ու ավերածություններ, սակայն արագություն, քանզի տնտեսվարման այդ համակարգում երկար անկայունությունը անթույլատրելի էր աշխարհի զարգացած կամ զարգացող տարածաշրջաններում[14]։ Միջուկային զենքն ու էներգիան առհասարակ այս սերնդի հիմնական գործոններից էին, սակայն այդպես էլ չկիրառվեցին՝ ռազմարվեստի վրա ունենալով միայն անուղղակի ազդեցություն։ Տեղեկատվական գործոնի տեսանկյունից սա հեռուստատեսության դարաշրջանն էր, որտեղ ամերիկյան բանակը պարտվեց Վիետնամում այդ ազդեցության պատճառով և նաև այն բանի համար, որ ռազմական միտքը, չափազանց շատ տարվելով հատկապես միջուկային զենքով՝ երկրորդ պլան էր մղել տեղեկատվական գործոնը[15]։

Հինգերերդ սերնդի պատերազմներ խմբագրել

 
F-35 «Կայծակ II», հինգերորդ սերնդի քիչ նկատելի բազմաֆունկցիոնալ կործանիչ-ռմբակոծիչ

Չորրորդ սերնդի պատերազմներում էլ հասունացան հինգերորդ սերնդի պատերազմի գաղափարն ու անհրաժեշտությունը։ Այս սերունդը տիեզերական և համակարգչային տեխնոլոգիաների դարաշրջանի տնտեսության ու սոցիալ-քաղաքական գործընթացների հետևանքն էր, որի հիմնական գործոնները ավտոմատ կառավարման համակարգերն էին և գերճշգրիտ սպառազինությունը։ Դրանք քաղաքական, տնտեսական ու սոցիալական նոր զարգացումների հետ միասին ապահովեցին նոր հաղթանակներ։ Այս սերնդում բանակները կրկին փորձեցին հրաժարվել մեծ մոբիլիզացիոն գործողություններից՝ փորձելով օպերատիվ և ավելի փոքր խմբավորումները մարտի մեջ մտցնել առանց մեծ նախապատրաստությունների[16]։ Պատերազմների թատերաբեմերի ու հաղորդակցության ուղիների հարցը վերջնականորեն հասավ իր գագաթնակետին։ Այս սերնդում վերջնականորեն հաստատվեց ցանկացած հարթության մեջ, աշխարհի ցանկացած կետում անհրաժեշտ ուժերի կուտակման խնդրի կարևորությունը[17]։ Հինգերորդ սերնդի պատերազմները հանգեցրին նրան, որ բանակները հրաժարվեցին դասական դարձած համազորային մարտից, ավելի շատ կիրառվում էր էլեկտրակրակային մարտը[18], գրեթե անհետացան խրամատներն ու ինժեներական կառույցները։ Սա կրկին քանակը որակին ստորադասելու հաստատումն էր։ Տեղեկատվական ազդեցությունը դարձավ որոշիչ։ Ավելի հաճախ սկսեցին երևալ անկանոն մարտական գործողությունները, որոնք հաջորդ սերնդի պատերազմներում ավելի հաճախակի դարձան։ Դրանք այն մարտական խմբերն են, որոնք փոքր են, մոբիլ ու լավ զինված, վարում են այնպիսի մարտեր, որտեղ չկա ղեկավարման ուղղահայաց կախվածություն ենթակառույցներից։ Այս դարաշրջանը արդեն հստակ ամրագրված ամերիկյան ռազմական դպրոցինն էր։ Սրանք թվանշային ու տեղեկատվական արդյունաբերության դարաշրջանի պատերազմներն էին։ Սա համակարգիչներով տեղեկատվությունը փոխանակելու ժամանակն էր։

Վեցերորդ սերնդի պատերազմներ խմբագրել

 
The Sea Hunter, ԱՄՆ ինքնավար ռազմանավ, 2016

Այս պատերազմների մեջ էլ ի հայտ են գալիս նոր՝ վեցերորդ սերնդի պատերազմի հիմնական առանձնահատկությունները։ Այս սերունդը թվային, սպիտակ օձիքավորների, այսինքն՝ անհատականությունների[19], արհեստական բանականության, մեգակորպորացիաների տնտեսության և լայն կոմունիկացիոն ցանցերով աշխարհի արգասիքն էր։ Վեցերորդ սերնդի պատերազմի նախապայմանային առանձնահատկությունները ձևավորվեցին դեռ 50-ականներից անգլիացի տեսաբան Լ. Հարթի առաջ քաշած անուղղակի գործողությունների ռազմավարության տեսությամբ։ Այն ըստ էության ռազմավարության մակարդակում այն էր, ինչ մենք վերը նկարագրեցինք Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի դեպքում՝ աշխարհաքաղաքական գործընթացներում։ Տեսության ի հայտ գալուց հետո այն նաև իր ավելի լայն կիրառությունը գտավ օպերատիվ և մարտավարական մակարդակներում։ Տեսության համաձայն՝ ռազմավարական մակարդակում սա անարյուն պատերազմների, փափուկ ուժով դիմադրությունները կազմաքանդելու կամ անարյուն հյուծման ռազմավարության դրսևորումներն են, օպերատիվ և մարտավարական մակարդակում ոչ ճակատային հարվածներն են շրջանցող, շեղող գործողություններով։ Արևմտյան ռազմական ու ռազմաքաղաքական մեքենան հետզհետե ավելի շատ է առաջնորդվում այս մոտեցումներով։ Անուղղակի գործողությունները նոր սերնդի պատերազմներում ավելի կիրառելի կլինեն նաև տեխնիկական նոր հնարավորությունների շնորհիվ։ Վեցերորդ սերնդի պատերազմը ինքնակատարելագործվող, սակայն սոցիալապես մեգաընկերություններից խիստ կախված մարդու պատերազմն է։ Այն մարդու, որը այդ պատերազմին մասնակցում է նախ՝ ավելի շատ իր ուղեղով, իր կենցաղով, պետական իշխանությունը ձևավորելու իր իրավունքներով և հետո միայն՝ ըստ անհրաժեշտության իր անմիջական ռազմական գործողություններով։

Կլաուզևիցն ասում էր. «Պատերազմը բռնի գործողություն է, որի նպատակը հակառակորդին քո կամքին ենթարկեցնելն է»։

Հենց այս տրամաբանությամբ էլ, եթե պատերազմների վերջնական նպատակը հակառակորդին քո կամքին ենթարկեցնելն է կամ այլ նպատակները դրանով կարելի է փոխարինել, ապա դա ցանկալի է և խրախուսելի է անել առանց բռնության՝ նրանց կամքի վրա ազդեցությամբ։ Սակայն դա տեղի կունենա ոչ թե այն պատճառով, որ մարդկությունը ավելի զարգացած է դառնում, այլ այդպես ավելի հարմար է ժամանակակից զարգացումների տեսանկյունից։ Այսինքն՝ նոր պատերազմների թատերաբեմը կարող է լինել առաջին հերթին ոչ թե մոլորակի այս կամ այն տարածքը, այլ մարդու ներաշխարհը։ Մարտադաշտը կդառնա այսպես կոչված մարտական տարածություն՝ ներառելով մեզ հայտնի ու անհայտ հարթությունները՝ ներառյալ հոգեբանական, վիրտուալ և տիեզերական հարթությունները։ Տնտեսական արագ զարգացումը, մեգաընկերությունների շահերը, կյանքի հարմարությունների և տեխնիկական միջոցների արագ փոփոխությունը հանգեցրել են նրան, որ մարդկության զգալի մասը չի ցանկանում դրան զուգահեռ կրթվել ու մնալ կատարելագործման դինամիկայի մեջ։ Մարդն ստեղծել է իր փոխարեն աշխատող ու որոշումներ կայացնող բազում համակարգեր, որոնք իրենից ավելի խելացի են դառնում, իսկ մարդը հետզհետե ծուլանում ու հիմարանում է՝ կենտրոնանալով միայն հաճույքների վրա։ Այսինքն՝ մարդկանց այդ մեծամասնությունը կամակատար է։ Ժամանակակից մարդու աչքերի առաջ փոփոխությունները տեղի են ունենում կայծակնային արագությամբ, նա ստանում է ահռելի տեղեկատվություն և ֆիզիկապես կենտրոնանում է միայն դրանցից առավել երևացողների վրա, այսինքն՝ մակերեսային է տեղեկանում։ Նման հասարակությունը դառնում է ավելի հեշտ կառավարվող։

Այս պատերազմը ռազմատեխնիկական առումով թվային աշխարհի, արհեստական բանականության, տիեզերական ու վիրտուալ հարթության կիրառման սերունդն է։ Սա էլեկտրամագնիսական էներգիայի կիրառման, լազերային և այլ էներգիայի աղբյուրների պատերազմն է։ Այստեղ կարող է կիրառվել ավելի շատ տեխնիկա, քան մարդ, սակայն դա չի նշանակում, որ մարդու դերը շեշտակի նվազելու է։ Այս պատերազմում կկիրառվեն ինքնակառավարվող հետախուզահարվածային հարթակներ և նանոտեխնոլոգիաներ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. W. L. Lind, K. Nightingale, J. F. Schmitt, J. W. Sutton, G. I. Wilson, The Changing Face of War; Into the Fourth Generation//Marine Corps Gazette, October, 1989.
  2. Բոնապարտը և նրա հակառակորդները վարել են ջախջախման պատերազմներ, սակայն նրա նկատ-մամբ տարած հաղթանակը ի վերջո ռազմավարական հյուծում էր։
  3. Գերմանական ռազմական մեքենան վարում էր Ջախջախման պատերազմներ, սակայն ռազմավա¬րա¬կան առումով նրանց հաղթեցին հյուծմամբ։
  4. Ամեն ինչ պայմանավորված է չորրորդ արդյունաբերական հեղափոխությամբ։ Ճիշտ է, մի կողմից կարծես թե 21-րդ դարաշրջանի ավարտին համաշխարհային տնտեսության մեծ բևեռը տեղափոխվելու է Ասիա, որը ենթադրում է ռեսուրսային դատողություն, մարդու իրավունքների թուլացում, հետևաբար հյուծ¬ման պատերազմ։ Սակայն առանց չորրորդ արդյունաբերական հեղափոխության այդ բևեռի տեղափո¬խումն անհնար է, ով կարողացավ յուրացնել և առաջինը լիարժեք ապահովել այդ հեղափոխությունը, այդ պետությունը կամ պետությունների դաշինքն էլ իշխելու է։ Իսկ այդ հեղափոխության հիմքում տաղան¬դավոր անհատն է, ով երբեք ռեսուրս չի դառնա։ Ավելին՝ այդպիսի մարդը և հասարակությունը պետու¬թ¬յունից հետ կվերցնի կառավարման շատ մենաշնորհային լծակներ։ Այստեղ ի հայտ է գալիս ար¬հես¬տա¬կան բանականությունը, որը փոխում է ամեն ինչ։
  5. Այս և այլ փոփոխություններ որոշ վերլուծաբաններ համարում են առանձին պատերազմների սերունդներ, սակայն մենք նման բաժանման հետ համաձայն չենք, քանի որ ռազմարվեստի կանոնների հիմնական կետերում այս լուծումները նման փոփոխությունների չբերեցին, ինչպիսին հետո կբերեն վառոդը, ներքին այրման շարժիչը, հրթիռային շարժիչը, միջուկային էներգիան կամ թվային տեխնոլոգիաները։ Իհարկե, լինում էին հեղափոխական լուծումներ այս կամ այն հարցում, սակայն դրանք համակարգային ազդեցություն չէին թողնում։
  6. Նույնիսկ ուշ միջնադարը կազմող 13-րդ դարի սկզբում Բյուզանդական կայսրությունում անչափ աղոտ էին պատկերացումները ընդհանուր թշնամու` իսլամական արևելքի դեմ նույն այս ժամանակ հսկայական հաջողությունների հասած վրաց Քարթլիի թագավորության մասին, որը Թամարա թագուհու օրոք ապրում էր իր Ոսկե դարը (1184-1213 թթ.):
  7. Այս շղթան իրականում ձևավորվեց հետո՝ սերնդի ավարտին։ Այն մինչ այսօր չունի միատեսակ հստակ ընկալում ամբողջ աշխարհում։ Ամեն ռազմագիտական դպրոց յուրովի է այն ընկալում։ Ռազմագիտական առումով այս շղթան, որը ներկայումս ընդունվում է աշխարհի պետությունների մեծամասնության կողմից, խորհրդային ռազմական գիտությունը երկար ժամանակ աղավաղել էր։ Կիրառվում էր հարված-խուսավարում-մարտ-ճակատամարտ-օպերացիա-գլխավոր ճակատամարտ-պատերազմաշրջան-պատերազմ-դաշինքային կամ քաղաքական հակամարտություն շղթան։ Այն ավելի անհասկանալի էր ու բարդ, որը սակայն բխում էր խորհրդային մասշտաբայնությունից։ Ներկայումս ռուսական ռազմական գիտությունը կարծես թե հետ է վերանայել որոշ դրույթներ, սակայն դեռ կան անհասկանալի հարցեր։ Օրինակ՝ այսօր էլ պարզ չէ զորաշարժ-մարտ-հարված-մարտական գործողություն շղթայի հատվածը, կամ օպերացիա-ճակատամարտ հարաբերությունը։
  8. Նապոլեոնյան բանակը վերջինն էր, որ չուներ հստակ կենտրոնական մատակարարման համակարգ, և զորքերի սնունդը շատ դեպքերում հայթայթվում էր տեղում։
  9. Հատկանշական է, որ նույն այս ժամանակ իր «Արծաթե դարաշրջանը» ապրող Ֆրանսիայում ռազմատեսական միտքը հայտնվեց աննկատ լճացման մեջ, որը հետագայում իր ծանր հետևանքներն էր ունենալու նաև ԱՀՊ-ում։ Ըստ էության, նույն վիճակն էր նաև եվրասիական հիմնական խոշոր երկրներում։
  10. Նորերի դաշինք հների դեմ, որտեղ նորերի մեջ ծերացման վտանգից խուսափելու և համագերմանական երազանքում իր դիրքերը զիջած Ավստրիան ուղղակի փրկություն էր ակնկալում։ Նոր տերություններից սակայն միայն ԱՄՆ-ն էր, որ նորերին օգտագործեց հների դեմ, հետո մտավ հների կազմ և ծերացող հներին ի վերջո դարձրեց իր դաշնակիցներ` վերցնելով առաջատարի դրոշը։
  11. Տպագրությունից հետո ռադիոյի լայն կիրառությունը հանգեցրեց տեղեկատվական առաջին լայնածավալ գործողություններին, որոնք ի հայտ եկան ԱՀՊ-ի ժամանակ։ Մարտական գործողություններից առաջ հստակ իրականացվում էր տեղեկատվական պատրաստություն։
  12. Նապոլեոնի թերթային, երաժշտական ու թատրոնային քարոզչությունից այս գործոնը անցավ գեբելսյան ռադիոյին ու ֆիլմին, հասավ ամերիկյան հեռուստատեսությանը իր գրեթե ուղիղ եթերով, որն էլ հաջորդ սերնդի պատերազմներում հանգեցրեց Վիետնամի պատերազմի պարտությանը, տեղեկատվական գործոնի առաջին հաղթանակին մյուս մարտական գործողությունների նկատմամբ։
  13. Առհասարակ սերնդից սերունդ գործողությունների արագությունը մեծանում էր, քանի որ կանոնների հաղթահարումն էր դա պահանջում, որի համար էլ տեխնիկական միջոցներն էին ստեղծվում։
  14. Ըստ էության, Արցախյան պատերազմը, լինելով երրորդ և չորրորդ սերունդների պատերազմ, երկար տևեց միայն աշխարհաքաղաքական զարգացումների պատճառով։ ԽՍՀՄ-ն փլուզվեց, և մոլորակում տիրեց ուժերի անկանոն վիճակ։ Ռուսաստանը անկայուն վիճակում էր. չկային կենտրոնական հզոր իշխանություն և ռազմավարական հստակ պլաններ։ ԱՄՆ-ն միակ ուժն էր, որը նաև իր հետագա ռազմավարական քայլերի ճշգրտումներ էր անում։ Այսինքն` գլոբալ ուժերի վերադասավորման և արժեքների վերանայման ժամանակներ էին գալիս։ Նման դեպքերում պատերազմները կարող են երկար տևել, քանի որ հակակշռող հավասար ուժեր չկան։ Այդ շրջանին բնորոշ կռիվները բոլորն էլ տևեցին մինչև 3-4 տարի` Հարավսլավիա, Մոլդովա, Օսիա, Աբխազիա և այլն։
  15. Ամերիկյան տեսաբանները, վիետնամական պատերազմից հետո կատարելով ուսումնասիրություն, ստացան այսպիսի հետաքրքիր պատկեր. ԱՀՊ-ի ժամանակ տեղեկատվության փոխանցման տեխնիկական հնարավորությունը կազմում էր 30 բառ մեկ րոպեում, նույն ժամանակ 10 կմ2 տարածքով պաշտպանության խորության վրա կար ավելի քան 4000 զինվոր։ ԵՀՊ-ի ժամանակ տեղեկատվության հոսքերը կրկնապատկվեցին, իսկ մարդկային խտությունը իջավ մի փոքր։ 1960-70-ականների արաբա-իսրայելական պատերազմում արդեն փոխանակվում էր 50 հազար բառ մեկ րոպեում, սակայն պաշտպանության խտությունը նույն տարածքում կազմում էր 150 զինվոր։ Սա նշանակում էր, թե որքան շատ տեղեկատվություն է հնարավոր փոխանակել, այնքան քիչ մարդ է հարկավոր խնդիրը լուծելու համար։ Արդյունքում 1991 թ. մեկ րոպեում հնարավոր եղավ փոխանցել 192 հազար բառ, իսկ խտությունը կազմեց 23,4 մարդ։
  16. Իհարկե, դա քչերին է դեռ հաջողվել, սակայն որպես երևույթ` ռազմարվեստում բացառիկ է։
  17. ԱՄՆ-ն այս սերնդի պատերազմում, որն ինքն էր նախաձեռնել, հասավ օդային, ծովային, ցամաքային ու տիեզերական վերջնական գերակայության։ Պատերազմներում թատերաբեմերի և դրանց ապահովման հաղորդակցության ուղիների հարցը ռազմավարական նշանակություն ունի։ Մակեդոնացին առաջին անգամ թատերաբեմը տեղափոխեց այլ մայրցամաք և այնտեղ օպերատիվ խորության հաջող պատերազմաշրջան վարեց։ Սակայն դա զուտ ցամաքային էր։ Մինչ այդ պարթևները այլ մայրցամաք էին անցել, սակայն ոչ մեծ խորությամբ։ Հետո Հռոմը դա կրկնեց և փորձեց նաև անել ծովով։ Ծովային, միջմայրցամաքային լիարժեք հաղորդակցության ուղիներ հաստատեցին անգլիացիները։ Սակայն լիարժեք մոլորակային ամբողջական հաղորդակցության ուղիներ ու թատերաբեմ հաստատեց ԱՄՆ-ն՝ միաժամանակ չորս հարթություններում՝ ցամաք, օդ, ծով, տիեզերք։ Այսօր դեռ ԱՄՆ-ն միակ պետությունն է, որը կարող է լիարժեք մարտական գործողություններ վարել բոլոր նշված հարթություններում, մոլորակի ցանկացած կետի վրա՝ բոլորից արագ կուտակելով անհրաժեշտ ուժեր։
  18. Երբեմն որոշ զինվորականներ, տարվելով էլեկտրակրակային մարտի հնարավորություններով, պատերազմը դիտում են որպես զուտ կրակային գործողություն` մոռանալով հետախուզության, կառավարման, քողարկման և այլ գործոնների մասին։
  19. Հայտնի տնտեսագետ Կլաուս Շվաբը նոր դարն անվանում է տաղանդիզմ (տաղանդայնություն)։ Ըստ նրա 21-րդ դարում մարդկանց, բիզնես ծրագրերի և, ավելի լայն առումով՝ ամբողջական երկրների մրցունակությունը նախևառաջ որոշվելու է ոչ թե կապիտալի, այլ տաղանդների առկայությամբ։ William Henry, «World changer: World Economic Forum», The New Economy (13.12.2011). URL: https://www. Thenewe-conomy.com/strategy/world-changer-world-economic-forum (հղումը կատարվել է 21.06.2017).