Չմենի բազմածաղիկ
Չմենի բազմածաղիկ (լատին․՝ Cotoneaster multiflora), վարդազգիների ընտանիքի չմենի ցեղի բույս։
Չմենի բազմածաղիկ | ||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||
|
||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||
Cotoneaster multiflora | ||||||||||
Հատուկ պահպանություն | ||||||||||
Նկարագրություն խմբագրել
Կիսամշտադալար, ուղղաձիգ թուփ է՝ մինչև 2 մ բարձրությամբ, բարակ, կորացած ճյուղերով, որոնք մերկ են, փայլուն, կարմրագորշավուն (երիտասարդ ընձյուղները ծածկված են նուրբ, կանաչադեղնավուն, թաղիքանման մազմզուկներով)։ Տերևները լայն ձվաձև են, ձվաձև, էլիպսաձև կամ լայն, հակառակ ձվաձև, 1,5-5 սմ երկարությամբ և 1,8-4 սմ լայնությամբ, բութ, փոսիկավոր գագաթով, կլորավուն կամ լայն սեպաձև հիմքով, վերևի կողմից մուգ կանաչ, մերկ, ներքևի կողմից մերկ կամ սկզբում ծածկված նուրբ աղվամազով, հետագայում թափվող կամ նոսրացող։
Ծաղիկները 6-20-ական, հավաքված են ուղղաձիգ վահաններում։ Բաժակի խողովակը մերկ է կամ թեթևակի մազմզուկապատ։ Բաժակաթերթիկները լայն եռանկյունաձև են, թարթիչաեզր, ավելի հաճախ՝ կարմրավուն։ Պսակը ունի 1 սմ տրամագիծ, կլորավուն, տարածված պսակաթերթիկներով, սռնակները 2 հատ են, երբեմն՝ 1: Պտղաբույլերը ուղղաձիգ են, պտուղները վառ կարմիր, երկարավուն, հակառակ ձվաձև կամ համարյա գնդաձև, 0,6-1 սմ երկարությամբ և 0,3-0,7 սմ լայնությամբ, երկու սերմերով։ Ծաղկում է հունիսին, պտուղները հասունանում են օգոստոս-սեպտեմբեր ամիսներին։
Տարածվածություն խմբագրել
Տարածված է Կովկասում, Արևմտյան Սիբիրում, Միջին Ասիայում, Կենտրոնական Չինաստանում, ժայռուտներում և լեռների քարքարոտ լանջերի թփուտներում։ Հայկական ԽՍՀ-ում աճում է Սևանի ավազանում, Վայքում, Մեղրիում, վերին լեռնային գոտում՝ քարքարոտ լեռնալանջերում։ Բարձր է գնահատվում խոշոր ծաղիկների և դիմացկունության շնորհիվ[1]։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 1, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 324։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չմենի բազմածաղիկ» հոդվածին։ |