Քրիստին Չաբաք (անգլ.՝ Christine Chubbuck, օգոստոսի 24, 1944(1944-08-24)[1], Հուդզոն, Սամիթ շրջան, Օհայո, ԱՄՆ - հուլիսի 15, 1974(1974-07-15)[1], Սարասոտա, Ֆլորիդա, ԱՄՆ), ամերիկացի հեռուստալրագրող, որն ինքնասպանություն է գործել ուղիղ եթերում։

Քրիստին Չաբաք
Ծննդյան թիվ՝օգոստոսի 24, 1944(1944-08-24)[1]
Ծննդավայր՝Հուդզոն, Սամիթ շրջան, Օհայո, ԱՄՆ
Վախճանի թիվ՝հուլիսի 15, 1974(1974-07-15)[1] (29 տարեկան)
Վախճանի վայր՝Սարասոտա, Ֆլորիդա, ԱՄՆ
Քաղաքացիություն՝ ԱՄՆ
Մասնագիտություն՝հեռուստահաղորդավարուհի, հաղորդավար, լրագրող և հաղորդավար
IMDb։ID 2182544

Կյանքի վաղ տարիներ խմբագրել

Քրիստին Չաբաքը ծնվել է Օհայո նահանգի Հադսոն քաղաքում՝ Մարգարետ Դ․-ի (Փեգ) (անգլ.՝ Margaretha D. "Peg", 1921–1994) և Ջորջ Ֆեյրբենքս Չափաքի (անգլ.՝ George Fairbanks Chubbuck, 1918–2015) ընտանիքում։ Ունեցել է երկու եղբայր՝ Գրեգա և Թիմա[2]։

Կրթություն խմբագրել

Սովորել է Քլիվլենդի արվարձանում գտնվող Shaker Heights աղջիկների դպրոցում։ Մեկ տարի սովորել է Օհայո նահանգի Օքսֆորդում Մայամիի համալսարանում՝ թատերական արվեստ մասնագիտությամբ, այնուհետև տեղափոխվել է Էնդիկոթ քոլեջ (Բևեռլի, Մասաչուսեթս), այնուհետև՝ Բոստոնի համալսարան, որն ավարտել է 1965 թվականին՝ ստանալով հեռուստատեսահեռարձակման որակավորում։

Կարիերա խմբագրել

Լրագրող Քրիստին Չաբաքը աշխատանքի է անցել WXLT-TV հեռուստաալիքում, որը Էյ-Բի-Սի հեռուստատեսային ընկերության մասնաճյուղն է Ֆլորիդայում։ Նրա պարտականությունն էր պատրաստել քրեական խրոնիկա՝ կռիվների, կողոպուտների, բռնաբարությունների, փողոցային փոխհրաձգությունների մասին հաղորդումներ։ Հեռուստաալիքի ղեկավարությունն անընդհատ լրագրողներից պահանջում էր ավելի արյունալի ու ցնցող ռեպորտաժներ՝ պատճառաբանելով, որ հեռուստադիտողները հոգով սադիստներ են և մարդասպաններ։

Մահ խմբագրել

Դեպրեսիա խմբագրել

Չաբաքը ընտանիքին մանրամասն պատմել է դեպրեսիայի և ինքնասպանության հակումների դեմ պայքարի մասին, թեև նա հարազատներին չի հայտնել իր կոնկրետ մտադրությունների մասին։ Նա փորձել է մահանալ թմրանյութերի գերդոզավորումից 1970 թվականին և հաճախ է անդրադարձել այդ իրադարձությանը։ Մահից մի քանի շաբաթ առաջ այցելել է հոգեբույժի։ Չաբաքի մայրը նախընտրել է հեռուստաընկերության ղեկավարությանը չհայտնել դստեր ինքնասպանության հակումների մասին, քանի որ վախենում էր, որ Քրիստինը կհեռացվի աշխատանքից[3]։

Նրա ուշադրության կենտրոնացումն ինտիմ հարաբերությունների բացակայության վրա, ընդհանուր առմամբ, համարվել է նրա դեպրեսիայի շարժիչ ուժը. նրա մայրը հետագայում ամփոփել է. «ինքնասպանությունը պարզապես այն պատճառով էր, որ նա դժգոհ էր իր անձնական կյանքից»։ Բողոքել է գործընկերներին, որ մոտենում է իր երեսուներորդ տարեդարձը, և նա դեռ կույս է, որ երբեք երկու օրից ավելի տղամարդու հետ ժամադրության չի եղել։ Ավելի ուշ նրա եղբայրը՝ Գրեգը, հիշել է, որ նա մի քանի անգամ հանդիպել է տղամարդու հետ՝ նախքան Սարասոտա տեղափոխվելը, բայց համաձայնել է, որ շփվելու հետ կապված խնդիրներ ունի առողջարանային քաղաքում։ Նա կարծում էր, որ ինտիմ հարաբերությունների բացակայության պատճառով նրա մշտական ինքնանվաստացումը նպաստում է դեպրեսիայի շարունակմանը։ Ավելի ուշ հարցազրույցում Գրեգը հայտարարել է, որ Քրիստինը լուրջ հարաբերություններ է ունեցել երկու տղաների հետ. առաջին էպիզոդը տեղի է ունեցել, երբ նա դեռահաս էր և հանդիպել է մոտ 20 տարեկան տղամարդու հետ, որը հետագայում մահացել է ավտովթարի հետևանքով, իսկ երկրորդ էպիզոդը տեղի է ունեցել արդեն հասուն տարիքում, բայց նա հոր պահանջով խզել է հարաբերությունները տղամարդու հետ, քանի որ տղամարդը հրեա էր[4]։

Ողբերգությունից մեկ տարի առաջ՝ վիրահատության ժամանակ, հեռացրել էին նրա աջ ձվարանը և ասել, որ եթե նա երկու-երեք տարվա ընթացքում չհղիանա, ապա դժվար թե երբևէ կարողանա հղիանալ[5]։

Համաձայն 1974 թվականի Washington Post-ում հրապարակված Սալի Քուինի հոդվածի՝ Չաբաքը անպատասխան սիրահարվել է իր գործընկեր Ջորջ Փիթեր Ռայանին։ Չաբաքը նրա ծննդյան օրվա համար տորթ է թխել և փորձել գրավել նրա ուշադրությունը, սակայն պարզել է, որ նա արդեն հանդիպում է սպորտային լրագրող Անդրեա Քիրբիի հետ։ Քիրբին մտերիմ էր Չաբաքի հետ, բայց նրան նոր աշխատանք էին առաջարկել Բալթիմորում, ինչն ավելի է ընկճել Քրիստինեին[5]։

Չաբաքի ռոմանտիկ զուգընկերոջ բացակայությունը ենթադրաբար պայմանավորված էր մտերիմ ընկերներ ունենալու նրա հուսահատ ցանկությամբ, թեև գործընկերներն ասում էին, որ նա հակված էր կոպտության և ինքնապաշտպանության, երբ ընկերական ժեստեր էին անում իր նկատմամբ։ Նա իրեն արհամարհում էր, անընդհատ քննադատում էր իրեն և մերժում ուրիշների կողմից իրեն տրված ցանկացած հաճոյախոսություն[6]։ Մի քանի տարի անց նրա եղբայր Գրեգը հիշել է, որ ինքն ունեցել է երկբևեռ խանգարման բազմաթիվ ախտանիշներ, որոնք մահվան պահին ընդհանուր առմամբ չեն ճանաչվել հոգեբուժական համայնքում[7]։

Ինքնասպանությունից մեկ շաբաթ առաջ նա գիշերային լուրերի խմբագիր Ռոբ Սմիթին ասել է, որ ատրճանակ է գնել և կատակել ինքնասպանության մասին։ Ավելի ուշ Սմիթը հայտարարել է, որ չի արձագանքել Չաբաքի «հիմար» կատակին և փոխել է թեման[8]։ Նույն ժամանակահատվածում Քրիստինն ինքնասպանությունների մասին ռեպորտաժ էր պատրաստել, ինչի համար հարցազրույցով դիմել է տեղի ոստիկանական բաժանմունքի սպային։ Հարցազրույցի ժամանակ նա նրան հարցրել է ինքնասպանության մեթոդների մասին, թե որ մեթոդն է համարվում ամենաարդյունավետը։ Սպան պատասխանել է, որ ատրճանակով ինքնասպանություն գործելու ամենաարդյունավետ միջոցը դնչափը աջ ականջի ետևում դնելն է և ոչ թե բերանը կրակելը, ինչպես շատերը կարող են մտածել։

Ինքնասպանություն խմբագրել

1974 թվականի հուլիսի 15-ին Քրիստին Չաբաքը վարել է իր սեփական թոք շոուն WXLT-TV-ով։ Ութերորդ րոպեին եթերում վրիպակ է տեղի ունեցել․ ռեստորանում հնչած կրակոցների մասին հայտարարված պատմությունը տեխնիկական պատճառներով չի հաջողվել ցուցադրել։ Տեղեկանալով այդ մասին՝ Քրիստին Չաբաքն ասել է.

«Աջակցելով «40-րդ ալիքի» կողմից վարվող քաղաքականությանը, որը ենթադրում է ամենաթարմ արյունն ու աղիքները ուղիղ եթերում ցուցադրել ամբողջ գույնով, դուք կդառնաք առաջին հեռուստադիտողները, որոնց ուղիղ եթերում կցուցադրվի ինքնասպանության փորձ»։

Այս ասելուց հետո Քրիստին Չաբաքը հանեց ատրճանակը, դրեց այն գլխին աջ ականջի հետևում և սեղմեց ձգանը։ Մի քանի վայրկյան անց լրագրողուհին ուժեղ բում ձայնով գլուխը հարվածել է սեղանին։ Տեղի ունեցածն այնքան անսպասելի էր, որ առաջին պահին օպերատոր Ժան Ռիդն այդ ամենն ընդունեց որպես կատակ և, տեսնելով միայն տանջվելով մարմինը, հասկացավ, որ Քրիստին Չաբաքը իսկապես կրակել է ինքն իրեն։

Քրիստին Չաբաքին շտապ տեղափոխել են Սարասոտայի հիշատակի հիվանդանոց։ Կինը մահացել է 14 ժամ անց։

Միջադեպից հետո ծրագրի ռեժիսոր Մայք Սիմոնսը դիտել է Քրիստին Չաբաքի հեռուստաշոուի սցենարը, որը նրա ձեռքում է եղել։ Սցենարը պարունակում էր չորս նորություն, վերջին տող և ինքնասպանություն։ Ավելին, ըստ ինքնասպանությունից հետո ստեղծված սցենարի, հաղորդումը պետք է շարունակվեր, իսկ տեխնիկական տնօրենը պետք է ստանձներ հեռուստահաղորդավարի դերը։

Արձագանք խմբագրել

Կարծիք կա, որ սցենարիստ Փեդի Չաեֆսկին Քրիստին Չաբաքի ինքնասպանության պատմությունը դրել է «Հեռուստացանց» ֆիլմի սցենարի հիմքում[9]։

2016 թվականին թողարկվել է Անտոնիո Կամպոսի «Քրիստին» ֆիլմը, որը պատմում է Քրիստին Չաբաքի կյանքի վերջին շաբաթների և նրա ինքնասպանության մասին։ Գլխավոր դերը խաղացել է Ռեբեկա Հոլլը։

2016 թվականին թողարկվել է Ռոբերտ Գրինի «Քեյթը խաղում է Քրիստինին» վավերագրական ֆիլմը։ Գլխավոր դերը խաղացել է Քեյթ Լին Շեյլը։

Ձայնագրություն խմբագրել

Թեև ինքնասպանությունը ցուցադրվել է ուղիղ եթերում, սակայն դեպքի կադրերը երբեք չեն հրապարակվել հանրությանը։ Դեպքի հետաքննության պահին եղել է մեկ ձայներիզ և չորս օրինակ։ Բոլոր նյութերը փոխանցվել են ընտանիքին, որն իբր ոչնչացրել է դրանք։ YouTube-ում հրապարակվել է այդ հեռարձակման ձայնագրությունը, որից կտրվել է մենախոսության և ինքնասպանության տեսարանը։ 2023 թվականի ապրիլի 9-ից ձայնագրության մուտքը սահմանափակված է։ Կատարվում է նաև դեպքի վերակառուցում, որն ստեղծվել է վկաների նկարագրությամբ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Movie Database — 1990.
  2. FamilySearch.org
  3. Kamstock, Dr. Edwin L. (July 15, 1974). "Autopsy report #A-74-203". Sarasota County Sheriff's Dept. file, case #74-15120
  4. Rollings, Grant (October 8, 2016). "'I THINK ABOUT IT EVERY DAY' Bro of TV anchor Christine Chubbuck, who shot herself in the head live on telly, opens up about her troubled life in new films". The Sun (U.K.).
  5. 5,0 5,1 Wayback Machine
  6. "Chubbuck Rites On Beach". The Hudson Hub. July 28, 1974.
  7. Christine Chubbuck: Troubled life of TV anchor who shocked the world by shooting herself in the head live on telly coming to big screen
  8. Dietz, Jon (July 16, 1974). "On-Air Shot Kills TV Personality". Sarasota Herald-Tribune.
  9. Matthew C. Ehrlich, Journalism in the Movies, p.122. ISBN 0-252-02934-8(անգլ.)

Արտաքին հղումներ խմբագրել