Ուտիվա-է
Ուտիվա-է (ճապ.՝ 蒔絵, լաքապատ նկար), ճապոնական արվեստի ուկիյո-է ժանր, որն իրենից ներկայացնում է փայտափորագրական ստեղծագործություն ճապոնական պինդ կլորավուն հովհարների վրա (ճապ.՝ 団扇 ուտիվա)։ Պատկերները նկարվում էին հովհարի ձևով և ուրվագծերով, ուղղանկյուն վասի տեսակի թղթերի վրա, այնուհետև կտրվում և սոսնձվում էին բամբուկե շրջանակի վրա[1][2]։
Պատմություն
խմբագրելԻ տարբերություն ծալովի հովհարների, որոնք ի հայտ եկան Ճապոնիայում 6-7-րդ դարերում[3], չծալվող ուտիվա ձվաձև կամ լոբաձև հովհարները ի հայտ եկան Չինաստանում[4]։ Ուտիվա հովհարները սկսեցին մասսայականություն վայելել Էդո ժամանակաշրջանում։ Նրանք կրում էին ինչպես դեկորատիվ, այնպես էլ գործառնական բնույթ[4]։ Ուտիվաները հաճախ օգտագործվում էին ամռանը, հետևաբար հովհարային գեղանկարչության մեջ նրանք հայտնվում էին «ամառային» ստեղծագործություններում[5][6]։ Պատմականորեն ուտիվան համարվում էր առավելապես կանացի արդուզարդի առարկա, տղամարդիկ նախընտրում էին ծալովի հովհարները[5]։
Փայտափորագրությամբ առաջին հովհարներն ի հայտ եկան մոտավորապես 1680- ական թվականներին[4]։ Առաջին օրինակներից մեկը համարվում է Հիսիկավա Մորոնոբուի 1684 թվականին ստեղծած Ուտիվա ձուկուսի (ճապ. «Նկարներ բոլոր տեսակի ուտիվաների համար») նկարազարդ գիրքը, որը ներառում էր հովհարների տեսքով նկարազարդումներ[4]։ Սուձուկի Հարունոբուի 1767 կամ 1768 թվականի աշխատանքներից մեկում պատկերված են հովհարներ վաճառողները։ Ուտագավա Կունիյոսիի 1814 թվականի աշխատանքում կաբուկիի դերասան Իտիկավա Դաննոսուկե II-ը պատկերված է հովհար վաճառողի դերում[7]։ Բավականաչափ տեղեկություններ են պահպանվել 19-րդ դարի հայտնի առևտրական, հովհարների համար փայտափորագրության աշխատանքներ ստեղծող Էբին Ռիմնոսուկեի (1832-1895) վերաբերյալ, ով վաճառում էր ինչպես ուտիվա-է, այնպես էլ ուկիյո-է ժանրի ստանդարտ աշխատանքներ, սկզբում Էբիան գնում էր Ուտագավայի հեղինակային նկարները, այնուհետև ընդլայնեց սեփական արտադրությունը և նկարիչների հաստիքները[8]։ XIX դարում հովհարների արտադրությունը գտնվում էր հովհար արտադրողների գիլդիայի խիստ հսկողության ներքո, այն ենթարկվում էր խիստ կանոնակարգի և կանոնների, ի տարբերություն հասարակ փորագրությունների[7]։ 1815 թվականից մինչև Էդո ժամանակաշրջանի վերջը (1868) յուրաքանչյուր հովհարի վրա դրվում էր կնիք ստեղծման տարեթվի նշումով[7]։
Պատկերի առարկա
խմբագրելԷդո ժամանակաշրջանի նկարիչների մեծ մասը գրքերի նկարազարդումների և հասարակ փորագրությունների հետ մեկտեղ ստեղծագործում էին ուտիվա-է ոճում։ Ուտիվա-է պատկերները կարելի է առանձնացնել ուկիյո-է ժանրի համար կիրառվող հիմնական կատեգորիաներից, դրանք են` յակուսյա-է (դերասանների պատկերում), բիձինգա (գեղեցիկ կանայք), ֆուկեյ-հա (բնանկարներ), կատյո-հա («ծաղիկներ և թռչուններ »), մուսյա-է (ռազմիկների պատկերներ)[4]։ Ներկայումս պահպանվել են Կացուկավա Սյունսյոի (1726-1793), Ուտագավա Տոյոկունիի (1769-1825), Ուտագավա Կունիյոսիի (1797-1861), Ուտագավա Հիրոշիգեի (1797-1858) զարդանկարներով հովհարները[7]։ Քանի որ հովհարները օգտագործվում էին առօրյա կյանքում և կենցաղում, դրանց մի քանի օրինակներ անվնաս պահպանվել են մինչև մեր օրեր[9]։
Գրականություն
խմբագրել- Bell, David. Ukiyo-e Explained. Kent, U.K.: Global Oriental, 2004.
- Halsey, William Darrach and Friedman, Emanuel. «Folding fan.» Collier’s Encyclopedia, vol. 9. Macmillan Educational Co., 1983.
- Harris, Frederick. Ukiyo-e: The Art of the Japanese Print. Tokyo: Tuttle, 2010.
- Marks, Andreas. Japanese Woodblock Prints: Artists, Publishers and Masterworks 1680-1900. Tokyo: Tuttle, 2010.
- Newland, Amy Reigle. Ed. The Hotei Encyclopedia of Japanese Woodblock Prints. Vol. 2. Amsterdam: Hotei Publishing, 2005.
- Salter, Rebecca. Japanese Popular Prints: From Votive Strips to Playing Cards. London: A & C Black, 2006.