Ուղտասարի ժայռապատկերներ

Ուղտասարի ժայռապատկերներ (նաև՝ Ուխտասարի ժայռապատկերներ[2]), հազարավոր ժայռապատկերներից կազմված նախնադարյան հնավայր Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի և Արցախի Հանրապետության[Ն 2] Շահումյանի շրջանի (քարվաճառյան հատվածի) սահմանագոտում։ 2020 թվականի նոյեմբերի 25-ից հանդիսանում է հայ-ադրբեջանական շփման գծի հատված։

Ուղտասարի ժայռապատկերներ
ՎայրՀայաստան Հայաստան, Սյունիքի մարզ
Արցախ Արցախ, Շահումյանի շրջան[Ն 1]
Կառուցվել էՄ.թ.ա. 5-ից 4-րդ հազարամյակներ
Հանրային հասանելությունՈչ (2021 թվականից հանդիսանում է հայ-ադրբեջանական շփման գծի հատված[1])

Աշխարհագրորեն այն տարածվում է Սյունիքի բարձրավանդակի կենտրոնական հատվածում գտնվող Ուղտասար և Ծղուկ լեռների շրջակայքում։ Ժայռապատկերների սփռվածությունն առանձին կուտակումներով ձգվում է դեպի հյուսիս և հյուսիս-արևելք[2]։

Անվան ծագում խմբագրել

Հնավայրի անունն առաջացել է տարածքում գտնվող լեռան անունից, որի ծագման վերաբերյալ շրջանառվող երկու վարկած կա։ Դրանցից մեկի համաձայն՝ մարդիկ լեռը նմանեցրել են ուղտի, ինչից էլ առաջացել է լեռան Ուղտասար անունը։ Մյուսները պնդում են, որ այն ուղտի հետ որևէ առնչություն չունի և պնդում, որ հնում այդ տարածքը ուխտատեղի է եղել, ինչից էլ առաջացել է լեռան Ուխտասար անունը[2]։

Նկարագրություն խմբագրել

Ուղտասարի հնավայրում հայտնաբերվել են ավելի քան 2000 ժայռապատկերներ՝ ցրված լեռան ստորոտներում, հրաբխային խառնարանից գոյացած մանր լճակների շուրջ, ձորակներում և դարավանդներում։ Դրանք Սյունիքի հնագույն հուշարձաններից են։ Ժայռապատկերների մեծ մասը փորագրված է պղնձագույն և սև ժայռաբեկորների հորիզոնական կամ ուղղաձիգ հարթ մակերևույթներին՝ 2-6 սմ խորության, 2-20 մմ լայնության խորագծերով[3]։

Ժայռապատկերների բովանդակությունը բազմազան է։ Դրանցում տեղ են գտել մարդուն շրջապատող բնաշխարհին, հմայական արարողություններին, տիեզերական պատկերացումներին, հատկապես արևի պաշտամունքին վերաբերվող տեսարաններ։ Հայտնաբերվել են նաև որսորդությանը վերաբերող բազմաթիվ ժայռապատկերներ։ Տարբեր մեծության ժայռաբեկորների վրա դրոշմված են եղջերուների, գիշատիչ կենդանիների, մարդկանց մեծադիր ծավալային պատկերներ։ Ուղտասարում ամենահին ժայռապատկերները թվագրվում են մ.թ.ա. 5-ից 4-րդ հազարամյակներով[3]։

Հայ-ադրբեջանական համակարտություն խմբագրել

2020 թվականի հայ-ադրբեջանական պատերազմի ընթացքում Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի համատեղ ստորագրված համաձայնագրով Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանի՝ Արցախի Պաշտպանության բանակի կողմից վերահսկվող հատվածը 2020 թվականի նոյեմբերի 20-ին հանձնվել է Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի վերահսկողությանը։ Այդպիսով, Ադրբեջանի Հանրապետությանն է հանձնվել նաև Ուղտասարի հնավայրի այն հատվածը, որը գտնվում է Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանի տարածքում։

Պատկերասրահ խմբագրել

Վանդալության տեսարաններ խմբագրել

Խորհրդային միության տարիներին ադրբեջանցիների կողմից փորագրված քարեր Ուղտասարի հնավայրում

Տես նաև խմբագրել

Նշումներ խմբագրել

  1. Համաձայն Ադրբեջանի Հանրապետության վարչատարածքային բաժանման՝ Ուղտասարի հնավայրի արևելյան հատվածը գտնվում է Ադրբեջանի Հանրապետության տարածքում։
  2. Համաձայն Ադրբեջանի Հանրապետության վարչատարածքային բաժանման՝ Ուղտասարի հնավայրի արևելյան հատվածը գտնվում է Ադրբեջանի Հանրապետության տարածքում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Արցախի կորստով ՀՀ–ում արշավային հայտնի ուղղությունները վտանգավոր կամ անհնար են դառնում:
  2. 2,0 2,1 2,2 Ուխտասարի անվան առեղծվածը։ Ուխտասա՞ր, թե Ուղտասար։
  3. 3,0 3,1 Կարախանյան Գ., Սաֆյան Պ., Սյունիքի ժայռապատկերները. Հայաստանի հնագիտական հուշարձանները, 4, Ժայռապատկերներ, պրակ 1, Երևան, 1970։