Օձունի գյուղացիների ապստամբությունն ընդդեմ վրացական օկուպացիայի[1] (առավել հայտնի Սանահինի դեպքեր կամ Օձունի ապստամբություն անուններով[2][3][1]), հայ-վրացական զինված ընդհարումներ, որոնք տեղի են ունեցել 1918 թվականի նոյեմբեր - դեկտեմբեր ամիսներին Հայաստանի Դեմոկրատական Հանրապետության Լոռու տարածաշրջանի Սանահին կայարանում (ներկայում Ալավերդի քաղաքի թաղամաս), Օձուն գյուղում, Ալավերդի քաղաքի մատույցներում (ներկայում Ալավերդի քաղաքի Բաղրամյան թաղամասի մոտակայք) և այլ վայրերում[2][3][1][4]։

Այս դեպքերը նախօրոդել են հայ-վրացական պատերազմին՝ ըստ էության լայնամասշտաբ ռազմական բախումների մաս կազմելով[1][4]։ Դրանք մեծապես բարոյահոգեբանական խորը հետք են թողել հայ-վրացական հետագա հարաբերություններում[1]։

Դեպքերին նախորդող իրադարձություններ

խմբագրել

Վրացական օկուպացիոն զորքերի ներխուժում Լոռի

խմբագրել

2018 թվականի ապրիլից վրացական քաղաքական ուժերը աստիճանաբար սկսում են ներկայացնել իրենց դիրքորոշումները Ջավախքի, Լոռու նկատմամբ իրենց հավակնությունների մասին[1][5][6]։ Նրանց պնդմամբ այդ տարածքները վրացական ժողովրդի և պետականության սեփականությունն են և պետք է ներառվեն Վրաստանի կազմում[1]։ Օգտվելով Թուրքիայի կողմից Ալեքսանդրապոլի (Գյումրու) գրավումից, ունենալով գերմանական ռազմաքաղաքական աջակցություն՝ վրացական զորքերը մտնում են Ախլքալաքի և Լոռու գավառներ՝ հայտարարելով, որ երբ վերանա թուրքական վտանգը դուրս կբերեն զորքերը, իսկ տարածքային վեճերը կլուծվեն բանակցությունների միջոցով[1][7]։ Դրան հաջոդրող ամիսների ընթացքում Հայաստանի և Վրաստանի կառավարությունները միմյանց հետ տարածքների պատկանելիության, սահմանների ճշգրտման սկզբունքների վերաբերյալ բանակցություններ են վարել, որոնք սակայն անարդյունք[1]։ Վերջիվերջո, տարածքային պատկանելիության վեճերը 2018 թվականի վերջին հանգեցրին հայ-վրացական լայնամասշտաբ պատերազմի, որոնց նախորդեցին տեղային ընդհարումներ, որոնցից մեկն էլ Սանահինի դեպքերն են[1]։

Հայ ազգաբնակչության նկատմամբ հետապնդումներ

խմբագրել

Լոռիում գտնվող վրացական զորքերը հաճախ դիմում էին բացահայտ սանձարձակությունների, բնակչության նկատմամբ իրականացնում հալածանքներ ու թալան, որը չէր պատժվում վրացի ռազմական ղեկավարության կողմից[1]։ Տեղի էին ունենում գյուղացիների նկատմամբ բռնություններ, նրանցից պահանջում էին ալյուր, յուղ, կարտոֆիլ, կաղամբ, այլ մթերքներ, սայլեր, խոտ[1]։ Տարբեր բնակավայրերի բնակչության նկատմամբ պարբերաբար իրականացնում էին պատժիչ գործողություններ[1]։ Վրացական այդպիսի քաղաքականություն էր իրականացվում նաև Օձուն գյուղում[1]

Դեպքերի ժամանակագրություն

խմբագրել

Օձունի բնակչության նկատմամբ հետապնդման դեպքերից մեկը տեղի է ունեցել դեկտեմբերի սկզբին, երբ վրացական զորամասերից մեկի 6 զինվոր գնում են Օձուն գյուղ մթերք վերցնելու համար[2]։ Բնակիչներից մեկը նրանց պահանջով հյուրասիրություն է կազմակերպում, որից հետո վրացի զինվորականները բնակչից պահանջում են կենակցել նրա հարսների հետ[2]։ Այդպիսի անպատվության չկարողանալով դիմանալ՝ տան տերը աջակցության համար դիմում է համագյուղացիներին[2]։ Կարճ ժամանակ անց տան մոտ է հավաքվում գյուղի բնակչությունը։ Վրացի զինվորներն իրենց պահանջից չեն հրաժարվում և սվինահարում են երկու գյուղացու[2]։ Բնակիչները վրացի զինվորներից խլում են նրանց զենքերը և բոլորին սպանում[2]։

Սանահին կայարանի մարտեր

խմբագրել

Օձունի գյուղացիներին պատժելու նպատակով մոտակայքում տեղակայված վրացական զորամասերից մեկը շարժվում է դեպի գյուղի ուղղությամբ[2]։ Մինչև նրանց գյուղ մտնելը բնակիչները բարձրանում են մոտակա ժայռերը, կազմակերպում ինքնապաշտպանություն և քարեր գլորում վրացի զինվորների ուղղությամբ[2]։ Կորուստներ կրելով վրացական զորամասը հեռանում է, իսկ Օձունի բնակիչներն օգնության խնդրանքով դիմում են Դրաստամատ Կանայանին[2]։

Վրաստանի կառավարության դիրքորոշում

խմբագրել

Վրաստանի պարլամենտի հատուկ նիստ

խմբագրել

Միջադեպի հետևանքով սկսված լարվածության վերաբերյալ նույն թվականի դեկտեմբերի 13-ին Վրաստանի Դեմոկրատական Հանրապետության պարլամենտում հատուկ նիստ է հրավիրվել, որի ժամանակ ելույթներով հանդես են եկել Վրաստանի զինվորական նախարար Գ․Գեորգաձեն, արտքաին գործերի նախարար Ե․Գեգեչկորին[3]։ Նիստի ընթացքում նախարար Գ․Գեորգաձեն հայտնել է, որ նշված միջադեպը ցավալի է երկու հանրապետությունների ժողովրդավարության համար[3]։ Նա հայտարարել է, որ դեկտեմբերի 9-ին իր ստացած տեղեկությունների համաձայն Օձուն գյուղի բնակիչները հարձակվել են վրացական սակավաթիվ զինվորական խմբի վրա, վիրավորել մեկ զինվորի, ով հետագայում մահացել է[3]։ Խնդիրը լուծելու համար նա հանձնարարել է տեղում գտնվող վրացի գեներալ Գեորգի Ցուլուկիձեին, որպեսզի գյուղ ուղարկվի վրացական զորամաս[3]։ Ըստ նրա՝ երբ զորամասը մոտեցել է գյուղին, հանդիպել է դիմադրության[3]։ Վերջինը պնդել է, որ հարձակվողները ավազակախմբի անդամներ են եղել, ովքեր գրավել են լեռնաշղթայի բարձրունքները և այնտեղից կրակել ու քարեր գլորել վրացի զինվորների վրա, որոնք շրջափակված էին կիրճի մեջ[3]։ Ցուլուկիձեի պնդմամբ իրենք այդ վիճակում կրակել են առավոտից մինչև երեկո և մթնելու արդյունքում կարողացել հեռանալ դեպի տեղակայման վայր՝ ունենալով 15 զոհ և 14 վիրավոր[3]։ Վերջինը ասել է նաև, որ իր տպավորությամբ իրենց դեմ կռվել են նաև հայկական զորքի նախկին զինվորներ, որոնք հրահրել են տեղի բնակչությանը վրացի զինվորականների դեմ[3]։ Նիստի ընթացքում Վրաստանի արտաքաին գործերի նախարար Ե․Գեգեչկորին հայտնել է, որ դեպքերի մասին իմացել է դեկտեմբերի 8-ին և Երևանում գտնվող իր ներկայացուցիչ Միդիվանիին հայտնել, որ միջադեպին մասնակցել են նաև հայկական զորամասեր[3]։ Այնուհետև նա հայտարարեց, որ Միդիվանին հայ պատգամավորների հետ փորձել է մեկնել դեպքի վայր, սակայն երկաթգծի վնասվելու պատճառով ստիպված է եղել վերադառնալ Երևան[3]։ Վերջինն էլ իր ղեկավարությանը հայտնել է, որ իր կարծիքով Հայաստանի կառավարությունը որևէ առնչություն չունի Սանահինի դեպքերի հետ[3]։ Նիստի ավարտին վրացական պառլամենտն ընդունեց Սոցիալ-դեմոկրատական կուսակցության առաջարկած բանաձևը, որով հույս հայտնեց, որ Վրաստանի կառավարությունը միջոցներ ձեռք կառնի Վրաստանի անկախությունը թշնամիներից պաշտպանելու համար[3]։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 Վանիկ Վիրաբյան, «Հայ-վրացական ռազմաքաղաքական հարաբերությունները 2018-2021 թվականներին», Երևան, ԵՊՀ հրատարակչություն, 2016 թվական։
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 Մշակ թերթ, 1918, դեկտեմբերի 14, №258, էջ 2, «Սանահնի դեպքերը»։
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 3,12 3,13 Մշակ թերթ, 1918, դեկտեմբերի 18, №25, էջ 1-2, «Վրաստանի պարլամենտ»։
  4. 4,0 4,1 Հրաչյա Պապինյան, «Ալավերդի, հինգհազարամյա ուղի», Երևան, 2024 թվական, ISBN 978-9939-969-82-4
  5. Ռուբէն, Հայ յեղափոխականի մը յիշատակները, հատոր Է, էջ 180։
  6. Լեո, Անցյալից, Եր., Շեմ հրատ., 2009, էջ 377։
  7. Վրացեան Ս., Հին թղթեր նոր պատմութեան համար, էջ 275։