Ոջլաղեղ
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Ընտանիք խլածաղկազգիներ
Ցեղ կիսամակաբույս
Լատիներեն անվանում
Pedicularis



Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում




Ոջլաղեղ (լատին․՝ Pedicularis), ոջլաբույս, ոջլախոտ, խլածաղկազգիների ընտանիքի բազմամյա, հազվադեպ՝ միամյա կամ երկամյա կիսամակաբույս խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է մոտ 600 (այլ տվյալներով՝ 250), Հայաստանում՝ 7 տեսակ՝ Ոջլաղեղ հայկական (Pedicularis armena),Ոջլաղեղ Սիբթորպի (Pedicularis sibthorpii), Ոջլաղեղ հաստակնճիթ (Pedicularis crassirostris), Ոջլաղեղ մերկ (Pedicularis acmodonta) և այլն։ Տարածված է գրեթե բոլոր մարզերի ալպյան և ենթալպյան գոտիևերում։ Աճում է անտառեզրերին, թեք լանջերին, ալպյան գորգերում, մարգագետիններում և այլն։

Հողի տակ Ոջլաղեղի կարճ կոճղարմատներից բոլոր ուղղություններով շառավիղաձև տարածվում են լարանման արմատներ, երկարությունը՝ 5-15 սմ։ Դրանց ծայրերին առաջանում են 1-2 ծծիչներ, որոնք, ամրանալով հարևան բույսի արմատներին, յուրացնում են նրա սննդանյութերը։ Տեր-բույսի մահանալուց հետո բազմամյա արմատներն իրենց աճը շարունակում են կուտակած սննդանյութերի հաշվին։

Ցողունի բարձրությունը 5-60 սմ է։ Տերևները փետրաձև հատվածավոր են, հերթադիր, հակադիր կամ տերևափնջերով։ Ծաղկաբույլը հասկանման է, ձվաձև կամ երկարավուն։ Ծաղիկները բաց կամ մուգ դեղնավուն են, սպիտակադեղնավուն կամ վարդագույն։ Ծաղկում է հունիս-հուլիսին։ Պտուղը երկփեղկ տուփիկ է։ Սերմերը մանր են, դարչնագույն։ Որոշ տեսակներ պարունակում են գլիկոզիդ (աուկուբին), ալկալոիդներ և այլն։ Միջատասպան է (եփուկով լվանում են գլուխը, լողացնում կենդանիներին)։ Թունավոր է։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ոջլաղեղ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ոջլաղեղ» հոդվածին։