Ողբերգություն Մայերլինգում
Ողբերգություն Մայերլինգում, 1889 թվականի հունվարի 30-ին Մայերլինգ որսորդական ամրոցում կատարված ողբերգություն, որի ժամանակ Ավստրիայի կրոնպրինց Ռուդոլֆն ու նրա սիրուհին՝ Մարիա Վեչերան ինքնասպան եղան (այլ տեղեկություններով՝ սպանվել են)։ Ռուդոլֆն ավստրիական կայսր Ֆրանց Իոսիֆ I-ի և կայսրուհի Ելիզավետա Բավարիացու միակ որդին էր։ 30-ամյա էրցհերցոգի և 17-ամյա Մարիայի մարմինները հայտնաբերվել են 1889 թվականի հունվարի 30-ի առավոտյան Մայերլինգ ամրոցում, որը տեղակայված է Վիեննական անտառում՝ մայրաքաղաքից 25 կմ հարավ-արևմուտք։
Կրոնպրինցի կյանքի վերջին տարիները
խմբագրելՌուդոլֆն ամուսնացած էր Ստեֆանիա Բելգիացու հետ, սակայն նրանց ամուսնական կյանքը երջանիկ չէր։ 1889 թվականին արքունիքում բոլորը, ներառյալ Ռուդոլֆի կինը, գիտեին Ռուդոլֆի և բարոնուհի Մարիա Վեչերայի սիրավեպի մասին։ Այդ ժամանակ կրոնպրինցը գտնվում էր ծանր հոգեկան վիճակում, շատ էր խմում, պարտքով գումարներ էր վերցնում, անկանոն կյանք էր վարում, չարաշահում էր հանգստացնող դեղանյութերը, մասնավորապես՝ մորֆինը։ Կրոնպրինցի հոգեկան նման ճգնաժամը բազմապատճառային էր. անհաջող ամուսնություն, քաղաքական հայացքների տարբերություն ավստրիական կառավարության և հատկապես՝ հոր՝ կայսեր հետ և այլն։
Կրոնպրինց և Մարիա Վեչերա
խմբագրելՄարիան կրոնպրինցի հետ ծանոթանում է ձիարշավի ժամանակ և սիրահարվում նրան։ 1888 թվականի նոյեմբերի սկզբին սկսվում է նրանց սիրավեպը։ Նրանց միջնորդն էր կայսրուհու բարեկամուհին՝ կոմսուհի Լարիշը (Մարիա Լուիզա ֆոն Լարիշ-Վալլերզեե), Լյուդվիգ Վիլհելմ Բավարիացու աղջիկը։ Ժամանակին կրոնպրինցը Մարիայի մոր սիրեկանն էր։
Կրոնպրինցի և Մարիայի մահը
խմբագրել1889 թվականի հունվարի 29-ին Ֆրանց Յոզեֆն ու կայսրուհի Ելիզավետան կազմակերպում են ընտանեկան ընթրիք, իսկ հունվարի 31-ին պատրաստվում էին մեկնել Հունգարիա։ Ռուդոլֆը հրաժարվում է ընթրիքին մասնակցելուց և մեկնում է Մայերլինգ։
Հունվարի 30-ի առավոտյան Մայերլինգում կրոնպրինցի կամերդիներ Լոշեկը և Ռուդոլֆի ընկերակից կոմս Յոզեֆ Հայոսը մի քանի անգամ ծեծում են կրոնպրինցի սենյակի դուռը, սակայն պատասխան չեն ստանում։ Դուռը կոտրելուց հետո նրանք հայտնաբերում են Ռուդոլֆին՝ անկողնու ծայրին նստած (այլ տվյալներով՝ պառկած)։ Նա առաջ էր թեքված, իսկ բերանից արյուն էր հոսում։ Առանց հետազոտելու սենյակը, Լոշեկը եզրահանգում է, որ կրնոպրինցը թույն է խմել, իմանալով, որ ստրիխնինն արյունահոսություն է առաջացնում։ Անկողնում էր նաև Մարիա Վեչերայի դիակը, ով Մայերլինգ էր եկել հունվարի 28-ին։
Կրոնպրինցի և Մարիայի մահվան հանգամանքները երկար ժամանակ հստակ չեն եղել։ Նույնիսկ կար կարծիք, որ Մարիան սպանել է կրոնպրինցին, իսկ հետո՝ ինքն իրեն։ Այլ տվյալներով, նրանց սպանել են, իսկ մեկ այլով՝ կրոնպրինցն ու Մարիան ուղղակի ինքնասպան են եղել։
Դեպքերը Վիեննայում
խմբագրելՀայոսն անմիջապես մեկնում է Վիեննա, որտեղ հանդիպում է կայսրի գեներալ-ադյուտանտ կոմս Պաարին և հայտնում կրոնպրինցի մահվան լուրը։ Ցնցված լինելով լուրից՝ Պաարը հրաժարվում է հայտնել կայսրին, պատճառաբանելով, որ այդ միայն կայսրուհին պետք է անի։ Ելիզավետայի մոտ են ուղարկում բարոն Նոպչին, որն օգնության խնդրանքով դիմում է կայսրուհու ֆրեյլինին՝ Իսա Ֆերենչիին։ Ընդհատելով կայսրուհու հունարենի դասը՝ Իդան համոզում է Ելիզավետային, ունկնդրել բարոնին։
Երբ կոմսուհին կրկին մտնում է սենյակ, տեսնում է կայսրուհուն խելահեղորեն լաց լինելիս։ Կայսրը ստիպված էր որոշ ժամանակ սպասել դռան մոտ, մինչև կայսրուհին կհանդարտվեր։ Կայսրուհին իր մեջ ուժ է գտնում և ողբերգության մասին հայտնում կայսրին։ Քանի որ մահվան հանգամանքները դեռ հայտնի չէին, որոշվում է հայտնել, որ կրոնպրինցը մահացել է սրտի անբավարարությունից։
Վերադանալով իր սենյակ՝ Իդան այնտեղ տեսնում է Մարիա Վեչերայի մորը՝ բարոնուհի Հելեն ֆոն Վեչերային։ Աղջկան փնտրելու նպատակով նրա մայրը եղել էր ոստիկանության դեպարտամենտի պետի մոտ, ով կասկածելով, որ Մարիայի անհետացման գործում կրոնպրինցը կարող է մասնակցություն ունենալ, խորհուրդ էր տվել նրան հանդիպել կայսրուհուն։ Բարոնուհին պնդում է, որ հանդիպի կայսրուհուն։ Հանդիպման ժամանակ կայսրուհին հայտնում է բարոնուհուն աղջկա մահվան մասին, սակայն միաժամանակ զգուշացնում է, որ կրոնպրինցը մահացել է սրտի կաթվածից։
Դեպքի վայրի զննություն
խմբագրելՀանձնաժողով է ուղարկվում Մայերլինգ՝ բժիշկ Հոֆրաթ ֆոն Վինդերհովերի գլխավորությամբ։ Հատակին հայտնաբերվում է ատրճանակ, որը չէին նկատել դիակները հայտնաբերողները։ Բժիշկը հաստատում է, որ Ռուդոլֆն ու Մարիան մահացել են միաժամանակ, քունքային հատվածում ստացած հրաձգային վնասվածքի պատճառով։ Երկու գնդակներն էլ հայտնաբերվում էն սենյակում։ Թույն չի հայտնաբերվում։
Ռուդոլֆը տարբեր մարդկանց ուղղված բազմաթիվ նամակներ էր թողել, այդ թվում՝ մորը, որի հետ անչափ կապված էր՝ այնտեղ մի քանի բառ գրելով հորը նույնպես, կնոջը, սիրուհիներից մեկին՝ Միցցի Կասպարին, քրոջը՝ ավստրիական էրցհերցոգուհի Մարիա Վալերիային։ Բոլոր նամակները, բացի Ելիզավետային ուղղվածից, գրվել էին նախօրոք Վիեննայում։ Ռուդոլֆը հայտնում է մորը, որ Մարիան օգնել է իրեն և «առանց նրա համաձայնության` դառնալ իր մահվան ուղեկցողուհին, նա չէր կարող հրաժարվել կյանքից…»: Սեղանի վրա դրված էր նաև չուղարկված հեռագիր Հայլիգենկրոյց մենաստանի եկեղեցականին խնդրանքով, որ վերջինս գա Մայերլինգ և աղոթի կրոնպրինցի համար։
Կրոնպրինցի ինքնասպանության պաշտոնական ընդունումը
խմբագրելԿայսրը ցնցվում է, երբ իմանում է, որ Ռուդոլֆը ոչ թե թունավորվել է Մարիայի կողմից, այլ ինքնասպան է եղել։ Նախարարների առաջարկով և հաշվի առնելով այն, որ երկրում ոչ ոք չէր հավատում կրոնպրինցի բնական մահվան վարկածին, Ֆրանց Իոսիֆը որոշում է հայտարարել ինքնասպանության մասին։ Փետրվարի 2-ին «Վիեննական թերթում» հայտնվում է հանձնաժողովի բժշկական եզրակացությունը, որտեղ նշվում է, որ վախճանվածի ուղեղում հայտնաբերված փոփոխությունները վկայում են նրա ոչ կայուն հոգեկան վիճակի մասին։
Բժշկական եզրակացությունն ավելի մեծ ցավ է պատճառում կայսրուհուն, որը միշտ վախենում էր, որ մոտ ազգակցական կապերը վատ ձևով կարող են ազդել սերնդի առողջության վրա։ Էրգոն Կորտին մեջբերում է նրա խոսքը, որն ասվել է բժշկական եզրակացությունից անմիջապես հետո. «Ինչո՞ւ Ֆրանց Իոսիֆը մտավ իմ հայրական տուն, ինչո՞ւ ես նրան տեսա, ինչո՞ւ պետք է նրա հետ ծանոթանայի»։
Մարիա Վեչերայի հուղարկավորությունը, արտաշիրմումը, վերահուղարկավորումը
խմբագրելՀունվարի 31-ի գիշերը և փետրվարի 1-ին Մարիա Վեչերայի մարմինը իր հորեղբայրների միջոցով տարվում է Հայլիգենկրոյց մենաստան։ Նրան անմիջապես, առանց արարողությունների հուղարկավորում են մենաստանի տարածքում։ Դիահերձում չէր կատարվել, իսկ Մարիայի մահվան մասին կազմվեց ձևական արձանագրություն։ Մարիայի մահվան հանգամանքների կոծկումը ևս մեկ անգամ նպաստեց այն լուրերի տարածմանը, ըստ որոնց նրա մահվան գործում ինչ-որ բան այն չէր, ինչ ներկայացվում էր պաշտոնական տեսակետից։ Հարազատների խնդրանքով 1889 թվականի մայիսի 16-ին Մարիայի մարմինը դագաղով հանվում է գերեզմանից, դրվում է մեկ այլ, պղնձե դագաղում և կրկին թաղվում։
1945 թվականի ապրիլին խորհրդային զորքերը դիրքեր են գրավում գերեզմանոցի մոտ և այնտեղից գնդակոծում Ալլանդը։ Մարիայի գերեզմանի վրա կառուցված վանքը վերածվում է խոհանոցի, իսկ նրա գերեզմանը, շատ այլ գերեզմանների նման, վնասվում է։ Գանձեր գտնելու նպատակով նրա դագաղը բացվում է և բաց է մնում մինչև 1959 թվականը[1][2][3][4][5][6]։
1959 թվականին երիտասարդ բժիշկ Հերդ Հոլլերը, որը Վեչերայի հարազատներին ուղեկցում էր նրա գերեզման, ուսումնասիրում է նրա մնացորդները։ Բժիշկը մանրազննին հետազոտում է Մարիայի գանգն ու այլ ոսկրերը՝ փորձելով գտնել գնդակի հետքը, սակայն, ըստ նրա խոսքի, նա չի հայտաբերում որևէ փաստ, որը կվկայեր Մարիայի՝ կրակոցով մահվան մասին։ Հոլլերը եզրակացնում է, որ Մարիան հավանաբար մահացել է աբորտի պատճառով, իսկ Ռուդոլֆն իր սիրեցյալի մահվան պատճառով ինքնասպան է եղել[7]։ Մարիայի դիակը թաղվում է նոր դագաղով[8]։
Կոմսուհի Լարիշի գիրքը
խմբագրել1909 թվականին կոմսուհի Լարիշի որդի Գևորգ Հենրիխը, կարդալով կրոնպրինցի ինքնասպանության գործում իր մոր դերի մասին, ինքնասպան է լինում։ 1913 թվականին կոմսուհի Լարիշը Լոնդոնում հրատարակում է «Countess Marie Larisch, nee Baronesse Marie von Wallersee, My Past» անվամբ իր գիրքը։ Կայսրուհու բարեկամուհու գիրքը, իրականի հետ միաժամանակ պարունակելով ոչ ճիշտ տեղեկություններ և նպատակ ունենալով արդարացնել հեղինակին, ճիշտ հակառակ արդյունքն է թողնում։
Նորագույն հայտնագործություն
խմբագրել2015 թվականի հուլիսի 31-ին Ավստրիայի ազգային գրադարանը հայտնեց Մարիա Վեչերայի նամակների առկայության մասին, որոնք ուղղված են եղել նրա մորն ու ընտանիքի այլ անդամներին։ Այս նամակները, որոնք համարվում էին կորած, հայտնաբերվել են Ավստրիական բանկի անվտանգության դեպոզիտային արկղերից մեկում, որտեղ նրանք դրվել են 1926 թվականին։ Նամակները, որոնք գրվել են Մայերլինգում, վկայում են, որ Մարիան պատրաստվում էր հանուն սիրո Ռուդոլֆի հետ ինքնասպանություն գործել։ Նախատեսվում է, որ այս նամակները հանրությանը կցուցադրվեն 2016 թվականին[9]։
Մշակույթում
խմբագրելՄայերլինգում կատարված ողբերգության վերաբերյալ նկարահանվել են բազմաթիվ վավերագրական, գեղարվեստական ֆիլմեր և ներկայացումներ։
- «Ողբերգություն Հաբսբուրգների տանը» (Tragedy in the House of Habsburg), ֆիլմ 1924 թվական, ռեժիսոր՝ Ալեքսանդր Կորդա,
- «Մայերինգ» (1936), ֆիլմ, ռեժիսոր Անատոլ Լիտվակ,
- «Մայերլինգից մինչև Սարաևո» (De Mayerling à Sarajevo), ֆիլմ, 1940 թվական, ռեժիսոր՝ Մաքս Օֆյուլս,
- «Մարինկա», 1945 թվական, կոմպոզիտոր` Իմրե կալման,
- «Մայերլինգի գաղտնիքը», ֆիլմ, 1949 թվական, ռեժիսոր` Ժան Դելաննուա,
- «Մայերլինգ» հեռուստաֆիլմ, 1957 թվական, ռեժիսոր` Անատոլ Լիտվակ,
- Բալետ «Մայերլինգ», 1978, Ֆերենց Լիստի երաժշտության հիման վրա,
- Մյուզիքլ «Էլիզաբեթ», 1992, կոմպոզիտոր` Սիլվեստեր Լևայ,
- «Մայերլինգ` սիրո ռեքվիեմ», օպերա, 2006, երաժշտությունը` Ռիկարդո Ուրբեչ[10],
- Մյուզիքլ «Ռուդոլֆ», 2006 թվական[11],
- Մյուզիքլ Utakata no Koi, ճապոնական թատերախումբ, 1983-2013 թվականներ,
- «Կրոնպրինց Ռուդոլֆ», ավստրիական հեռուստաֆիլմ, 2006 թվական, ռեժիսոր՝ Ռոբերտ Դորնհելմ, գլխավոր դերերում՝ Մաքս ֆոն Տուն, Վիտտորիա Պուչչինի, էպիզոդներում՝ Օմար Շարիֆ[12]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Weissensteiner F. Frauen um Kronprinz Rudolf: von Kaiserin Elisabeth zu Mary Vetsera. - Kremayr & Scheriau, 2004. - S. 239.
- ↑ Holler G. Mayerling. - Wien: Molden, 1980. - S. 307
- ↑ Bankl H. Die Kranken Habsburger: Befunde Und Befindlichkeiten Einer Herrscherdynastie. - Kremayr Und Scheriau, 1998. - S. 140.
- ↑ Wallner V. Der niederösterreichische Bezirk Baden und seine Gemeinden: eine Publikation der Gemeinden des Verwaltungsbezirkes Baden. - NÖ. Verlag-Ges.,
- ↑ Swistun H. Mary Vetsera: Gefährtin für den Tod. - Ueberreuter, 1999. - S. 172.
- ↑ Swistun H. Mary Vetsera: Gefährtin für den Tod. - Kremayr & Scheriau, 1982. - S. 192.
- ↑ Holler G. Mayerling; Die Losung des Ratsels. - Molden, 1983.
- ↑ Markus, Georg, Crime at Mayerling: The Life and Death of Mary Vetsera: With New Expert Opinions Following the Desecration of Her Grave, Ariadne Press, 1995
- ↑ Press release from the Austrian National Library, 31 July 2015 (German)
- ↑ Mayerling * Requiem einer Liebe - Home. Mayerling-opera.de. Проверено 16 ноября 2012.
- ↑ Frank Wildhorn’s Rudolf - The Last Kiss to Bow in Hungary in May (англ.). Playbill. Проверено 4 июня 2014.
- ↑ https://www.youtube.com/watch?v=N6aVougFo1I
Արտաքին հղումներ
խմբագրել- Mayerling-Sammlung Friedrich
- Der Fall Kronprinz Rudolf
- Rudolf Prack Kronprinz Rudolfs letzte Liebe 1956 (Mayerling)
- Kronprinz Rudolf (2006)
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի օրվա հոդված: |