Շուշիի «Մկրտիչ Խանդամիրյանի անվան պետական թատրոն», Շուշիի «Մկրտիչ Խանդամիրյանի անվան պետական թատրոն» ՊՈԱԿ-ը ստեղծվել է 2008 թվականի հունվարի 7-ին, ԼՂՀ Կառավարության որոշման համաձայն՝ Շուշիի «Սոս Սարգսյան» մանկապատանեկան, «Երվանդ Մանարյան» տիկնիկային և Շուշիի դրամատիկ թատրոնների միաձուլման հետևանքով։

Շուշիի թատրոն
Տեսակթատրոն
Գտնվելու վայրըԱրցախ և Շուշի
Հիմնադրման ամսաթիվհունվարի 7, 2008

Պատմություն խմբագրել

1873 թվականին թատրոնի համար Մկրտիչ (Նիկիտա) Խանդամիրյանի ջանքերով կառուցվել է քաղաքային ակումբի փայտյա շենքը, և ի պատիվ կառուցողի էլ կոչվում է «Խանդամիրյան թատրոն»։ 1883 թվականին Աբրահամ Տեր-Գասպարյանի և Հովհաննես Ճաղարբեկյանի համատեղ նախաձեռնությամբ ստեղծել է Շուշիի տեղաբնակների թատրոնը, իսկ 1880-ականների վերջերին արդեն Խանդամիրյանի գլխավորությամբ Շուշին ունեցել է իր մշտական սիրողական թատերախումբը՝ Գ. Նազարյան, Ա. Աբրամյան, Ա. Կոստանդյան, Օ. Թառումյան, Ս. Միքայելյան, Գ. Իշխանյան, Մ. Դավթյան, դերասանուհիներ Գ. Թառումյան, Գ. Աթաբեկյան, Գ. Գյանջեցյան։ Թատրոնի խաղացանկում հիմնականում եղել են Սունդուկյանի պիեսները, ինչպես նաև Միքայել Տեր-Գրիգորյանի, Էմին Տեր-Գրիգորյանի, ինչպես նաև Մոլիեր, Մուրացան։ 1882 թվականին Շուշիի թատրոն է եկել հայ բեմի հանճար Պետրոս Ադամյանը։ Մեծ արտիստը Շուշիում մնացել է մեկ ամիս՝ ոգեշնչվելով հասարակության ջերմ վերաբերմունքից։

1873 թվականին Խանդամիրյանի անհատապես կառուցած փայտաշեն ակումբը երկու անգամ այրվել է։ 1900 թվականին Աբելյանն իր խմբով Շուշիում խաղացել է 17 ներկայացում՝ այդ թվում «Ասլան Բալասի», «Դոն Քիշոտ», «Ուրվականներ», «Օթելլո», «Պաղտասար աղբար», «Անմեղ մեղավորներ», «Արդյունավոր պաշտոն», «Անսանձի սանձահարումը» և ուրիշներ։

Գործունեություն խմբագրել

Թատրոնի գեղարվեստական ղեկավար, տնօրեն, ԼՂՀ ժողովրդական արտիստ Լ. Հարությունյանի համառ ջանքերի ու տքնաջան աշխատանքի շնորհիվ բեմադրվել է 4 ներկայացում՝ Լ Հարությունյանի «Գարուն» գրական-երաժշտական կոմպոզիցիան, Ա. Շահինյանի «Շունն ու կատուն» (տիկնիկային), Վիլյամ Սարոյանի «Հեյ, ով կա այդտեղ» (դրամա), Խ. Ասատրյանի «Գյումրեցի խուլ պառավների զրույցը» (մանրապատում)։ Իր ներկայացումներով թատրոնը մասնակցել է 6 փառատոների։ «Մեկ ազգ, մեկ մշակույթ» համահայկական փառատոնին արժանացել է Հայաստանի «Արարատի մարզպետ» ոսկե մեդալի, «Նռան հատիկ» մանկապատանեկան ամենամյա փառատոնին՝ «Թռիչք» մրցանակի, Տիկնիկային արվեստի հանրապետական 4-րդ փառատոնին՝ Հայաստանի Մշակույթի նախարարության պատվոգրի և դիպլոմի, «Գիսանե» երիտասարդական փառատոնին՝ Առաջին մրցանակի՝ լավագույն բեմանկարչական լուծման համար։

2009-2010 թվականներին թատրոնի խաղացանկը համալրվել է չորս ներկայացումներով՝ «Դաս կանանց», «Լուսերեսն ու Վարդերեսը» (տիկնիկային), «Եղերերգ», «Ձմեռ պապն արթնացավ» (մանկապատանեկան) և Շուշիում անցկացվող ամենամյա «Մուրացանյան օրեր»-ի առթիվ հատված «Ռուզան» պատմա-հայրենասիրական դրամայից։

2011-2012 թվականներին բեմադրել է «Թռչուն ընկեցիկը», «Հարության ժամանակը», Ծպտված Ձմեռ պապն ու Ձյունանուշը ներկայացումները։

Իր խաղացանկով թատրոնը ելույթ է ունեցել Հայաստանի քաղաքներում ու ԼՂՀ գրեթե ողջ տարածքում։ Նա հատկապես հետևողական է զինծառայողների ու մանուկ հանդիսատեսի շրջանում արվեստի տարածման գործում, որի համար պարբերաբար ելույթներ է ունենում Արցախի զորամասերում, մանկապարտեզներում, դպրոցներում ու ճամբարներում[1]։

2014 թվականին տեղի ունեցավ թատրոնի տիկնիկային դահլիճի բացումը, որը միակն է Արցախում։

Ներկայացումներ խմբագրել

2008-2017 թվականներին թատրոնում բեմադրված ներկայացումներն են՝

  1. Հեյ, ով կա այդտեղ- Վ. Սարոյան
  2. Անահիտ- Ա. Էդար
  3. Հարության ժամանակը- Ռ. Եսայան
  4. Առաջարկություն- Ա. Պ. Չեխով
  5. Սասունցի Դավիթ- Հ. Թումանյան
  6. Ծպտված Ձմեռ պապը- Ս. Մուրադյան
  7. Դաս կանանց
  8. Գարուն գրական երաժշտական կոմպոզիցիա
  9. Արջը- Ա. Պ. Չեխով
  10. Ձմեռ պապն արթնացավ- Ս. Մուրադյան
  11. Եղերերգ -ըստ Պ. Սևակի «Եռաձայն Պատարագ» պոեմի
  12. Գյումրեցի խուլ պառավների զրույցը
  13. Արագիլն ու խրտվիլակը (տիկնիկային ներկայացում)
  14. Մեր տունը (տիկնիկային ներկայացում)
  15. Շունն ու կատուն (տիկնիկային ներկայացում)
  16. Երեք խոզուկները (տիկնիկային ներկայացում)
  17. Հայ մուկը (տիկնիկային ներկայացում)
  18. Թռչուն ընկեցիկը (տիկնիկային ներկայացում)
  19. Արևիկը հասկացավ (տիկնիկային ներկայացում)
  20. Լուսերեսն ու Վարդերեսը (տիկնիկային ներկայացում)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Շուշիի Խանդամիրյան թատրոնի պատմությունը». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 26-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 9-ին.