Շենգավիթ հնավայր
Շենգավիթ, վաղ բրոնզեդարյան հնավայր-հուշարձան Հայաստանի մայրաքաղաք Երևանի հարավ-արևմտյան հատվածում՝ Երևանյան լճի արևելյան հրվանդանին։ Բնակավայրը հիմնադրվել է մոտ 5 ու կես հազար տարի առաջ և լքվել է մոտ 4 հազար տարի առաջ։ Բնակավայրի բնիկ անվանումը հայտնի չէ, իսկ Շենգավիթ անունը ստացել է Երևանի թաղամասի անվան շնորհիվ, որտեղ գտնվում է։ Բնակավայրի բուն սահմանները զգալի ավելի լայն են եղել, սակայն դրանց զգալի մասը ենթարկվել է կառուցապատման, ու պահպանված տարածքը փաստացի մի բլուր է՝ կից Երևանի #6 հիվանդանոցի բակին ու Երևան բժշկական կենտրոնին[2]։
Շենգավիթ | |
---|---|
Շենգավիթ հնավայր | |
Տեսակ | հնագիտական հուշարձան |
Ստեղծում | մ. թ. ա. 3000[1] |
Երկիր | Հայաստան |
կայք | |
Shengavit Settlement Վիքիպահեստում |
Ըստ 2000 թվականից իրականացվող պեղումների ղեկավար Հակոբ Սիմոնյանի՝ Շենգավիթը կարող է համարվել լիարժեք քաղաքատիպ բնակավայր, և որպես փաստարկ բերում է այստեղ պեղված սահմանային պատ՝ ամրացված քառանկյուն աշտարակներով։ Տեղում հայտնաբերվել են նաև իշխանության խորհրդանիշներ՝ կնիքներ և գավազաններ, որոնք վկայում են բարձրագույն իշխանության ներկայացուցիչների առկայության մասին[2]։
Շենգավիթը հիմնադրվել է Հրազդան գետի ափին, որտեղից ոչ հեռու հետագայում կառուվում են Թեյշեբաինին, Ծիծեռնակաբերդը, Երևանի բերդը, Կոնդը և որտեղ ենթադրաբար հանգրվանում են Էրեբունի բնակավայրի բնակիչները՝ տեղափոխելով իրենց հետ բնակավայրի անվանումը։ Դիրքը բարեհաջող էր առկա գետի ու դեպի Արարատ լեռը հրաշալի տեսարանի շնորհիվ։
Պատմական նկարագիր
խմբագրելՇենգավիթը Հայաստանում վաղ բրոնզեդարյան առավել հայտնի և լավ ուսումնասիրված բազմաշերտ, 4 մ խորությամբ հուշարձան է, զբաղեցնում է 6 հեկտար տարածությամբ անկանոն ձվաձև մի հարթակ։ Բնակատեղին շրջափակված է եղել անմշակ քարերից կառուցված հզոր պարսպով։ Պարսպի տակ` հյուսիսային կողմում, հայտնաբերվել է դեպի Հրազդան գետն իջնող սալապատ գետնուղի, իսկ պարսպից դուրս տարածվել է դամբարանադաշտը։ Շենգավթի կառույցները վկայում են ինչպես շինարարական դարավոր ավանդույթների հարատևման, այնպես էլ շինարարության որոշակի առաջընթացի մասին։
Հնավայրի կացարանները բավականին ընդարձակ էին ու բարեկարգ։ Շինարարական աղյուսը ստացել էր ավելի հաստատուն ձև, քարե շեմեր և աստիճաններ ունեցող մուտքերը զետեղված էին գերազանցապես արևելյան կողմում, հատակները պատրաստված էին մանր կոպիճի համակենտրոն շարվածքով։ Կլոր կացարաններն ունեին կոնաձև, իսկ նրանց կից կառույցները՝ տափակ տանիքներ[3]։
Հնավայրում 1936-1938 թվականներին հետազոտություններ, ապա պեղումներ է կատարել հնագետ Եվգենի Բայբուրդյանը։ Նրա՝«Հնագույն մշակույթների հերթագահությունը Հայաստանում՝ ըստ հնագիտական նյութի» աշխատության մեջ հեղինակը հիմնավորում և նկարագրում է Շենգավիթյան մշակույթը։ Համաձայն աշխատության՝ հնավայրը բացահայտվել է դեռևս 1924-1925 թվականներին, սակայն լայն ուսումնասիրություններ չեն իրականացվել։ Հետագայում, տարածքում պատահաբար հայտնաբերվել է կոտրված աման և կավե օջախի մնացորդներ։ Դրանից ելնելով՝ 1936 թվականին Հայաստանի պատմության թանգարանի աշխատակիցների կողմից տարածքն ուսումնասիրվել է, իսկ Պատմական հուշարձանների պահպանության պետական կոմիտեն 1936 թվականի հունիսի 14-ից սկսեց պեղումներ իրականացնել։ Հեղինակը Շենգավիթյան մշակույթը անվանում է նաև «Կուր-Արաքսյան», «Վաղ-Անդրկովկասյան» մշակույթ[4]։
1958 թվականից Շենգավթի տարածքում հնագիտական նոր ուսումնասիրություններ ու պեղումներ են սկսվել հնագետ Սանդրո Սարդարյանի ղեկավարությամբ։ 1958-1980 թվականների ընթացքում նրա կողմից պեղվել է բնակատեղիի պահպանված հատվածի կենտրոնական մասը[5]։
2000 թվականի օգոստոսից ուսումնասիրություններ են կատարվել հայ-ամերիկյան միացյալ հնագիտական արշավախմբի կողմից՝ հնագետ Հակոբ Սիմոնյանի ղեկավարությամբ։
Ներկայումս հնավայրը ներկայանում է իրար միացած կլոր կամ քառանկյուն հիմք ունեցող կացարաններով, թեք ու նեղ փողոցներով։
Պեղածո նյութ
խմբագրելՊեղումների արդյունքում հայտնաբերվել են.
- Ոսկրե իրեր (իլիկի գլուխներ, նետասլաքներ, հերուններ, ասեղներ, կարթեր և այլն), պղնձե իրեր։
- Պեղվել են բարձր որակի մանր ու խոշոր ամաններ՝ կարասներ, կճուճներ, գավաթներ, քրեղաններ, թասեր, սկահակներ, քամիչներ և այլն։ Անոթի գույնը կապված է եղել թրծելուց և ներկելուց։ Պեղված Խեցեղենն ունի մի շարք տարբերակներ ինչպես ձևի, այնպես էլ նախշերի կատարման տեսակետից։ Հայտնաբերված խեցեղենի իրերի նախշերը բազմազան են։ Խեցեղենը հիմնականում է եղել սև փայլեցված և ունեցել է երկրաչափական նախշեր՝ եռանկյունիներ, շեղանկյուններ, պարույրներ, զուգահեռ գծեր և այլն։
- Օջախներ։ Օջախներն ունեին պաշտպանիչ նշանակություն։ Շատ հաճախ խորհրդանշում էին տոհմի հարատևումը, բարգավաճումը։ Բնակատեղիից հայտնաբերված օջախների ձևերը բազմազան են։
- Հացահատիկի հորեր՝ 3-4 մ. խորությամբ, 1 մետր լայնությամբ ալյուրի ամբար։
- Աշխատանքային գործիքներ - պեղվել են նաև բազում աշխատանքային գործիքներ կայծքարից, օբսիդիանից և ամուր քարատեսակներից են։ Դրանք են՝ մուրճեր, կացիններ, գուրզեր, հավանգներ, սանդեր, աղորիքներ, դանակներ, նետասլաքներ, մանգաղի ներդիրներ, քարե բրիչներ։ Սանդերի փոքր չափերն օգտագործվել են սերմեր, արմատներ մանրացնելու համար։
- Արձանիկներ։ Հայտնաբերվել են նաև այծի, ձիու, ցուլի արձանիկներ։ Կարելի է ենթադրել, որ ձին օգտագործել են բնակավայրերի միջև մշտական կապ պահպանելու համար, իսկ ցուլը եղել է պաշտամունքի առարկա ողջ Առաջավոր Ասիայում։
- Կենդանիների ոսկորներ։ Գտնվել են շան, ցուլի, վարազի, նապաստակի, այծյամի և այլ կենդանիների ոսկորներ։ Ձկնորսության կարևոր ճյուղ լինելու մասին են վկայում հայտնաբերված ձկների մնացորդները (իշխան, սուդակ և այլ)։
- Պեղվել են մի շարք թաղումներ, որոնք տոհմական բնույթի էին՝ պատկանել են մի մեծ ընտանեկան համայնքի։
- Գտնվել են հոնի, կեռասի կորիզներ և այլն[5]։
Բնակավայրի անկման պատճառներ
խմբագրելԲնակավայրի անկման պատճառները մնում են այսօր քննարկման առարկա մասնագետների շրջանում։ Նրանց հիմնական մասը կարծում է, որ անհետացման պատճառները կարող են լինել հետևյալ երեք գործոնները, որոնք նույնն են որևէ այլ բնակավայրերի անկման դեպքում նույնպես՝
- էկոլոգիական փոփոխությունների արդյունքում սկսված աղուտացման երևույթը,
- ներփակ տնտեսական հարաբերությունները,
- էթնիկական տեղաշարժերն ու ներխուժումները
Այս ամենի արդյունքում մ.թ.ա. 2-րդ հազարամյակի սկզբին Շենգավիթյան բնակատեղին լքվում է։
Թանգարանի հավաքածուն
խմբագրել«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի «Շենգավիթ» մասնաճյուղը ստեղծվել է 1968 թվականին, որի համար գիտական հիմք են հանդիսացել Շենգավիթ հնավայրը և այնտեղից հայտնաբերված գտածոները։
Պեղված նյութերի որոշ մասն այսօր գտնվում է նաև Երևան քաղաքի և Հայաստանի պատմության թանգարաններում։ Հավաքածուն ներառում է պաշտամունքային իրեր՝ օջախներ, զոհասեղաններ, հենակներ, ճրագներ, ձկան արձանիկներ, ինչպես նաև կնոջ, տղամարդու, թռչունի, խոյի, ցուլի արձանիկներ, քարե, ոսկրե աշխատանքային գործիքներ՝ կացիններ, աղորիքներ, սանդեր, գուրզեր, ասեղներ, իլիկի գլուխներ, նետասլաքներ, բրոնզե զարդեր՝ օղեր, ապարանջաններ, քորոցներ և այլն։ Հավաքածուի մաս է կազմում սև, փայլեցված, կարմիր, գորշ խեցեղենը, որը փորագրված է եղել երկրաչափական նախշերով կամ կենդանիների՝ թռչունների, այծի, ձիու, եղջերուի պատկերներով[6]։
Պատկերասրահ
խմբագրելՀնավայր
խմբագրելԹանգարան
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ (unspecified title) — doi:10.3406/PALEO.2014.5636
- ↑ 2,0 2,1 Григорян, Марк (2022). Ереван — Биография города. Մոսկվա: Слово. ISBN 978-5-387-01752-0.
- ↑ Հայ ժողովրդի պատմություն I, Հայկական ՍՍՀ Գիտությունների ակադեմիա, Երևան, 1971 թ.
- ↑ Шенгавит, Каталог археологических материалов из коллекций Музея истории Армении, Музей Историии Армении, Ереван, 2015г.
- ↑ 5,0 5,1 Ս.Հ. Սարդարյան, Նախնադարյան հասարակությունը Հայաստանում, Երևան, 1967 թ.
- ↑ «Էրեբունի թանգարան․ Պեղումներ և արժեքավոր գտածոներ». .erebuni.am. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 28-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 480)։ |