Նուսրետա Սիվաց

բոսնիացի ակտիվիստ

Նուսրետա Սիվաց (բոս․՝ Nusreta Sivac, փետրվարի 18, 1951(1951-02-18), Պրիեդոր, Սերբական Հանրապետություն, Բոսնիա և Հերցեգովինա), բոսնիացի ակտիվիստ, բռնությունների և այլ պատերազմական հանցագործությունների զոհերի իրավունքների պաշտպան, նախկին դատավոր։ Բոսնիական պատերազմի ժամանակ նրան պահում էին Բոսնիայի և Հերցեգովինայի հյուսիս-արևմուտքում գտնվող Պրիեդոր քաղաքի մոտակայքի Օմարսկայի համակենտրոնացման ճամբարում, որը ղեկավարում էին բոսնիացի սերբերը, որտեղ նրան և ճամբարի մյուս կանանց բռնաբարում, ծեծի և խոշտանգումների էին ենթարկում։ Ճամբարի փակումից հետո՝ 1992 թվականի օգոստոսին, նա ակտիվորեն հանդես եկավ մամուլում, սատարեց բռնության զոհերին և կարևոր դեր խաղաց պատերազմի ընթացքում բռնությունները միջազգային օրենսդրությամբ որպես ռազմական հանցագործություն ճանաչելու գործում։ Նուսրետա Սիվացը Բոսնիա և Հերցեգովինայի կանանց ասոցիացիայի անդամ է։

Նուսրետա Սիվաց
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 18, 1951(1951-02-18) (73 տարեկան)
ԾննդավայրՊրիեդոր, Սերբական Հանրապետություն, Բոսնիա և Հերցեգովինա
Քաղաքացիություն Բոսնիա և Հերցեգովինա
Կրոնիսլամ
Մասնագիտությունիրավապաշտպան

Կենսագրություն խմբագրել

Նուսրետա Սիվացը ծնվել է 1951 թվականի փետրվարի 18-ին Բոսնիայի Պրիեդոր քաղաքում, որն այդ ժամանակ գտնվում էր Հարավսլավիայի կազմում, որտեղ էլ նա ավարտել է միջնակարգ դպրոցը և սովորել իրավաբանություն[1]։ Սիվացը դատավոր է աշխատել 1978 թվականից մինչև 1992 թվականը, երբ սկսվեց Բոսնիական պատերազմը[2]։

Բոսնիական պատերազմ խմբագրել

1992 թվականի ապրիլին սերբ զինվորները նրան տեղեկացրին, որ նա այլևս չի աշխատում Պրիեդորի քաղաքային դատարանում։ Պրիեդորում բնակվող բոսնիացիներն ու խորվաթները ստիպված էին կրել սպիտակ թևկապներ և սպիտակ դրոշներ կախել իրենց տների պատուհաններից։ Նրանց տները թալանվել և այրվել են, մինչ սերբերը նրանց տեղափոխում էին Կերատերմի, Օմարսկայի և Տրնոպոլիեի համակենտրոնացման ճամբարներ։ Երկու ամիս անց, երբ Բոսնիայի սերբական բանակը վերահսկողություն սահմանեց Պրիեդորում, նրան խնդրեցին հարցաքննության պատրվակով ներկայանալ տեղի ոստիկանության բաժանմունք, սակայն, ներկայանալուն պես նրան 25 կանանց հետ[3] տեղափոխեցին Օմարսկայի համակենտրոնացման ճամբար։ Նա 36 այլ կանանց և 3500 տղամարդկանց մեջ էր, որոնք բանտարկված էին եղել այնտեղ[4]։

Երեք ամիս նրան և այլ կանանց բռնաբարում, ծեծում և խոշտանգումների էին ենթարկում համակենտրոնացման ճամբարում[3]։ Նա հիշում էր, որ վատթարագույնը «կանանց համար գիշերներն էին, որովհետև պահակները մտնում էին սենյակներ, իրենց տանում էին ճամբարում ինչ որ տեղ և բռնաբարում։ Դա կատարվում էր պարբերաբար»[4]։ Ճամբարում մնալու ընթացքում նրան ստիպել էին մաքրել արյան հետքերը հարցաքննության սենյակից[5]։ Նա նշում է, որ ինքը տեսել է սերբերի կողմից սպանվածների մարմինները «սպիտակ տան» դիմաց ընկած խոտի վրա, որտեղ կատարվում էին ամենասարսափելի տանջանքները։ Ըստ նրա ցուցմունքի՝ մահացածներին տեղափոխում էին բեռնատարներով և տանում ինչ-որ տեղ։ Ըստ նրա՝ Օմարսկայի համակենտրոնացման ճամբարում մարդիկ մահանում էին հիմնականում տանջանքներից[4]։

1992 թվականի օգոստոսի սկզբին ճամբար այցելեցին Կարմիր խաչի և եվրոպական մամուլի ներկայացուցիչներ, որից հետո այն փակվեց[4]։ Համակենտրոնացման ճամբարում հինգ կին էր մահացել[3]։ Սիվացը նշում է, որ դրանցից չորս մասի աճյունները հետագայում հայտնաբերվել են եղբայրական գերեզմանում, իսկ հինգերորդի աճյունը դեռ չի հայտնաբերվել[4]։ Նա նաև դժգոհել է համակենտրոնացման ճամբարի զոհերի հուշահամալիրի բացակայությունից, մինչդեռ Պրիեդորի դպրոցները մայիսի 24-ը նշում են մոտակա համակենտրոնացման ճամբարի՝ Տրնոպոլիեի բացման օրը[3]։ Պրիեդորի տարածքում հայտնաբերվել են 56 եղբայրական գերեզմաններ, ինչպես նաև մարդկային աճյունների մնացորդներ 357 տարբեր վայրերում[6]։

Իրավապաշտպանական գործունեություն խմբագրել

Քաջությունը, որ դրսևորել են այս կանայք և կիսվել իրենց պատմություններով, վկայում են հակամարտության ընթացքում տեղ գտած սեռական բռնության հետ կապված լռությանն ու օտրակիզմին վերջ դնելու անհրաժեշտության մասին ... Այս վերապրածները օգնում են վերջ տալ անպատժելիությանը և հասնել նրան, որ մեղավորները պատասխանատվության ենթարկվեն։

Զեյնաբ Բանգուրա, կոնֆլիկտային իրավիճակներում սեռական բռնության հարցերով ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ[5]

Ազատվելուց հետո Սիվացը փախավ հարևան Խորվաթիա, որտեղ Օմարսկայի համակենտրոնացման ճամբարի նախկին բանտարկյալ խորվաթուհի Յադրանկա Ցիգելի հետ միասին սկսեցին ապացույցներ հավաքել բռնաբարության զոհ դարձած հարյուրավոր մարդկանց մասին[5]։ Նա ընդգրկվեց Բոսնիա և Հերցեգովինայի կանանց ասոցիացիայի կազմում, որի շտաբը գտնվում էր Զագրեբում[2]։ 1995 թվականի հունիսին նրանք օժանդակեցին Նախկին Հարավսլավիայի գծով միջազգային քրեական դատարանի (ՆՀՄՏ) առաջին մեղադրական եզրակացության նախապատրաստմանը։ Կուտակված ապացույցները բացահայտեցին պատերազմի ժամանակ կիրառված բռնաբարությունների ծանրությունը և ՄԱԿ-ը դրանք դիտարկեց որպես հիմնական «շրջադարձային» ապացույցներ` ճանաչելով այդ իրողությունը որպես պատերազմական հանցագործություն[5]։ Նա անձամբ ցուցմունքներ տվեց ՆՀՄՏ-ում[4] և օգնեց բանտ նստեցնել մի մարդու, որն իրեն բազմիցս բռնաբարել էր Օմարսկի համակենտրոնացման ճամբարում։ Սիվացը ցուցմունքներ տվեց նաև շատ այլ գործերով, այդ թվում՝ ինքնահռչակ Սերբական հանրապետության նախագահ Ռադովան Կարաջիչի գործով[5]։

1997 թվականին Նուսրետա Սիվացը և Յադրանկա Ցիգելը դարձան «Հոգիներին կանչելով» վավերագրական ֆիլմի գլխավոր հերոսները, որը պատմում էր Օմարսկայի համակենտրոնացման ճամբարում նրանց կյանքի մասին[7]։ Ֆիլմի պրեմիերան հովանավորել էին Amnesty International-ը, Միջազգային արդարադատության կոալիցիան, Մարդու իրավունքների և հումանիտար իրավունքի կենտրոնը և «Կանայք կանանց համար» միջազգային կազմակերպության բոսնիական մասնաճյուղի կողմից[8]։ Նուսրետա Սիվացը ելույթ է ունենում 2006 թվականին Օմարսկայի համակենտրոնացման ճամբարի զոհերի հիշատակի օրը։

1999 թվականին Սիվացը վերադարձավ Պրիեդոր[9]։ 2000 թվականին Նյու Յորքի Հարավային շրջանի Դաշնային դատարանը Ռադովան Կարաջիչին պարտավորեցրեց 745 միլիոն դոլար փոխհատուցում վճարել Սիվացին, Ցիգելին և ևս 9 այլ կանանց[10]։ 2002 թվականի ամռանը Սիվացը պայքարով ետ վերցրեց և գնեց իր բնակարանը, որից նրան վտարել էին պատերազմի ժամանակ։ Բնակարանը զավթել և նրա ունեցվածքը թալանել էր նրա նախկին գործընկերը։ Վերադառնալուց հետո նրա բնակարանի դռան վրա բազմիցս գրվել է «Օմարսկա» բառը[3][11]։ Սիվացը չկարողացավ վերականգնվել այն աշխատանքում, որը նա ունեցել էր պատերազմից առաջ[11]։ 2003 թվականին Սիվացը և հարյուրից ավելի այլ վերապրածներ և Օմարսկայի համակենտրոնացման ճամբարի զոհերի հարազատները առաջին անգամ մասնակցեցին իրենց հիշատակի արարողությանը[12]։ 2005 թվականին Սիվացը եղել է Խաղաղության Նոբելյան մրցանակի համար առաջադրված հազարավոր կանանց շարքում[13]։ 2008 թվականին նա աջակցեց պատերազմական հանցագործությունների տարածաշրջանային դատարան ստեղծելու նախաձեռնությանը՝ ասելով, որ «կան մի շարք խոչընդոտներ, որոնք իսկապես պետք է բացառվեն, քանի որ տարածաշրջանի պետությունների սահմանադրությունները թույլ չեն տալիս արտահանձնում և այլն։ Տեղական դատական համակարգը պետք է ավելի շատ պատրաստված լինի։ Իհարկե, պետք է լինեն ավելի շատ առաջնորդներ և դատավորներ»[14]։

2012 թվականին Նուսրետա Սիվացը հետևյալ կերպ մեկնաբանեց Պրիեդորա քաղաքում պատերազմական հանցագործությունների ժխտումը`«Պրիեդորայի ներկայիս սերբական իշխանություններն անընդհատ փորձում են ջնջել պատմության 1992 թվականից մինչև 1995 թվականը ընկած ժամանակահատվածը և ստեղծել մի իրավիճակ, որ այդ մասին չգրվի և չխոսվի։ Դա մեզ ամենաշատն է վիրավորում։ Պատմության այդ մասը պատկանում է մեզ՝ Պրիեդորայի քաղաքացիներին, և մենք երբեք չենք մոռանա և թույլ չենք տա մոռանալ այն, այստեղ սպանված քաղաքացիական անձանց պատճառով»[15]։

Ծանոթագրություններ խմբագրել

Աղբյուրներ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել