Նույնության փիլիսոփայություն

Նույնության փիլիսոփայություն, փիլիսոփայական կոնցեպցիա, օբյեկտիվ իդեալիզմի տարատեսակ, ըստ որի բնության և ոգու, կեցության և մտածողության, օբյեկտի և սուբյեկտի տարբերակումը, հակադրումը և զարգացումն ածանցվում են մի նախասկզբից, որը ներքուստ տարբերակված չէ, այսինքն՝ «բացարձակ նույնականություն» է՝ «բացարձակ մտածողություն» (ըստ Ֆ․ Շելինգի), «բացարձակ գաղափար» (ըստ Գ․ Հեգելի)։ Նույնության փիլիսոփայությունը հակադրվում է Ի․ Կանտի ուսմունքում առկա դուալիստական միտումներին և Յո․ Ֆիխտեի սուբյեկտիվ իդեալիզմին։

Ըստ Շելինգի խմբագրել

Նույնության փիլիսոփայության հիմնական սկզբունքը տրամագծորեն հակադիր է դուալիստական համակարգերի (դուալիզմ) սկզբունքին։ Նույնության փիլիսոփայությունը որպես որոշակի փիլիսոփայական կոնցեպցիա պատմականորեն կապվում է Ֆրիդրիխ Շելինգի անվան հետ։ Շելինգը փորձելով հաղթահարել կանտյան և ֆիխտեյան համակարգերի դուալիզմը, առաջ քաշեց մոնիստական փիլիսոփայության մի նոր ելակետային սկզբունք՝ սուբյեկտիվի և օբյեկտիվի, իդեալականի և ռեալի բացարձակ նույնությունը։

Ըստ Հեգելի խմբագրել

Մտածողության և կեցության նույնության սկզբունքն ընկած է նաև հեգելյան համակարգի հիմքում, բայց այդ սկզբունքը Հեգելի կողմից իրացվում է այլ կերպ, քանի որ նույնությունն ինքը նրա կողմից ըմբռնվում է դիալեկտիկորեն, ոչ որպես անշարժ աբսոլյուտ, անորոշ միասնություն, որն անտարբեր կերպով հակադրվում է կեցության բազմազանությանը, այլ որպես ինքնազարգացող տրամաբանական իդեա, որի որոշակիությունն ու տարբերակվածությունը գտնվում են հենց իր մեջ իբրև նրա իմանենտ անվերջ ձև։

Մետաֆիզիկական ըմբռնում խմբագրել

Նույնության փիլիսոփայության սպեցիֆիկ առանձնահատկությունը, որով նա տարբերվում է մյուս օբյեկտիվ իդեալիստական կոնցեպցիաներից, ոչ թե պարզապես մտածողության ու կեցության նույնության ընդունումն է, այլ այդ նույնության մետաֆիզիկական ըմբռնումը։ Լինելով փիլիսոփայության հիմնական հարցի լուծման փորձերից մեկը՝ նույնության փիլիսոփայությունը հանում է այդ հարցը՝ անշարժ բացարձակ սուբստանցիայի ընդերքում տարրալուծելով ոգու և բնության, մտածողության և կեցության տարբերությունները։

Ներկայումս մտածողության և կեցության մետաֆիզիկական նույնության գաղափարները քարոզվում են նեոթոմիզմի առանձին դպրոցների կողմից։

Մարքսիստական փիլիսոփայությունն իր մոնիզմը հիմնավորում է՝ ելնելով աշխարհի մատերիական միասնության և զարգացման գաղափարից[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Փիլիսոփայական բառարան, 1975 թ․
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 404