Նոր Ջուղայի ավետարան
«Նոր Ջուղայի Ավետարան», 1610 թվականի հայկական ձեռագիր մատյան (Մատենադարան)։ Գրիչ և ծաղկող՝ Հակոբ Ջուղայեցի, պատվիրատու՝ Խոջա Ավետիք (նվիրել է Նորաշենի Տիրամայր Սուրբ Աստվածածին եկեղեցուն)։
Ավետարանը (չափերը՝ 24,5x 18,5 սմ) ունի 302 թերթ, գրված է բոլորագրով, բացառիկ հարուստ է նկարազարդումներով։ Ձեռագրում նշվում է, որ 1605 թվականին Շահ Աբբասը Իրան է բռնագաղթեցրել Ջուղայի բնակիչներին, իսկ բուն ձեռագիրն անվանվում է «լուսազարդ և վարդափթիթ սուրբ աւետարանս...»։ Ձեռագիրը պարունակում է տերունական և վախճանաբանական թեմաներով 59 մանրանկար (որոնք զետեղված են ձեռագրի սկզբում), տասը խորան, ավետարանիչների չորս դիմանկար, զարդանկարված չորս անվանաթերթ, Քրիստոսի տոհմագրությունից 3 թերթ, տեքստում՝ մեկ մանրանկար և լուսանցազարդեր։ Ձեռագրի բուն տեքստը ներառված է շքազարդ, գմբեթավոր շրջանակների մեջ, ըստ որում չորս Ավետարաններից յուրաքանչյուրը տեքստի ուրույն երիզապատման ձև ունի։ Պատկերագրական տարրերի բազմազանությամբ և հարստությամբ հանդերձ նկարիչը պահպանել է կոմպոզիցիայի հստակությունը, հասել բարձր վարպետության։ Բազմազան է զարդապատկերը՝ գունահագեցած, զարդաձևերը՝ համաչափ, աշխույժ խաղով։ Ավետարանի կերպարները քիչ են հիշեցնում սրբերի, դրանք հասարակ մարդիկ են, նկարչի ժամանակակիցները։ «Նոր Ջուղայի Ավետարան» ձեռագիրն իր գեղարվեստական առանձնահատկություններով հայկական մանրանկարչության նվաճումներից է։
Գրականություն
խմբագրել- Շահազիզ Երվանդ, Նոր Նախիջևանի Սուրբ Խաչ վանք, 1901։
- Բարխուդարյան Վլադիմիր, Նոր Նախիջևանի հայկական գաղութի պատմություն (1779–1861 թվականներ)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է Քրիստոնյա Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո: |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 367)։ |