Նիկոդիմոսի ավետարան կամ Գործք Պիղատոսի[Ն 1] (լատին․՝ Acta Pilati), պարականոն գրվածք, որտեղ տեղ են գտել Հիսուսի դատավարության, խաչելության և հարության մասին աստվածաշնչյան ու արտասուրբգրային ավանդությունները։

Նիկոդիմոսի ավետարան
9-րդ կամ 10-րդ դարի Նիկոդիմոսի ավետարանի ձեռագիր
Տեսակկրոնական գիրք և Պարականոն ավետարաններ
 Gospel of Nicodemus Վիքիպահեստում

Անվանում խմբագրել

«Նիկոդիմոսի ավետարան» խորագրով անվավերականին հանդիպում է 13-րդ դարիվ սկսած, ինչը ցույց է տալիս, որ «Նիկոդիմոսի ավետարան» անվանումը հետագայի նորամուծություն է[1]։ Պետք է հաշվի առնել, որ «Նիկոդիմոսի ավետարան» անվամբ հիմնականում բնորոշվում են պարականոնի այն տարբերակները, որոնք ներառում են նաև գրվածքի երկրորդ՝ Քրիստոսի «Էջքը դժոխք» (լատին․՝ Descensus ad Infernos) հատվածը[Ն 2]։ Այս խորագիրը հատուկ է լատիներենով պահպանված բնագրերին[Ն 3] ու դրանցից արևմտաեվրոպական այլ լեզուների թարգմանված հետագա խմբագրություններին, որոնց սովորաբար կցված է լինում նաև Կլավդիոս կայսերն ուղարկված թուղթը[Ն 4]։

Հունարեն ձեռագրերում «Էջքը դժոխք»-ն առկա է միայն լատինականից ազդված հետագայի ընդօրինակություններում, որոնց թիվն անհամեմատ քիչ է[2], իսկ ասորերեն, ղպտերեն, եթովպերեն, արաբերեն ու հայերեն[Ն 5] ձեռագրերում այն մինչ օրս չի հայտնաբերվել[Ն 6]։

Որոշ գրչագրերում պարականոնը վերնագրված է «Աւետարան Նազովրացւոց» (լատին․՝ Evangelium Naaraeorum), իսկ Օքսֆորդում պահվող լատիներեն ձեռագրերից մեկում այն ունի «Աւետարան Նազովրացւոց ըստ Նիկոդիմեայ» հավելվածը[3]։ Ըստ նշանավոր հայագետ Բ. Սարգիսյանի, նման շփոթմունքն առաջացել է այն ժամանակ, երբ լատին ընդօրինակողը, հանդիպելով պարականոնին առանց խորագրի, ենթադրել է, որ այն Հերոնիմոսի ձեռքով լատիներենի թարգմանված, ապա անհայտացած «Նազովրեցիների ավետարան»-ն է, սակայն առաջաբանում կարդալով նաև Նիկոդիմոսի անունը՝ վերջինիս է վերագրել ավետարանի գրությունը[4]։

Վերոնշյալ խորագրերից բացի, ելնելով այս պարականոն գրվածքի բովանդակությունից, այն անվանում են նաև «Չարչարանքի ավետարան»[Ն 7]։

Հեղինակ խմբագրել

«Գործք Պիղատոսի» գրվածքի հեղինակային պատկանելության ու վավերականության հետ կապված հարցերում ուսումնասիրողները միակարծիք չեն։ Դեռևս հստակեցված չեն այս պարականոնի նախնական լեզուն[Ն 8] և ծագման ժամանակաշրջանը։ Գրվածքի հունարենով ու լատիներենով պահպանված «Նախադրություն»-ից տեղեկանում ենք միայն, որ Թեոդոսիոս Մեծի հյուպատոսության տասնյոթերորդ և Վաղենտինոս V-ի իններորդ տարում (տարբեր տվյալներով նրանց կառավարման տարեթվերը տատանվում են 405–420 թվականների միջև) գրությունը հայտնաբերվել ու եբրայերենից հունարենի է թարգմանվել Անանիաս կամ Ենիաս անունով նորադարձ հրեայի ձեռքով, ով իրեն անվանում է պրոտեկտոր։ Թարգմանիչը, ով, ըստ էության, նաև երկի խմբագիրն է, որևէ այլ տեղեկություն չի տալիս ո՛չ իր ծագման, ո՛չ էլ «Գործք Պիղատոսի»-ի հայտնաբերման վայրի մասին։

Ուսումնասիրություններ խմբագրել

Թարգմանիչներ խմբագրել

«Գործք Պիղատոսի»-ն մանրազնին ուսումնասիրության է ենթարկել գերմանացի նշանավոր գիտնական Կ. Տիշենդորֆը՝ քննության առնելով իր ժամանակ հայտնի հունարեն, լատիներեն, ղպտերեն բազմաթիվ ձեռագրեր։ Նա ընդարձակ ներածությամբ հրատարակել է բնագրի հունարեն և լատիներեն թարգմանությունները։ Գիտնականի կարծիքով գրվածքի «Նիկոդիմոսի ավետարան» անվանումը, ամենայն հավանականությամբ, պատկանում է կարոլինգյան դարաշրջանին (751–987)։ Կ. Տիշենդորֆը պարականոնի ծագումը վերագրում է II դ. սկզբին՝ հենվելով Հուստինոս Վկայի (100–165 թթ., Ջատ. 1, 35; 4815) ու Տերտուլիանոսի (շուրջ 155–240 թթ., Ջատ. 2116) վկայությունների վրա, ըստ որոնց քրիստոնյա այս ջատագովներն արդեն 2-րդ դարից տեղյակ են եղել նման գրության մասին։ Այս տեսակետը, սակայն, միանշանակ չի ընդունվել ուսումնասիրողների կողմից։ Գերմանացի հայտնի աստվածաբան Ա. Հառնակն առաջ է քաշել մեկ այլ վարկած, ըստ որի՝ Հուստինոս Վկայից ու Տերտուլիանոսից փոխառյալ հատվածները, որոնց չափազանց մեծ կարևորություն է տալիս Կ. Տիշենդորֆը, «Գործք Պիղատոսի»-ից չէին կարող վերցվել։ Առաջին դարերի քրիստոնյա ջատագովները չէին կարող այս անկանոն գրությունն աչքի տակ ունենալ, քանի որ գրվածքի մասին հնագույն վկայությանը հանդիպում ենք միայն Եպիփան Կիպրացու «Յաղագս Հերձուածողաց» երկում։ Ա. Հառնակի այս տեսակետը ճանաչում է գտել նաև այլ ուսումնասիրողների կողմից, ըստ որոնց սխալմունք է կարծելը, թե Տերտուլիանոսի հիշատակած «Գործք Պիղատոսի»-ն վավերական գրություն է։ Նա, ինչպես և Հուստինոս Վկան, կարող էին միայն ենթադրել, որ հռոմեական արխիվում Պիղատոս Պոնտացու կողմից Տիբերիոս կայսերն ուղղված պաշտոնական ուղերձ պիտի պահվեր, ինչպես դա ընդունված էր հռոմեական աշխարհում, սակայն իրենց ձեռքի տակ նման փաստաթուղթ չեն ունեցել։
Ըստ մեկ այլ հետազոտողի՝ ֆրանսիացի գիտնական Ա. Մորիի երկի թարգմանչի Անանիաս կամ Ենայիաս անվանումը հունական ծագում ունի։ Պարականոնի թարգմանիչը ներկայանում է որպես քրիստոնեություն ընդունած հրեա։ Նրա կարծիքով երկի թարգմանիչը եբրայերենին չի տիրապետել, թեև «Նախադրություն»-ում նշում է, թե երկը հունարենի է թարգմանել հենց այդ լեզվից։ Քրիստոնեություն ընդունած հրեաներին թարգմանիչը վերագրում է լատինական այնպիսի անուններ, որոնք հրեաների մեջ առհասարակ կիրառություն չեն ունեցել։ Միաժամանակ այս անկանոն երկում հաճախ ենք հանդիպում վերամշակված հագգադական ավանդությունների, ինչից կարելի է եզրակացնել, որ հեղինակը քաջատեղյակ է եղել հրեական կրոնական ու աշխարհիկ գրականությանը, թեև երբևէ Հրեաստանում չի ապրել։ Ըստ Ա. Մորիի տեսակետի՝ պարականոնի առաջին խմբագրությունը կատարվել է 5-րդ սկզբին։ Հետաքրքրական է նաև պարականոնի հավանական թարգմանչի մասին Բ. Սարգիսյանի դիտարկումը։ Ըստ հայագետի՝ այն սուրբ Եպիփան Կիպրացին է (315–403)։ Այս եզրակացությանը Բ. Սարգիսյանը հանգել է նկատի ունենալով այն հանգամանքը, որ թարգմանչի նշած ժամանակն ու հրեական ծագում ունենալը համապատասխանում են Ղուկիանոս անապատականի կողմից նրա քրիստոնեություն ընդունելուն ու մկրտվելուն։ Եպիփան-ը մկրտության ժամանակ հեղինակի ստացած հունական անունն է, իսկ նրա հիշատակած Անանիաս-ը մինչև մկրտվելն ունեցած նախկին հրեական անվանումն է։ Եպիփանը, ըստ ուսումնասիրողի, ի մի է բերել Պիղատոսի ցաքուցրիվ հիշատակարանները և դրանց համար առանձին առաջաբան ու վերջաբան գրել։ Նա նաև մարգարեներից ու նահապետներից բազմաթիվ մեջբերումներ է արել՝ դրանցով հարստացնելով Հիսուսի աստվածությունը վկայող բացահայտ փաստարկները, որոնք գուցե և նախկինում գոյություն չեն ունեցել։

Բովանդակություն խմբագրել

«Պիղատոսի Գործք»-ը, ինչպես առհասարակ պարականոն գրվածքները, սնվել է սուրբգրային պատմություններից, միաժամանակ համեմվել զանազան այլ պատումներով, սակայն պատմական ինչ-ինչ տեղեկություններ պարունակելու և Նոր Կտակարանի հետ ունեցած սերտ աղերսների շնորհիվ այն մեծ ժողովրդականություն է վայելել։ Այս գրվածքը, թեև ճանաչվել է որպես անկանոն գրություն, երբևէ չի ընդգրկվել ո՛չ Գելասիոս I-ին պապին (492-496) վերագրվող արգելված գրքերի Դեկրետում (Decretum pseudo-Gelasianum), ո՛չ Նիկեփոր պատրիարքի (806-815) «Ժամանակագրության»-ը կցված պարականոնների շարքում, և ո՛չ էլ անկանոն գրքերի հայկական ցանկերում (ինչպես օրինակ՝ Սամուել Անեցու հիշատակած նեստորական գրքերի ցանկն ու Մխիթար Այրիվանեցու կազմած ծածուկ գրքերի ցուցակը)։

Պարականոնի վավերական լինելու տեսակետը պաշտպանողները հենվում են այն հանգամանքի վրա, որ այստեղ տեղ գտած իրադարձությունները, այն է՝ հրեա քահանաների, իշխանների ու Պիղատոսի ներկայությամբ իրականացված Հիսուսի դատավարությունը, ապա Նրա հարությանը հաջորդած եղելությունների երկար ու մանրազնին քննությունը, կարծես թե, համահունչ են ինչպես նորկտակարանյան ավանդությանը, այնպես էլ պատմական տվյալներին։ Լիովին ընդունելի է նաև այն, որ Հիսուսին արդարացնելու մղումով դատավարությանն ու հետագա քննարկումներին մասնակից լինեին նաև Նրա ծածուկ հետևորդները, ինչպես օրինակ՝ Հովսեփիոս Արիմաթացին, Նիկոդիմոսը, Կոռնելիոս հարյուրապետն ու պահապան զինվորները, հարություն առած Ղազարոսը, բժշկված անդամալույծը, կաղերն ու կույրերը, որոնք բոլորն էլ դարձել էին Հիսուսի հրաշագործությունների անմիջական վկաները։ Պիղատոսը, մի կողմից համոզված լինելով, որ Հիսուսն անմեղ է, մյուս կողմից վախենալով հռոմեական զորքի ամբաստանություններից՝ ըստ հռոմեական օրենսդրության, պիտի որ դիվանական գործ կազմեր, այնտեղ ի մի բերեր բոլոր հարցաքննություններն ու վկայությունները և ինքնագիր նամակով այն հղեր Տիբերիոս կայսերը։ Այս դիվանական գործն էլ հետագայում ստացել է «Յիշատակարանք Պիղատոսի» անվանումը։ Այս տեսության կողմնակիցները պարականոնն արժևորում են նախ և առաջ այն հանգամանքով, որ գրվածքը հնարավորություն էր տալիս քրիստոնյա ջատագովներին վկայակոչելու մի պաշտոնական փաստաթուղթ, որը չի գրվել նախանձախնդիր քրիստոնյայի ձեռքով, ով փորձել է ցույց տալ իր դավանանքի ճշմարտացիությունը, այլ կազմվել է ըստ հեթանոս դրածո պաշտոնյա-ականատեսի հուշերի արձանագրության։ Գրվածքի հեղինակը չի ճանաչել իրական Աստծուն, բայց լսել ու տեսել է Աստծու Որդուն30։ Հետագայում «Գործք Պիղատոսի»-ն վերածվել է պաշտպանական կարևոր զենքի, որ օգտագործվել է քրիստոնյաների հալածանքների ժամանակ՝ հավաստելու, որ Տիբերիոս կայսրն ինքը եղել է քրիստոնյաների կողմնակիցը։

Պարականոնի վավերական լինելը փաստարկվում է նաև նրանով, որ քրիստոնյաների դեմ Մաքսիմիանոս կայսեր (235-238) հալածանքների ժամանակ շրջանառության մեջ է դրվել «Գործք Պիղատոսի» նույնանուն կեղծ գրությունը, ինչի մասին վկայություն ունի Եվսեբիոս Կեսարացին (265-340).

  Յօդեցին ապա և յիշատակարան ինչ Պիղատոսի զդատակնքոյն Փրկչին մերոյ՝ լի հայհոյութեամբ զՔրիստոսէ. և իբրև ի կամաց անտի թագաւորին առաքեցին ընդ ամենայն գաւառս իշխանութեան նորա, հրամայեալ գրով եթէ յամենայն տեղիս ի քաղքաս, ի շէնս, ի յագարակս դիցեն զայն հրապարակաւ յայտնի, և զի ի դպրոցս ուր ուսանն մանկունք զդպրութիւն, փոխանակ ուսման յայն թևակոխեսցեն, և յուշի կալեալ զայն արտասանեսցեն։  

Եթե պարականոնն արդեն 3-րդ դարում գոյություն չունենար ու այդքան մեծ ժողովրդականություն չվայելեր, ապա հազիվ թե այն կեղծեին։

«Գործք Պիղատոսի»-ի հետագա խմբագրություններում ի հայտ են գալիս քրիստոսաբանական այնպիսի գաղափարներ, որոնք, որպես քրիստոնեական վարդապետության կարևորագույն հիմնասյուներ, ձևավորվել են միայն 5-րդ դարից հետո։ Այսպես օրինակ՝ պարականոնի հետագա խմբագրություններում է տեղ գտել նաև Մարիամի անաղարտ հղության մասին ուսմունքը։ Ի թիվս այլ մեղքերի, երբ հրեաները Հիսուսին մեղադրում են նաև անօրինական կապից («ի պոռնկութենէ») ծնվելու մեջ, դրան ի պատասխան մի խումբ «երկիւղածք» հրեաներ «աղաղակէին և ասէին միաբան, մեք չասեմք զդա ի պոռնկութենէ ծնեալ, այլ գիտեմք որ մայր դորայ Մարիամ խօսել տուաւ Յովսէփայ ի ժամ ծնընդեան նրա բազումք վկայեցին զնա թէ ի կուսութենէ (ընդգծումը մերն է – Մ. Մ.) ծնեալ եղև անարատ և անապական», այնինչ ավելի վաղ խմբագրությունում նույն մեղադրանքներին հրեաները պատասխանում են. «Այդ բանդ ձեր չէ ճշմարիտ, զի հարսանիք (ընդգծումը մերն է – Մ. Մ.) լեալ են, որպես դոքա ասեն ազգակիցք ձեր»։ Դրանք բովանդակում են նաև այնպիսի պատմություններ, որոնք հետաքրքրական են հայ միջնադարյան իրականության մեջ հայտնի մի շարք այլ պարականոնների ուսումնասիրման տեսանկյունից։ Հետագայի խմբագրության լավագույն օրինակներից է 16-րդ դարում ընդօրինակված ՄՄ - 712 ձեռագրում պահպանված «Պատմություն Յիշատակարանաց»-ը։

«Գործք Պիղատոսի»-ն հիմնականում վերաբերում է Հիսուսի դատավարությանը և հարությանը հաջորդող իրադարձություններին, սակայն ինչպես կարելի է ենթադրել գրվածքի անվանումից, այստեղ առաջնային դերակատարություն ունի և Պիղատոսը։ Պարականոնն արտացոլում է նրա կենսագրության, վախճանի, ինչպես նաև Հիսուսի դատավճռի կայացման մեջ ունեցած երկիմաստ դերակատարության հանդեպ աճող հետաքրքրությունը։ Առաջին քրիստոնյաները բարյացակամ վերաբերմունք են ունեցել Պիղատոսի նկատմամբ, նույնիսկ 2-րդ դարի քրիստոնյա ջատագով Տերտուլիանոսը (155/165–220/240 թվականներ) նրան անվանել է «քրիստոնյա ըստ համոզմունքի»։ Աստծո Որդուն մահվան դատապարտող Պիղատոսի զղջացող կերպարը ձևավորվել է 2-րդ դարում ու նշանակալից դերակատարություն ստացել հատկապես պարականոն գրականության մեջ։ Որոշ քրիստոնյա համայնքներում, ինչպես, օրինակ, Եթովպական եկեղեցում, Պիղատոսն ու իր կինը սրբադասվել են։

Պոնտացի Պիղատոսի կերպար խմբագրել

Պոնտացի Պիղատոսի առասպելախառն կերպարը լավագույնս ներկայացված է «Գործք Պիղատոսի»-ի մաս կազմող «Թուղթ Պիղատոսի դատաւորին առ Տիբերեայ կայսրն» գրվածքում, մի նամակագրություն, որի մասին հիշատակում է նաև «Եկեղեցական պատմութեան» հեղինակ Եվսեբիոս Կեսարացին. «Եւ արդ՝ ի հռչակել ընդ ամենայն Պաղեստին յարութեան Փրկչին մերոյ Յիսուսի Քրիստոսի ի մեռելոց, Պիղատոս գրեալ առ Տիբեր կայսր յայտ առնէր…»։ Պիղատոսի ու Տիբերիոս կայսեր այս մտացածին թղթակցությունը թարգմանվել է հայերեն ու, ելնելով գրվածքը պարունակող բազմաթիվ հայերեն ձեռագրերի առկայությունից, մեծ տարածում է ունեցել նաև միջնադարյան Հայաստանում։ Ընդ որում, հայկական գրավոր ավանդության մեջ «Թուղթ Պիղատոսի»-ն շատ հաճախ հանդիպում է որպես «Գործք Պիղատոսի»-ից անկախ միավոր։ Ընդհանուր առմամբ, «Թուղթ Պիղատոսի»-ի հայերեն թարգմանությունը կրկնում է պարականոնի այլալեզու ավանդությունները, սակայն, ի տարբերություն վերջինների, Պիղատոսի կերպարն այստեղ, կարծես թե, այնքան էլ դրական նկարագիր չունի։

Նիկոդիմոսի ավետարանի հայերեն թարգմանություն խմբագրել

«Գործք Պիղատոսի» պարականոնի հայերեն տարբերակն Արևմուտքին հայտնի է առավելապես նշանավոր հայագետ Ֆ. Կոնիբերի թարգմանության շնորհիվ։ Փարիզի ազգային թանգարանի - 110 (1194) և - 178 (12-րդ դար) Երուսաղեմի Մատենադարանի -1ա (1417), Վենետիկի Մատենադարանի - 104 (15–16-րդ դարեր) ձեռագրերում պահպանված հնագույն տեքստերի հիման վրա մեծանուն գիտնականը, առանց ներկայացնելու հայերեն բնագիրը, գրվածքը հրատարակել է հունարեն ու լատիներեն համեմատական թարգմանություններով (1896 թ.)։ Երկու տարի անց, 1898 թվականին Մխիթարյան միաբանության հայրերը հինգ ձեռագրերի հիման վրա (այդ թվում՝ Կոնիբերի օգտագործածները) հրատարակել են «Յիշատակարանք Պիղատոսի», «Պատմութիւն վասն թաղմանն եւ յարութեան Քրիստոսի Աստուծոյ մերոյ» և «Թուղթ Պիղատոսի առ Տիբեր» (երկու օրինակներով) շարքը, որոնք մաս են կազմում մեկ ամբողջական պարականոնի։ Հայերեն «Գործք Պիղատոսի» երկը ամբողջական հրատարակության է պատրաստում ֆրանսիացի հայագետ Բ. Ութիեն։

Պարականոնի հայերեն թարգմանության ժամանակը հստակեցված չէ, սակայն՝ հաշվի առնելով միջնադարում գրվածքի ունեցած մեծ ժողովրդականությունը, Ֆ. Կոնիբերը ենթադրել է, որ հայերեն նախնական թարգմանությունը կատարվել է հունարեն Ա խմբագրությունից՝ հավանաբար 650-ական թվականներին։

«Գործք Պիղատոսի»-ի հայերեն թարգմանությունն ու հետագայի խմբագրություններն աչքի են ընկնում մի շարք առանձնահատկություններով։ Դրանք արտացոլում են պարականոնի նախնական տարբերակը, որից բացակայում է հունարեն ու լատիներեն տեքստերում առկա «Նախադրություն»-ը, և ի տարբերություն վերջինների՝ հայերեն թարգմանության մեջ առկա հավելումները պատմական իրադարձություններ չեն հաղորդում։

Գրվածքը միայն հայկական գրավոր ավանդության մեջ և մասնավորապես՝ հետագայի խմբագրություններում է, շատ հաճախ վերագրվում է Հակոբոս Տեառնեղբորը՝ «Արդարն Յակոբ կամ Յակոբոս եղբայր Տեառն, որ և Աստուածեղբայր կոչեցեալ, առաջին եպիսկոպոս աստուածակոխ քաղաքին Երուսաղէմի»։ Հետագայի այս վերամշակված տեքստերը սովորաբար մեծ տարընթերցումներ ունեն հատկապես հրեաների՝ Հիսուսի դեմ մեղադրանքներ ներկայացնելու հատվածում։ Այսպես՝ Հիսուսի դատավարության ժամանակ Նա մեղադրվում է հրաշագործությունները սատանայական հնարքներով իրագործելու մեջ. «Ասէ Պիղատոս. այդ բանդ ոչ իցէ դիւահարի, այլ զօրութեամբ ասկղիպաւ և ագղիպաւ առնէ զամենայն» (լատ.՝ Aesculapius, հուն.՝ Ασκληπιός)։ Ասկղիպիոս-ը հռոմեական դիցաբանության մեջ բժշկության աստվածն էր, իսկ ինչ վերաբերում է Ագղիպիոս աստծուն, ապա նրա մասին հիշատակությանն անվավերականում առհասարակ հանդիպում ենք միայն հայերենով պահպանված գրվածքներում։

«Նիկոդիմոսի ավետարան» անվանումը բնորոշ չէ հայերենով պահպանված պարականոնին, թեև որոշ ձեռագրերում այն վերագրվում է Նիկոդիմոսին [ինչպես օրինակ՝ Երևանի Մաշտոցի անվան Մատենադարանի (այսուհետև՝ ՄՄ) - 993, 1521, 1524]։ Առհասարակ, ավետարան եզրի կիրառությունը հայ պարականոն գրականության մեջ շատ հազվադեպ է հանդիպում։ Գրիչները խուսափում են ավետարան բառի կիրառումից՝ օգտագործելով պատմեալ է, հավաքեալ է, ասացեալ է եզրերը՝ ավետարանի՝ բարի լուրի իմաստը թողնելով որպես սուրբգրային մենաշնորհ։ Թերևս այս առումով բացառություն է ՄՄ - 1521 ձեռագրում հանդիպող գրվածքը. «Պատմութիւն Չարչարանացն Տեառն և վկայութեան, զոր վըկայեաց առաջի Պոնտացւոյ Պիղատոսի Յաւետարանէն Նիկոդիմոսի (ընդգծումը մերն է – Մ. Մ.) գաղտ աշակերտին»։

«Գործք Պիղատոսի»-ի հայերեն թարգմանության մաս կազմող «Պատմութիւն վասն թաղմանն եւ յարութեան Քրիստոսի Աստուծոյ մերոյ» մասը բառացի կրկնում է հունարեն բնագիրը (“∆ιηγησεις περι τoυ παθουσ του κυριου ημων Ιησου Χριστου και θησ αγιασ αυτου Αναστασιασ”), սակայն վերջինիս մանրագիր երկրորդ խորագիրը բացակայում է հայերենում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Schaff, Ph. (1951). The Ante- Nicene Fathers, The Writings of the Fathers Down to A.D. 325, The Twelve Patriarchs, Excerpts and Epistles. The Clementia, Apocrypha, Decretals, Memoirs of Edessa and Syriac Documents, Remains of the First Ages, vol. VIII. Michigan. էջեր 353–354.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  2. Zbigniew, I. (1997). “The Evangelium Nicodemi in the Latin Middle Ages” in The medieval Gospel of Nicodemus, texts, intertexts, and contexts in Western Europe. Arizona. էջ 48.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  3. Zbigniew, I. (1997). “The Evangelium Nicodemi in the Latin Middle Ages” in The medieval Gospel of Nicodemus, texts, intertexts, and contexts in Western Europe. Arizona. էջ 77.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  4. Սարգիսեան, Գ․ (1910). Եղիշէի եւ Զաքարիա կաթողիկոսի «Ի թաղումն Քրիստոսի» ճառերն եւ Նիկոդիմոսի աւետարան. Վենետիկ, Ս. Ղազար. էջ 14.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)

Նշումներ խմբագրել

  1. Արևելյան, այդ թվում հայերեն, ինչպես նաև հունարեն ձեռագրերում պարականոնը կրում է «Յիշատակարանք Պիղատոսի» («Υπομνήματα Πιλάτου») խորագիրը (տե՛ս Հ. Անասյան. Հայկական մատենագիտություն, Ե-ԺԸ դդ, հ. Բ, Երևան, 1976, էջ 954–958): Երբեմն «Գործք Պիղատոսի» վերնագրով ենք հանդիպում նաև Պիղատոսի՝ Տիբերիոս կայսերն ուղղած թուղթը, որը, ըստ ավանդության, գրվել է խաչելությանը հաջորդող օրերին՝ որպես Հրեաստանում Հռոմի դրածոյի պաշտոնական արձանագրություն։ Առաջին դարերում թուղթը բավական մեծ տարածում է ունեցել, անգամ հավակնել է դառնալ վավերական գրություն (տե՛ս G. Sluter. The Acta Pilati, important testimony of Pontius Pilate, recently discovered, being his official Report to the Emperor Tiberius, concerning the Crucifixion of Christ, London, 1879, pp. 47–69):
  2. VI դ. շարադրված «Ֆրանկաց պատմութեան» երկի հեղինակն անդրադարձել է «Գործք Պիղատոսի» գրությանը, սակայն նա չի հիշատակում «Էջքը դժոխք»-ը, ինչից կարելի է ենթադրել, որ պարականոնը, թեև արդեն այս ժամանակահատվածում բավական հայտնի է եղել Արևմուտքում, սակայն դեռևս իր մեջ չի ներառել «Էջքը դժոխք»-ը (տե՛ս Gregory of Tours. History of the Franks, New York, 1916, p. 11):
  3. Պարականոնի լատիներեն տեքստի հրատարակությունը տե՛ս Codex apocryphus Novi Testamenti. The uncanonical Gospels and other writings, referring to the first ages of Christianity; in the original languages: collected together from the editions of J. Fabricius, A. Thilo, J. Giles, London, 1852.
  4. Հայերեն ձեռագրերում Պիղատոսի նամակի հասցեատերը Տիբերիոս կայսրն է, սակայն հայերենով պահպանված «Գործք Պետրոսի և Պաւղոսի առաքելոց»-ի անհայտ հեղինակը նույնպես հիշատակում է Պիղատոսի՝ Կլավդիոս կայսերն ուղարկված նամակը [տե՛ս Ք. Չրաքեան. Թանգարան հայկական հին եւ նոր դպրութեանց, հ. Գ, Անկանոն գիրք առաքելականք (այսուհետև՝ Անկանոն գիրք առաքելականք), Վենետիկ, 1904, էջ 12]։
  5. Արդարների՝ դժոխքից ազատագրման մասին ակնարկ կա միայն հայկական «Թուղթ Պիղատոս դատաւորի առ Տիբեր կայսր»-ի մեջ. «Եւ բազում մեռեալք յարեան, որպէս Հրէայք վկայեցին, թէ Ահաւասիկ տեսաք զԱբրահամ և զԻսահակ և զՅակոբ հանդերձ երկոտասան նահապետք» (տե՛ս Անկանոն գիրք Նոր Կտակարանաց, էջ 367)։
  6. «Գործք Պիղատոսի»-ի արևելյան լեզուներով պահպանված տեքստերը հրատարակվել են XX դ. սկզբին։ Ասորերեն տեքստը լատիներեն ծանոթագրությամբ և նախաբանով տե՛ս I. R a h m a n i. Apocryphi Hypomnemata domini nostri seu Acta Pilati, Antiqua Versio Syriaca.– Studia Syriaca, vol. 2, Monte Libano, 1908, իսկ ղպտերենը՝ E. Revillout. Les Apocryphes Coptes.– Patrologia Orientalis, vol. 2, Paris, 1907, pp. 123–173.
  7. Հայերեն ձեռագրերում նույնպես պարականոնին հիմնականում հանդիպում ենք «Կտակ չարչարանաց» կամ «Պատմութիւն չարչարանաց» անվանումներով
  8. Քանի որ այս գրությունը հռոմեական պաշտոնական արձանագրություն է, որոշ ուսումնասիրողներ «Գործք Պիղատոսի»-ի նախնական լեզուն համարել են լատիներենը, թեև հետազոտությունները ցույց են տվել, որ այն գրվել է հունարենով (տե՛ս Apocryphal Gospels, Acts and Revelations, trans. by A. Walker, Edinburgh, 1870, pp. XI–XII. Տե՛ս նաև՝ Ph. Schaff. The AnteNicene Fathers, vol. VIII, The Writings of the Fathers Down to A.D. 325 The Twelve Patriarchs, Excerpts and Epistles, The Climentia, Apocrypha, Decretals, Memoirs of Edessa and Syriac Documents, Remains of the First Ages, Michigan, 1951, pp. 353–354):

Աղբյուրներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկոդիմոսի ավետարան» հոդվածին։