«Նանե» պարային համույթ, երիտասարդ պրոֆեսիոնալ կոլեկտիվ, որն ունի իր ուրույն տեղը հայկական ժամանակակից պարարվեստում։ «Նանե» պարային համույթը ստեղծվել է 1997 թվանակին, սկզբում որպես եռյակ, որի պարացանկում ընդգրկված էին հիմնականում աշխարհի ժողովուրդների պարերը[1]։ Այսօր արդեն, թիմը ստեղծել է ինքնուրույն ոճ ու որակ ունեցող անսամբլ, որը սիրված ու ճանաչված է հանդիսատեսի կողմից։ «Նանե»-ի կազմը շատ երիտասարդ է։ Նրա գեղարվեստական ղեկավարը Նարինե Տոպոլյանն է, փորձավարը Ասյա Մխիթարյանը, տնօրենը՝ Անահիտ Բաբայանը։ Շոու-բալետի պարուհիների տարիքը չի գերազանցում 23 տարեկանը։ Անսամբլի պարացանկը բազմազան է. hայկական ժողովրդական, դասական, աշխարհի ժողովուրդների պարեր, հայկական ժողովրդական պարի և ջազի սինթեզ, մոդեռն, ստեպ, ժամանակակից պարեր։ Հայկական ժողովրդական նազանի պարերին հետևում են կովկասյան կրակոտ ռիթմերը, Տաթևիկ Հովհաննիսյանի դյութիչ ձայնի ներքո հայկական ժողովրդական պարը սինթեզվում է ջազային էլեմենտներով ու ծնվում է նոր մտածելակերպ[2]։

«Նանե»-ի պարացանկը ընդգրկում է Կոմիտասի, Սայաթ-Նովայի ստեղծագործությունները, հայկական ժողովրդական պարեր, դասական և ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններ։

«Նանե»-ի ստեղծված կերպարները նման չեն մեկը մյուսին, սակայն նրանց բոլորի համար ընդհանուր է անկեղծությունն ու երկրի հազարամյա պատմությանը հավատարիմ լինելը։

2000 թվականից «Նանե» խմբին կից գործում է «Փոքրիկ Նանե» պարային ստուդիան (նախկինում՝ «Փոքրիկ Նանեներ»), փորձավար և պարուսույց՝ Ասյա Անտոնյան։ Այստեղ սովորում են 3,5 – 18 տարեկան ավելի քան 150 երեխա[3]։ Նրանցից լավագույնները ընդգրկված են «Փոքրիկ Նանե» (նախկինում՝ «Փոքրիկ Նանեներ») պարային անսամբլում, որն իր ստեղծման առաջին իսկ օրից հանդիսատեսին զարմացնում է իր վարպետությամբ և գեղեցիկ կատարումներով։

Հաջողություններ խմբագրել

«Նանե»-ն և «Փոքրիկ Նանե»-ն հանդես են գալիս Հայաստանի պրոֆեսիոնալ բեմերում, նրանց համերգային գրաֆիկը այսօր բավականին ծանրաբեռնված է, իսկ ետևում տարբեր աստիճանների հարյուրավոր համերգներ են՝ կառավարական և բարեգործական, համերգներ զորամասերում, նկարահանումներ, ռադիո – հեռուստաեթերներ, անդրադարձ մամուլում, մասնակցություն փառատոնների։ «Նանե»-ի ստեղծագործական կոլեկտիվը հավատացած է, որ մարդասիրությունը և բարի կամքը պետք է զբաղեցնեն կարևորագույն տեղ յուրաքանչյուրի կյանքում։ Այդ պատճառով, «Նանե»-ի կյանքում մեծ նշանակություն ունեն սոցիալական ծրագրերը, որոնցից ամենահիշարժանը «Դու մենակ չես» բարեգործական ակցիան էր, որի շրջանակներում 2009-2010 թվականներին կայացան «Նանե»-ի 8 մենահամերգներ, արդյունքում ձևավորված հասույթով կահավորվեցին Վ.Ա.Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության Ազգային կենտրոնի մանկական բաժանմունքի հիվանդասենյակները և խաղասրահը։

«Նանե» պարային ստուդիան մշտապես մասնակցում է ՀՀ Մշակույթի նախարարության, Առողջապահության նախարարության և Երևանի քաղաքապետարանի կողմից անցկացվող միջոցառումներին։ «Նանե»-ի երկարամյա գործունեությունը ներառում է ելույթներ տուն-ինտերնատներում, Արյունաբանական կենտրոնում, համագործակցություն Ռ. Բիկովի անվան մանկա-պատանեկան ֆիլմերի փառատոնի, Հայաստանի ուսանողական ջոկատների հետ, համագործակցություն Խնկո Ապոր գրադարանի, «World Vision Armenia», «Հայ կանանց միջազգային միություն» կազմակերպությունների, Հայաստանում ՌԴ ֆեդերատիվ անվտանգության ծառայության սահմանապահ վարչության, Երևանի պետական համալսարանի, Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի, Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի, «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի, Հայ պարարվեստի գործիչների միության, «Աուտիզմ» ազգային հիմնադրամի և այլ կազմակերպությունների հետ։ Նշենք, որ 2003 թվականին Հ. Պարոնյանի անվան թատրոնում անցկացվեց երեխաների իրավունքներին նվիրված «Նանե» պարային ստուդիայի “Արևին ընդառաջ» մենահամերգը, որն անցկացվեց UNICEF-ի հովանու ներքո։ «Նանե» պարային ստուդիայի գլխավոր խորեոգրաֆը Նարինե Տոպոլյանն է, ով բեմադրել է հարյուրից ավել հայկական և աշխարհի ժողովուրդների, ժամանակակից, մանկական և ստեպ ոճերի պարեր, ինչպես նաև եղել է Ռուբեն Հախվերդյանի «0-ից 100 տարեկան» մյուզիքլի և «Շանթ» հեռուստատեսության «Աստղիկներ» նախագծի խորեոգրաֆը։ Բեմադրել է «Շուշանիկ», «Էրվում եմ, էրվում» , «Երբ սիրտն է խոսում», «Ընկերության կախարդական ուժը» պարային ներկայացումները։

«Նանե»-ի ձեռքբերումներից է «Էրվում եմ, Էրվում» համերգային ծրագիրը Շուշան Պետրոսյանի հետ համատեղ Օպերայի և Բալետի Պետական Ակադեմիական թատրոնում / 2002 թվական/, «Դլե յաման» ծրագիրը ժողովրդական արտիստ Վլադիմիր Աբաջյանի մասնակցությամբ՝ Գյումրիում և Վանաձորում /2002 թվական/, ինչպես նաև «Շուշանիկ» պարային ներկայացումը և «Երբ սիրտն է խոսում» համերգային ծրագիրը, որոնք տեղի ունեցան Օպերայի և Բալետի Պետական Ակադեմիական թատրոնում հունիսի 21- ին /2006 թվական/։

2006 թ. ապրիլին «Նանե»-ն մասնակցեց «Երկինքը պարում է» հեռակա վիդեոմրցույթին /Մոսկվա/ և արժանացավ հետևյալ մրցանակների՝ «Գրան Պրի» «ժամանակակից պարեր» ժանրում, որտեղ ներկայացված էին «Ադանա» և «Շինդլերի ցուցակը» բեմադրությունները, իսկ «Դասական պար» և «Օրիգինալ ժանր» անվանակարգերում «Նանե»-ն ճանաչվեց լավագույնը և արժանացավ 4 առաջին մրցանակների։ «Նանե» պարային անսամբլը հանդես է եկել ԱՄՆ-ում, Ռուսաստանի դաշնությունում, Հոնգկոնգում, Լիբանանում, Հնդկաստանում, Աբխազիայում, Թուրքիայում, Քուվեյթում, Միացյալ Արաբական Էմիրատներում։ «Նանե» ստուդիայի սան Գայանե Տերտերյանը դարձավ ոսկե մեդալակիր «Վիեննայի համաստեղություն» միջազգային մրցույթում, Ավստրիա, 2006 թվական։ «Փոքրիկ Նանեներ» անսամբլի սաները բազմիցս մասնակցել են հանրապետական և միջազգային մրցույթների’ Գերմանիայում, Ռուսաստանում, Ավստրիայում, Հունգարիայում, Սլովակիայում, որտեղից միշտ վերադարձել են առաջին և «Գրան Պրի» մրցանակներով։

«Նանե»-ն «Լավագույն պարային կոլեկտիվ» մրցանակի է արժանացել ռուսաստանյան «Պարային կլոնդայկ» նախագծի շրջանակներում 2005 և 2006 թվականներին, դարձել է ռուսաստանյան «Երկինքը պարում է» հեռակա տեսամրցույթի «Գրան Պրի» և չորս առաջին տեղերի մրցանակակիր, Հենրի Մանգասարյանի անվան մրցույթում արժանացել է առաջին մրցանակի, իսկ 2006 թվականին Ն.Տոպոլյանի բեմադրած «Կաքավիկ» պարը (երաժշտությունը՝ Կոմիտասի) «Պարային Կլոնդայկ» նախագծի շրջանակներում ( Մոսկվա, Ռուսաստան) ընդունվել է որպես «Վերջին հինգ տարիների լավագույն բեմադրություն»։ Անսամբլի գեղարվեստական ղեկավար Նարինե Տոպոլյանը Սանկտ-Պետերբուրգում տեղի ունեցած «Open Dance» մրցույթում զբաղեցրել է առաջին տեղը, «Գրան Պրի»-ի մրցանակակիր է։ Հանրապետական «Նոր շունչ» մրցույթում արժանացել է Հովհաննես Դիվանյանի անվան մրցանակին, իսկ 2008 թվականին՝ «Լավագույն բեմադրիչ» մրցանակին, 2007 թվականին իրագործել է «Երազանք» երգի բեմադրությունը «Արևիկ» խմբի’ «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում մասնակցելու համար։ «Շանթ» հեռուսաընկերության «Աստղիկ» մանկական երգի մրցույթի խորեոգրաֆն է։ 2006 թվականին, երիտասարդության շրջանում պարարվեստի զարգացման համար արժանացել է ՀՀ Վարչապետ Անդրանիկ Մարգարյանի շնորհակալագրին և հուշանվերի, իսկ 2008 թվականին պարգևատրվել է ՀՀ Մշակույթի նախարարության Ոսկե մեդալով պարարվեստի զարգացման և երեխաների և պատանիների դաստիարակման գործում ունեցած մեծ ավանդի համար։ Փետրվարի 17-ից 22-ը Բեռլինում կայացած «Տանցօլիմպ» համաշխարհային պարային մրցույթից « Նանե» պարային անսամբլը վերադարձել է արծաթե մեդալով։ Մրցույթին մասնակցել են անսամբլի 7-ից 14 տարեկան 10 անդամներ։ Մրցույթի ժյուրիի կազմում էին պարարվեստի անվանի գործիչներ, իսկ նախագահը բալետի լեգենդ Վլադիմիր Վասիլևն էր։ Մրցույթին մասնակցում էր 600 պարող 25 երկրներից՝ Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Կորեայից, Գերմանիայից, Թայլանդից, Ճապոնիայից, Ֆինլանդիայից, Ղազախստանից, Լատվիայից և այլն։

2018 թվականին ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալով պարգևատրվեցին Պարի պետական անսամբլի պարուհի Ժաննա Գալստյանը, «Բարեկամություն» խմբի մենապարուհի Անժելիկա Դավթյանը, Ալթունյանի անվան երգի-պարի խմբի երաժիշտ-քանոնահար Զարուհի Քալանթարյանը, Երևանի պարարվեստի քոլեջի տնօրեն Հասմիկ Մարկոսյանը, «Նազենիկ» պարային ստուդիայի, «Բարեկամություն» և «Հայաստան» պարային խմբերի գեղարվեստական ղեկավարներ Աիդա Մկրտչյանը, Գոհար Միրաքյանը, Գայանե Ղազարյանը, «Տարոն» գեղագիտական կենտրոնի պարուսույց Կարինե Մովսիսյանը և «Փոքրիկ Նանե» մանկական պարային ստուդիայի փորձավար, պարուսույց Ասյա Անտոնյանը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Nane.am: NANE show-ballet - Official Web Page». cqcounter.com. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 17-ին.
  2. Yanukhyan, AdrIne (2017 թ․ նոյեմբերի 25). «Պարը որպես կյանքի իմաստ». Medium (անգլերեն). Վերցված է 2021 թ․ օգոստոսի 17-ին.
  3. «ՓՈՔՐԻԿ ՆԱՆԵ Պարային ստուդիա, պարի դպրոց, դասական պարեր, հայկական պարեր, ազգային պարեր, ժամանակակից պարեր, ստեպ, ջազ, աշխարհի ժողովուրդների պարեր, ուսուցում, ՀԱՅԱՍՏԱՆ, AREG.BIZ». areg.biz. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 17-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

https://nane.am/